Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՈՒՍԱԽԱԲՈՒԹՅՈՒՆ



Հունիսի առաջին շաբաթվա ընթացքում Ադրբեջանի ԶՈՒ դիվերսիոն արտագրոհները որոշ փորձագետների (ինչպես տեղացի, այնպես էլ արտասահմանցի) ստիպեցին Ադրբեջանի և Հայաստանի միջև մոտալուտ պատերազմ կանխատեսել (ոմանք նույնիսկ ժամկետ նշեցին): Այդ փորձագետների հիմնական փաստարկները երկուսն են. ա) տարածաշրջանում, իբր, խախտվում է արտաքին ուժերի հավասարակշռությունը: Մասնավորապես, Սիրիայի իրադարձությունները վկայում են, որ Արևմուտքի և Ռուսաստանի միջև պայքար է ծավալվում, որը տարածվում է նաև Հարավային Կովկասում, բ) տարածաշրջանում, իբր, խախտվում է նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև եղած հավասարակշռությունը: Ադրբեջանն, իբր, աստիճանաբար առավելություն է ստանում ոչ միայն տնտեսական, այլև դիվանագիտական ու ռազմական ոլորտներում:

Այս երկու փաստարկներն էլ թվացյալ են: Նախ՝ ինչքան էլ ու որտեղ էլ բախվեն Արևմուտքի ու Ռուսաստանի շահերը, Ադրբեջանի ու Հայաստանի միջև պատերազմով շահագրգիռ արտաքին ուժ առայժմ չկա և մոտ ապագայում չի լինի: Նույնիսկ այն դեպքում, եթե ԱՄՆ-ը ուզենա հարվածել Իրանին: Բանն այն է, որ, ինչպես ցույց է տալիս հետխորհրդային ժամանակաշրջանում Արևմուտքի վարած պատերազմների փորձը, ռազմական գործողությունները հնարավորինս տեղայնացվում են, և կանխվում է երրորդ երկրների լայնածավալ զինված միջամտությունը պատերազմին: Այդպես էր Իրաքում, Աֆղանստանում, Լիբիայում, առայժմ այդպես է նաև Սիրիայում. շահագրգիռ երկրների միջամտությունը սահմանափակվում է հատուկ նշանակության ջոկատայինների, վարձկանների, զենքի ու զինամթերքի առաքումով, բայց ոչ՝ լայնածավալ զինված միջամտությամբ: Սա, կարելի է ասել, գործունեության սկզբունք է, որին հետևում են ԱՄՆ-ը և իր դաշնակիցները. նրանց պետք չէ, որ երրորդ երկրները ներքաշվեն իրենց վարած պատերազմներում:

Սակայն Ադրբեջանի և Հայաստանի միջև հնարավոր պատերազմում մեծ է հավանականությունը, որ հնարավոր չլինի հետևել այդ սկզբունքին, քանի որ կա երկիր(ներ), որի համար միանգամայն անընդունելի է Ադրբեջանի ջախջախումը, և կա երկիր(ներ), որի համար միանգամայն անընդունելի է Հայաստանի ջախջախումը: Եւ հենց դա է պատճառը, որ գերտերությունները դեմ են ադրբեջանա-հայկական պատերազմին. նրանք չեն ուզում ընդհարվել Հայաստանի և Ադրբեջանի պատճառով, ինչքան էլ որ հակադիր շահեր հետապնդելիս լինեն: Հետևաբար՝ տարածաշրջանում արտաքին ուժերի հավասարակշռությունը նույնիսկ եթե խախտվելու միտում էլ ունենա, Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմ չի սկսվի:

Անդրադառնանք Հայաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական հավասարակշռությանը: «Regnum» լրատվական գործակալությունը հունիսի 6-ին հրապարակել է վերլուծաբան Կարեն Սաֆարյանի «Ադրբեջանի տնտեսությունը. առասպելներ և իրականություն» հիանալի հոդվածը, որում հեղինակը, օգտագործելով Ադրբեջանի պաշտոնական վիճակագրությունը, տնտեսագիտական վերլուծության մեթոդով ապացուցել է հետևյալը.

1. Ադրբեջանի տարածքի 55%-ը գյուղատնտեսական նշանակության հողեր են, մինչդեռ գյուղատնտեսության մասնաբաժինը երկրի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) մեջ կազմում է ընդամենը 5-6%, ինչը վկայում է այդ ոլորտի ցածր արտադրողականությունը և Ադրբեջանի գյուղական բնակչության աղքատությունը: Հաշվարկները ցույց են տալիս, որ 4 շնչից բաղկացած գյուղական միջին ընտանիքի ամսական եկամուտը Ադրբեջանում ընդամենը 300 ԱՄՆ դոլար է (մոտ 110-120 հազար դրամ): Հազիվ թե սա կարելի է մեծ առավելություն համարել Հայաստանի նկատմամբ:

2. Արդյունաբերության ոլորտում զբաղվածների թիվը կազմում է երկրի բնակչության ընդամենը 2%-ը: 2011թ. Ադրբեջանի ՀՆԱ-ի մոտ կեսը բաժին է ընկել նավթագազային ոլորտին, այն դեպքում, երբ այդ ոլորտում զբաղվածների թիվը ընդամենը 35 հազար է կամ Ադրբեջանի բնակչության 0.38%-ը: Սա նշանակում է, որ ածխաջրածինների արտահանումից ստացված եկամուտը նպաստում է Ադրբեջանի բնակչության չնչին մասի բարեկեցությանը:

3.Նավթի ու գազի արդյունահանման ու մատակարարման ծավալները 2010-2011թթ. մոտեցել են հնարավոր առավելագույն մակարդակին, և Ադրբեջանն այլևս ի վիճակի չէ ածխաջրածինների լրացուցիչ քանակ մատակարարել համաշխարհային շուկա: Պատահական չէ, որ Ադրբեջանի ՀՆԱ-ի աճի տեմպը 2006թ. 34.5%-ից նվազել է՝ 2011թ. կազմելով ընդամենը 0.1% (նվազել է մոտ 345 անգամ !!):

4. 2011թ. հունվարի 29-ին Դավոսում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հռչակած նպատակը՝ «10 տարում կրկնապատկել երկրի համախառն ներքին արդյունքը՝ ոչ նավթային ոլորտների զարգացման հաշվին», մեղմ ասած, անիրագործելի է: (Ի դեպ՝ այդպիսի նպատակ հռչակելն ինքնին վկայում է, որ Ալիևն առաջիկա 10 տարում մտադիր չէ պատերազմ սկսել): Բանն այն է, որ ՀՆԱ-ն նշված ժամանակահատվածում կրկնապատկելու համար պետք է ապահովել տարեկան 21% աճ (որի 11%-ը սղաճն է), ինչը ֆանտաստիկ ցուցանիշ է՝ հավասարազոր հրաշքի և իրականությունից հեռու:

Ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական հավասարակշռությանը, ապա փորձագետները համակարծիք են, որ այն պահպանվում է: Հայկական կողմն ունի այնպիսի զինատեսակներ, որոնցով ի վիճակի է անդառնալի և անընդունելի կորուստներ պատճառել Ադրբեջանին՝ նրա տարածքի ամբողջ խորությամբ:

Այդուհանդերձ, կարող է թվալ, որ Ադրբեջանը «կայծակնային պատերազմում» հաղթանակի հասնելու հույսեր է փայփայում: Այդ է վկայում Ադրբեջանի ԶՈՒ գլխավոր շտաբի՝ վերջերս տարածած հայտարարությունը, որում մասնավորապես ասվում է. «Բավական է ընդամենը 10 օր, որպեսզի Ադրբեջանի զինված ուժերը, ազատագրելով բռնազավթած տարածքները, հասնեն իրանա-հայկական սահմանին»: Տեսականորեն միգուցե հնարավոր է համապատասխան ուժեր ունենալու և զոհերի վրա ուշադրություն չդարձնելու դեպքում 10 օրում հասնել նշված բնագծին: Ի դեպ՝ Ադրբեջանի ղեկավարությունը նմանատիպ մտածելակերպով էր առաջնորդվում նաև 1994թ. ձմռան լայնածավալ հարձակման ժամանակ: Սակայն հիշենք, թե ինչով այն ավարտվեց և ինչ գնով. 1993թ. դեկտեմբերից մինչև մայիսն ընկած ժամանակահատվածում հայկական կողմը կորցրեց 2000, իսկ Ադրբեջանը՝ 5000 զինվոր: Նոր պատերազմի դեպքում այս թվերը պետք է եռապատկել-քառապատկել, և այդժամ պարզ կդառնա, որ Ադրբեջանն առաջին հարվածից հետո պարզապես ուժասպառ է լինելու և անպատրաստ՝ հետագա մարտական գործողությունների: Ադրբեջանի գլխավոր շտաբը լռության է մատնում այն փաստը, թե ինչ է անելու, եթե իր «կայծակնային հարվածը» նպատակին չհասնի, և արդյոք խելամի՞տ է պատերազմ սկսել՝ ամբողջ հույսը դնելով առաջին և միակ հարվածի վրա:

Ի դեպ՝ Ադրբեջանի ռազմական ղեկավարության՝ հարձակման ժամանակ մարդկային կորուստներն անտեսելու մարտավարությունը չի կարող երկար շարունակվել, քանի որ Ադրբեջանի մարդկային ռեսուրսները նույնպես սահմանափակ են: Թեպետ Ադրբեջանի քարոզչությունը սիրում է շեշտել Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ժողովրդագրական առավելությունը (պաշտոնական տվյալներով, 2011թ. Ադրբեջանի բնակչության թվաքանակը կազմել է 9.111 մլն մարդ), սակայն «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի փորձագետ Արա Մարջանյանն ապացուցում է, որ Ադրբեջանի բնակչության իրական քանակը նշված թվից պակաս է 0.8-1.5 մլն մարդով, այսինքն՝ 7.6-8.3 մլն է, քանի որ 1996-97թթ. սկսած՝ Ադրբեջանի պաշտոնական վիճակագրությունը խեղաթյուրում է Ադրբեջանի բնակչության աճի տարեկան տեմպի մասին տվյալները՝ շարունակաբար ավելացնելով այն:

Այսպիսով, հավասարակշռության խախտում չկա նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև: Ուրեմն ի՞նչ նպատակ էին հետապնդում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների դիվերսիոն արտագրոհները: Եթե մի կողմ թողնենք «ընթացիկ» նպատակները՝ հետախուզություն, հակառակորդի զգոնության ստուգում և այլն, ապա իրավացի են այն փորձագետները, որոնց կարծիքով դիվերսիոն գործողությունների գլխավոր նպատակը պատերազմի վերսկսման սպառնալիքի երևութականություն ստեղծելն է: Ադրբեջանը հույս ունի, որ այդ երևութականությունը Հայաստանում և Արցախում խուճապ կառաջացնի, իսկ Արևմուտքում՝ ԵԱՀԿ ՄԽ ձևաչափը փոխելու և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրը ՄԱԿ տեղափոխելու ցանկություն:

Մինչդեռ ի՞նչ ստացվեց. Հայաստանում և Արցախում խուճապի փոխարեն հայրենասիրության ալիք բարձրացավ, Ադրբեջանում, ընդհակառակը, խուճապային տրամադրություններ տարածվեցին, իսկ ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրները բանակցության ձևաչափը փոխելու ցանկություն չարտահայտեցին: Ադրբեջանը հերթական անգամ հուսախաբ եղավ:

ԱՐՍԵՆ ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆ

Խորագիր՝ #24 (940) 21.06.2012 – 27.06.2012, Ուշադրության կենտրոնում, Ռազմաքաղաքական


27/06/2012