Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՈ ՇԻ ՄԻՆԻ ՀԱՂԹԱՆԱԿԸ



Հունիսի սկզբին իր ասիական ճամփորդության ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը այցելեց նաև Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն: Պաշտոնական բանակցությունների սրահում երկու երկրների նախագահների հետեւում վեր էր խոյանում Վիետնամի կոմունիստական կուսակցության առաջին առաջնորդ Հո Շի Մինի հսկայական կիսանդրին:

Իսկ ի՞նչ համբավ ունի նա իր երկրում:

Հյուսիսային Վիետնամի առաջին նախագահ Հո Շի Մինին իր երկրում աստվածացնում են, երկրպագում որպես աստծու: Նրան նվիրված տաճարներում աղոթում են, ցանկությունների իրականացում խնդրում: Եվ այս ամենը վիետնամցիները ստիպողաբար չեն անում: Նրանք իրոք երկրպագում են իրենց առաջնորդին եւ փաղաքշորեն մեծարում ամերիկյան տարբերակով` Քեռի Հո:

Հո Շի Մինին անվանում են արկածախնդիր, պերճախոս հռետոր, աշխարհի մի քանի հետախուզությունների համար աշխատող լրտես, սակայն չի կարելի չհամաձայնել, որ նա իրոք ականավոր քաղաքական գործիչ էր, ով մեծ ազդեցություն է թողել 20-րդ դարի համաշխարհային պատմության վրա:

Հո Շի Մինը ծնվել է 1890թ. Կիմ Լիեն անունով վիետնամական մի փոքրիկ գյուղում: Նա մի քանի անուն ուներ: Ծնվելիս նրան անվանում են Նգուեն Շին Կունգ, որը նշանակում էր Նգուեն-հաղթանակող: Իսկ Հո Շի Մին նա դառնում է կոնսպիրացիայի համար, երբ ապրում էր Չինաստանում` օգտվելով տեղի բնակչի մեռած որդու անձնագրից:

1911թ. Հոն վարձվում է առևտրանավին որպես նավաստի և ուղևորվում դեպի Եվրոպա: Որոշ ժամանակ ապրում է Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում ու ոգևորվում սոցիալիստական գաղափարներով: Դրանցում ավելի խորամուխ լինելու համար 1923թ. գալիս է Մոսկվա, որտեղ սովորում է Արևելքի աշխատավորների կոմունիստական համալսարանում: Խորհրդային Միությունում Հոն վերջնականապես ձևավորվում է որպես կոմունիստական առաջնորդ, որից հետո սկսում է քաղաքական կշիռ հավաքել: 1924թ. մասնակցում է Կոմինտերնի 5-րդ կոնգրեսին, որտեղ ելույթ է ունենում գաղութատիրության մասին զեկուցմամբ:

1930թ. Հո Շի Մինը այլ փախստականների հետ միասին Հոնգկոնգում ստեղծում է Վիետնամի կոմունիստական կուսակցությունը, որի գերխնդիրն էր Վիետնամի անկախության համար պայքարը:

Հո Շի Մինը երկար ժամանակ աշխատել է Կոմինտերնի համար, որի պատճառով Հոնգկոնգում ձերբակալվում է բրիտանական իշխանությունների կողմից: Վիետնամական ժողովրդի ապագա առաջնորդն իսկական ընդհատակյա գործիչ էր. ավելի քան 20 անգամ բանտ է նստել, շատ անգամ փախել, ունեցել է 100-ից ավելի ծածկանուն և նույնիսկ մահվան է դատապարտված եղել:

1941թ. ճապոնացիների կողմից օկուպացված Հնդկաչինում Հոն ստեղծում է Վիետնամի անկախության համար պայքարի լիգան` Վիետմինը: Այդ ժամանակ Քեռի Հոն և ամերիկյան գաղտնի ծառայությունները նույն հետաքրքրություններն ունեին, ուստի սերտորեն համագործակցում էին: Բացի այդ, Հոն համագործակցում էր նաև չինական հատուկ ծառայությունների հետ, որոնք նույնպես աչք ունեին Վիետնամի վրա: Այսպիսով՝ ստացվում է, որ Վիետնամի ապագա առաջնորդը աշխատում էր միանգամից երեք հետախուզությունների համար (եթե հաշվենք նաև Կոմինտերնը): Ինչպես տեսնում ենք, իր երկրի անկախության համար նա պատրաստ էր ամեն ինչի:

Ճապոնական օկուպացիան շատ ծանր նստեց Վիետնամի համար: Մինչև 1945թ. մայիսը Հյուսիսային Վիետնամի 10մլն բնակչից 2 միլիոնը մահանում է սովից, իսկ մնացածն էլ անդամագրվում են դիմադրության ջոկատներին և պայքարում ոչ միայն ճապոնացիների, այլև ֆրանսիացիների դեմ: Նշենք, որ Վիետնամը շուրջ 70 տարի Ֆրանսիայի գաղութն էր: 1887թ. Ֆրանսիան ստեղծում է Հնդկաչինական միությունը, որի կազմում էին Վիետնամը, Լաոսը և Կամբոջիան:

Ճապոնիայի կապիտուլյացիայից հետո, օգտվելով ստեղծված իրավիճակից, Հո Շի Մինն իր զինակիցների հետ գրավում է Հանոյը: Սկսվում է այսպես կոչված օգոստոսյան հեղափոխությունը, որի արդյունքում իշխանությունը երկրում անցնում է անկախ կառավարության ձեռքը` Հո Շի Մինի ղեկավարությամբ: Սակայն երկիրն անկախ չդարձավ: Վիետնամում էին չինական, ֆրանսիական, անգլիական զորքերը, որոնք ոչ միայն զինաթափում էին ճապոնացիներին, այլև օգնում էին ֆրանսիական գաղութատիրական ուժերին:

Այս իրավիճակում Հո Շի Մինը ստիպված էր հեղափոխականից վերածվել դիվանագետի: Մի քանի շաբաթ նա Ֆրանսիայում բանակցություններ էր վարում և ստիպված էր ֆրանսիացիներին զիջել Հարավային Վիետնամը: Այդ ժամանակ նա ցածրաձայն ասում է իր թիկնապահին. «Ես հենց նոր ստորագրեցի իմ մահվան դատավճիռը»: Սակայն Հանոյում երեք ֆրանսիացի զինվորի սպանության առիթը օգտագործեցին բռնի ուժով գաղութատիրությունը վերականգնելու համար:

Սկսվում է Առաջին հնդկաչինական պատերազմը: Եթե Ամերիկան ու Անգլիան օգնում էին ֆրանսիացիներին, ապա վիետնամցիների կողմում էին Խորհրդային Միությունը և Չինաստանը: 1-ին պատերազմն ավարտվում է 1954թ. Ֆրանսիայի պարտությամբ: Վիետնամը 17-րդ զուգահեռականով բաժանվում է երկու մասի: Հյուսիսայինը` սոցիալիստականը, ղեկավարում է Հո Շի Մինը, իսկ Հարավային Վիետնամը` ԱՄՆ դրածո Նգո Դին Զյեմը:

Հիշեցնենք, որ Հնդկաչինում եղել է չորս պատերազմ. 1) 1939-1945թթ.` հակամիլիտարիստական, հակաֆաշիստական պայքարը ճապոնական օկուպանտների դեմ, 2) 1946-1954թթ.` Դիմադրության ուժերի պայքարը ֆրանսիացի գաղութարարների դեմ, 3) 1964-1975թթ.` ԱՄՆ դեմ պատերազմը, որը պատմության մեջ մտավ Վիետնամական պատերազմ անունով, 4) 1979թ. փետրվար-մարտ` լայնածավալ սահմանային 30-օրյա պատերազմը Չինաստանի և Վիետնամի միջև:

Հո Շի Մինին հարգում են ոչ միայն իր վաստակի, այլև համեստության համար: Հանուն իր երկրի ազատության նա, փաստորեն, լրիվ հրաժարվում է աշխարհիկ կյանքից: Նա ո՛չ ընտանիք ուներ, ո՛չ սեփականություն: Նրա կացարանում կային ընդամենը մահճակալ, փոքրիկ պահարան, գրասեղան և գրքերի պահարան: Նա նաև շատ համեստ էր հագնվում, սննդի հարցում պահանջկոտ չէր, կարող էր բավարարվել օրական մի ափսե բրնձով: Որպես երկրի ղեկավար` նա ուներ ընդամենը երկու մեքենա` «Պոբեդա» և «Պեժո»:

Հո Շի Մինը մահանում է 1969թ. 80 տարեկան հասակում: Նա կտակում է, որ իրեն շատ համեստ թաղեն, խնդրում է իրեն դիակիզել և փոշին սափորներով թաղել Վիետնամի հյուսիսում, հարավում և կենտրոնում: Սակայն այս հարցում նրան չեն լսում: 1969թ. գաղտնի կերպով (քանի որ մոլեգնում էր 2-րդ հնդկաչինական պատերազմը) ԽՍՀՄ-ից Վիետնամ է գալիս զմռսման մասնագետը: Արդյունքում՝ Քեռի Հոն Լենինի նման դրված է Հանոյի Բադին հրապարակի դամբարանում: Հո Շի Մինի պատվին Հարավային Վիետնամի մայրաքաղաք Սայգոնը 1976թ. վերանվանվում է Հոշիմին: Հո Շի Մինը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվել է որպես «Ազգային-ազատագրական շարժման հերոս, ականավոր մշակութային գործիչ»:

Հո Շի Մինը եղել է Հյուսիսային Վիետնամի վարչապետը (1946-1955) և նախագահը (1946-1969): 1965թ., երբ սկսվում են ԱՄՆ կողմից Հյուսիսային Վիետնամի ռմբակոծությունները, Հո Շի Մինը հայտարարում է ամերիկացիների հետ անընդմեջ պայքարի մասին և հրաժարվում ցանկացած բանակցություններից:

Հո Շի Մինն այն քաղաքական գործիչն է, որը հսկայական հոգեբանական ազդեցություն է թողել 20-րդ դ. ազգային-ազատագրական շարժումների վրա Ասիայում և Աֆրիկայում: Բացի այդ, նրան և նրա հաջորդներին հաջողվել է բարոյական հաղթանակ տանել ԱՄՆ-ի նկատմամբ այսպես կոչված Վիետնամական պատերազմի (2-րդ հնդկաչինական պատերազմի) ժամանակ: Դա հաղթանակ էր գերտերության նկատմամբ, որը ստիպված էր հեռանալ Վիետնամից ռազմական և քաղաքական անհաջողությունների հետևանքով:

Պատրաստեց ՆԱԻՐԱ ՄԿՐՏՉՅԱՆԸ

Հո Շի Մինի խոսքերից.

Ես կոմունիստ եմ, սակայն իմ գլխավոր խնդիրը ոչ թե կոմունիստական տիրապետության հաստատումն է, այլ Վիետնամի ազատությունը և անկախությունը: (1943թ. Գոմինդանի հետ բանակցությունների ժամանակ)

♦♦♦

Վատ զինված բանակի պատերազմը տեխնիկայի վերջին նվաճումներով հագեցած ժամանակակից բանակի դեմ նման է վագրի և փղի միջև կռվի: Եթե վագրը կանգ առնի, ապա փիղը նրան կհարվածի իր հզոր կնճիթով: Սակայն վագրը ցերեկը թաքնվում է ջունգլիներում և միայն գիշերն է հայտնվում: Նա ցատկում է փղի վրա, մագիլներով պատռում նրա մեջքը, իսկ հետո նորից անհետանում ջունգլիներում:

♦♦♦

Պատմության մեջ առաջին անգամ գաղութացված երկիրը հաղթանակած դուրս եկավ խոշոր գաղութատիրական երկրի դեմ պայքարում: Դա ոչ միայն մեր ժողովրդի հաղթանակն էր, այլև ողջ աշխարհի խաղաղության, ժողովրդավարության և սոցիալիզմի հաղթանակը: (1954թ. ֆրանսիացիների դեմ հաղթանակից հետո)

♦♦♦

Ցանկացած գործում առաջին հերթին մտածիր ոչ թե քո մասին, այլ քո հայրենակիցների, ողջ ժողովրդիդ մասին… Գնա առաջին շարքերում, երբ դժվար է, և վերջին տեղում եղիր, երբ խոսքը վարձատրության մասին է:

Ինչպե՞ս հաջողվեց վիետնամցիներին հաղթանակ տանել ամերիկյան հզոր բանակի նկատմամբ: Վիետնամական պատերազմի մասին կարդացեք «Հայ զինվորի» առաջիկա համարներից մեկում:

Խորագիր՝ #24 (940) 21.06.2012 – 27.06.2012, Պատմության էջերից


27/06/2012