«ԵՎՐՈԶՈՐԱՄԱՍԻ» ՓԱՌԱՎՈՐ ՈՒՂԻՆ
Մայիսը մեր երկրում հաղթանակների և խաղաղության հաստատման խորհրդանիշն է… Եվ մայիսյան տոների շարքում ՀՀ ազգային և ԼՂՀ պաշտպանության բանակներում հպարտորեն նշվում է զորատեսակներից առաջինի՝ Հակաօդային պաշտպանության զորքերի ստեղծման օրը։ Տոն, որը չափազանց համահունչ է հաղթական բոլոր տոներին։ Գաղտնիք չէ, որ հենց նրանք` Արցախի առաջին ՀՕՊ ստորաբաժանումների առաջին մարտիկները, ոչնչացնելով հակառակորդի ուղղաթիռները, սկսեցին Արցախի երկնքում ադրբեջանական օդուժի գերիշխանությունն ի չիք դարձնելու գործընթացը, որն ունեցավ փայլուն ավարտ, կամ, որ նույնն է, ավարտվեց տեղացի և վարձկան օդաչուներով համալրված ավիացիայի խայտառակ պարտությամբ։ Չես գերիշխում օդում, պարտված ես ցամաքում, սա է ժամանակակից պատերազմների տրամաբանությունը, և հենց սրան էլ հանգեց մեր թշնամի հարևանն իր սկսած պատերազմում։
Գտնվելով Արցախում, այցելեցինք գնդապետ Արամ Այդինյանի հրամանատարությամբ գործող զորամաս, ծանոթացանք պաշտպանության բանակի փառապանծ ՀՕՊ զորամասերից մեկի զինծառայողների հետ, հրամանատարական կետում հետևեցինք խաղաղության պահպանման գործընթացին։
ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ
Գնդապետ Արամ Այդինյանը ծնվել է Ստեփանակերտում։ Նա ավարտել է տեղի N 3 միջնակարգ դպրոցը և ընդունվել Երևանի պետական համալսարանի կիբեռնետիկայի ֆակուլտետ։ 1990թ. ներգրավվել է ազատագրական շարժման մեջ։ 1993-ից ցայսօր ծառայում է ՀՕՊ զորքերում։ 1997թ. ընդունվել է Ռուսաստանի Դաշնության ՀՕՊ ակադեմիաներից մեկը։ 2010-ից զորամասի հրամանատար է։ Ամուսնացած է, ունի երկու աղջիկ և մեկ տղա։ Մեծ աղջիկը քսան տարեկան է, տղան՝ մեկուկես։
ԶՈՐԱՄԱՍԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԱՆՑԱԾ ՈՒՂՈՒ ՄԱՍԻՆ
-Մեր զորամասը սկզբում մի փոքր ստորաբաժանում էր` զինված ամենահասարակ ՀՕՊ միջոցներով, այնուհետև դարձավ մարտկոց։ Որպես զենիթահրթիռային զորամաս ձևավորվեց 1992թ. օգոստոսին։
1992թ. սկզբից զորամասի ստորաբաժանումները մասնակցել են մարտական գործողություններին։
Զորամասը մարտական գործողությունների է մասնակցել Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու, Հադրութի ու Քաշաթաղի ուղղություններում ու, բնականաբար, հակառակորդի օդային հարվածներից պաշտպանել է մայրաքաղաք Ստեփանակերտն ու մյուս բնակավայրերը։ Այդ ընթացքում ոչնչացվել է հակառակորդի տասից ավելի օդային հարձակման միջոց։ 2007թ. հունվարին զորամասը պարգևատրվել է «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով։
Զորամասի առաջին հրամանատարը եղել է գնդապետ Նիկոլայ Բաբայանը։ Ասեմ նաև. որ մեր զորամասի ստորաբաժանումները բազմիցս մասնակցել են նաև վերգետնյա մարտական գործողություններին, մասնավորապես՝ Կուբաթլուի, Մարտակերտի ռազմաճակատներում, Պուշկինյալի և այլ կարևոր կետերի համար մղված մարտերում, աչքի են ընկել հակառակորդի կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի ոչնչացման գործում…
ԶՈՐԱՄԱՍՆ ԱՅՍՕՐ
-Կազմավորման շրջանում, այսինքն՝ պատերազմի ժամանակ, զորամասի հնարավորությունները շատ սահմանափակ էին, մասնավորապես՝ չկային ռադիոլոկացիոն միջոցներ, և մենք հակառակորդի ինքնաթիռները հայտնաբերում էինք, երբ նրանք արդեն ԼՂՀ տարածքում էին։ Իրավիճակը շտկվեց, և համակարգը ձևավորվեց շատ կարճ ժամանակահատվածում։ Այժմ կատարելով շուրջօրյա մարտական հերթապահություն, մենք հսկողության տակ ենք առնում ողջ տարածաշրջանը, և զորամասի մարտական դիվիզիոնները համալրված են զենիթահրթիռային լավագույն միջոցներով։ Մենք հաշվի ենք առնում մեր թշնամու հնարավորությունները և հաստատակամորեն ու սառնասրտորեն կատարելագործվում ու նախապատրաստվում։
Կադրերի խնդիրը վաղուց հիմնովին լուծված է։ Արտասահմանյան մասնագիտական հաստատություններում կրթություն ստացած սպաները մշտական մարզումների, զորավարժությունների ընթացքում կատարելագործվում են, զարգացնում հմտությունները։ Պաշտպանության բանակի հրամանատարությունը շատ մեծ հոգատարություն է դրսևորում ՀՕՊ զորքերի նկատմամբ, միջոցներ չի խնայում համակարգն արդիականացնելու համար։ Կազմակերպում է մարզումներ, զորավարժություններ` մյուս զորատեսակների, ստորաբաժանումների հետ համագործակցությունը խորացնելու, ներդաշնակումը կատարելագործելու նպատակով։ Մենք ունենք ուսումնական ստորաբաժանում և զորամասի համար պատրաստում ենք մասնագետներ, կրտսեր հրամանատարներ։ Վարժասարքերից բացի, մասնագիտական պարապմունքներն անցկացվում են մարտական տեխնիկայի վրա։ Ինքներդ էլ տեսաք, թե ինչպիսին են մեր հնարավորությունները, և զարմանալի չէ, որ զինվորների ծնողները զորամասն անվանում են «Եվրոչաստ»։
Զորատեսակի կազմավորման քսանամյակի կապակցությամբ ես իմ շնորհակալությունն եմ հայտնում զորամասի հրամկազմին։ Շնորհավորում և շնորհակալություն եմ հայտնում զորամասի բոլոր զինվորներին։ Նրանց ցավը տանեմ, իրոք, լոխ լավ են, մենք վատ զինվոր չունենք։
ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱԿԱՆ ԿԵՏՈՒՄ
«Եվրոչաստը», իրոք, շատ լավն է. ժամանակակից, գեղեցիկ, ամեն ինչ տեղը տեղին… Աստիճաններով երկար իջնում ենք, սեղմում երկաթյա դռան զանգը…
Այստեղ նույնպես ամեն ինչ կատարյալ է։ Բազմաթիվ գերժամանակակից սարքավորումներ, որոնց միջոցով էլ վերահսկվում են զորամասին վստահված սահմանները և շրջանի ողջ տարածքը։
Օպերատիվ հերթապահը մայոր Լ. Շեկյանն է։
-Ամեն ինչ տեսնում ենք, ուղեկցում ենք բոլոր ինքնաթիռները, թռչող սարքերը,- ասաց նա։
Մայոր Շեկյանը Երևանի պետական համալսարանի շրջանավարտ է։ Նա ֆիզիկոսների, մաթեմատիկոսների այն սերնդից է, որոնք 1992-93թթ. համալրեցին կազմավորվող ՀՕՊ համակարգը և կարճ ժամանակում յուրացնելով մասնագիտական նրբությունները՝ հասան մեծ հաջողությունների ու շարունակեցին ծառայությունը։
Հրամանատարական կետում հերթապահում էին նաև կապի պատասխանատու Սարգսյանը, կապավոր շարքային Սուրեն Խաչատրյանը, գծագրոցավարներ (պլանշետավարներ) շարքայիններ Խաչատուր Մալխասյանը, Գոռ Ստեփանյանը, ռադիոկայանի պետ և գծագրոցավար սերժանտ Մուրադյանը, ուրիշներ։
Ենթասպա Ե.Սարգսյանի հայրը՝ պահեստի մայոր Գրիգոր Սարգսյանը, զորամասի հիմնադիրներից է։ Լինելով բարձրակարգ մասնագետ` նա երկար տարիներ ծառայել է հենց հրամանատարական կետում։
-Ընտանեկան խնդիրների պատճառով մինչ այժմ չեմ սովորել, բայց առաջիկայում ուզում եմ ընդունվել մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն ինստիտուտ,- ասաց նա։
Այստեղի գծագրոցավարները շատ հմուտ են։ Օրինակ՝ շարքային Խ. Մալխասյանը մեկ րոպեում 140-150 նշագիր է անում։
Շարքային Հակոբ Մկրտչյանն էլ սովորում է ՀՊՃՀ Գորիսի մասնաճյուղում։ Նա մասնակցելով պաշտպանության բանակում անցկացված «Նրանք մարտնչել են հայրենիքի համար» թեմայով շարադրությանը, գրավել է առաջին տեղը։
♦♦♦
Զրուցեցինք նաև ջոկի հրամանատար, սերժանտ Տիգրան Գևորգյանի, զորամասի սերժանտական խորհրդի քարտուղար սերժանտ Սուրեն Նուշիկյանի, կրտսեր սերժանտներ Դավիթ Ղարիբյանի, Նաիրի Խեչոյանի, Հայկ Ադամյանի, եֆրեյտոր Տիգրան Խաչատրյանի հետ։ Նրանք բոլորն էլ նշեցին, որ զորամասի անցած փառավոր ուղին պարտադրում է ծառայել նվիրումով, անմնացորդ, ողջ ուժերը նվիրաբերել իրենց հարազատ, բազմաթիվ հայրենակիցների արյամբ սրբացած հողի ծաղկունքին։ Ասել, թե նրանք գոհ են իրենց հրամանատարներից, իրենց զորամասի պայմաններից, նշանակում է ոչինչ չասել։ Նրանք պարզապես վայելում են հայրենիքի զինվորի, չափազանց կարևոր զորամասի անձնակազմի անդամը լինելու հպարտությունը։
Եվ կասկածից վեր է, որ նրանցից շատերը, զորացրվելով, նորից վերադառնալու են զորամաս` շարունակելու ավագ սերնդի փառավոր ուղին։
ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
փոխգնդապետ
Լուսանկարները` հեղինակի