ԹԻԿՈՒՆՔԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ 20 ՏԱՐԵԿԱՆ Է
Բանակում չկան մեծ ու փոքր խնդիրներ, կարևոր և նվազ կարևորություն ունեցող զորատեսակներ, զորամասեր, ստորաբաժանումներ, իսկ թիկունքի ծառայության կարևորությունը, պարզապես, անհնար է գերագնահատել։ Ուշացավ զինվորի ճաշը, կամ ժամանակին տեղ չհասան տեխնիկային անհրաժեշտ վառելանյութն ու զինմթերքը, ուրեմն վտանգված է մարտական գործողության հաջողությունը։ Ինչպես ազգային բանակի մյուս զորատեսակները, թիկունքային ծառայությունն էլ սկսեց ձևավորվել Արցախյան ազատամարտի ծանր օրերին, միջոցների, հնարավորությունների, մասնագետ կադրերի գրեթե իսպառ բացակայության պայմաններում։ Բայց գիտակցելով պահի, ժամանակի լրջությունը, մեր ժողովուրդը համակերպվեց, դիմացավ, որպեսզի պետությունը, բանակաշինության դժվարին գործի պատասխանատվությունն ստանձնած մարդիկ կարողանան կռվող զինվորին հասցնել զինամթերք, հաց, հագուստ… Արդեն տասը-տասնհինգ տարի է, ինչ մեր բանակի թիկունքային ծառայությունը առաջ է ընթանում լավը է՛լ ավելի լավացնելու ու կատարելագործելու պարզ կարգախոսով։ Մեր ժողովուրդն ու պետությունը բանակն ու զինվորին ապահովում է անհրաժեշտ ամեն ինչով։
Հունիսի 23-ին պաշտպանության նախարարության նիստերի դահլիճում հանդիսավորությամբ նշվեց զորատեսակի ստեղծման 20-ամյակը։ Մինչ միջոցառման սկսվելը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, նախարարության, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ բարձրաստիճան պաշտոնյաները, գեներալները, սպաներն ու հյուրերը թիկունքային ծառայության վարչության պետ գեներալ-մայոր Տիգրան Գասպարյանի ուղեկցությամբ զննեցին բանակին անհրաժեշտ հայրենական արտադրության արտադրատեսակները, ստացան տեղեկություններ դրանց որակական հատկանիշների մասին։
Հանդիսությունն սկսվեց ՀՀ օրհներգի կատարումով։ Զորատեսակի ստեղծման, անցած ուղու, հաղթահարած դժվարությունների և զարգացման գործընթացի մասին զեկուցումով հանդես եկավ վարչության պետ գեներալ-մայոր Տիգրան Գասպարյանը։ Նա մասնավորապես նշեց, որ երկրաշարժը, լիակատար շրջափակումը, անհավասար սպառազինությամբ ընթացող պատերազմը, ֆինանսական և անհրաժեշտ մյուս միջոցների բացակայությունը, շուկայական տնտեսության անցնելու բարդությունները և թիկունքային մասնագետների բացակայությունը ծայրաստիճան դժվարացրել էին մեծ կառույցի՝ բանակի տնտեսության ստեղծման և մատակարարումների ապահովման գործընթացը։ Սակայն ժողովուրդը, հայրենիքին նվիրումով, անմնացորդ ծառայող անհատները կարողացան հաղթահարել բոլոր խնդիրները և ապահովել թիկունքային ծառայության անխափան աշխատանքը։ Գեներալ-մայոր Տ.Գասպարյանը ներկայացրեց ձեռքբերումները ծառայության բոլոր ոլորտներում, որոնց արդյունքում այսօր ունենք բարձր մարտունակությամբ առանձնացող զորատեսակը։ Նա նաև երախտագիտությամբ հականե-հանվանե հիշեց տարբեր ժամանակներում ծառայությունը գլխավորած և այս բնագավառում ջանք, եռանդ ներդրած, հաջողություններ արձանագրած մարդկանց՝ գեներալ-լեյտենանտներ Ալիկ Միրզաբեկյան, Գուրգեն Մելքոնյան, Կարեն Զարոյան, գեներալ-մայորներ Աշոտ Պետրոսյան, Սերգեյ Սահակյան, Սեմյոն Հակոբյան, գնդապետ Մուրադ Կիրակոսյան, Գևորգ Վարդանյան…
Այնուհետև ելույթներ ունեցան և անցած ճանապարհի մասին հիշեցին զորամիավորման թիկունքի պետ գնդապետ Նազիկ Ամիրյանը, պահեստի գնդապետ Սիմոն Եսայանը, գեներալ-մայոր Աշոտ Պետրոսյանը։
Այնուհետև թիկունքային ծառայության սպաներին ու քաղաքացիական ծառայողներին շնորհավորեց նախարար Սեյրան Օհանյանը։ Նա նույնպես անդրադարձավ մարտական գործողություններին զուգահեռ ընթացող հասարակարգային փոփոխություններով լի ժամանակաշրջանում նոր տնտեսական կառույցի ստեղծման դժվարություններին։
-Հաղթեցինք, հաղթահարեցինք դժվարությունները, որովհետև մեր թիկունքին կանգնած էր ժողովուրդը, կանգնած էր Սփյուռքը, կանգնած էին ազնիվ ու հայրենասեր մարդիկ, անհատներ, ընկերներ, ծանոթներ։ Եվ ինչպես Սարդարապատում, այնպես էլ Արցախում զինվորին օգնում էին բոլորը, ով ինչով կարող էր։ Մենք պետք է շատ լուրջ վերաբերվենք մեր զինվորների սոցիալ-կենցաղային բոլոր խնդիրներին։ Հետպատերազմյան տարիներին մենք արագ վերականգնեցինք մեր կորուստները՝ խոսքս մարդկային կորուստների մասին չէ. ստեղծեցինք համապատասխան պահեստներ, բազաներ, արտադրություններ, իհարկե, կրթեցինք մասնագետներ։
Մեկ անգամ ևս շնորհավորելով թիկունքայիններին զորատեսակի կազմավորման 20-ամյակի առթիվ` նախարար Սեյրան Օհանյանը կոչ արեց լինել հետևողական, սկզբունքային և ուշադիր բանակի ունեցվածքի նկատմամբ։
Այնուհետև հրապարակվեցին անձնակազմին խրախուսելու մասին նախարար Սեյրան Օհանյանի և ԶՈՒ ԳՇ պետ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի հրամանները։ Պատվոգրերով, շնորհակալագրերով, գերատեսչական մեդալներով և արժեքավոր նվերներով պարգևատրվեցին ու խրախուսվեցին մի շարք զինծառայողներ և բանվոր-ծառայողներ։
ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
փոխգնդապետ
Լուս.՝ ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
կապիտան