ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀՀ Սահմանադրության ընդունումը տեղի ունեցավ 1995թ. հուլիսի 5-ին։, որը պետության կայացման գործընթացում շատ կարևոր երևույթ էր։ Այն դրեց ամբողջատիրական համակարգից դեպի ժողովրդավար պետության անցնելու իրավական հիմքերը։ ՀՀ Սահմանադրությունը իրավական ձևակերպում տվեց քաղաքական նոր համակարգին, սահմանեց Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքներն ու պարտականությունները։
ՀՀ Սահմանադրությամբ հաստատվեցին Հայաստանի երրորդ հանրապետության խորհրդանիշները` դրոշը, զինանշանը և հիմնը։ Դեռևս 1990թ. օգոստոսի 24-ին հանրապետության պետական դրոշ ճանաչվեց եռագույնը` կարմիր, կապույտ և նարնջագույն, որը Առաջին հանրապետության դրոշն էր։ Այնուհետև ընդունվեց ՀՀ զինանշանը, որի կենտրոնում վահանը պահող արծիվն ու առյուծն են. պատկերված է Արարատ լեռը` Նոյան տապանով։ Որպես օրհներգ ընդունվեց Առաջին հանրապետության պետական հիմնը` «Մեր Հայրենիք» հայրենասիրական երգը։
Սկսեցին ձևավորվել պետաիրավական նոր կառույցներ։ ՀՀ Սահմանադրությունը նախատեսում էր նախագահական հանրապետության համակարգը` գործադիր, օրենսդիր և դատական իշխանությունների տարանջատումով։ Բարձրագույն օրենսդիր մարմինը` Գերագույն խորհուրդը, վերանվանվեց Ազգային ժողով։
ՀՀ տարածքային կառավարման կառուցվածքի բարելավման նպատակին էին ծառայում 1995թ. դեկտեմբերին կատարված վարչատարածքային փոփոխությունները և նոր միավորումների` մարզերի ու համայնքների հիմնումը։ Հանրապետության շուրջ չորս տասնյակի հասնող շրջանների միավորման միջոցով ստեղծվեցին 10 մարզեր և 1 մարզ ևս` քաղաքամայր Երևանը:
Ներկայումս ՀՀ Սահմանադրությունը բաղկացած է 9 առանձին գլուխներից, որոնք միասին վերցրած ունեն 117 հոդվածներ, որոնցից 1, 2 և 114 հոդվածները փոփոխման ենթակա չեն:
Ըստ ՀՀ Սահմանադրության առաջին և երկրորդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է, իսկ ՀՀ իշխանությունը պատկանում է ժողովրդին:
Ըստ ՀՀ Սահմանադրության 117 հոդվածի` հուլիսի 5-ը համարվում է տոն և ոչ աշխատանքային օր է:
Խորագիր՝ #26 (942) 5.07.2012 - 11.07. 2012, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում, Պատմության էջերից