«35 ՏԱՐԻ ԱՌԱՋ ՉԷԻՆՔ ՊԱՏԿԵՐԱՑՆԻ»
ՄԱՐՏԻՐՈՍ ԺԱՄԿՈՉՅԱՆ, Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի մարտիկներից, նախկին քաղբանտարկյալ, գործողությունը` Ժնև, 9-ը հունիսի, 1981 թ., բանտարկությունը` Ժնև, ազատ արձակվելուց հետո հաստատվել է Հայաստանում, մասնակցել Արցախյան ազատամարտին, այժմ «Ուխտ Արարատի» հայրենասիրական հասարակական նախաձեռնության խորհրդի անդամ է:
-31 տարի առաջ` հունիսի 9-ին, Ժնևում Դուք վրիժառության գործողություն իրականացրիք թուրք դիվանագետի նկատմամբ: Խնդրում եմ` համառոտ պատմեք այդ մասին:
-Այո՛, 1981թ. հունիսի 9-ին, Շվեյցարիայի մայրաքաղաքում զգետնեցի թուրքական դեսպանատան զինվորական կցորդին:
-Մենա՞կ էիք:
-Այո, ես այդ գործողությունը մենակ եմ իրականացրել, որից հետո ինձ բռնեցին, 6 ամիս անց սկսվեց դատավարությունը:
-Իսկ ինչո՞ւ ընտրվեց հենց Ժնևը:
-Նախ` այն պատճառով, որ Շվեյցարիան ճանաչված է որպես մարդասիրական երկիր: Այնտեղ էր ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովի ազգային փոքրամասնությունների հանդեպ կիրառվող խտրականության կանխման եւ պաշտպանության ենթահանձնաժողովի նստավայրը: Մենք ցանկացանք հիշեցնել, որ այդ հանձնաժողովի 28-րդ նստաշրջանը Ժնևում 1973 թ. սեպտեմբերի 16-ին որոշում էր կայացրել Հայոց ցեղասպանության փաստով, որում նշված էր. «Անցնելով արդի փուլին, կարելի է հիշել բավականին առատ վկայությունների գոյությունը, որոնք ապացուցում են հայերի կոտորածը, որը համարվում է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը»: Թուրքիան հանդես էր եկել այդ որոշման դեմ: Հետագա տարիներին այդ հարցը մի քանի անգամ քննարկվեց և, ի վերջո, 1985 թ. ընդունված որոշմամբ 1915-1916 թթ. հայերի կոտորածները Օսմանյան Թուրքիայում որակվեցին որպես ցեղասպանության օրինակ: Բացի դրանից, Ժնևում էր Թուրքիայի հյուպատոսությունը, և մենք պահանջեցինք դրա փակումը: Իմ կատարած գործողությունից հետո ստեղծվեց մի նոր կազմակերպություն` «Հունիսի 9» անունով, որը սկսեց տարբեր երկրներում գործողություններ իրականացնել, այդ թվում նաև Շվեյցարիայում` թիրախ ընտրելով ոստիկանության, դատարանի, երկաթուղային կայարանի շենքերը: Այդ գործողություններով նրանք պահանջում էին ինձ ազատ արձակել, և շվեյցարական իշխանությունները հասկացան, որ լուրջ պետք է վերաբերվեն այս հարցին: Նրանք խոստացան մեղմացնել իմ պատիժը, եթե պայթյունները դադարեցվեն: Արդյունքում՝ իմ ժամկետը 5 տարով կրճատվեց, և ես արգելափակված մնացի մոտ 10 տարի:
-Ձեր գործողությունից չորս ամիս անց Վազգեն Սիսլյանի խումբն իրականացրեց «Վան» գործողությունը` գրավելով Փարիզի թուրքական հյուպատոսարանը:
-Այո՛, կարծես շղթայական ռեակցիա լիներ, զինյալ գործողությունների արդյունքում մեր հայրենակիցները արտերկրում սկսեցին իրենց ավելի հայ զգալ, հայկականության ոգին ավելի բարձրացավ: Մենք հատուկ նշում էինք, որ Շվեյցարիայի դեմ ոչինչ չունենք: Դատավարությունը տևեց երեք օր` դեկտեմբերի 17-19-ը, և այդ երեք օրերին Ժնևը կարծես պաշարված լիներ, ամենուր ոստիկանության, անվտանգության ծառայության աշխատակիցներ էին: Ողջ աշխարհից հայեր էին եկել` դատավարությանը ներկա գտնվելու: Դատարանը կանչել էր նաև ցեղասպանության վկաների: Բեյրութից իմ տատիկն էր եկել հորս հետ: Իմ իրավաբաններն էին անվանի Պատրիկ Դևէջյանը և Ժերար Բենուան, որոնք 10-ը տարի մնացին իմ կողքին:
-Ձեր տատիկը ելույթ ունեցա՞վ դատավարության ժամանակ:
-Այո՛, որպես ցեղասպանության վկա: Նա Ադանայի ջարդերից փրկվածներից էր: Նրան հարցրին. «Չե՞ք զղջում, որ Ձեր թոռը մարդասպան է»: Իսկ նա պատասխանեց. «Նա մեր ազգի վրիժառուն է: Մեր հսկայական տոհմից միայն ես եմ ողջ մնացել, այն էլ` հրաշքով, մնացած բոլորին թուրքերը կոտորել են»:
-Ինչպե՞ս էին անցնում բանտարկության տարիները:
-Արդեն յոթերորդ տարում ինձ իրավունք տրվեց մեկ անգամ բերդից դուրս գալ` հունվարի 7-ին, Ծննդյան տոնի կապակցությամբ: Խնդրեցի, որ ինձ տանեն Ժնևի հայկական եկեղեցի` պատարագի: Ձեռքերիս ձեռնաշղթաներ, հսկայական շքախմբով (ինչպես նախագահին) ինձ տարան եկեղեցի, ուր դռան առաջ ինձ արդեն սպասում էին հայ առաքելական և բողոքական եկեղեցիների առաջնորդները: Մեքենայից չէի իջնում, պահանջեցի ոստիկաններից, որ հանեն ձեռնաշղթաներս, ասացի` իմ եկեղեցում ես պետք է ազատ լինեմ: Եկեղեցականներն էլ վրդովվեցին, Վերապատվելի Գառնուզյանն էլ ասաց` «Սա մեր տարածքն է, ես եմ պատասխանատու, արձակեք ձեռքերը»: Ինձ հետ էին այն երկու սպաները, որոնք տարիներ առաջ ներկա էին իմ ձերբակալությանը, եւ նրանք ասացին` «Մի՛ կարծիր, թե կփախչես, ողջ եկեղեցին շրջապատված է», ու ինձ հետ մտան ներս: Ինձ տեսնելուն պես, ողջ եկեղեցին ոտքի կանգնեց, իսկ պատարագից հետո բոլոր ներկաները հերթով ինձ էին մոտենում. մեկը ձեռքս էր սեղմում, մեկը համբուրում էր, մյուսը` գրկախառնվում, ասելով` «Ապրի՛ս, որդի՛ս»: Ոստիկանները ապշել էին. «Քեզ ձերբակալելու ժամանակ, երբ այստեղ եկանք քո նկարով, նրանք ասացին, որ քեզ չեն ճանաչում, իսկ հիմա… Ձեր` հայերիդ հանելուկից գլուխ չենք հանում, թեև հիմա հասկացանք, թե ինչքան միասնական եք»: Ես պատասխանեցի. «Նրանք իսկապես այն ժամանակ ինձ չէին ճանաչում, բայց հիմա յուրովի շնորհակալություն են հայտնում ազատագրական պայքարի մարտիկին»: Պատարագից հետո Հայ տիկնանց միությունը հայկական ուտեստների ճաշկերույթ էր կազմակերպել, որին մասնակցեցին նաև ինձ ուղեկցող սպաները:
-Իսկ ինչպե՞ս պատահեց, որ եկաք Հայաստան:
-1987-ին մի նամակ ստացա Մոնթեից: Դե, ես նրա հետ դեռ 1978-ին էի ծանոթացել Բեյրութում, մինչև նրա ԱՍԱԼԱ մտնելը, և այդ ժամանակից միասին էինք: Նամակում գրված էր. «Խնդրում եմ, եթե խոսվի քեզ բանտից ազատելու մասին, ինձնից քեզ խորհուրդ` գնա Հայաստան, բոլորս էլ գալու ենք»: Իսկ 1990-ին նրանից նոր լուր ստացա, այս անգամ արդեն Հայաստանից. «Ես այստեղ աշխատանք եմ տանում, որ քեզ բերեն Հայաստան»: Սկսվել էին ինձ բաց թողնելու մասին շվեյցարական իշխանությունների հետ բանակցությունները: Արդեն 1990-ի նոյեմբերից ես բանտում էի կես ազատ գրաֆիկով, այսինքն` առավոտյան դուրս էի գալիս աշխատանքի, իսկ երեկոյան վերադառնում բանտ: Այդ ժամանակ հայկական պատվիրակություն եկավ Ժնև, և ես հանդիպում խնդրեցի Վազգեն Սարգսյանի հետ, որի հետ Մոնթեն իմ մասին արդեն խոսել էր: Նրա հետ հանդիպումը կայացավ հյուրանոցում: Վ.Սարգսյանն ասաց, որ ամեն ինչ կանի ինձ Հայաստան տանելու համար: Հայաստանը դեռ չէր անկախացել, և ես Հայաստան եկա «Գթություն» բարեգործական միության աջակցությամբ` երկրաշարժից տուժած գոտում որպես շինարար աշխատելու:
-Մասնակցե՞լ եք Արցախյան պատերազմին:
-Իհարկե, 1991-ից: Մոնթեի հետ միասին Շահումյանում էինք, «Կոռնիձոր» ջոկատի հետ: Այնուհետև Վ. Սարգսյանը խնդրեց, որ մեր ջոկատն ստեղծենք: Սկզբում 18 հոգի էինք, հետո դարձանք մի քանի հազար: Մոնթեն Մարտունու շրջանի գլխավոր հրամանատարն էր, ես` թիկունքի գծով տեղակալը, ապահովում էի կապը նախարարության հետ: Սկզբում տեղացիները թերահավատությամբ էին մեզ վերաբերվում, բայց մենք նրանց ցույց տվեցինք, որ եկել ենք ոչ միայն մեր հողերը պաշտպանելու, այլև ազատագրելու: 1993-ին, երբ Մոնթեն զոհվեց, Վ. Սարգսյանն ինձ ասաց. «Մոնթեի կորուստը մեզ համար աններելի է, չեմ ուզում, որ նույնը քեզ հետ լինի, պետք է իմ կողքին լինես, իմ օգնականը»: Եվ ես մի քանի տարի պետնախարարի օգնականն էի թիկունքի և արտաքին հարաբերությունների գծով:
-Իսկ հիմա ինչո՞վ եք զբաղվում:
-2011-ից ՊՆ-ին կից «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի համակարգողն եմ:
-Մի քանի օրից հունիսի 9-ն է: Որևէ ձևով նշո՞ւմ եք:
-Այո՛: Հունիսի 9-ին, ժամը 2-ին, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում կկայանա Նորագույն զինյալ ազատագրական պայքարին, ԱՍԱԼԱ-ին, ամենատարբեր զինյալ գործողություններին նվիրված պաստառների ցուցադրություն: Իսկ սեպտեմբերին կայանալու է իսպանացի գրող Խոսե Անտոնիո Գուերարայի «La Bomba» («Ռումբը») գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը: Ի դեպ, սա էլ է հետաքրքիր պատմություն: Իմ գործողությունից հետո «Հունիսի 9» կազմակերպության իրականացրած մի գործողության ժամանակ Խոսե Անտոնիո Գուերարան պատահականորեն վիրավորվեց, ինչը պատճառ դարձավ, որ նա սկսի հետաքրքրվել հայերի պատմությամբ: Սկսեց հանդիպել ցեղասպանությունը վերապրածների, վրիժառուների հետ, և արդյունքում ծնվեց այդ գիրքը, որը թարգմանվել է աշխարհի տարբեր լեզուներով: Եվ ահա հիմա էլ այն լույս է տեսել հայերեն:
-Երբևէ կպատկերացնեի՞ք, որ այսպիսի ճակատագրի կարժանանաք:
-Հայի ճակատագիր է: Երբ 35 տարի առաջ մենք ընկերներով խոսում էինք, քննարկում հայության և Հայաստանի խնդիրները (Ջավախք, Արցախ, հայկական պատմական հողեր, Արարատի մյուս կողմում մնացած տարածքներ), չէինք էլ կարող պատկերացնել, որ կգանք Հայաստան և մեր անկախության մասը կկազմենք, պատերազմին կմասնակցենք և կտեսնենք մեր հաղթանակած ու հզոր բանակը: Դա մեր երազանքից էլ վեր էր: Շատ կուզենայի, որ Մոնթեն էլ ներկա լիներ…
Հարցազրույցը` ՆԱԻՐԱ ՄԿՐՏՉՅԱՆԻ
Խորագիր՝ #22 (938) 7.06.2012 – 13.06.2012, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում