ՍԻՐԻԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ ՎԵՐԱՀՍԿՈՒՄ Է ԴՈՒՄԱ ՔԱՂԱՔԸ
Սիրիական կառավարական զորքերի ստորաբաժանումները վերականգնել են վերահսկողությունը Դամասկոսից ընդամենը 13 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Դումա քաղաքի, ինչպես նաև մայրաքաղաքի արևելյան արվարձանների նկատմամբ, որոնք վերջին երկու շաբաթների ընթացքում գտնվում էին գորհայինների ձեռքում:
Դուման մի քանի օր գտնվում էր լիակատար պաշարման մեջ և անընդհատ հրետակոծվում էին, ինչի հետևանքով զոհվել է մի քանի տասնյակ խաղաղ բնակիչ:
Համաձայն Լիբանանի հեռուսատեսության տվյալների, կառավարական զորքերի ձեռնարկած հատուկ գործողությունը մոտենում է ավարտին, իսկ բնակչությունը վերադառնում է: Միաժամանակ, բանակային ստորաբաժանումները շարունակում են հետապնդել նահանջելով Արթուզ ու Թելլ քաղաքներում, ինչպես նաև Գուտա օազիսում ապաստանած գրոհային խմբավորումների մնացորդներին:
Ընդիմադիր Սիրիական ազգային խորհուրդը հայտարարել է, որ միայն վերջին մեկ շաբաթում բախումների ընթացքում Սիրիայում զոհվել է 800 մարդ, որոնց մեծամասնությունը զոհ է գնացել կառավարական զորքերի կողմից բնակելի թաղամասերի հրետակոծմանը և ուղղաթիռային գնդակոծություններին:
Խորագիր՝ Նորություններ, Տարածաշրջան