Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ԵՍ ԷԼ ԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻ»



ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում մայիսի 21-ին կազմակերպվեց հանդիպում «Կամավորը» ֆիլմի ռեժիսոր Աննա Թովմասյանի եւ ԱLԵՔՍԱՆԴՐ ԿՈՒՐԵՊԻՆԻ հետ: Վերջինիս շուրջ էին համախմբվել ֆիլմի հերոս Դիմա Մոտրիչը եւ նրա երկու ընկերները` Իլյա Կուլիկն ու Միրոն` Մյասնիկ Գասպարյանը, եւ Արցախյան պատերազմի ընթացքում իրականացրել բազմաթիվ ռազմագործողություններ, կռվել ամենաթեժ կետերում, ռազմական գործ սովորեցրել, օգնել հայ կամավորներին: Աննան սաներին շնորհավորեց Եռատոնի կապակցությամբ եւ պատմեց ֆիլմի ստեղծման պատմությունը: Վարժարանի պետ գնդապետ Վիտալի Ոսկանյանը երախտիքի խոսք հայտնեց իր գործով մեր ժողովրդին զորակցած Ալեքսանդր Կուրեպինին եւ նշեց, որ նա հակառակորդի 69 միավոր տեխնիկա է վնասազերծել, իսկ 7-ը` առգրավել: Թե՛ սպայական կազմը, թե՛ սաները կլանված լսում էին իրադարձությունների անմիջական մասնակցի պատմությունները այդ օրերի դեպքերի եւ ճակատագրական անցքերի մասին:

ԻՆՉՈՒ ԵԿԱ ԱՐՑԱԽ

Ալեքսանդր Կուրեպինը (ձախից առաջինը)՝ թշնամու հերթական մեքենան ոչնչացնելուց հետո

«Ինչու եկա Արցախ կռվելու. այս հարցի շուրջ մտածել եմ ամբողջ պատերազմի ընթացքում, բայց միայն հիմա կարող եմ պատասխանել, պետք է անկեղծ ասեմ` հուսահատությունից: Խորհրդային Միությունը փլուզվեց, բանակը` եւս, ընտանիք չունեի, ոչ էլ հեռանկարներ: Ինչո՞ւ կռվի բռնվեցի ադրբեջանական զորքերի դեմ, չէ՞ որ ի տարբերություն Ադրբեջանի` հայերը կամավորներին չէին վճարում: Պատասխանեմ. ես համոզված էի, որ արդարությունը հայերի կողմն է, իսկ առանց դրա՝ ճակատամարտի գնալ չես կարող:

Որոշում կայացրի եւ գնացի Մոսկվայում Հայաստանի դեսպանատուն: 1992թ. հուլիսի 18-ին արդեն Զվարթնոց օդանավակայանում էի: Նույն օրը պաշտպանության նախարարությունում կարճատեւ զրույց ունեցա եւ Էրեբունի օդանավակայանից ուղղաթիռով ուղեւորվեցի Լեռնային Ղարաբաղ: Ներկայացա ԼՂՀ բանակի հրամանատար Սերժ Սարգսյանին, եւ ինձ ուղարկեցին Մարտունու շրջան, որտեղ հրամանատարն էր լեգենդար Ավոն` Մոնթե Մելքոնյանը: 10-15 օր անց Սերժ Սարգսյանի հրամանով սկսեցի ձեւավորել տանկեր ոչնչացնող խումբ, որը զինված էր հակատանկային կառավարելի հրթիռների արձակման կայանքներով: Իմ ենթակայությամբ էին գործում ութ ռուս կամավորներ: Նրանցից երկուսը` Դմիտրի Մոտրիչն ու Իլյա Կուլիկը, կադրային սպաներ էին: Խմբում ընդգրկված էր նաեւ տեղացի երեք վարորդ: Մեզ տրամադրեցին երեք ՀՄՄ-1: Չորս օրվա ընթացքում մենք դրանք փոխակերպեցինք եւ դարձրինք մարտական հակատանկային մեքենաներ` աշտարակներին ամրացնելով «ԾՈս՚ՑՍՈ» հրթիռների ուղղորդիչները»:

ՃԱՐՏԱՐԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸ

«1992թ. նոյեմբերին Մարտունու շրջանի Ճարտար գյուղի մերձակայքում էինք, տղաները «ապստամբեցին»: Ինձանից բացի ոչ ոք չէր կարողանում կառավարել «Малютка »-ն: Հասցրել էինք ադրբեջանցիներին լուրջ վնաս պատճառել, եւ տղաները պատրաստ էին նոր գործողության: Նրանք ինձ մեղադրում էին` ասելով. «Դու ադրբեջանցիների տեխնիկան ոչնչացնում ես, իսկ մենք, բացի հրթիռ մատակարարելուց, ոչնչի պիտանի չենք: Կա՛մ մեզ առաջադրանք տուր, կա՛մ մենք հեռանում ենք քեզնից»: Մոտակայքում ադրբեջանական դիրքն էր, որը գիշերը հսկում էր ընդամենը մեկ ստորաբաժանում: Դիրքերից այն կողմ էլ ՀՄՄ և «Շիլկա» կար, տղաները արդեն չորս օր է` հետեւում էին: Առաջարկում էին գիշերը ոչնչացնել դիրքապահներին ու առգրավել տեխնիկան: Հանուն թիմի ամբողջականության` զիջեցի: Հասկանում էի նրանց զգացմունքները, հատկապես Վլադիվոստոկից Արցախյան պատերազմին մասնակցելու եկած ազգությամբ սերբ կամավոր Դիմա Մոտրիչին, որ ծառայել էր Խաղաղօվկիանոսյան նավատորմում: Գերազանց պատրաստված դիվերսանտ-պայթեցնող Դիման Շուշիի գումարտակում էր, բայց երբ իմացավ «ռուսական խմբի» գոյության մասին, միացավ մեզ: Դիման իմ տեղակալն էր եւ, լինելով ակտիվ խառնվածքի տեր, նա ձանձրացավ` «իր մասնագիտությամբ աշխատելու հնարավորությունից զրկված լինելու պատճառով»: Հնարավոր անհաջողությունից խուսափելու համար եւս երկու օր հետեւեցի թշնամու դիրքի անցուդարձին: Իսկապես, գիշերը այնտեղ 7-10 մարդ էր մնում: Ավոն եւս տվեց իր համաձայնությունը: Մինչ հարձակումը «Малютка »-ով խփեցի դիրքից ոչ հեռու կանգնած Ուրալը, որպեսզի գիշերը կարողանանք մալուխի հետքերով գնալ: Սկսեցինք նախապատրաստվել, մեկ էլ տղաները թե` «դու ո՞ւր ես գալիս, եթե քեզ մի բան պատահի, ով է «Малютка »-ից գլուխ հանելու»: Ավոյի հրամանով ստիպված մնացի մեր դիրքերում: Վեց հոգով էին` հինգ ռուս եւ մեկ հայ` վարորդ Միրոն: Նա պետք է տեղ հասցներ ՀՄՄ-ն, որը մենք պատրաստվում էինք առգրավել, «Շիլկայի» ճարը պետք է տեսներ Դմիտրին: Տղաները իրենց հետ ռադիոկայան վերցրին, բայց մոռացել էին մարտկոցները փորձարկել: Նրանց ճանապարհվելուց կես ժամ անց կապը վերջնականապես ընդհատվեց: Ժամը իննին լսվեցին կրակահերթեր, նռնակների պայթյուն, այնուհետեւ անդորր տիրեց: Տասնհինգ րոպե անց մեքենաներ տեսա, որոնք դիրքից 400 մ հեռավորության վրա կանգ առան, եւ լսվեցին ավելի ինտենսիվ կրակահերթեր: Առավոտյան ժամը հինգին տղաներից երեքը վերադարձան եւ պատմեցին կատարվածը:

Պարզվեց` ադրբեջանցիները երեք անգամ ավելի էին, քան մտածում էինք: Ավելի ուշ տեղեկացանք, որ նրանք հարձակում էին պատրաստում Ճարտար գյուղի ուղղությամբ եւ մութն ընկնելուն պես ամրացրել էին դիրքերը: Տղաները, հասկանալով իրավիճակը, չեն ընկրկել եւ որոշել են հարձակվել: Առաջինը հարվածել է Իլյան, գործի է դրել նռնակները, այնուհետեւ Օլեգն է վրա հասել ու խրամատի երկայնքով գնդացրային կրակահերթ արձակել: Ամեն ինչ կարծես հանգիստ էր, եւ Օլեգը, Միրոն ու Իլյան խրամատ են մտել, իսկ մյուս Օլեգը, Անդրեյն ու Դիման սկսել են զոհվածների փաստաթղթերը հավաքել: Դիման կանչել է Իլյային, երբ հանկարծ երեք հարյուր մետրի վրա ընկած վիրավոր ադրբեջանցին ձեռքի գնդացրից կրակ է բացել. Անդրեյը տեղում նրան ոչնչացրել է, բայց Դիման ստացած վերքից մահացել է: Այդ պահին տղաները նկատել են մեքենաների լույսը եւ մոտեցող հետեւակը: Պարզ էր` տեխնիկայի մասին պետք էր մոռանալ եւ հեռանալ: Իլյան ու Միրոն ապահովում էին տղաների անվտանգ նահանջը, մնացածները փորձում էին մարտադաշտից հանել Դիմայի դին: Տղաները մոլորվել էին խաղողի այգում: Դիմկայի մարմինը չէին կարող տեղափոխել, նա հաղթանդամ տղա էր: Թաքցրել են նույն այգում, որպեսզի հաջորդ գիշերը վերադառնան: Սպասել են Միրոյին եւ Իլյային, իսկ երբ կրակահերթերը դադարել են, մտածել են, որ այլ ճանապարհով են դուրս եկել: Մի քանի ժամ անց տղաները վերադարձան, հաջորդ օրն էլ ադրբեջանցիները առաջարկեցին փոխանակել մեր երեք տղաների մարմինները` յուրաքանչյուրի դիմաց պահանջելով տասնհինգ ադրբեջանցու դիակ: Որպեսզի նման թիվ ապահովեինք, ստիպված էինք հարձակվել ադրբեջանական շինարարական գումարտակի վրա: Մասնակցում էին նաեւ Ավոն, նրա շտաբի եւ հրետանու պետերը, նաեւ Արցախի ինքնապաշտպանական ուժերի հրետանու պետը, 7 հետախույզ եւ երկու տանկ: Մենք ոչնչացրինք շուրջ 60 ադրբեջանցու, եւ փոխանակումը կատարվեց: Ադրբեջանցիները պատմեցին, որ Միրոն եւ Իլյան մինչեւ վերջին փամփուշտը կռվել են, իսկ այնուհետեւ նռնակով պայթեցրել են իրենց: Քանի որ տղաների մասին քիչ բան էր հայտնի, չգիտեինք, ինչպես եւ ում տեղեկացնել նրանց մահվան մասին: Իլյային եւ Դիմային հուղարկավորեցինք Ալեքսանդր Պրոնինի գերեզմանի մոտ` Շուշիից Ստեփանակերտ ընկած ճանապարհի մի գեղատեսիլ բարձունքի վրա. Ալեքսանդրն էլ էր մեր ընկերը եւ զոհվել էր մեկ ամիս առաջ: Դիմայի հայրը` սուզանավի նախկին հրամանատար Անատոլի Մոտրիչը, որդու զոհվելուց հետո եկավ եւ ինքն էլ մասնակցեց Արցախյան ազատամարտին:

Այնքան հուզվեցի, երբ իմացա, որ Մոնթեի անունով ռազմամարզական վարժարան է գործում: Ավոն իսկական լեգենդ էր, նրա մասին երգեր էին հյուսում, առասպելներ պատմում: Ավոն Մարտունու աստվածն էր: Մոնթե Մելքոնյանը ինձ հայտնի ամենաազնիվ մարդն էր, նա ապշեցնում էր թե՛ իր քաջությամբ, թե՛ ազնվությամբ, թե՛ մարդկանց հետ շփվելու ունակությամբ: Մոնթեն զորավար է, որից անընդհատ պետք է սովորել»:

ԳԵՐԱՆԲՈՅԻ ԳՈՒՄԱՐՏԱԿԸ

«1992թ. խմբից մնացել էինք երկուսս` Անդրեյ Սառիչևն ու ես: Մեզ հրավիրեցին Շահեն Մեղրյանի ջոկատ` կռվելու Շահումյանի շրջանի համար: Այդպես ինձ բախտ վիճակվեց կռվել երկու լեգենդար հրամանատարների ղեկավարությամբ: 1992թ. դեկտեմբերից 1994թ. մարտ ամիսը ես հատուկ նշանակության ջոկատի հրամանատարի սպառազինության գծով տեղակալն էի, սակայն իրականում հարկ էր լինում կատարել հակատանկային հաշվարկի հրամանատարի գործառույթներ:

1993թ. փետրվարին ջոկատը առաջ պետք է ընթանար Սարսանգի ջրամբարի հարավային ափից: Ավարտվում էր Մարտակերտի շրջանի ազատագրումը: Մեղրյանին հանձնարարված էր ադրբեջանցիներին դուրս շպրտել Հաթերք եւ Ումուդլու գյուղերից: Հետախույզներ ուղարկեցինք: Երկու օր անց տղաները վերադարձան, զեկուցեցին` ադրբեջանցիներն ունեն Դ-30 մարտկոց, 5-6 զրահապատ մեքենա, բազմաթիվ մեքենաներ եւ 400 մարդ: Մենք ընդամենը 25 հոգով էինք: Շահենը նյարդայնացավ, բայց հրամանը հրաման է: Սկսեցինք մտածել` ինչպես գործել: Որոշեցինք հատել ճանապարհը, որը մարտավարական նշանակություն ուներ` կապում էր Գերանբոյի, Մարտակերտի եւ Քարվաճառի շրջանները: Հիշում եմ մեր առաջին ճանապարհ դուրս գալը. ամբողջ գումարտակը պահուստային զինամթերքը տեղափոխում էր մարտադաշտի մերձակայք: 36 կիլոմետրը հաղթահարեցինք 40 ժամում: Քայլում էինք լեռներով` մինչեւ գոտկատեղ ձյան մեջ մխրճված: Վերադարձանք հաջորդ խմբաքանակի համար, այս անգամ ճանապարհը հաղթահարեցինք 12 ժամվա ընթացքում: Երրորդ անգամ` 10 ժամում: Գիշերը հանգստացանք: Առավոտյան երկու հակատանկային ականներ տեղադրեցինք: Հողը այնքան էր սառել, որ դա անհնարին էր: Անդրեյը առաջարկեց քողարկել դրանք սպիտակ վերնաշապիկով` ինչպես ձյան ծածկույթ: Շուտով «Զիլ-131»-ի տակ ականը պայթեց, վարորդը գերի ընկավ: Երկրորդ մեքենան «բռնացրի» «Малютка »-ով: Երեկոյան ադրբեջանցիները Ումուդլու ուղարկեցին հետեւակայինների եւ սակրավորների: Այնուհետեւ հիմնական ջոկատը իջավ մարտադաշտ, մենք տեղակայվել էինք բլրի վրա` ընդամենը 15 հոգի: Կրակ բացեցինք: Ադրբեջանցիները 70 զոհ տվեցին: Հետո իմացանք, որ զոհվածները Ադրբեջանի ազգային բանակի Գերանբոյի գումարտակի զինյալներն էին: Ամբողջ գիշերը անցկացրինք մեր դիրքերում: Սարսանգի ջրամբարի հակառակ կողմից ադրբեջանցիները հրետակոծում էին: Առավոտյան կասկածելի լռություն էր տիրում: Տարօրինակ էր` ընդամենը 6 կմ էր հակառակորդի եւ մեր միջեւ ընկած տարածությունը: Ամբողջ օրը հետեւեցինք, կյանքի ոչ մի նշույլ: Հետախուզական գործողություններ իրականացրինք եւ պարզվեց, որ ադրբեջանցիները տեխնիկան թողել եւ փախուստի են դիմել: Մենք կապ հաստատեցինք Մարտակերտի շրջանի հետ եւ տեղեկացրինք, որ գյուղերն ազատագրված են: Մտածեցին` կատակում ենք:

Պարզվեց նաեւ` գործողությունների ամբողջ ընթացքը նկարահանում էր Ալեքսանդր Նեւզորովը: Նա գտնվում էր ադրբեջանական կողմում: Նրա «Геранбойский батальон » վերնագրված ռեպորտաժում նույնիսկ արձանագրվել է, թե ինչպես եմ «Малютка »-ով հարվածում ՀՄՄ-ին:

1994թ. ապրիլի 17-ին վիրավորվել եմ գլխից, վնասվել են ձեռքերս ու ոտքերս, կրծքավանդակս ու մարմնիս այլ մասերը: Սակայն գիտակցությունս չէի կորցրել: Առաջին օգնությունը ցուցաբերեց իմ ենթականերից Ռուշանը` փրկելով կյանքս: Այնուհետեւ դաշտային հոսպիտալում մարմնիցս 113 բեկոր հանեցին: Ուշքի եկա ինն օր անց՝ Երեւանում: Մինչեւ 1995թ. մայիս հիվանդանոցների մահճակալներին էի օրս մաշում: Հիվանդանոցները զուրկ էին անհրաժեշտ դեղամիջոցներից, սակայն իմ ընկեր Գարիկը հոգում էր ամեն ինչ, թեպետ ինքն էլ մեծ ընտանիք ուներ:

Տարիներ անց ես նորից այստեղ եմ: Մասնակցեցի մայիսի 9-ին Ստեփանակերտում անցկացված հզոր զորահանդեսին: Ի դեպ, ինձ «զգուշացրել» էին, որ Ստեփանակերտը անճանաչելի է դարձել, ես էլ քմծիծաղ էի տվել: Բայց եկա, տեսա եւ զարմանքից ընդարմացել – քարացել էի: Ես վստահ եմ, որ դուք՝ վարժարանի սաներդ, կպաշտպանեք մեր հայրենիքը: Ինչու մեր, որովհետեւ ես էլ եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացի, անձնագիր էլ ունեմ»:

Հ.Գ.- Հանդիպման ավարտին Ալեքսանդր Կուրեպինին հանձնվեցին Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի պատվոգիր ու «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի 20-ամյակ» հուշամեդալ:

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Ավագ լեյտենանտimg

Խորագիր՝ #20 (936) 24.05.2012 – 30.05.2012, Ճակատագրեր, Ուշադրության կենտրոնում


30/05/2012