ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՆՑ ԱՅՆՊԵՍ ՉԻ ՏՐՎՈՒՄ
Պատերազմի ժամանակ Մարտակերտի շրջանի տարածքը ամենադաժան կռիվների թատերաբեմ է եղել, որտեղ փայլուն հաղթանակների հետ ունեցել ենք նաև ցավալի կորուստներ. շրջանի մի շարք բնակավայրեր դեռևս հեծում են ադրբեջանական գերության մեջ, իսկ տեղերից տարհանված բնակիչները աշխարհով մեկ սփռված՝ աչքները հետդարձի ճամփին, սպասում են թե կգա՞ բաղձալի օրը, երբ իրենք կվերադառնան ու նորից կկենդանացնեն իրենց երբեմնի շեն բնօրրանը։ 1992թ. Մարտակերտը քանիցս ձեռքից ձեռք է անցել և վերջնականապես ազատագրվել միայն նույն թվականի հուլիսի 23-ին։ Այս տարի լրանում է այդ պատմական իրադարձության 20 տարին։ Մարտակերտը տարեցտարի ծաղկում ու բարգավաճում է, բնակչության թիվն էլ գնալով ավելանում է ոչ միայն ծնելիության, այլև ներգաթողների շնորհիվ։
Առաջին անգամ էի այս կողմերում։ Քայլում եմ դաժան գերության լուծը թոթափած սքանչելի ու կենսունակ երակ-հողակտորի վրայով և ոտքերիս տակ պատերազմի վերքերից հետզհետե ապաքինվող հողի շնչառությունն եմ զգում։ Հողն էլ վերքեր ունի, որոնք թեև սպիացած, սակայն մերթ ընդ մերթ իրենց մասին հիշեցնել են տալիս։ Եվ ի հեճուկս ամեն դժվարության, ապրում և օրեցօր զորանում, ծիլեր է տալիս ազատագրված հողը հայրենի։
Այսօր Ադրբեջանի հետ ԼՂՀ սահմանի բավականին երկար, բարդ ու վտանգավոր մի հատված անցնում է Մարտակերտի տարածքով, որի պահպանությունն ու պաշտպանությունը հուսալիորեն իրականացնում է գնդապետ Ս.Գրիգորյանի հրամանատարությամբ գործող զորամասը։ Հենց զորամասի հրամանատարի և շտաբի պետի հետ էլ այցելեցինք պաշտպանական շրջան, եղանք առաջնագծի հատվածում, որտեղ մարտական հերթապահություն էին կատարում մայոր Գ. Մանուկյանի հրամանատարությամբ գործող գումարտակի զինվորները։ Մեր այցի նախորդ օրը թշնամին խոշոր տրամաչափի զինատեսակով գնդակոծել էր մեր դիրքերն ու զինվորներին հաց մատակարարող մեքենան։ Զորամասի պատասխանատուների հետ այցելեցինք միջադեպի վայր, ծանոթացանք իրավիճակին։
-Թշնամին նենգ է և չի ենթարկվում հրադադարի կանոններին, հատկապես սահմանի այս հատվածում գրեթե ամեն օր, գիշեր ու զօր ամենատարբեր տրամաչափի զինատեսակներով կրակում է դիրքերի, հենակետերի ուղղությամբ, գնդակոծում է ճանապարհները և, ինչպես արդեն ինքներդ համոզվեցիք, անգամ զինվորներին հացով ու ջրով ապահովող մեքենաները։ Այս վերջին միջադեպի առնչությամբ մեր կողմից համարժեք պատասխան է տրվել՝ հարկադրելով թշնամուն սսկվել,- մեզ հետ զրույցում ասաց հրամանատարը՝ չմոռանալով հորդորել մեզ զգույշ լինել։
Երիտասարդ տարիքում արդեն գումարտակի հրամանատար մայոր Գ. Մանուկյանն ունի փորձառու սպայի համարում, որի թիկունքում սահմանային ծառայության երկար ու ձիգ 12 տարիներ են։ Միջնակարգն ավարտելուց հետո ծառայել է Արցախի պաշտպանության բանակում, իսկ զորացրվելուց հետո դիմել է հրամանատարությանը՝ ծառայությունը երկարաձգելու խնդրանքով։ Ավարտելով սպայական դասընթացները և ստանալով լեյտենանտի սկզբնական զինվորական կոչում, նա նշանակվում է մոտոհրաձգային դասակի հրամանատար։ 2011թ. Գ.Մանուկյանին վստահվում է գումարտակի հրամանատարի պատասխանատու պաշտոնը։ Նա ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի կողմից պարգևատրվել է «Մարտական ծառայության համար» մեդալով։
-Գումարտակի պահպանությանը վստահված դիրքերը հակառակորդի դիրքերից ուղիղ գծով հեռու են 200-250 մ, իսկ տեղ-տեղ էլ այդ տարածությունը կրճատվում է մինչև պարսատիկի հարվածի հեռավորության։ Անվտանգության կանոնները ամեն օր հրահանգավորվում և խստորեն պահպանվում են։ Անձնակազմի բարոյահոգեբանական վիճակը կայուն բարձր է։ Շրջեք դիրքերով և ինքներդ կհամոզվեք,- վստահեցնում է գումարտակի հրամանատարը։
Գումարտակն ունի մարտական հարուստ կենսագրություն։ 2011թ. սեպտեմբերի 4-ին, երբ թշնամու` մինչև ատամները զինված դիվերսիոն հետախուզական խումբը փորձել է ներթափանցել գումարտակի պահպանությանը վստահված դիրքեր, գումարտակի առաջատար ստորաբաժանումները կասեցրել են թշնամու առաջխաղացումը՝ նրան պատճառելով կենդանի ուժի զգալի կորուստներ։ 2011թ. աշնանը հանկարծակի ստուգումների արդյունքում գումարտակը կրակային, մարտական և ֆիզիկական պատրաստությունից ստացել է «լավ» գնահատական, իսկ բոլորովին վերջերս, կրկնակի ստուգումների արդյունքում, վերջինիս հակատանկային դասակը կրակային պատրաստությունից ցուցաբերել է բարձր արդյունք և ստացել «գերազանց» գնահատական։
Գումարտակի հրամանատարի տեղակալ մայոր Է. Ավետիսյանի ուղեկցությամբ շրջեցինք դիրքերում, մոտիկից շփվեցինք մարտական հերթապահության մեջ ընդգրկված ժամկետային զինծառայողների հետ։ Մեր այցից րոպեներ առաջ էր կատարվել մարտական հերթափոխ, և շարքայիններ՝ ավագ հրաձիգ Արման Բադալյանն ու գնդացրորդ Գուրգեն Ալեքսանյանը նոր հերթափոխի կազմում անցել էին մարտական առաջադրանքի կատարմանը՝ հակառակորդի մարտական հենակետից ընդամենը 70-80 մ հեռավորության վրա։
-Արմանը կարգապահ զինվոր է, բարեխղճորեն է կատարում իր պարտականությունները։ Այս հերթափոխով էլ կավարտվի նրա ծառայությունը, և նա կզորացրվի,- ասաց մայոր Ավետիսյանը։
Արմանին տանը սրտատրոփ սպասում են ծնողները, երեք եղբայրներն ու երկու քույրերը։
Գնդացրորդ Գուրգեն Ալեքսանյանը մեր այցի պահին դիտարկում էր կատարում և արդյունքների մասին զեկուցեց մայոր Է.Ավետիսյանին։ Գյումրեցի զինվորն իր ծառայության մեկ տարվա ընթացքում հասցրել է աչքի ընկնել աչալուրջ հերթապահությամբ, ծառայողական պարտականությունների բարեխիղճ կատարմամբ։
-Ծառայությունս անցնում է հակառակորդի քթի տակ, ավելի շատ վտանգավոր է, քան դժվար։ Իհարկե, ինչքան մեզ համար է վտանգավոր, այնքան էլ նրանց համար։ Պարզապես պետք է վերին աստիճանի զգոն լինել։ Հերթափոխն ընդունելուց անմիջապես հետո դիտարկում եմ կատարում և հակառակորդի դիրքերում առայժմ ոչ մի շարժ չեմ նկատել։ Իմ աչքից ոչինչ չի վրիպում,- վստահեցնում է Գուրգենը և կրկին հեռադիտակը մոտեցնելով աչքերին` շարունակում է դիտարկումը։
Շարքային Փայլակ Հովհաննիսյանն էլ մեկ տարի է, ինչ այս հենակետում է ծառայում, հենակետի դիտորդն է։
-Ծառայությանս մեկ տարին մայիսին լրացավ։ Բավականին հարթ անցավ։ Ես գիտակցում եմ, թե որտեղ եմ ծառայում, և ինչ պատասխանատվություն է դրված իմ ուսերին։ Ուզում եմ իմ ծնողներին, ընկերներին, հարազատներին վստահեցնել, որ հայրենիքիս առաջ իմ զինվորական, քաղաքացիական պարտքը կկատարեմ անձնվիրաբար ու անմնացորդ և հանգիստ խղճով կվերադառնամ տուն։
-Ի՞նչ նպատակ, ցանկություն ունես,- հարցնում եմ Փայլակին։
-Սահմանի բերանին թշնամուն դեմ առ դեմ կանգնած զինվորի միակ ցանկությունը խաղաղությունն է, ուրիշ ոչինչ։ Իսկ այդ խաղաղությունը հենց այնպես չի տրվում։ Մենք մեր նվիրված, զգոն ու վստահ ծառայությամբ միայն կարող ենք այն պահպանել, ավելի հաստատուն դարձնել,- պատասխանեց քաջարի սահմանապահը։
N դիրքի ավագը պայմանագրային զինծառայող ավագ սերժանտ, ծնունդով չարենցավանցի Եղիշե Մուսինյանն է, որի կատարած սխրանքի արձագանքները դեռևս թարմ են զինակից ընկերների հիշողության մեջ։ 2011թ. ձմեռնամուտին, հակառակորդի կրկնվող ոտնձգություններից և սահմանը խախտելու դեպքերից վրդովված` Մուսինյանն իր ընկերոջ հետ, մթան քողի տակ հետապնդելով հակառակորդի դիվերսիոն փոքրաքանակ խումբը, հետախույզին բնորոշ հնարամտությամբ, աննկատ հասնում է նրանց հետևից և իր մոտ եղած երեք նռնակները արագորեն նետում թշնամու ուղղությամբ, այնուհետև ինքնաձիգով շարունակում կրակել վայնասուն բարձրացրած սահմանախախտ ելուզակների վրա։
-Թշնամին իր անխոհեմ ցանկացած քայլի համար խստորեն պետք է պատժվի,- ասաց Եղիշե Մուսինյանը եւ շարունակեց։ -Առավոտից իրիկուն այստեղ եմ և ինձ բացի սահմանից ուրիշ ոչ մի տեղ չեմ պատկերացնում։ Պարտադիր զինվորական ծառայությունս անցկացրել եմ սահմանային զորամասում։ Զորացրվեցի, վերադարձա ծննդավայր, բայց տեղս չէի գտնում, քաղաքացիական կյանքում ինձ հետաքրքրող ոչինչ չտեսա։ Ճիշտ է, տակավին երիտասարդ էի, 22 տարեկան, բայց նախընտրեցի վերադառնալ ծառայության, լինել սահմանում, ընկերներիս կողքին՝ պայմանագրային զինծառայողի կարգավիճակով։ Սահմանը նախընտրեցի քաղաքացիական կյանքի անդորրից, որովհետեւ այստեղ ինձ ավելի պետքական եմ զգում,- ասաց Մուսինյանը, որի կրտսեր եղբայրները՝ Վահանն ու Գառնիկը, նույնպես ծառայել են սահմանամերձ զորամասերում։
ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
մայոր