ՀԱՇՎԵՏՈՒ ՆԻՍՏ
Օրերս «ՀՀ վետերանների միավորում» հասարակական կազմակերպությունն իր հերթական նիստն անցկացրեց, որի ընթացքում ամփոփվեցին նախորդ տարվա երկրորդ կիսամյակում կատարված աշխատանքները, ինչպես նաեւ քննարկվեցին այս տարվա առաջին կիսամյակում անհրաժեշտ անելիքները: Հաշվետու զեկույցով հանդես եկավ ՀՀ վետերանների խորհրդի նախագահ գնդապետ Ս. Եսայանը: Նա նշեց, որ միավորման նախագահության եւ ենթահանձնաժողովների նիստերի ընթացքում բարձրացվել են վետերաններին հուզող տարաբնույթ հարցեր ու խնդիրներ, ընդունվել են համապատասխան որոշումներ, որոնց կյանքի կոչման համար հետեւողական աշխատանք է տարվում:
Խորհրդի հիմնական խնդիրը հաշվետու ժամանակահատվածում եղել եւ մնում է վետերանների սոցիալական վիճակի բարելավումը, նրանց իրավունքների ու արտոնությունների պաշտպանությունը: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել դպրոցականների, երիտասարդության, զորակոչային տարիքի պատանիների, բնակչության տարբեր շերտերի հետ տարվող ռազմահայրենասիրական դաստիարակությանը: Միավորման անդամները ակտիվորեն մասնակցել են աշնանային զորակոչի գործընթացին, զինկոմիսարիատներում, կենտրոնական հավաքակայանում հանդիպումներ են անցկացրել զորակոչիկների շրջանում, զրուցել ծնողների հետ, ոգեւորել:
Խրախուսական բնույթ է կրում վետերանների ներկայությունը զորամասերում հատկապես երդման արարողությունների ժամանակ: Եվ ընդհանրապես, այցելությունները զորամասեր մշտական բնույթ են կրում: Ժամկետային զինծառայողների հետ զրույցների, արիության դասերի ընթացքում Մեծ հայրենականի բովով անցած մարտիկները պատմում են իրենց ռազմաճակատային դժվարին օրերի, տղամարդկային ընկերության եւ հայրենասիրության մասին: Այդ ուղղությամբ հատկապես մեծ ծավալի աշխատանք է կատարում Թամանյան դիվիզիայի վետերանների խորհուրդը գնդապետ Սուրեն Հովհաննիսյանի ղեկավարությամբ: Անխտիր բոլոր հանդիպումների ժամանակ` լինի դպրոցում, զորամասում, թե այլուր, վետերանները ձգտում են բարձրացնել հայրենիքի երիտասարդ պաշտպանների մարտական ոգին, իրենց իսկ անձնական օրինակով նրանց մեջ սերմանել պատասխանատվության բարձր զգացում հայրենիքի պաշտպանության գործի հանդեպ:
Գնդապետ Եսայանը տեղեկացրեց, որ հանրապետությունում ապրող վետերանների խնդիրներին առավել արդյունավետ լուծում տալու նպատակով միավորման կանոնադրության մեջ որոշակի փոփոխություններ են կատարվել, նաեւ փոխվել են վետերանական կոմիտեների մի շարք աշխատակիցներ, ինչի արդյունքում միավորման գործունեությունը դարձել է առավել համակարգված եւ նպատակային: Հնարավորության սահմաններում օգնության կարիք ունեցողներին աջակցություն է ցույց տրվել: Նախորդ տարի այդ օգնությունը կազմել է 1.040.000 դրամ, մահացածների ընտանիքներին` 359000, 2011թ. արդեն տրվել է 250000 դրամի օգնություն: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության միջոցով բազմաթիվ վետերանների ուղեգրեր են տրամադրվել ՀՀ մի շարք առողջարաններում բուժվելու եւ հանգստանալու համար: Եղել են նաեւ մասնավոր անձանց նվիրատվություններ: Ինչպես նշեց գնդապետ Եսայանը, միավորման հիմնական խնդիրներից են նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների հետ կապերի ամրապնդումը եւ պաշտպանության նախարարության հետ սերտ համագործակցումը:
Այնուհետեւ ելույթ ունեցան վետերանական կոմիտեների, մարզային կառույցների ղեկավարները՝ ներկայացնելով իրենց ոլորտի անելիքները:
ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ
կապիտան