ԱՂԵՏ ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ԵՐԿՆՔՈՒՄ
1993թ.
Ապրիլի 6-7-ին ադրբեջանական օդուժը երկու անգամ ռմբակոծեց Մարտունի քաղաքը, անհաջող հարձակում ձեռնարկեց Գովշաթլուի և Ղաջարի ուղղությամբ, բայց թողեց դիակներ ու երկու ՀՄՄ, իսկ հայկական ուժերը միջանցքի արևելյան մասում ոչնչացրին Մազութլուի հենակետը: Կուբաթլուից 40 հրթիռ արձակվեց Գորիսի վրա, մեկն ընկավ դպրոցի վրա, և 8 երեխա վիրավորվեց: Հակառակորդը լռեց հեռահար հրետանիով Կուբաթլուին հասցված պատասխան հարվածից հետո: ՌԴ ՊՆ հայտարարեց, որ ՀՀ-ում 7-րդ բանակ չկա, որն, ինչպես Բաքուն էր պնդում, մասնակցեր մարտական գործողություններին:
Ապրիլի 7-ին Թուրքիայի նախագահ Օզալը հայտարարեց, որ Անկարան պատրաստ է հատուկ նշանակության գումարտակի 800 զինծառայող ուղարկել հակամարտության գոտի: Իսկ Բաքվում ստեղծվեց կանանց մի ընկերություն, որին կարող էին անդամագրվել ֆիզիկապես առողջ ու անչափահաս երեխա չունեցող 18-40 տարեկան կանայք, որոնք զորամասերում 3-ամսյա հատուկ պատրաստությունից հետո պետք է ընդգրկվեն հատուկ վաշտերի կազմում:
Ապրիլի 9-ին Բաքվում արտակարգ դրություն հայտարարվեց, ու մտցվեց պարետային ժամ:
Ապրիլի 10-ին թշնամին զրահատեխնիկայի աջակցությամբ խոշոր հարձակում ձեռնարկեց Կապանի Հանդ ու Սրաշեն գյուղերի վրա: Առաջին պահին նահանջելով՝ հայկական ուժերը վերախմբավորելով ուժերը՝ զոհերի գնով ետ շպրտեցին թշնամուն ու վերականգնեցին Հայաստանի պետական սահմանը: ՀՀ ԱԳՆ-ն բողոքի նոտա ուղղեց Բաքվին:
Ապրիլի 13-ին հարձակվելով Կուրոպատկինոյի ուղղությամբ, թշնամին 60 դիակ թողեց, Տեղ գյուղի ու դիրքերի հրետակոծումը դադարեց հայկական կողմի պատասխան հարվածից հետո միայն, ԼՂՀ ԻՊՈՒ շտաբը հերքեց Բաքվի այն հայտարարությունը, թե ղարաբաղյան ուժերը մտել են Ֆիզուլիի շրջանի մի շարք գյուղեր: Ադրբեջանը որևէ կերպ չարձագանքեց Քելբաջարի պատանդներին հայ ռազմագերիների հետ փոխելու վերաբերյալ Ստեփանակերտի առաջարկին և լավագույն դեպքում համաձայնում էր բանակցել Երևանի հետ:
Ապրիլի 14-ին Օզալը, ժամանելով Բաքու և ընդունվելով բացառիկ ցնծությամբ, մի շարք հրապարակային սպառնալիքներ ուղղեց Հայաստանին, իսկ նրա կինն այցելեց Բաքվում ստեղծվող կանանց գումարտակ:
Հանդիպմանը հետևած մամուլի ասուլիսում Էլչիբեյը հայտարարեց, որ ո՛չ Բաքուն և ո՛չ էլ Երևանն ուժ չունեն երեք օրում մի ողջ շրջան գրավելու և խոստացավ առաջիկայում ներկայացնել հայերին «դրսի» օգնության ապացույցներ, ինչպես նաև տարակուսանք հայտնեց, որ նախկին ԽՍՀՄ թուրքալեզու հանրապետությունները չարձագանքեցին Քելբաջարի գրավմանը: Իսկ Օզալը չբացառեց Քելբաջարից ղարաբաղյան զորքերը դուրս չբերելու դեպքում հայկական կողմի վրա ուժային ճնշում գործադրելու հնարավորությունը:
Նույն օրը Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը Դադիվանքում պատարագ մատուցեց:
Ապրիլի 15-ին Թուրքիան չծրագրված զորավարժություններ սկսեց Հայաստանի Հանրապետության սահմանների մոտ:
Ապրիլի 15-ի լույս 16-ի գիշերը հակառակորդը Հադրութում լայնածավալ հարձակման անցավ Հին Թաղեր ու Խծաբերդ գյուղերի ուղղությամբ և, թողնելով 30 դիակ ու 1 ՀՄՄ, ետ շպրտվեց, սակայն Տավուշում կարողացավ գրավել Ներքին Կարմիրաղբյուրի նկատմամբ գերիշխող դիրք ունեցող բարձունքը, որտեղ մարտերը շարունակվում էին:
ՀՀ պաշտպանության նախարարությունը զորակոչային տարիքի տղամարդկանց կոչ արեց անդամագրվել կազմավորվող պայմանագրային (կամավորական) կանոնավոր ստորաբաժանումներին և հայտնեց, որ Թուրքիայից օրական 30 բեռնատար զենք ու սպառազինություն է մտնում Նախիջևան, ապա ինքնաթիռով տեղափոխվում Գյանջա: Զգուշացնելով դրա անթույլատրելիության մասին, պաշտպանության նախարարությունը սպառնաց ՀՀ և ԼՂՀ ՀՕՊ միջոցներով ոչնչացնել սպառազինություն տեղափոխող ռազմափոխադրական ինքնաթիռները:
Ապրիլի 17-ին դյուրակիր զենիթահրթիռային կայանքով Գյուլիստանի երկնքում խփված ուղղաթիռում զոհվեցին ուղղաթիռի հրամանատար Ջամբուլատ Մուրադյանը, երկրորդ օդաչու Արամ Գրիգորյանը, բորտմեխանիկ Հովսեփ Միքայելյանը, Շահումյանի պարտիզանական ջոկատի հրամանատար Շահեն Մեղրյանը, կամավորներ Հայկ Մեղրյանը, Արսեն Բազյանը, Պողոս Սիմոնյանը, Ռաֆայել Բադալյանը, Սեդրակ Սեդրակյանը, Գրիգոր Գրիգորյանը և բժիշկ Արտակ Խաչատրյանը:
Այդ օրը միաժամանակ երկու ուղղաթիռ օդ բարձրացավ: Անձնակազմի հրամանատար Ռաֆայել Մեհրաբյանը կեսշրջադարձ կատարեց՝ հավաստիանալու, որ երկրորդ ուղղաթիռը գալիս է ետևից, և հրթիռը կողքով անցավ, իսկ հաջորդը դիպավ մյուս ուղղաթիռին:
Հադրութի պաշտպանական շրջանի հրամանատար Արթուր Աղաբեկյանը (հետագայում՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, պահեստի գեներալ-լեյտենանտ) և շրջխորհրդի գործկոմի նախագահ Գրիշա Հայրապետյանը, դիմելով հեռացած հադրութցիներին՝ պահանջեցին վերադառնալ, ապրել, կռվել ու ազատագրել «Օղակի» օրերին զավթված գյուղերը:
Ապրիլի 18-ին Վերին ու Ներքին Ճամբարակների ուղղությամբ հայկական ուժերը քիչ նահանջելուց հետո հակագրոհով վերականգնեցին պետական սահմանը, ինչպես նաև գրավեցին որոշ կարևոր բարձունքներ:
Ապրիլի 19-20-ին ծանր մարտեր էին Օմարի լեռնաշղթայում, որտեղ թշնամին փորձում էր վերահսկողություն սահմանել միակ ճանապարհի վրա, իսկ Քելբաջարը կորցնելուց հետո Բաքվի հեռուստատեսությունը հաղորդում էր դասալիքների անունները՝ անընդհատ հիշեցնելով, որ նրանց գնդակահարություն է սպասում:
ՄԱՅԻՍ
Մայիսի 2-ին Շահումյանում պարտիզանները փայլուն իրականացրած գործողության ընթացքում ոչնչացրին հակառակորդի 44 զինվոր, այդ թվում նաև Գերանբոյի շրջանում տեղակայված ուժերի հրամկազմը, մեկ ՀՄՄ և զինամթերք փոխադրող մեկ «Ուրալ» բեռնատար:
Նույն օրը հայկական ուժերը ետ մղեցին Մեղրիի ուղղությամբ հարձակումը:
Բաքվում օրենսդրական նախաձեռնություն էր մշակվում դասալիքների ծնողներին նույնպես հանցագործ համարելու մասին (դասալքության և դասալիքի տեղն իմանալու և չհայտնելու համար): Ադրբեջանում սրվում էր լեզգիական հարցը, լեզգիների «Ազադված» կազմակերպությունը հայտարարեց, որ իրենք պայթեցնում են բենզատար վագոնները և մոտ առաջիկայում կընդլայնեն ահաբեկչական գործողությունների ծավալները՝ պահանջելով լեզգիներին չտանել պատերազմ:
Մայիսի սկզբին ՄԱԿ անվտանգության խորհուրդն ընդունեց թիվ 822 բանաձևը՝ պահանջելով դադարեցնել կրակը, իսկ մայիսի 9-14-ին հայկական ուժերն ամբողջությամբ դուրս բերել Քելբաջարից: Ու թեև այս որոշումը թղթի վրա մնաց, բայց բանաձևի ընդունումից հետո ռազմաճակատներում առժամանակ անդորր էր: Երբ այս ժամանակացույցը տապալվեց, առաջարկվեց զորքերը դուրս բերել մայիսի 28-ից հունիսի 3-ը… Այս որոշմանը ևս առարկայական ու ենթակայական տարբեր պատճառներով վիճակված չէր իրականանալ:
Իսկ Բաքվում սկսվեց Ադրբեջանի նախկին պաշտպանության նախարար Մեհտիևի դատավարությունը: Նա մեղադրվում էր ապիկար ղեկավարման պատճառով 92-ի հունվարին Քարինտակի մատույցներում մի ողջ գումարտակ կորցնելու համար:
Մայիսի 13-ին հակառակորդը, Հադրութ-Ֆիզուլի սահմանագծում կրակ բացելով հայ բանագնացների վրա, ձախողեց Քելբաջարից 3 տարեց կանանց ու 1 երեխայի Ադրբեջանին վերադարձնելու փորձն ու պատանդների փոխանակման վերաբերյալ բանակցությունները:
Մայիսի 16-ին Շահումյանի պարտիզանները գրավեցին Թալիշին իշխող բարձունքներից մեկը՝ ոչնչացնելով թշնամու 12 զինվոր:
Գորիսի, Կապանի, Հադրութի ու Տավուշի դիմաց մեծ կուտակումներ էին, իսկ Բաքուն Ուկրաինայից վարձկաններ էր հավաքագրում:
Մայիսի 19-ին Մարտակերտում թշնամին հարձակվեց Մոխրաթաղի վրա:
Մայիսի 20-ի լույս 21-ի գիշերը Հադրութում Ինքնապաշտպանության ուժերը ետ մղեցին Տողի վրա գրոհը:
ՀՈՒՆԻՍ
Հունիսի 1-ին ձախողվեց Կոռնիձորի պաշտպանական գիծը ճեղքելու հակառակորդի փորձը:
Հունիսի 3-ին ԼՂՀ զինդատախազությունն սպառնաց գնդակահարել 3 ռազմագերու, եթե Բաքվում գնդակահարվեն, ըստ Ադրբեջանի, Մարտակերտում գերված 6 ռուս զինծառայողները:
Հունիսի 4-ն Ադրբեջանում սկսվեց զինված խռովություն: Այն ղեկավարում էր 2-րդ կորպուսի նախկին հրամանատար, գնդապետ Սուրեթ Հուսեյնովը:
Հունիսի 7-ին գնդակոծվեցին Մարտակերտի պաշտպանական դիրքերը, Ինքնապաշտպանության ուժերը պահպանեցին զինադադարը, ՊՊԿ-ն մինչև հունիսի 20-ը վերադառնալու պահանջով դիմեց տեղերից հեռացած զինապարտության տարիքի բնակիչներին: Հայկական կողմը զոհերի գնով ետ մղեց Թալիշի հարձակումը:
Գանձակում երկիշխանություն էր, ապստամբները հարձակվում էին պետական բոլոր հաստատությունների վրա, պատանդ էին վերցվել կառավարության 4 անդամ, իսկ օդանավակայանի համար մղված մարտերում կառավարական զորքերը պարտություն էին կրել, ինչը խոստովանում էր նաև Բաքուն:
Գնդապետ Սուրեթ Հուսեյնովն ու պաշտպանության նախկին նախարար Ռահմոն Ղազիևը պահանջում էին Էլչիբեյի հրաժարականը: Ապստամբները գրավեցին նաև Լենքորանն ու Մինգեչաուրը, երկուստեք զոհերի թիվը հասավ 260-ի, իսկ վարչապետ Փանահ Հուսեյնովը հրաժարական տվեց:
Հունիսի 8-ին Հուսեյնովի կողմն էին անցել Գյանջան, Եվլախը, Շամախին, Լենքորանը և Գյոկչան: Գնդապետի պատանդառած գլխավոր դատախազ Շիրինովը ստորագրեց Էլչիբեյի ձերբակալության թույլտվությունը, բայց Էլչիբեյի հրամանագրով նա նախորդ օրն արդեն պաշտոնանկ էր արվել:
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ Ադրբեջանում տիրող քաոսի հետեւանքով հնարավոր են սադրանքներ սահմաններում:
Հունիսի 9-ին Ադրբեջանում քաոս էր, ապստամբների կողմն անցավ Խանլարը, Եվլախը, Գերանբոյը:
Հունիսի 10-ին Նախիջևանի Ինքնավար Հանրապետության խորհրդարանի նախագահ Հեյդար Ալիևը հրաժարվեց վարչապետ դառնալու առաջարկից:
Հունիսի 13-ին ետ մղվեց Ասկերանի վրա հարձակումը, իսկ Տոնաշենի ու Հակոբ Կամարիի ուղղություններում հայկական ուժերը նոր ու նպաստավոր դիրքեր գրավեցին:
Նույն օրը Գյանջայում հանդիպեցին Ալիևն ու Հուսեյնովը, որի զորքերը 100 կիլոմետր էին հեռու Բաքվից:
Հունիսի 15-ին Մարտակերտում ծանր մարտեր էին: Բաքվում Ալիևն ընտրվեց Մեջլիսի նախագահ:
ՏԻԳՐԱՆ ԴԵՎՐԻԿՅԱՆ
Փոխգնդապետ