Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆԱՏՕ-Ն ՄՏԱԴԻՐ Է ԸՆԴՈՒՆԵԼ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՁԵՎԱՉԱՓ



Կազմակերպության գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը պետք է գլոբալ դերակատարություն ունենա ամբողջ աշխարհում` կազմավորելով տարբեր ասպարեզներում համագործակցության պատրաստ դաշնակից պետությունների նոր խմբավորումներ, ինչպես նաև ամրապնդի կապերը Ռուսաստանի, Չինաստանի, Հնդկաստանի, Եվրամիության ու ՄԱԿ-ի հետ:

Նա հայտնել է, որ թեև 2014 թվականին կավարտվի միջազգային խաղաղապահ առաքելությունը Աֆղանստանում, սակայն Դաշինքն «արձակուրդ չի գնա», քանի որ աշխարհն անվտանգության ասպարեզում բախվում է ամենատարբեր մարտահրավերների, որոնց դիմակայելու համար «անհրաժեշտ է կուտակել գործընկերների հետ աշխատանքի փորձ և ավելի սերտացնել համագործակցությունը նրանց հետ»:

Ըստ Ռասմուսենի, Դաշինքը Ռուսաստանի համար որևէ վտանգ չի ներկայացնում, ինչպես և Ռուսաստանը ՆԱՏՕ-ի համար, ու պետք է մեկընդմիշտ դադարել միմյանց նայել «անցյալի ակնոցներով՚:

Ռասմուսենը միաժամանակ հստակեցրել է, որ Եվրոպայում ՆԱՏՕ-ի ընդլայնման գործընթացը շուտ չի ավարտվի և կազմակերպությանն անդամագրվել ցանկացող պետությունները դեռ երկար ճանապարհ պիտի անցնեն` կատարելով իրենց ստանձնած պարտավորությունները և ավանդ ներդնեն Եվրոատլանտյան գոտու անվտանգության ապահովման գործում:

Ինչպես պատկերավոր կերպով արտահայտվել է Դաշինքի գլխավոր քարտուղարը, «այդ ճանապարհն անհնար է կրճատված երթուղով անցնել, և ՆԱՏՕ-ի դուռն ավտոմատ կերպով չի բացվի միայն այն բանի համար, որ դուք կանգնած եք նրա շեմին»:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական


09/07/2012