Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԹՈՒՐՔԻԱՆ ՊԱՇՏՊԱՆՎՈՒՄ Է ՀՐԹԻՌՆԵՐԻՑ



Թուրքիան մտադիր է ավելի քան 4 միլիարդ դոլար ծախսել գործողության մեծ շառավիղ ունեցող հակահրթիռային պաշտպանության համակարգեր գնելու նպատակով: ՀՀՊ համակարգերի գնման մրցույթը Թուրքիան հայտարարել է դեռ 2009թ.: Հաղթողի հիմնական հավակնորդներն են ամերիկյան Raytheon և Lockheed Martin ընկերությունները` PAC-3 Patriot համակարգերով, եվրոպական SAMP/T-ն Aster 30 հրթիռներով, ռուսական C-300-ը և C-400-ը, ինչպես նաև չինական HQ-9` C-300B-ի փոփոխված տարբերակը:

2011թ. ՆԱՏՕ-ն նախազգուշացրեց Թուրքիային, որ երկիրը չի կարող օգտվել հրթիռների արձակման մասին Հյուսիսատլանտյան դաշինքի ունեցած հետախուզական տվյալներից, եթե մրցույթի արդյունքում առաջնությունը տրվի ռուսական կամ չինական տարբերակներին: Որոշ փորձագետների կարծիքով, ռուսական և չինական համակարգերը տեխնիկապես անհամատեղելի են դաշինքի միացյալ հետախուզական ցանցի հետ: Սակայն շատերը ավելի հավանական են համարում այն տարբերակը, որ դաշինքի պատասխանատուները պարզապես զգուշանում են կարևոր տվյալների արտահոսքից, ինչը կարող է տեղի ունենալ, եթե ոչ ՆԱՏՕ-ի չափանիշներով արտադրված համակարգերը միացվեն ցանցին: Ավելի ուշ, նույն թվականի սեպտեմբերին, Վաշինգտոնն ու Անկարան համաձայնագիր ստորագրեցին թուրքական տարածքում ՆԱՏՕ-ի` AN/TPY-2 THAAD դասի հակահրթիռային պաշտպանության ռադար տեղադրելու մասին (այն մտնում է Patriot համակարգի մեջ): Տարածված հաղորդագրության համաձայն` ռադիոտեղորոշման նոր կայանի հիմնական խնդիրը կլինի Իրանի հրթիռային հարձակման վերաբերյալ ամերիկյան նավերին նախազգուշացնելը, որոնք էլ, իրենց հերթին, պետք է հակահրթիռներով որսան թիրախը:

Նախնական տվյալներով՝ մրցույթի հաղթողը կհայտարարվի այս տարվա հուլիսի 4-ին:

Խորագիր՝ #24 (940) 21.06.2012 – 27.06.2012, Ռազմական


27/06/2012