Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՐԵՔ ԳԻՇԵՐ ԽՐԱՄԱՏՈՒՄ



Գնդապետ Ա.Օհանյանի հրամանատարությամբ գործող զորամասում տեղի ունեցած զորավարժությունը ոգևորել էր առաջնագծում կանգնած մեր զինվորներին։ Երբ զորամասի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ փոխգնդապետ Ա.Թումանյանի հետ եղանք դիրքերում, տղաները ոգևորությամբ էին պատմում երեք գիշեր տևած զորավարժության մասին։ Զորամասի շտաբի պետ փոխգնդապետ Ս.Գևորգյանին խնդրեցինք ներկայացնել զորավարժության մանրամասները։

-Տագնապի ազդանշանը տրվեց գիշերվա ժամը 4-ին։ Հորդառատ անձրև էր տեղում, որի տակ էլ սկսվեց երթը, մեքենաների, զինտեխնիկայի, շարասյուների ձևավորումը։ Զորավարժության թեման էր՝ «Գումարտակի բերումը մարտական պատրաստության բարձր աստիճանի, պաշտպանական մարտի նախապատրաստումը և վարումը»։ Ամեն ինչ պետք է կատարվեր մարտական խնդիրներին համապատասխան, մարտական հենակետերում։ Մարտական դիրքերում կատարվեց վերախմբավորում, ինժեներական աշխատանք, և ամեն մի զինվոր զբաղեցրեց խրամատի իր տեղը։ Յուրաքանչյուրը պատկերացրեց իր դիմաց կանգնած հակառակորդին, իր կրակային ուղղությունները։ Դաշտային պայմաններում ներածականներ տրվեցին կրտսեր և բարձր հրամանատարական կազմերին՝ տարբեր բարդ իրավիճակներում որոշումներ կայացնելու վերաբերյալ։ Զորավարժությանն ընդգրկված էին մի շարք ստորաբաժանումներ՝ տանկային, ինքնագնաց հրթիռային մարտկոցը, ինժեներասակրավորային մեկ դասակ, ինչպես նաև հետախուզության, կապի և հակատանկային մեկական դասակներ։

Անկեղծ ասած՝ զորավարժությունը մեզ՝ սպաներիս համար էլ հետաքրքիր էր և առանձնահատուկ։ Սկսած զինվորից մինչև հրամանատար, չէինք զգում ո՛չ հոգնածություն, ո՛չ լարվածություն։ Ստորաբաժանումների փախհամագործակցությունը բարձր մակարդակի էր` դասակի հրամանատարից մինչև բարձր հրամանատարական կազմը։

Զորավարժությանը հետևում էին ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության վարչության պետ գեներալ-մայոր Ի.Մաթևոսյանը, զորամիավորման հրամանատար գեներալ-մայոր Պ.Պողոսյանը, զորամասի հրամանատար, զորավարժության ղեկավար գնդապետ Ա.Օհանյանը, զորամիավորման հրամանատարի տեղակալ գնդապետ Քոչարյանը։

Առաջին անգամ էր, որ զորավարժությունն անց էր կացվում ոչ թե ուսումնական մարտադաշտում, այլ իրական մարտական հենակետերում։ Սովորաբար մարտական հենակետում զինվորները, կատարելով դիտորդի պարտականությունները, փոխարինում են միմյանց, իսկ զորավարժության ամբողջ ընթացքում մշտապես եղել են խրամատում, սնվել միասին` դաշտային խոհանոցում պատրաստված սնունդով։ Ընդհանուր առմամբ, բոլոր ծառայություններն էլ անթերի կատարեցին իրենց առջև դրված խնդիրները։

Զորավարժության ժամանակ աչքի ընկան կապիտան Բախշյանի, ավագ լեյտենանտ Մելիքյանի, կապիտան Հունանյանի եւ կապիտան Հակոբյանի ստորաբաժանումները։

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Խորագիր՝ #20 (936) 24.05.2012 – 30.05.2012, Ազգային բանակ


30/05/2012