Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԱՎԵԼ ԳՈՒՍՏԵՐԻՆ. ՍԻՐԻԱՆ ՎԵՐՋԻՆ ԲՆԱԳԻԾՆ Է ԴԵՊԻ ԻՐԱՆ



ՌԴ գիտությունների ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի աշխատակից Պավել Գուստերինի պնդմամբ, սիրիական ընդիմությունն ուղղակի դատապարտված է տապալելու հակամարտության կարգավորման բոլոր ջանքերը, քանի որ օրինական ճանապարհով նախագահ ընտրված Ասադը կարգավորման դեպքում կշարունակի ղեկավարել երկիրը: Դրա համար էլ իրավիճակն ապակայունացնելու և օտարերկրյա զինված միջամտություն հրահրելու նպատակով ընդիմությունը դիմում է ամենատարբեր արյունալի սադրանքների: Եվ եթե սկզբնապես խոսվում էր Սիրիայում «եմենյան տարբերակի» իրականացման մասին, որի դեպքում Ասադը, ստանալով իր ու մերձավոր շրջապատի անձեռնմխելիության երաշխիքներ, պետք է հեռանար իշխանությունից, ապա այժմ ամեն ինչ այնքան է խորացել և նրա վարչակարգի դեմ առաջ են քաշվել այնպիսի մեղադրանքներ, որ գնալով անիրական է դառնում Եմենի համաբանությամբ Ասադին իրավական անձեռնմխելության երաշխիքների տրամադրումը և իշխանության օրինական փոխանցումն ընդիմությանը:

Առավել ևս՝ անհասկանալի է, թե ինչ են ընդդիմությունը և նրա զինված թևը` Սիրիական ազատ բանակը: Վերջինս հիմնականում կազմված է դասալիքներից, տարբեր երկրներից եկած, այդ թվում նաև Քադաֆիի վարչակարգի դեմ կռված վարձկաններից, որոնցից և նրանց տարածած քաոսից այժմ ամեն կերպ փորձում են ազատվել Լիբիայի նոր իշխանությունները: Բացի այդ, արդեն բոլորն են խոսում զինված ընդդիմությանը արաբական, ինչպես նաև արևմտյան մի շարք պետությունների հատուկ ծառայությունների ցուցաբերած բացահայտ աջակցության մասին:

Սիրիական ընդիմությունը չունի ոչ գործողությունների հստակ ծրագիր և ոչ էլ ընդգծված առաջնորդներ: Կան միայն մի քանի անձինք, ինչպես, օրինակ, մաքուր ֆրանսերենով արևմտյան լրատվամիջոցներին պարբերաբար հարցազրույցներ տվող Բուրհան Գալյունը, որոնք սիրիական ընդդիմությունը ներկայացնում են միջազգային հանրությանը: Բայց միանգամայն անհայտ է, թե Ասադի վարչակարգի անկման դեպքում նրանք կգա՞ն իշխանության և, ընդհանրապես, հնարավոր կլինի՞ արդյոք ձևավորել միասնական իշխանություն, թե՞ երկիրը կտրոհվի:

Ռուսաստանին, իհարկե, ձեռնտու է Ասադի իշխանությունը, քանի որ նրա հետ կան սերտ ռազմատնտեսական կապեր, իսկ ընդդիմության հավաստիացումները, թե դրանք իրենց օրոք էլ կպահպանվեն, ամրապնդված չեն ոչ մի երաշխիքով: Ի վերջո, անհայտ է, կամ ընդհակառակը, քաջ հայտնի, թե ովքեր են կանգնած սիրիական ընդդիմության թիկունքում: Մենք Լիբիայում նման դաս արդեն ստացել ենք:

Նաև միանգամայն իրավացի են այն պնդումները, որ Միացյալ Նահանգների ու Արևմուտքի համար Սիրիան վերջին բնագիծն է Իրանին հարվածելու ճանապարհին, և քանի դեռ Դամասկոսում իշխանությունը պատկանում Թեհրանին աջակցող վարչակարգին, գրեթե անիրատեսական է Իրանի դեմ ռազմական գործողություն սկսելը:

Սիրիայի շուրջ իրավիճակն անընդհատ փոխվում է, Արևմուտքի դիրքորոշումը կարծրանում, ինչը հարկ եղած դեպքում պետք է որոշ խմբագրումների ենթարկի Ռուսաստանի դիրքորոշումը, սակայն, անլուրջ է խոսել ռազմավարական փոփոխությունների և Արևմուտքին հարելու մասին. Սիրիան Մերձավոր Արևելքում Ռուսաստանի վերջին դաշնակիցն է, և նրան ոչ մի պարագայում չի կարելի կորցնել:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական, Տարածաշրջան


04/06/2012