Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՂԴԱՄՆ ԱԶԱՏԱԳՐՎԵՑ



1993թ.

ՀՈՒՆԻՍ

Հունիսի 12-ին՝ դեպի Աղդամ առաջանալիս, Մարզիլլուի մարտերում զոհվեց Մարտունու պաշտպանական շրջանի հրամանատար, Հայաստանի Ազգային հերոս, Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանը:

Հունիսի 15-ին Հեյդար Ալիևն ընտրվեց Ադրբեջանի խորհրդարանի նախագահ, իսկ Հուսեյնովի զորքերը մոտենում էին Բաքվին և հունիսի 21-ին նա, մտնելով մայրաքաղաք, ջերմ ընդունելության արժանացավ:

Մարտակերտում ծանր մարտեր էին:

Հունիսի 16-17-ին Էլչիբեյը, առանց հրաժարվելու պետության նախագահի լիազորություններից, հեռացավ Նախիջևան: Թշնամին Մարտակերտի ու Հադրութի սահմաններում օդուժ կիրառեց, Ստեփանակերտի երկնքում կորցրեց հերթական ինքնաթիռը և մեծ աղմուկ բարձրացրեց, թե հունիսի 12-ից ի վեր, 4-օրյա մարտերում հայերը գրավել են 8 գյուղ, 10-15 կիլոմետր խորացել Աղդամի տարածք, և որ բանակը քաղաքից տարհանում է բնակչությանը:

Հունիսի 21-ին Մարտակերտում մարտեր էին, երկու ինքնաթիռ ռմբակոծեց Գիշին ու Մուշկապատը, իսկ արևմտյան մամուլը գրեց, որ Պակիստանից Բաքու են մեկնում վարձկան օդաչուներ: Ադրբեջանական բանակը հրաժարվեց կռվել Սուրեթ Հուսեյնովի դեմ, և սկսվեցին բանակցությունները, որպեսզի Բաքվի մատույցներում գտնվող ապստամբ զորքերը մայրաքաղաք չմտնեն:

Հունիսի 22-ին Հուսեյնովը հայտարարեց հանրապետության նախագահի լիազորությունները ստանձնելու պատրաստակամության մասին:

Նույն օրը թշնամու օդուժը ռմբակոծեց ԼՂՀ պաշտպանական դիրքերն ու բնակավայրերը: Իրավիճակը լարվեց նաև Սիսիանի սահմաններում:

Հունիսի 23-ին Էլչիբեյը հրաժարվեց Նախիջևանից վերադառնալ Բաքու, իսկ նրան պաշտոնանկ անողները ոռնում էին Աղդամի ուղղությամբ հայկական ուժերի լայնածավալ հարձակման մասին:

Հունիսի 19-ին՝ Մարտակերտ քաղաքի ազատագրման գործողության նախապատրաստման ընթացքում Մաղավուզի քարհանքերի մոտ զոհվեց 5-րդ կամավորական բրիգադի շտաբի պետ, փոխգնդապետ Յուրա Հովհաննիսյանը:

Հունիսի 26-ին ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերն ու հայաստանյան կամավորական ջոկատներն ազատագրեցին Մարտակերտ քաղաքի ու շրջակայքի վրա գերիշխող «Հեռուստաաշտարակ» և «Պուշկին յալ» բարձունքները:

Հունիսի 27-ին ազատագրվեց Մարտակերտ քաղաքը: Այս փայլուն իրականացված գործողության ընթացքում ազատագրվեցին նաև Ներքին Հոռաթաղը, Աղբեկալենջը, Մաղավուզը, Հակոբկամարին, Վերին ու Ներքին Չայլուները, ռազմավար վերցվեցին 10 տանկ, 3 հրանոթ ու 2 «Գրադ»: Իսկ Ալիևն ու Հուսեյնովը փորձում էին համաձայնության գալ իշխանությունը կիսելու հարցում:

Մարտակերտի ազատագրումից հետո առժամանակ հարաբերական անդորր տիրեց, բայց սադրանքներն անպակաս էին:

ՀՈՒԼԻՍ

Հուլիսի 2-ին թշնամին հզոր հարձակումով ճեղքեց Հադրութի պաշտպանությունը, բայց ճակատի գիծը ծանր մարտերով վերականգնվեց:

Հուլիսի 4-ին, փորձելով դադարեցնել Աղդամի շրջապատումը, թշնամին հզոր հարձակում ձեռնարկեց Ասկերանի, Մարտակերտի ու Հադրութի ուղղություններով, սակայն կորցրեց Աղդամի համար բացառիկ կարևորություն ունեցող Շելլին իշխող բարձունքները:

Հուլիսի 5-ին հայերն Աղդամի շրջանում ազատագրեցին ևս 5 գյուղ, եւ Բաքուն հասկանալով, որ կորցնում է քաղաքը, միջազգային աղմուկ բարձրացրեց, թե կռիվներն ընթանում են Աղդամի փողոցներում:

Նույն օրը ԼՂՀ հակաօդային պաշտպանության ուժերի ոչնչացրած ինքնաթիռի բեկորների մեջ հայտնաբերվեցին վարձկան օդաչուի՝ Ուկրաինայի Զապորոժիե քաղաքի բնակիչ Անատոլի Բեսսոնովի փաստաթղթերը:

Հուլիսի 8-ին հակառակորդը շարունակում էր գրոհել Հադրութի ուղղությամբ, իսկ Աղդամի ճակատում կորցնելով մեկական տանկ, ՀՄՄ և 40 զինվոր՝ դիմեց նահանջի:

Հուլիսի 9-ին ծանր մարտեր էին Ասկերան-Մարտունի-Հադրութ սահմանագծում:

Հուլիսի 12-ին Մինսկի խորհրդաժողովի նախագահ Մարիո Ռաֆայելիի գլխավորած պատվիրակությունը ժամանեց Աղդամ՝ հավաստիանալու, որ ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերը չեն գրավել քաղաքը:

Հուլիսի 13-ին Էլչիբեյը հայտարարեց, որ չեղյալ է հայտարարում իր լիազորությունների մի մասը խորհրդարանին հանձնելու մասին հրամանագիրը և ամեն պահի պատրաստ է վերադառնալ իշխանության: Այլ հարց է, որ Բաքվում նրան արդեն չէին սպասում: Ադրբեջանի իշխանությունները հայտարարեցին, որ ղարաբաղյան ուժերի հարձակման պատճառով վերջին օրերին իրենց բնակավայրերը լքել են ևս 50.000 փախստականներ, որոնք տեղավորվել են Աղդամի, Բարդայի ու Եվլախի շրջանների գյուղերում:

Հուլիսի 14-ին Ալիևի հետ հանդիպեց ինքնահռչակ Մուղան-Թալիշական հանրապետության ղեկավար Ալիքրամ Գումբատովը:

Հուլիսի 21-ին թշնամին օդուժի աջակցությամբ լայնածավալ հարձակում ձեռնարկեց Ասկերան շրջկենտրոնի և շրջանի Փարուխ, Խանաբադ, Նախիջևանիկ, Փիրջամալ գյուղերի ուղղությամբ:

Նույն օրը «ՕՍԱ-ԱԿ» հմ. 24 մարտական մեքենայի հաշվարկն Աղդամի մերձակայքում ոչնչացրեց թշնամու մեկ ինքնաթիռ: Նույն հաշվարկը հաջորդ օրը նույն հատվածում ոչնչացրեց թշնամու մեկ ուղղաթիռ:

Հուլիսի 22-ին թշնամու օդուժը հերթական անգամ գրոհեց Ստեփանակերտը:

Հուլիսի 22-24-ին տեղի ունեցավ ԵԿՄ 1-ին համագումարը: Հիմնադրվեց Երկրապահ կամավորականների միությունը, որի նախագահ ընտրվեց Վազգեն Սարգսյանը:

Հուլիսի 23-ին ոչնչացվեցին Աղդամ քաղաքում տեղակայված հակառակորդի կրակակետերը: Ադրբեջանի՝ մեծությամբ չորրորդ քաղաքը՝ «գայլի որջը», որը սպառնում էր միանգամից Մարտակերտի, Ասկերանի ու Մարտունու շրջաններին, և որտեղից թշնամին անընդհատ ձգտում էր Ասկերանով ուղիղ գծով գրոհել Ստեփանակերտը, այլևս որևէ վտանգ չէր ներկայացնում Արցախի համար: Ի պատասխան Աղդամի անկման՝ երկու ինքնաթիռներ 3 կասետային ռումբ գցեցին Կապան քաղաքի վրա: Զոհվեց 4, վիրավորվեց 14 բնակիչ:

Աղդամի անկումից հետո Բաքուն առաջին անգամ ուղիղ շփման մեջ մտավ Ստեփանակերտի հետ, և ձեռք բերվեց հուլիսի 25-ից, ժամը 00.00-ից եռօրյա հրադադարի հաստատման մասին համաձայնությունը:

Հուլիսի 26-ին ՀՀ Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հրամանագրեր ստորագրեց «Հայաստանի Ազգային հերոսի» կոչում սահմանելու, «Հայրենիք» շքանշան և «Արիության» ու «Մարտական ծառայության» մեդալներ սահմանելու մասին: Անկարան աննախադեպ դիվանագիտական աշխատանք սկսեց՝ ազդելու Երևանի վրա և ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի արտահերթ նիստ ու հակամարտության գոտում ՄԱԿ-ի խաղաղապահների տեղակայում պահանջեց:

Հուլիսի 28-ին Ալիևն ադրբեջանական ժողովրդին կոչ արեց «միավորվել հայ ագրեսորների դեմ պայքարում՝ վերադարձնելու կորցրած ադրբեջանական հողերը»:

Նույն օրը Մարտակերտի սահմանագլխին կայացավ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի ղեկավարությունների հանդիպումը, որին մասնակցում էին ԼՂՀ ինքնապաշտպանության կոմիտեի նախագահ Սերժ Սարգսյանը, արտգործնախարար Արկադի Ղուկասյանը, ազգային անվտանգության պետական վարչության նախագահ Կամո Աբրահամյանը, Ադրբեջանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Աբիևը և պետնախարար Ալիևը: Հանդիպման արդյունքում հրադադարը երկարաձգվեց ևս հինգ օրով: Աղդամի անկումից հետո Ադրբեջանում ամենաիսկական խուճապ էր:

ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն ընդունեց թիվ 853 բանաձևը, պահանջելով «անհետաձգելիորեն դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները և հակամարտությանը մասնակցող բոլոր օկուպացիոն ուժերը լիովին և անվերապահորեն դուրս բերել Աղդամի շրջանից և Ադրբեջանի Հանրապետության՝ վերջերս օկուպացված մյուս բոլոր շրջաններից»:

ՕԳՈՍՏՈՍ

Օգոստոսի 1-ին ուժգին հրթիռահրետակոծման ենթարկվեցին Տավուշի, Ճամբարակի, Մեղրու, Մարտունու և Հադրութի շրջանները: Երևան-Թբիլիսի գնացքի անցնելու պահին պայթեցվեց երկաթուղին, զոհվեց 1 հայ ուղևոր:

Օգոստոսի 5-ին հրադադարը երկարաձգվեց ևս 3 օրով: Հակառակորդը շարունակում էր Ֆիզուլիում մեծաքանակ ուժերի ու մարտական տեխնիկայի կենտրոնացումը:

Օգոստոսի 5-ի լույս 6-ի գիշերը պայթեցվեց Հայաստանը սնուցող գազատարը, սկսվեց էներգետիկ ճգնաժամ. բնակչությանն ընդամենը 1-2 ժամ էր հոսանք տրվում: Ադրբեջանական բանակը, խախտելով զինադադարը, հզոր հրետակոծման ենթարկեց Հադրութը, ինչն ինքնապաշտպանության ուժերի շտաբը գնահատեց որպես նոր հարձակման հրետանային նախապատրաստություն:

Նույն օրը Տավուշի ու Նոյեմբերյանի շրջանների սահմանամերձ բնակավայրերի հրետակոծման արդյունքում խաղաղ բնակչության շրջանում եղան վիրավորներ:

Օգոստոսի 7-ին ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հրամանագիր ստորագրեց պահեստազորի բժշկական կազմի սպաների զորակոչ անցկացնելու մասին:

Օգոստոսի 9-ի ամբողջ օրվա ընթացքում ինքնապաշտպանության ուժերն ու հայաստանյան կամավորական ջոկատները կասեցնում էին ուժգին գրոհները Էդիլլուի գյուղերի և Մարտունու ուղղությամբ: Մարտերի ընթացքում թշնամին կորցրեց 2 տանկ ու 1 հետևակի մարտական մեքենա:

Օգոստոսի 11-ին Բաքուն հայտարարեց, որ ղարաբաղյան ուժերը փորձում են գրավել Ֆիզուլին, իսկ Իրանը հայտարարեց, որ զգուշանում է փախստականների հոսքից, քանի որ Զանգելանի շրջանը վտանգված է:

Օգոստոսի 12-ին Իրանի արտգործնախարարը Երևանից պահանջեց «անհապաղ և պարտադիր կարգով հայկական զորքերը դուրս բերել օկուպացված ադրբեջանական տարածքներից»:

Օգոստոսի 13-ին հետ մղվեց Մատաղիսի վրա հակառակորդի խոշոր գրոհը:

Օգոստոսի 15-ին Հադրութի ու Մարտունու սահմաններում լարված իրավիճակ էր, իսկ Զանգելանից թշնամին խոշոր հարձակում ձեռնարկեց Մեղրիի շրջանի բարձունքներից մեկի վրա: Դիմագրավելով հարձակմանը՝ հայկական կողմը ոչնչացրեց մեկ «Գրադ» կայանք:

Նույն օրը հակառակորդն օդային հարված հասցրեց Հադրութին, ուժգին հրետակոծման ենթարկեց Տավուշի սահմանամերձ բնակավայրերը, Բերդ ավանը, իսկ Ճամբարակում Վահան գյուղը:

Օգոստոսի 16-ին և 17-ին ինքնապաշտպանության ուժերի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները ոչնչացրին Ադրբեջանի ռազմաօդային ուժերի երկու ինքնաթիռ:

Հադրութ-Ֆիզուլի սահմանագծում ծանր մարտերը չէին դադարում:

ՏԻԳՐԱՆ ԴԵՎՐԻԿՅԱՆ
փոխգնդապետ

Խորագիր՝ #26 (942) 5.07.2012 - 11.07. 2012, Պատմության էջերից


11/07/2012