ՌՔԿ ԶՈՐՔԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՄԵՆԱԲԱՐԴ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԸ
Հայտնի է, որ քիմիական զենքն առաջին անգամ օգտագործվել է մոտ հարյուր տարի առաջ՝ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։ Դրանից հետո միջազգային կազմակերպությունների եւ առանձին երկրների կողմից մշտապես պայքար է տարվել մարդկանց եւ շրջակա միջավայրի համար մահացու այդ զենքի արտադրության, պահպանման եւ օգտագործման դեմ։ Ռադիացիոն, քիմիական, կենսաբանական զենքերից ապահովագրված չեն ո՛չ զորքերն ու զինվորական ստորաբաժանումները եւ ո՛չ էլ քաղաքացիական բնակչությունը, մանավանդ այսօր, երբ աշխարհում մոլեգնում է ահաբեկչությունը։
Ազգային բանակի ստեղծման հենց սկզբից հետեւողական աշխատանք է տարվում զորամասերը, զինվորական ստորաբաժանումները հակառակորդի ՌՔԿ զենքի հնարավոր օգտագործումից պաշտպանելու ուղղությամբ։ Բոլոր զինվորականներն ունեն իրենց անհատական հակագազերը, իսկ մասնագիտացված ստորաբաժանումներն ապահովված են պաշտպանական եւ աշխատանքային ամբողջական արտահագուստով։ Զորամասերում առկա են օդի մաքրությունը որոշող սարքավորումներ եւ նյութեր, որոնց միջոցով տարբեր իրադրություններում, հատկապես տագնապների ժամանակ, զորամասի հերթապահը կամ ՌՔԿ ծառայության սպան անմիջապես ստուգում է օդի մաքրությունը։ Միաժամանակ ամբողջ բանակում շաբաթվա օրերից մեկը՝ հայտարարված է ՌՔԿ զենքերից պաշտպանվելու օր, որի ընթացքում անցկացվում են տեսական ու գործնական պարապմունքներ, հղկվում, կատարելագործվում է պաշտպանական միջոցներից օգտվելու՝ զինծառայողների հմտությունը։
Զինված ուժերն ունեն ՌՔԿ զենքերի օգտագործման հետեւանքների վերացման մասնագիտական զորամասեր, որոնք, բնականաբար սպառազինված են անհրաժեշտ տեխնիկայով եւ ի վիճակի են կատարելու առավել բարդ առաջադրանքներ։ Առաջատարը փոխգնդապետ Մհեր Վարդանյանի հրամանատարությամբ գործող զորամասն է, որի հետ հաջողությամբ են համագործակցում եւ մրցակցում զորատեսակի այլ զորամասերը։ Ավանդաբար զորամասերը միասին ճամբարային հավաք են անցկացնում մարշալ Հ. Բաղրամյանի անվան ուսումնական կենտրոնում, որտեղ պարապմունքներից, մարտավարական մարզումներ կատարելուց բացի, անցկացվում են նաեւ մասնագիտական եւ մարզական մրցումներ։ Այս տարվա ճամբարային հավաքն առանձնացավ նրանով, որ նույն ժամանակահատվածում տեղի էր ունենում ՆԱՏՕ-ի «Արմենիա-2010» զորավարժությունը, որին մասնակցում էր 29 երկրի եւ միջազգային չորս կազմակերպության փրկարարական ծառայություն։ Մեր երկրի արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարների կազմում էին նաեւ փոխգնդապետ Մհեր Վարդանյանի հրամանատարությամբ գործող զորամասի առանձին ստորաբաժանումներ։
-Զորավարժությանը մեր զորամասից մասնակցում էին ռադիացիոն, քիմիական հետախուզության վաշտի քիմիկոս-հետախույզները,- զրույցի ժամանակ ասաց փոխգնդապետ Մ. Վարդանյանը։ -Մեր ստորաբաժանումների գործողությունը ղեկավարում էր ՌՔԿ վարչության պետի տեղակալ գնդապետ Ս. Հովհաննիսյանը։ Մերոնք հետախուզություն կատարելով, բացահայտել են վարակված տարածքը եւ կատարել հատուկ մշակում։ Առաջադրանքն ամբողջությամբ կատարվել է բարձր մակարդակով, ինչի համար էլ զորավարժության ղեկավարը եւ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը մեր զինծառայողներին արժանացրին խրախուսական պարգեւների։
Անդրադառնալով ճամբարային հավաքին, փոխգնդապետ Վարդանյանն ասաց.
-Դաշտային պարապմունքները շատ կարեւոր են ինչպես մեր, այնպես էլ համակարգի զորամասերի համար։ Այստեղ մենք հիմնական շեշտը դնում ենք գործնական աշխատանքի վրա եւ ճշտում ստորաբաժանումների մարտական պատրաստության աստիճանը։ Այս անգամ էլ հավաքի օրերին անցկացվեցին մասնագիտական մրցումներ, մարզական խաղեր։ Հավաքի ղեկավարը վարչության պետ գնդապետ Սարգիս Արզումանյանն էր, եւ հենց նրա որոշմամբ լավագույն ստորաբաժանում ճանաչվեց մեր զորամասի ուսումնական վաշտը։ Ինչպես հայտնի է, մենք այս վաշտում կրտսեր հրամանատարներ ենք պատրաստում մյուս զորամասերի համար։ Այս փուլի կուրսանտներն առանձնանում են իրենց կազմակերպվածությամբ եւ սովորելու մեծ ցանկությամբ։ Ի դեպ, ստորաբաժանումների հրամանատարների միջեւ լավագույնը ճանաչվեց ուսումնական դասակի հրամանատար կապիտան Յ. Դանելյանը։ Լավագույն ջոկի կոչմանն արժանացավ ուսումնականի ռադիացիոն, քիմիական հետախուզության առաջին ջոկը։ Վազքի մրցումներում հաղթող դարձավ կուրսանտ Ժիրայր Գամրոյանը։ Մյուս զորամասերի զինծառայողները նույնպես մրցանակներ շահեցին, իսկ ճամբարային հավաքն ավարտվեց զորավարժությամբ։
Նշենք, որ փոխգնդապետ Մ. Վարդանյանը նշանակվել է զորամասի հրամանատար, այս ընթացքում նա իր գլխավոր ձեռքբերումը համարում է ծառայողական կարգապահության ամրապնդումը եւ ռազմական ուսուցման որակի բարձրացումը։ Դեռեւս ուսումնական տարվա սկզբից ամբողջովին կատարվել են ծրագրային առաջադրանքները։ Զորամասի առանձին ստորաբաժանումներ տարբեր զորամասերի կազմում մասնակցել են զորավարժությունների։ Ինչպես նշեց հրամանատարը, այժմ էլ հաշվարկներից մեկը ավագ լեյտենանտ Էրիկ Մուրադովի ղեկավարությամբ մասնակցում է խաղաղապահ բրիգադի կազմակերպած զորավարժությանը։
-Այս ուսումնական տարվա ընթացքում զորամասում եղել է մի քանի հանկարծակի ստուգում, որի արդյունքում էական թերություններ չեն արձանագրվել։ Ճամբարային հավաքի ժամանակ տեղի ունեցած ստուգումներից հետո հանձնախմբի անդամներից շատերը դրվատանքի խոսքեր ասացին զորամասի մասին եւ սպաներին կոչ արեցին ծառայությունը շարունակել նույն ոգով,- ասաց փոխգնդապետ Մ. Վարդանյանը։ Նա ավելացրեց, որ զորամասում շատ են կարեւորվում նաեւ համազորային առարկաները։ Հրամանատարը նշեց, որ մասնագիտական տոնը ձեռքբերումներով են դիմավորում վաշտի հրամանատար ավագ լեյտենանտ Ա. Աբգարյանը, մայոր Խ. Գաբրիելյանը, մայոր Մ. Մարգարյանը, անձնակազմի հետ տարվող աշխատանքի գծով հրամանատարի տեղակալ մայոր Է. Շիրինյանը եւ շատ ուրիշներ։
***
Զորամասի տարածքում առանձնացված ուսումնական կետում տեղի են ունենում գործնական պարապմունքներ։ Ուսումնական դասակի հրամանատար կապիտան Յ. Դանելյանը պարզաբանեց, որ պարապմունքի առարկան է՝ պաշտպանություն զանգվածային խոցման զենքից, թեման՝ անհատական պաշտպանական միջոցները հագնելը։ Այստեղ կարեւորվում է արագությունը։ Ուսումնական դասակի կուրսանտներ Սուրեն Պապոյանը, Գեւորգ Քոթանջյանը, Լադիկ Մուրադյանը, Արտաշես Սաղաթելյանը, Նժդեհ Հովհաննիսյանը եւ Մուշեղ Թորոսյանը ցույց տվեցին «գերազանց» արդյունք, արտահագուստը հագնելով երեք րոպե 30 վայրկյանում։ Այնուհետեւ մարտավարամասնագիտական պատրաստությունից կուրսանտները ցուցադրեցին զորքերի տեղաշարժը ծխաքողարկման վիճակում։ Մեր ընտրությամբ նրանցից մեկին՝ Սուրեն Պապոյանին, դասակի հրամանատարը հանձնարարեց ներկայացնել ծխաքողարկման միջոցներն ու ձեւերը։
-Այժմ մենք ցուցադրեցինք ծխաքողարկում զինվորական փոքր ստորաբաժանման՝ ջոկի համար։ Օգտագործվեցին ծխագլանակներ, սակայն կան ավելի մեծաքանակ ստորաբաժանումների՝ վաշտի, գումարտակի, զորամասի համար նախատեսված քողարկումներ։ Նման ծխաքողարկումները կատարվում են հատուկ սարքավորումների եւ մեքենաների միջոցով, պատերազմների եւ մեծ զորավարժությունների ժամանակ,- պարզաբանեց կուրսանտ Ս. Պապյանը։
Զորամասի մշտական անձնակազմի լավագույն ստորաբաժանումը ավագ լեյտենանտ Ա. Աբգարյանի հրամանատարությամբ գործող վաշտն է։ ՌՔԿ եւ հատուկ մշակման դասակներն առաջադրանքը կատարում են մասնագիտական տեխնիկայի միջոցով։ Մարտական քիմիական հետախուզման մեքենան ունի հետախուզության տարբեր միջոցներ։ Այն որոշում է վարակված տարածությունը եւ այդ մասին ազդարարում զորքերին։ Ազդարարումը կատարվում է ոչ միայն կապի, այլեւ մեքենայի կողմից տեղանքը փոքրիկ դրոշներով շրջափակելու միջոցով։ Հետախուզումից, օգտագործված քիմիական զենքի տեսակի ճշտումից հետո հատուկ մշակման դասակի ուժերով կատարվում են ախտահանման աշխատանքներ։ Այս դասակի հրամանատար ավագ լեյտենանտ Ռ. Փնջոյանը ներկայանալով ասաց, որ պարապմունքի թեման մասնագիտական առարկայից է եւ ընդգրկում է սպառազինության ու ռազմական տեխնիկայի գազազերծող-ախտահանող եւ ապաակտիվացնող միջոցները։ Հատուկ մշակման դասակի առաջադրանքները հիմնականում կատարվում են ԱՐՍ-14-ի միջոցով։ Իսկ թե այն ինչպես է կատարվում, պարզաբանեցին կրտսեր սերժանտ Արմեն Թումանյանը, որին էլ միացան շարքայիններ Արտաշես Հովհաննիսյանը, Հայկ Գեւորգյանը, Խաչիկ Եգանյանը, Պավել Նովիկովը, Հայկ Խլղաթյանը եւ Արեն Մաճկալյանը։ Տղաները մասնակցել են «Արմենիա 2010» զորավարությանը, աչքի ընկել եւ արժանացել տարբեր պարգեւների։ Իսկ հաշվարկներից մեկը՝ կրտսեր սերժանտ Ավետիք Ենոքյանը, քիմիկոս-վարորդ շարքային Արմեն Ղազախեցյանը եւ քիմիկոս-ախտահանող շարքային Իշխան Նազարյանը կատարեցին ԱՐՍ-14-ի բացազատում, որի միջոցով գազազերծվելու էր հետախուզում կատարած մեքենան։ Բացազատումը հինգ րոպեում կատարելու դեպքում հաշվարկն ստանում է «գերազանց» գնահատական, սակայն հաշվարկը առաջադրանքը կատարեց չորս րոպեում։
***
Կասկածից վեր է, որ զորամասի հաջողությունն ապահովում են համապատասխան մասնագիտական կրթություն ստացած երիտասարդ սպաներ, ավագ լեյտենանտ Ա. Աբգարյանը, կապիտան Յ. Դանելյանը, ավագ լեյտենանտ Ռ. Փնջոյանը եւ ուրիշներ։ Երիտասարդները գիտեն, որ մրցակցությունը քիմիական զորքերում ուժեղ է, եւ ձգտում են չսխալվել։ Ասենք, որ բոլոր երիտասարդ սպաներն էլ սովորել են Ռուսաստանի Դաշնության բարձրագույն քիմիական ռազմական ակադեմիայում, քաջատեղյակ են զորատեսակի զարգացման միտումներին։ Նրանք կարողանում են զինվորների հետ ճիշտ աշխատել, իրենց գիտելիքներն արդյունավետ փոխանցել նրանց։ Նկատելի է նաեւ, որ զորամասում գնահատվում, խրախուսվում է բարեխիղճ ծառայությունը։
Գովեստի շատ խոսքեր լսեցինք Պավել Նովիկովի մասին։ Վերջինս Լոռվա մարզի Ֆիալետովո գյուղից է, զորակոչվել է մեկուկես տարի առաջ, անցած տարի մասնակցել է ճամբարային հավաքին, իսկ այս տարի՝ «Արմենիա-2010» զորավարժությանը։ Շարքային Պ. Նովիկովը պարգեւատրվել է «Հայոց բանակի գերազանցիկ» կրծքանշանով։
Շարքային Արսեն Թորոսյանը Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղից է։ Նա ծառայում է հետախուզական դասակում, մասնակցել է փրկարարական զորավարժությանը, պարգեւատրվել է «Հայոց բանակի գերազանցիկ» եւ «Լավագույն զինվոր-մարզիկ» կրծքանշաններով։ Հաշվարկի հրամանատար կրտսեր սերժանտ Արմեն Թումանյանը դսեղցի է, բանակ է եկել Հայկական պետական ճարտարագիտական համալսարանի Վանաձորի մասնաճյուղն ավարտելուց հետո։ Նա նույնպես «Արմենիա-2010»-ի մասնակից է։ Նրա հաշվարկը դաշտային պարապմունքների ժամանակ ճանաչվել է լավագույնը։
Շարքային Սասուն Խաչատրյանը նույնպես զորավարժության մասնակից է։ «Հայոց բանակի գերազանցիկ» եւ «Քաջարի մարտիկ» կրծքանշանները նա վաստակել է բարեխիղճ ծառայությամբ։
Շարքային Արամ Խաչատրյանը քիմիկոս-վարորդ է, պարգեւատրվել է զինվորական երեք կրծքանշաններով։ Գյումրեցի երիտասարդն այս աշնանը զորացրվելու է։ Ծառայության քսաներկու ամիսների ընթացքում նա բազմիցս է գործուղվել այլ զորամասեր, մասնակցել մարզումների, զորավարժությունների, իսկ վերջին փորձությունը «Արմենիա-2010»-ն էր, որի ժամանակ նա իրեն դարձյալ լավագույնս դրսեւորեց։
Տաշիրցի Հովիկ Հազոյանը նույնպես լավագույններից է։ Հետախուզական դասակի զինվորը Երեւանի պետական համալսարանի արեւելագիտության ֆակուլտետի ուսանող է, մասնակցել է ՆԱՏՕ-ի փրկարարական զորավարժությանը՝ նպաստելով մեր երկրի հեղինակության բարձրացմանը։
ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
փոխգնդապետ
Լուս.՝ ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
կապիտան