ՄԵԾԱՐՄԱՆ ՑԵՐԵԿՈՒՅԹ` ՆՎԻՐՎԱԾ ՄԱՅՐԵՐԻՆ
Արցախյան պատերազմում զոհված 26 ազատամարտիկների մայրեր հունվարի 31-ին հրավիրվել էին մասնակցելու զոհվածների հիշատակին կազմակերպված ցերեկույթին:
ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի դահլիճում հավաքվել էին նրանք, որոնց որդիները ուսանել են Երեւանի պետական համալսարանում եւ ուսումը կիսատ թողնելով՝ գնացել Արցախ:
Միջոցառումը կազմակերպել էր «Երիտասարդ համալսարանականների միավորումը»` Հայաստանի երիտասարդական հիմնադրամի եւ պաշտպանության նախարարության աջակցությամբ:
«Երիտասարդ համալսարանականների միավորում» կազմակերպության նախագահ Գեւորգ Մելքոնյանն ընդգծեց, որ միջոցառումը նպատակ ունի մեծարելու ԵՊՀ զոհված ազատամարտիկներին եւ նրանց մայրերին, ամրապնդելու բանակ-հասարակություն, բանակ-երիտասարդություն կապերը, բարձրացնելու երիտասարդության ռազմահայրենասիրական ոգին. «Երեւանի պետական համալսարանը տվել է 100-ից ավելի ազատամարտիկ, մեկ ազգային հերոս՝ Թաթուլ Կրպեյան: Մայրերի՝ իրենց որդիներին տված դաստիարակության շնորհիվ է նաեւ, որ նրանք գնացին պայքարելու հանուն ազատ Արցախի»,-նշեց Գ. Մելքոնյանը:
Զոհված ազատամարտիկների մայրերը ուսանողներին պատմեցին իրենց որդիների, նրանց սխրագործությունների մասին, հորդորեցին հոգով միշտ արի լինել եւ անհրաժեշտության դեպքում գրիչը փոխարինել զենքով. «Երբ սկսվեց Արցախյան պատերազմը, որդիս հայտարարեց, որ ժողովրդի այս բողոքը զենքով պետք է բավարարվի: 1988 -ին ինձ ասաց, որ իմ մահն անգամ իրեն ետ չի պահի զինվորագրվելուց, քանի որ ինձնից թանկ մեկն էլ կա` ազգը. ես շնորհակալ եմ Աստծուն, որ որդիս իմ դաստիարակությունը ճիշտ է ընկալել: Ուզում եմ, որ յուրաքանչյուր մայր որդուն ժպիտով ուղարկի բանակ: Երջանկություն է հայրենիքը պաշտպանելը»,-ասաց զոհված ազատամարտիկ Դուշման Վարդանի մայրը` Զարիկ Շամյանը:
Իրենց հերթին երիտասարդները պարտավորվեցին այսուհետ եւս ուշադրության կենտրոնում պահել զոհված ազատամարտիկների ընտանիքներին: «Մենք` երիտասարդներս, փորձում ենք նրանց կողքին լինել, աջակցել, ինչ-որ կերպ լրացնել նրանց որդիների բացը»,-նշեց ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը:
Ելույթներից հետո կազմակերպվեց համերգ ռազմահայրենասիրական ստեղծագործությունների կատարմամբ: Ելույթ ունեցան Արսեն Գրիգորյանը, Մկրտիչ Մկրտչյանը, Դավիթ Ամալյանը: Համերգի ավարտին ազատամարտիկների մայրերին հանձնվեցին հուշանվերներ:
ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
լեյտենանտ