Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՀՈ՞ՒՅՍ, ԹԵ՞ ԱՆՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՎԱԽ



Այս թեստը մշակել է հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌԳԱ-ի թղթակից-անդամ Արթուր Ռեանը: Թեստը ներառված է նրա «Մարդը ծնունդից մինչև մահ» գրքում` որպես շարժառիթը որոշող հուսալի մեթոդիկա:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

1. Թեստը նախատեսված է ինքնաստուգման համար և նպատակ ունի նպաստելու միմիայն անհատի ինքնաբացահայտմանն ու ինքնաճանաչմանը: Չի կարելի այն լրացնել մեկ ուրիշի հետ, կամ, առավել ևս, ուրիշի փոխարեն, քանի որ հանրագումարում ճիշտ արդյունք չի ստացվի:

2. Հիշեք, որ թեստի արդյունքները չեն կարող մեկնաբանվել միանշանակորեն:

Ներքոհիշյալ պնդումներից յուրաքանչյուրին անհրաժեշտ է պատասխանել «այո» կամ «ոչ»: Որպես կանոն` ամենաբնորոշը մարդու միտքը եկած առաջին պատասխանն է:

1. Երբ որևէ աշխատանք եմ հանձն առնում, որպես կանոն, լավատեսորեն եմ տրամադրվում:

2. Գործունեության մեջ ակտիվ եմ:

3. Հակված եմ նախաձեռնողականություն դրսևորելուն:

4. Երբ որևէ գործ շատ պատասխանատու է, աշխատում եմ հրաժարվելու պատճառներ գտնել:

5. Հաճախ եմ ծայրահեղություններ ընտրում` կամ շատ թեթև, կամ էլ անիրականանալի գործեր:

6. Խոչընդոտների հանդիպելիս, որպես կանոն, չեմ հիասթափվում, այլ ուղիներ եմ փնտրում դրանք հաղթահարելու:

7. Երբ հաջողություններն ու անհաջողություններն իրար հաջորդում են, ես հակված եմ գերագնահատելու իմ հաջողությունները:

8. Աշխատանքի արդյունավետությունը հիմնականում կախված է իմ սեփական նպատակասլացությունից, այլ ոչ թե արտաքին վերահսկողությունից:

9. Բավականին դժվար առաջադրանք կատարելիս, երբ ժամանակն էլ սահմանափակ է, գործունեությանս արդյունավետությունը նվազում է:

10. Նպատակիս հասնելու ճանապարհին հակված եմ համառության:

11. Հակված եմ պլանավորելու բավականին հեռավոր ապագա:

12. Եթե ռիսկի դիմեմ էլ, դա լինելու է գիտակցված:

13. Այնքան էլ կայուն չեմ նպատակիս հասնելու հարցում, հատկապես, եթե արտաքին վերահսկողություն չկա:

14. Գերադասում եմ իմ առջև դնել միջին դժվարության կամ լուծվող խնդիրներ և նպատականեր, քան անհասանելի թվացող:

15. Երբ որևէ աշխատանք անհաջողության է մատնվում, դրա գրավչությունն ինձ համար նվազում է:

16. Երբ հաջողություններն ու անհաջողություններն իրար են հաջորդում, ես հակված եմ գերագնահատելու իմ անհաջողությունները:

17. Հակված եմ պլանավորելու միայն մոտ ապագաս:

18. Ժամանակի սղության պայմաններում աշխատելիս գործունեությանս արդյունավետությունը մեծանում է, նույնիսկ եթե աշխատանքը բավականին բարդ է:

19. Անհաջողությունների դեպքում անգամ իմ նպատակից չեմ հրաժարվում:

20. Երբ որևէ աշխատանք ինքս եմ ընտրում, անհաջողության մատնվելու դեպքում անգամ գործի գրավչությունն ավելի է մեծանում ինձ համար:

Արդյունքների մշակում

Հետևյալ պնդումներից յուրաքանչյուրի «այո» պատասխանը գնահատեք մեկ միավոր` 1,2,3,6,8, 10, 11, 12. 14, 16, 18, 19, 20:

Հետևյալ պնդումներից յուրաքանչյուրի «ոչ» պատասխանը գնահատեք մեկ միավոր` 4, 5. 7,9, 13, 15, 17:

Գումարեք միավորները:

1-7 միավոր – Դուք վախենում եք անհաջողությունից: Սա բացասական շարժառիթ է: Ձեր ակտիվությունը պայմանավորված է անհաջողությունից, պարտությունից, կորստից խուսափելու պահանջմունքով: Ձեր շարժառիթի հիմքում ընկած են առավելապես բացասական սպասումները. դեռ գործը չսկսած` վախենում եք հնարավոր անհաջողությունից և ուղիներ եք փնտրում դրանից խուսափելու համար: Իհարկե, հնարավոր է, որ նման կերպ Դուք, այնուամենայնիվ, հասնեք Ձեր նպատակներին, բայց փոքր-ինչ ավելի վստահությունը սեփական ուժերի հանդեպ Ձեզ չի խանգարի: Ցանկացած գործունեության մեջ փորձեք նախ տեսնել այն դրականը, որը ձեռք եք բերելու:

8-13 միավոր – Կյանքի տարբեր իրավիճակներում Ձեր շարժառիթները տարբեր են. երբեմն գործունեության մեջ կարևորում եք առաջընթացն ու հաջողությունը, իսկ երբեմն էլ խուսափում անհաջողություններից: Ամեն դեպքում, Դուք կարողանում եք հավասարակշռության մեջ պահել այդ երկուսը. գիտեք, որ ցանկացած ժամանակին լինում են և՛ ձեռքբերումներ, և՛ կորուստներ, որոնց հակազդելու Ձեր ձևը Դուք կգտնեք:

14-20 միավոր – Դուք հաջողության հույս ունեք: Սա դրական շարժառիթ է, որի դեպքում մարդ որևէ գործ սկսելիս իր առջև ունենում է դրական, կառուցողական ինչ-որ բանի հասնելու ձգտում: Ձեր ակտիվության հիմքում ընկած են հաջողության ձգտումն ու պահանջմունքը: Այդպիսի մարդիկ սովորաբար ինքնավստահ են, հավատում են իրենց ուժերին, պատասխանատու են և գործունյա, աչքի են ընկնում նպատակասլացությամբ:

ԱՆԻ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Խորագիր՝ #20 (936) 24.05.2012 – 30.05.2012, Ռազմական


30/05/2012