Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿՐԱԿԵՑԻՆ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ



«Հայոց արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսի զորավարժարանում կազմակերպել էր կրակային պատրաստության պարապմունք` նվիրված ՀՀ ԶՈՒ 20-րդ տարեդարձին: Միջոցառմանը, բացի «Հայոց արծիվների» 200 մասնաճյուղերի ու կազմակերպության անդամներից, մասնակցում էին նաեւ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Մասնակիցները բաժանվեցին թիմերի:

«Յուրաքանչյուր լրագրող տարին առնվազն մեկ անգամ պետք է գրիչն ու տեսախցիկը փոխարինի ինքնաձիգով, որպեսզի հարկ եղած դեպքում կարողանա պաշտպանել հայոց պետության սահմանները, մեր ժողովրդի անվտանգությունը»,- միջոցառման բացման խոսքում նշեց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար, «Հայոց արծիվներ» ՀԿ-ի նախագահ Խաչիկ Ասրյանը: Նա ընդգծեց, որ միջոցառման հիմնական նպատակը ամուր կապ հաստատելն է հայոց ազգային բանակի եւ հասարակության միջեւ։ Խ.Ասրյանը կարեւորեց ԶԼՄ-ների դերն ու նշանակությունը եւ նշեց, որ պետք է ամուր հիմքերի վրա պահել զանգվածային լրատվամիջոցներ-հասարակական կազմակերպություններ-ազգային բանակ համագործակցությունը, ինչի շնորհիվ ԶԼՄ-ներն է՛լ առավել իրազեկված եւ ծանոթ կլինեն զինվորի առօրային:

Անդրադառնալով վերջերս սահմանում տեղի ունեցած միջադեպերին` «Հայոց արծիվների» նախագահը նշեց, որ իր ղեկավարած կազմակերպության օպերատիվ խմբի 2000-ից ավելի նվիրյալներ բաժանված են 8 գումարտակների եւ պատրաստ են ցանկացած պահի եւ ցանկացած վայրում պաշտպանելու հայոց պետականության սահմաններն ու հայ ժողովրդի անդորրը. «Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններից բխող վտանգին դիմակայել կարող ենք մեկ միասնական տանիքով, որն է` հայոց պետականությունը, հայոց նախագահն ու բանակը: Եթե երկու երկրների կողմից կնքված հրադադարը խախտվում է, ապա պետք է տրվի համապատասխան հակահարված, ինչը և գերազանց կերպով անում է հայոց ազգային բանակը»,-ասաց Ասրյանը:

Եթե կազմակերպության անդամները հաճախ են լինում զորավարժարանում, ապա լրագրողներից շատերն առաջին անգամ էին կրակում, ուստի յուրաքանչյուրին ինքնաձիգով 15 փամփուշտ կրակելու հնարավորություն տրվեց: Փորձառու հրաձիգների ցուցումներից հետո լրագրողներից շատերին հաջողվեց խփել նշանակետին: «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի լրագրող Լուսինե Մխիթարյանը ներկայացրեց իր տպավորությունները. «Առաջին բանը, որ զգացի` ինքնաձիգի ծանրությունն էր, սակայն վայրկյաններ անց դա մոռացվեց, եւ գերագույն նպատակս դարձավ թիրախը խոցելը: Կարծում եմ` զենքին տիրապետելը միշտ էլ անհրաժեշտ է»:

«Նազանի» համույթի գեղարվեստական ղեկավար, ՀՀ վաստակավոր արտիստուհի Արուս Գուլանյանն իր անսամբլի հետ եւս եկել էր կրակելու։ Նա նշեց, որ պատերազմի ժամանակ լավ դիպուկահար էր. «Շատ բնական է, որ հայ կինը զենքը ձեռքին կանգնի հայ տղամարդու կողքին եւ պաշտպանի իր զավակին»,- նշեց Ա. Գուլանյանը, իսկ Վարդենիսի տարածաշրջանի «Հայոց արծիվներ» կազմակերպության նախագահ Արման Արշակյանն էլ նշեց, որ հաճախակի դարձած նման միջոցառումները ստիպում են ավելի համարձակ զենքը բռնել եւ ավելի ճշգրիտ կրակել:

Զորամիավորման հրամանատար գեներալ-մայոր Կ.Քոչունցը ընդգծեց, որ ավանդույթ դարձած միջոցառումները ՀԿ-ների, լրատվամիջոցների և ՊՆ-ի սերտ համագործակցության արդյունք են. «Այսօր կրակում ենք խաղաղ պայմաններում, որպեսզի ցանկացած պահի պատրաստ լինենք թշնամուն հակահարված տալու»:

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Լուս.` ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #25 (941) 28.06.2012 – 4.07.2012, Բանակ և հասարակություն


04/07/2012