ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՕԴԱՉՈՒՆԵՐԸ ՉՄԵԿՆԵՑԻՆ ՖԱՐՆԲՈՐՈ
Ռուսաստանյան հանրահայտ «Русские витязи» խմբի «Су-27» ինքնաթիռների երկու անձնակազմերը չեն մասնակցի Մեծ Բրիտանիայում հուլիսի 9-ին բացվող «Фарнборо-2012» 48-րդ միջազգային ավիասալոնին: Պատճառը մի շարք ձգձգումներն էին, որոնք թույլ չտվեցին ժամանակին անցնելու ինքնաթիռների մուտքն ավիաշոու թույլատրող խիստ ընթացակարգը:
Ավիասալոնի թռիչքային ծրագրում Ռուսաստանը կներկայացնի միայն նոր ուսումնամարտական «Як-130» ինքնաթիռը:
Այս տարի ավիասալոնում «Virgin Galactic» ընկերությունը կցուցադրի արդիականացված աէրոտիեզերական համակարգեր, որոնցով այս տարեվերջին ուղեծիր դուրս կգան «Տիեզերական զբոսաշրջիկները», «Eurocopter»-ը կներկայացնի «EC130T2» նոր թեթև մեկշարժիչանի ուղղաթիռը:
Ավիասալոնում կցուցադրվեն նաև մարտական ինքնաթիռներ, մասնավորապես ամերիկյան «Boeing F/A18 Super Hornet» կործանիչը և ամերիկյան ծովային հետևակի «V22 Osprey» կոնվերտոպլանը, մարտավարական օղակի «F16 Fighting Falcon» կործանիչը, ռազմափոխադրական «C130J Super Hercules»-ը, շվեդական բազմանպատակային «Saab Gripen» և հարավկորեական «Т-50» կործանիչները:
Ավիասալոնում առանձին բաժին է հատկացված անօդաչու թռչող սարքերի ցուցադրության համար:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմական