Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՄ ԸՆԿԵՐՈՋ ՄԱՍԻՆ



Ես չգիտեի, որ Մյասնիկին հարազատները և մտերիմները Միրո են ասում։ Նրա հետ ծանոթացել էի Երևանի անասնաբուժական-անասնաբուծական ինստիտուտում սովորելու տարիներին։ Մեր ծանոթությունը ընկերության վերածվեց քիչ ավելի ուշ, երբ պարզեցինք, որ երկուսիս երակներում էլ մշեցու արյուն է հոսում։

Առաջին կուրսն ավարտելուց հետո զորակոչվեցինք խորհրդային բանակ՝ ժամկետային ծառայության։ Ճակատագիրը համառորեն մեզ մոտեցնում, հարազատացնում էր… Երկու համակուրսեցի ընկեր հայտնվեցինք հեռավոր Պրիմորիեի երկրամասի ուսումնական զորամասերից մեկում։ Այստեղ է, որ ես բացահայտեցի իմ ընկերոջ բնավորության մինչ այդ ինձ անծանոթ նոր գծեր՝ անսահման սերը ռազմական տեխնիկայի և պոեզիայի հանդեպ։

Ես ՀՄՄ-ի (հետևակի մարտական մեքենա) օպերատոր-նշանառու էի, իսկ Միրոն՝ մեխանիկ-վարորդ։ Այսինքն՝ մենք նույն անձնակազմի անդամ էինք։ Տեսնել էր պետք, թե ինչ սիրով ու բծախնդրությամբ էր նա վերաբերվում մեր ՀՄՄ-ին։ Նա ուզում էր ամեն ինչ իմանալ տեխնիկայի կառուցվածքի մասին, թողնեին՝ ամբողջությամբ, դետալ առ դետալ կքանդեր-կհավաքեր ռազմական այդ մեքենան, որպեսզի իր համար անհայտ բան չմնար։ Եվ հենց մեքենավարման փայլուն իմացության և հրաշալի կատարողականության շնորհիվ մեր անձնակազմը առաջին իսկ զորավարժության ժամանակ գերազանց գնահատական ստացավ ու արժանացավ հրամանատարության գովեստին ու պատվոգրին… Նա շուտով դարձավ հրամանատարության սիրելին և, որպես այդ սիրո արտահայտություն, Մյասնիկին տեղափոխեցին գնդի հիմնական մեխանիկ-վարորդների վաշտ։ Ի դեպ, այդ վաշտում միայն սլավոնական ծագման զինվորներ էին, և միակ «օտարը» իմ ընկերն էր՝ Մյասնիկ Գասպարյանը։ Շատ ժամանակ պետք չեկավ, որ այս վաշտում էլ նա դառնա սիրելի զինվոր ու փնտրված մասնագետ։ Նա հետզհետե բարձրանում էր, և հենց այդ առաջխաղացումն էլ պատճառ դարձավ, որ մենք իրարից բաժանվենք։ Նա մնաց վաշտում, իսկ ինձ տեղափոխեցին բոլորովին ուրիշ զորամաս…

Մեր մյուս հանդիպումը տեղի ունեցավ 1988 թվականին՝ ծառայությունից հետո, և այդ հանդիպումը մենք նշեցինք երկուսով՝ ընկերովի։

1990 թվականի գարնանը Մյասնիկն ինձ ասաց, որ որոշել է ուսումը կիսատ թողնել ու մեկնել Արցախ։ Եվ նրա այդ որոշումն ինձ բոլորովին էլ չզարմացրեց. ես նրան արդեն շատ լավ գիտեի։ Գնաց անդամագրվեց «Սասունցի Դավիթ» աշխարհազորային ջոկատին ու մեկնեց իրականացնելու իր պապերի երազանքը…

Ես այլևս նրան չտեսա…

Մյասնիկի՝ իմ սիրելի Միրոյի զոհվելու մասին ես շատ ուշ իմացա՝ 1995 թվականին, մինչդեռ նա ընկել էր 92-ի նոյեմբերին` Ճարտար գյուղի պաշտպանական մարտերում։

Տարիներ են անցել, բայց հիմա էլ, երբ ամեն անգամ Արցախ եմ մեկնում, թվում է՝ ամեն ծառ ու թուփ, ամեն քերծ ու քար ինձ է նայում իմ սիրելի ընկերոջ աչքերով… Եվ Արցախի հողը ավելի է սրբանում ինձ համար… Եվ ամեն անգամ ես հիշում եմ նրա բանաստեղծություններից մի քառյակ, որ դաջվել-մնացել է հիշողությանս մեջ.

Հողիս համար թող ես կռվեմ, թող ես զոհվեմ,

Մայր իմ, երբեք դու չտխրես, հպարտ մնա,

Ռազմադաշտում ո՞վ է ասում՝ վերջին զոհն եմ,

Ես՝ մշեցիս, Արցախում պիտ անմահանամ։

ԱՐՏԵՄ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
գ. Ջրաշեն

Խորագիր՝ #27 (943) 12.07.2012 – 18.07.2012, Ճակատագրեր


18/07/2012