Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՅՍ ԱՐԴՅՈՒՆՔԸ ՊԱՏԱՀԱԿԱՆ ՉԷ



Ժամանակակից տանկը ցամաքային զորքերի գլխավոր հարվածային ուժն է։
Արցախյան ազատամարտի օրերին տանկը օգտագործվեց հայկական զինված ուժերի զարգացմանը, ռազմական գործողությունների ծավալմանը զուգահեռ: Սկզբում լավագույն դեպքում մեկ-երկու միավոր էր ամեն շրջանում լինում, հետո սկսվեց տանկերի կիրառումը դասական եղանակով: Այդ օրերի մեր տանկիստների սխրանքներն է հավերժացնում Շուշիի մոտ տեղադրված տանկի հուշարձանը: Հայկական կանոնավոր բանակի ստեղծմանն ու կայացմանը զուգահեռ սկսվեց տանկային ստորաբաժանումների, ուսումնական կենտրոնների ստեղծումը: Զորամասերն աստիճանաբար ապահովվեցին նոր տեխնիկայով, մի մասն էլ, իհարկե, ռազմավար էր: Այստեղ կարելի է հիշել լեգենդար Մոնթեին, որը սաստիկ զայրանում էր, երբ զինվորները խփում-վնասում էին հակառակորդի տանկը՝ հնարավորինս անվնաս բռնագրավելու փոխարեն:
Մինչեւ 1996թ. Տանկիստի օրը մեր զինված ուժերում նշվել է սեպտեմբերի 8-ին: Այս տոնի հետ կապված մի հետաքրքիր պատմություն կա: Մեր թերթի 1996թ. սեպտեմբերյան համարներից մեկում հարցազրույց է տպագրվում այն ժամանակ ՊՆ զրահատանկային ծառայության պետ Մուրադ Իսախանյանի հետ «Սեպտեմբերի 8-ը Տանկիստի օրն է» խորագրի ներքո: Իսկ ուղիղ մեկ ամիս անց տպագրվում է զորամասային նյութ՝ «Հոկտեմբերի 8-ը Տանկիստի օրն է» խորագրով: Պարզվում է՝ սեպտեմբերյան հարցազրույցը տպագրելու օրերին պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանն արդեն հրաման էր ստորագրել Տանկիստի օրը հոկտեմբերի 8-ին նշելու մասին՝ տոնի անցկացման վերաբերյալ Իսախանյանի զեկույցի վրա էլ մակագրելով` նշել հոկտեմբերի 8-ին, սակայն դրա մասին բոլորը տեղեկացել են միայն թերթը տպագրվելուց հետո: Եվ այդ տարի Տանկիստի օրը նշվել է երկու անգամ:

Տանկիստի օրվա առիթով եղանք փոխգնդապետ Ա. Ղազարյանի հրամանատարությամբ գործող զորամասում: Հզոր ռազմական բռունցք, որը հարուստ ավանդույթներով, զգալի հաջողություններ գրանցած զորամաս է։ Գրեթե բոլոր զինվորական շքերթների ժամանակ հիմնականում այս զորամասի տեխնիկան է անցել Հանրապետության հրապարակով` հպարտության եւ հրճվանքի անասելի զգացում պարգեւելով մեր հասարակության բոլոր շերտերին՝ բազմաթիվ պատանիների մեջ արթնացնելով զինվորական դառնալու ձգտում: Հաստատված ավանդույթներն այսօր էլ շարունակվում են, եւ օրերս տանկային հրաձգարաններից մեկում անցկացվեց տանկիստների համաբանակային մրցույթ: Զորամասից ներկայացված էր երկու անձնակազմ, երկուսն էլ գերազանց դրսեւորեցին իրենց: Մեկը գրավեց առաջին, մյուսը՝ երրորդ տեղը: Նման փաստը ինքնին խոսում է զորամասում մարտական պատրաստության բարձր մակարդակի, ուսումնական գործընթացի արդյունավետության մասին: Այս արդյունքը պատահականություն լինել չի կարող: Պայքարը լարված է եղել, մրցակցությունը՝ ուժեղ, բայց անձնակազմերը իրոք մի գլուխ բարձր են եղել մյուսներից: ՀՀ զինված ուժերում լավագույն տանկային անձնակազմ է ճանաչվել Տ-72 տանկի անձնակազմը` տանկի հրամանատար սերժանտ Հրաչիկ Սարգսյանը, մեխանիկ վարորդ կրտսեր սերժանտ Արտակ Մելիքսեթյանը եւ նշանառու օպերատոր շարքային Տարոն Առաքելյանը: Երրորդ տեղն են զբաղեցրել սերժանտ Արտակ Մարգարյանը`տանկի հրամանատար, շարքայիններ Կարապետ Պետրոսյանն ու Մամիկոն Մուրազյանը` նշանառու եւ մեխանիկ-վարորդ: Մինչ այս էլ տղաները գերազանց ծառայության համար խրախուսվել են: Արտակը՝ «Քաջարի մարտիկ», Տարոնը՝ «Լավագույն զինվոր-մարզիկ», իսկ Հրաչիկը՝ «Հայոց բանակի գերազանցիկ» եւ «Քաջարի մարտիկ» կրծքանշաններով:
Հրաչիկի հետ զրուցեցինք մրցույթի մասին: Արդեն տասնչորս ամիս է, ինչ ծառայում է, մինչ այդ ավարտել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, ընդունվել մագիստրատուրա եւ սեփական դիմումի համաձայն զորակոչվել:
-Մրցույթի ընթացքում լուրջ մրցակցություն էր անձնակազմերի միջեւ,- ասաց տանկի հրամանատարը,- հատկապես հրաձգությունից հետո թեժ պայքար ծավալվեց, երբ առանձնացան ընդգծված առաջատարները: Քննություն հանձնեցինք տարբեր առարկաներից` ֆիզիկական, տեխնիկական, շարային պատրաստություն, մարտավարություն, մեքենավարում եւ կրակային պատրաստություն: Բոլոր դեպքերում գնահատվեցինք «գերազանց»: Մարտական հրաձգության ժամանակ առաջին կրակոցին տրված էր տասնհինգ վայրկյան ժամանակ: Մենք առաջին թիրախը խոցեցինք արդեն հինգերորդ վայրկյանին, իսկ յոթերորդ վայրկյանին՝ երկրորդը: Առաջադրանքը կատարեցինք 3 րոպե 10 վայրկյանի փոխարեն 2 րոպե 30 վայրկյում: Այդ օրը դեռ ոչ մեկը «գերազանց» չէր ստացել, առաջինը մենք էինք: Մինչեւ կհասնեինք կայանատեղի, ուրախությունից տանկի մեջ գոռում էինք: Վերջին փորձությունը ժամանակով արգելքների հաղթահարումն էր կոնկրետ կանոնների պահպանմամբ: Պետք է նշեմ, որ երթուղին մեզ համար անծանոթ էր, բայց կարողացանք ճիշտ կողմնորոշվել եւ 45 վայրկյան ավելի շուտ կատարել խնդիրը երկրորդ տեղը գրաված անձնակազմից: Ընդհանուր առմամբ, արդյունքները հաշվարկելիս շուրջ 30 միավորի առավելություն ունեինք: Երեքս էլ շատ էինք ուրախացել, հատկապես հուզիչ էր այն պահը, երբ տանկից դեռ դուրս չեկած, բոլորը վազեցին շնորհավորելու մեզ՝ հրամանատարը, սպաները, զինվորները:
Հրաչի ձեռքբերումներով էին ուրախացել բոլոր հարազատները` հայրը, մայրը, տատիկը, քույրը, բայց երեւի ամենից շատ հուզվել էր նշանածը. չէ՞ որ այսպիսի ընտրյալի մասին կերազի ցանկացած աղջիկ:
Լավագույն տանկային անձնակազմի կոչումը արդեն երկրորդ տարին անընդմեջ բաժին է հասնում զորամասի անձնակազմին` հաստատելով ստորաբաժանումների մարտունակության բարձր աստիճանը: Փոխգնդապետ Ղազարյանը նշեց, որ երրորդ տեղն զբաղեցրած տղաներն էլ հիանալի են պատրաստված, պարզապես մեքենավարման ընթացքում արագ ընթանալիս մի փոքրիկ սխալ թույլ տվեցին, ինչն էլ իջեցրեց նրանց գնահատականը, հավելելով նաեւ, որ, ընդհանուր առմամբ, մրցույթի ընթացքում տղաները որեւէ նոր բան չեն արել, այլ իրենց առօրյա դասընթացների, գործնական վարժանքների ժամանակ սովորածն են ցույց տվել։ Այն ամենը, ինչը նրանք պարտավոր են անել հնարավոր մարտական գործողությունների ժամանակ:
Զորամասի բարձր մարտունակությունն է վկայում այն փաստը, որ վերջերս անցկացված հանկարծակի տեսչական ստուգումների արդյունքում գլխավոր ռազմական տեսչությունը անձնակազմի գործողությունները գնահատել է «լավ»: Անցկացվել են ուսումնական ծրագրով նախատեսված ջոկի, դասակի ներդաշնակումներ, ներկայումս ընթանում են վաշտերի ներդաշնակման պարապմունքներ: Բոլոր ստորաբաժանումները ոգեւորված են իրենց ծառայակից ընկերների գերազանց ելույթով եւ ձգտում են իրենք էլ հաջողության հասնել: Օրերս նաեւ զորամասի կապավորները զորամիավորման մասնագիտական մրցույթում երկրորդ տեղն են զբաղեցրել: Համաբանակային մրցույթի են մեկնել զորամիավորման կազմում լավագույն մարզիկները` կշռաքարեր բարձրացնող կրտսեր սերժանտ Արտյոմ Մնեյանը եւ Մհեր Հակոբյանը եւ ռազմական քառամարտիկ կրտսեր սերժանտ Գեւորգ Դանիելյանը: Զորամասում նրանց հետ նույնպես մեծ հույսեր են կապում:
-Մրցույթն արդեն ավարտվել է, հիմա պետք է մտածենք մեր առօրյա խնդիրների, պարապմունքների մասին: Հաջողությունները հեշտ չեն տրվում, այս զինվորները շուտով կզորացրվեն, ուսուցանելու ենք նորերին: Ունենք ե՛ւ առաջինը լինելու ցանկություն, ե՛ւ բարձրակարգ սպաներ: Այնպես որ՝ ամեն ինչ նորից ենք սկսում՝ հուսով, որ համախմբված աշխատանքը նորից ցանկալի արդյունք կտա,- ասաց զորամասի հրամանատարը:

ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ
Լուս.`ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ

Խորագիր՝ #39 (854) 6.10.2010 – 13.10. 2010, Ազգային բանակ


15/02/2011