Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍՏԵՂԾՎՈՒՄ Է DARPA-Ի ՌՈՒՍԱԿԱՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ



ՌԴ պետական դուման վերջերս գրեթե միաձայն հավանություն տվեց Հեռանկարային հետազոտությունների հիմնադրամի ստեղծման առաջարկությանը, ինչն իսկույն լուրջ քննարկումների առիթ դարձավ ռազմական փորձագետների շրջանում:

ՌԴ կառավարության փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի բնորոշմամբ, ստեղծվում է «գիտատեխնիկական գիշատիչ, որը դիտարկելու է երկրում իրականացվող բոլոր գիտատեխնոլոգիական հեռանկարային մշակումները», և որ արդեն իսկ կա 150 նման ծրագիր:

Ստեղծվելիք Հիմնադրամի իրական գործառույթները Միացյալ Նահանգներում իրականացնում է 1958 թվականին հիմնված DARPA-ն (Defense Advanced Research Projects Agency)` ԱՄՆ պաշտպանական առաջավոր հետազոտությունների գործակալությունը: Նրա ստեղծմամբ ԱՄՆ իշխանությունները նախագահ Էյզենհաուերի գլխավորությամբ փորձեցին վերացնել այն տարօրինակ իրավիճակը, երբ պաշտպանական արդյունաբերության ընկերությունների գիտահետազոտական ստորաբաժանումները մեկուսացած աշխատանքի պատճառով անիմաստ հսկայական ժամանակ ու միջոցներ էին վատնում, ինչպես նաև դիմակայելու սեփական շահերի համար Պենտագոնի գեներալների ու ռազմարդյունաբերական համալիրի ղեկավարների համատեղ իրականացվող լոբբիստական աշխատանքին և վերացնելու նրանց ձեռք բերած մենաշնորհը:

Արդյունքում ստեղծվեց մի յուրօրինակ կառույց, որի խնդիրն էր սահմանել առաջիկա մեկ երկու տասնմյակներում անհրաժեշտ, սակայն գոյություն չունեցող տեխնոլոգիաների անվանացանկը և տեղաբաշխել նրանց մշակման պատվերները:

DARPA-ն լրիվ ապաբյուրոկրատացված, մոբիլ և ժամանակի ու ապագայի պահանջներին օպերատիվ կերպով արձագանքող կառույց է: Նրա կողմից ֆինանսավորվող ծրագրերի մենեջերներն ունեն մեծ ինքնուրույնություն, այդ թվում նաև կադրերի ընտրության հարցում, սակայն ի սկզբանե զրկված են գործակալությունում պաշտոնեական առաջխաղացման ու նրա ղեկավար կազմում ընդգրկվելու հնարավորությունից և չեն կարող 5-6 տարուց ավել աշխատել նույն տեղում: Նման խիստ սահմանափակումները թույլ են տալիս բացառել կարիերիստների և հարմարվողների մուտքը գործակալություն, ինչպես նաև ծրագրերի մենեջերներին պաշտպանել բյուրոկրատական քաշքշուկից՝ հնարավորություն ընձեռելով կենտրոնանալ բացառապես գիտատեխնիկական խնդիրների լուծման վրա:

Նման կառուցվածքի պատճառով թեև գործակալության տարեկան երեք միլիարդ ԱՄՆ դոլար կազմող բյուջեի զգալի մասը վատնվում է միանգամայն անիմաստ ու զվարճալի մշակումների վրա, որոնց տեղը «Ինժեներներական կատակներ» բնույթի ժողովածուներում է, սակայն պարբերաբար հանդիպում են նաև հեռանկարային մշակումներ, որոնք ապահովում են ԱՄՆ ռազմարդյունաբերական համակարգի առաջատար դիրքն աշխարհում: Այդպիսիք են «GPS» արբանյակային համակարգը, ռազմական ինքնաթիռների սակավտեսանելիության «սթելս» համակարգը, մասնակցությունը «Saturn V» կրող հրթիռի ստեղծմանը, «М-16» գրոհային ավտոմատը և ի վերջո` այժմյան «Ինտերնետ» համացանցի հիմնական տեխնոլոգիական լուծումները:

Իսկ ահա ռուսաստանյան Հեռանկարային հետազոտությունների հիմնադրամի առնչությամբ կան բազմաթիվ հարցականներ: Անհասկանալի է, թե կոնկրետ բիզնես-պլանների և հաստատված բյուջեի բացակայության դեպքում իրենցից ի՞նչ են ներկայացնում հիշյալ 150 ծրագրերը, դրանք նախագծե՞ր են, թե՞ այսպես կոչված «ուղղություններ»:

Անորոշ է նաև հիմնադրամի ենթակայության հարցը. եթե այն զբաղվելու է բացառապես պաշտպանական արդյունաբերությանն անհրաժեշտ մշակումներով, ապա ճիշտ կլիներ գործել պաշտպանության նախարարության ենթակայության ներքո, իսկ հակառակ դեպքում, եթե խոսքը վերաբերվում է տարբեր ասպարեզների հեռանկարային նորարարություններին, ապա Հիմնադրամը կվերածվի մի մարմնի, որում անհրաժեշտ կլինի համատեղել ոչ միայն պաշտպանական գերատեսչության, այլև տնտեսական զարգացման, կապի, տրանսպորտի, արդյունաբերության և առևտրի, ինչպես նաև գիտության ու կրթության նախարարությունների շահերը:

Բավական անորոշ են նաև Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի և գիտատեխնիկական խորհրդի գործառույթներն ու լիազորությունները: Չունենալով անմիջականորեն ղեկավարող պատվիրատու, ինչպիսին Պենտագոնն է DARPA-ի համար, ինչպես նաև իրական անկախություն և ինքնուրույնություն, ինչը բազմաթիվ փորձագետների կարծիքով Ռուսաստանում ուղղակի անհնար է, Հիմնադրամը կարող է վերածվել քննարկումների հարթակի, երբ ընդամենը կորոշվի, թե գիտատեխնոլոգիական մշակումների որ ասպարեզներն է պետք համարել հեռանկարային: Փորձագետները կասկածում են, թե արտագերատեսչական այդ մարմինը կկարողանա ինքնուրույն ինչ-որ բան պարտադրել կամ համոզել ՌԴ պաշտպանության նախարարությանը, որն իսկույն մատնացույց է անելու իր առաջնային տեղը «կարգավիճակների շքերթում», ինչը դարեր ի վեր բնորոշ է կառավարման ռուսական համակարգին:

Պատրաստեց փոխգնդապետ Տ. Դեվրիկյանը

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական


10/07/2012