ԿԱ՞ ԱՐԴՅՈՔ ԽԱՏԻՆԻ ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ «ԲԵԼԱՌՈՒՍԱԿԱՆ ՑՈՒՑԱԿ»
Բելառուսի արդարադատության նախարարության արխիվների ու գործավարության դեպարտամենտի տնօրեն Վլադիմիր Ադամուշկոն մամուլի ասուլիսում հայտարարել է, որ գոյություն չունի 1940 թվականի գարնանը գնդակահարված լեհ սպաների «բելառուսական ցուցակ»: Նրանք թեև գնդակահարվել են տարբեր վայրերում, սակայն զանգվածային այս սպանությունը հավաքաբար անվանում են «Խատինյան հանցագործություն»:
Խորհրդային տարիներին այս հանցագործության մեջ մեղադրվում էր նացիստական Գերմանիան, սակայն 1990 թվականին Մոսկվան խոստովանեց, որ սպանդի կազմակերպիչը ժամանակի խորհրդային իշխանություններն էին, ապա ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչովը լեհական իշխանություններին հանձնեց Սմոլենսկի մարզի Խատինի անտառում, Կալինին քաղաքում, Մեդնոյե գյուղում, ինչպես նաև Խարկովում գնդակահարված 14.552 լեհ զինծառայողների անվանացուցակները: Չորս տարի անց Կիևը Վարշավային հանձնեց բռնադատված լեհ 3435 սպաների «ուկրաինական ցուցակը»:
Պատմաբանների մի մասը, հիմնվելով ԽՍՀՄ պետանվտանգության կոմիտեի նախագահ Ալեքսանդր Շելեպինի մի վկայության վրա, պնդում է, որ Արևմտյան Ուկրաինայի և Արևմտյան Բելառուսի բանտերում ու համակենտրոնացման ճամբարներում գնդակահարվել են ավելի քան 7.000 լեհ սպաներ և պետք է որ գոյություն ունենա ավելի քան 3.000 անուն ընդգրկող «բելառուսական ցուցակ»:
2010 թվականին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խոստացավ ճշմարտությունը լրիվ բացահայտելու համար բացել պետանվտանգության տեղի արխիվները, բայց և միաժամանակ հայտարարեց, որ Խատինի հանցագործությանը վերաբերող փաստաթղթերի մեծ մասը ժամանակին տեղափոխվել է Մոսկվա: Իսկ մեկ տարի անց մամուլի ասուլիսում նա հայտարարեց, թե իրենք ուսումնասիրել են բոլոր արխիվները և պարզել, որ Բելառուսի տարածքում ոչ մի լեհ չի գնդակահարվել, քանի որ իրենց մոտ եղել են միայն կալանավորների տարանցիկ կետեր: