ՀԱՂԹԵՆՔ ՆԱԵՎ ԵՐԳՈՎ ՈՒ ՏԱՂՈՎ
ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում բուժվում և շարք են վերադառնում հարյուրավոր զինծառայողներ։ Եվ դա` շնորհիվ անձնակազմի փորձառության, պրոֆեսիոնալիզմի, սահմանված ռեժիմի խստիվ պահպանման։
Մեզ մոտ, սակայն, բանիմացությունը զուգակցվում է նաև ողջ անձնակազմի բարյացակամության, հիվանդ զինվորի ու սպայի նկատմամբ սրտացավության հետ։ Հոսպիտալում մեծ տեղ է տրվում հիվանդի «հոգևոր ապաքինմանը»։ Գնալով հաճախակի են դառնում մեր հարկի տակ անցկացվող մշակութային միջոցառումները։
Վերջերս մենք հյուրընկալել էինք «Մարաթուկ» երգի-պարի համույթին, որն իր ազգագրական գեղեցիկ կատարումներով մեծ ուրախություն և ոգևորություն պատճառեց ինչպես հիվանդներին, այնպես էլ բուժանձնակազմին։
«Մարաթուկին» հաջորդեց «Հաղթանակների ամիս» համերգային ծրագիրը։ Ելույթ ունեցան մի շարք հայտնի կատարողներ՝ Արմինե Խաչատրյանը, Սիփան Հայկազունը, Աշուղ Ռազմար Սասունցին, Անահիտ Հակոբյանը, Սպայի տան «Զորական» համույթի մեներգիչ Արթուր Կարապետյանը, որը տվյալ պահին բուժվում էր վիրաբուժական բաժանմունքում։ Համերգային գեղեցիկ կատարումներով հանդես եկան նաև բուժանձնակազմի ներկայացուցիչները՝ դիմածնոտային բաժնի ավագ օրդինատոր Արտաշես Քարտաշյանը, վիրաբուժական բաժնի հերթապահ բուժքույր Կարինե Մկրտչյանը և ուրիշներ։ Համերգավարը՝ Հերմինե Պետրոսյանը, բոլորին ուրախացրեց իր հրաշալի ասմունքով։
Շնորհավորանքի և դրվատանքի խոսքեր ասաց «Զինվորի պաշտպանության կոմիտեի» նախագահ Գոհար Արմենակյանը, իսկ հոսպիտալի հրամանատար բ/ծ փոխգնդապետ Արամ Ասատրյանը պարգևատրվեց կազմակերպության հուշամեդալով։ Նույն կազմակերպության պատվոգրերին արժանացան համերգի բոլոր մասնակիցները։
-Մենք պետք է հաղթենք նաև երգով ու տաղով։ Բարձր է մեր զինվորի մարտական ոգին։ Ուրախությունն ու հպարտությունն էլ պետք է լինեն նրա մշտական ուղեկիցները,- այս խոսքերով տոնական միջոցառումը եզրափակեց հրամանատար բ/ծ փոխգնդապետ Ա. Ասատրյանը։
ԿԱՐԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ
ՀՀ ՊՆ ԿԿԶՀ վիրաբուժական բաժանմունքի հերթապահ
բուժքույր