ՎԵՐԸՆՁՅՈՒՂՈՒՄ
Ակնարկի հերոսները Չարդախլուից են, 1988-ի բռնագաղթի արհավիրքի միջով անցած մարդիկ։ Բնակություն հաստատելով Հայաստանում, նրանք շարունակում են տքնաջան աշխատանքով բարիք արարել՝ պահպանելով իրենց հետ բերած նիստուկացն ու սովորույթները։ Նրանց որդիները ազգային բանակում են ծառայում՝ իրենց հայրենասիրական պարտքը կատարելով, հավատարիմ մնալով հաղթանակներով հռչակված պապերի ու հայրերի մարտական ավանդույթներին։
Կամոն բնիկ չարդախլվեցի է։ 1988-ի բռնագաղթից հետո Կիսլովոդսկում է բնակվում ընտանիքով։ Հաճախ է գալիս Հայաստան՝ հարազատներին տեսակցության։ Հայրենիք, հայրենի հող, ծննդավայր. այս հասկացությունները Կամոյի համար բարձրագույն արժեքներ են, որ հորից է ժառանգել. Սմբատ Ավագյանը նահապետական առաքինությունները սրբությամբ պահպանող ընտանիքի զավակ է եղել։ Եվ ահա այդ մարդը օրերով, շաբաթներով պրպտել է արխիվները, շրջել բարեկամների, ազգականների դռները, մանրամասն տեղեկություններ հավաքել իր տոհմի մասին՝ լուսանկարներով ու կենսագրական տվյալներով, կազմել հուշամատյան և պատգամել զավակներին, որ այն իր մահից հետո պահպանեն որպես սուրբ մասունք, որ իր թոռներն ու ծոռներն իմանան, որ տոհմածառի արմատի զորության մեջ է ընտանիքի, գերդաստանի, տոհմի հարատևության գաղտնիքը։
Եվ ահա Կամոյի հետ գնում ենք Այգուտ. Գեղարքունիքի մարզի գյուղերից է։ Աշնանային պարզ, արևոտ օր է։ Ամբողջ ճանապարհին մտքով ծննդավայր ու հայրենի տուն կորցրած իմ հայրենակիցների հետ էի…
…Կամոն մեքենան արգելակում է գյուղի թաղամասերից մեկի տան դարպասի մոտ։ Պողոսյանների տունն է։ Նախկին չարդախլվեցիներ են։ Այգուտում Չարդախլուից տեղահանված 200 ընտանիք է ապրում։ Եկել, բնավորվել այս լեռների փեշերին ու դարձել են գյուղ։
86 տարեկան է տանտերը՝ Մուշեղ Պողոսյանը։ Երկար տարիներ Չարդախլուի գյուղսովետի նախագահն է եղել։ Ու պատմում է, որ 1960-ական թվերին Չարդախլուում 1300 տնտեսություն կար.
-Գյուղում ամենաշատ երեխաներ ունեցող ընտանիքը Ղահրման Քոչարյանի ընտանիքն էր։ Կնոջ անունը Թագուհի էր։ Նրանք 14 երեխա են ունեցել՝ 9 տղա, 5 աղջիկ։ Որդիները բոլորն էլ մասնակցել են Հայրենական մեծ պատերազմին։ Ղահրմանը 101 տարի ապրեց։ -Ապա իրենց տոհմի մասին սկսեց պատմել ու մեկ էլ լռեց… Հասկանում էի Մուշեղ պապին. մտքով հայրենի գյուղում թողած իր հիշատակների հետ էր… Հետո թե.
-«Գարդմանի կանչ» թերթում մեր գյուղի լուսանկարը տեսա, ի՜նչ գյուղ էր… Ուրիշ է մեր աղբյուրների ջրի համը, մեր դաշտերի ծաղիկների հոտը,- ու ելավ տեղից, գնաց թերթը բերեց, ցույց տվեց։ Լուսանկարում Չարդախլուն ասես թևերը բացած արծիվ լինի, ասես, ուր որ է, կշառաչեն այդ թևերը, կպոկվեն լեռներից ու կսավառնեն երկնքում։ Ճերմակ ամպեր են լուսանկարում, ցածում՝ դաշտեր, հովիտներ, այգիներ արևալույսի մեջ։ Հայկական սքանչելի բնաշխարհ։
-Ամեն օր նայում ենք այս լուսանկարներին ու լաց ենք լինում,- Մուշեղ պապի կինն է՝ Ռոզա Խաչատրյանը։
Չարդախլուն Ռոզա մայրիկի ծննդավայրն է։ 44 տարի ուսուցչուհի է աշխատել հայրենի գյուղի միջնակարգ դպրոցում, այն դպրոցում, ուր մարշալ Համազասպ Բաբաջանյանն է սովորել։
Ռոզա մայրիկը պատմեց 1988-ի օրերի մասին. թե ինչպես չէր բավականացնում սննդամթերքն ու դեղորայքը։ Բայց մարդիկ դիմանում էին՝ լավ օրերի սպասումով։
Նոյեմբերին սրվում է իրադրությունը։ Ռազմական հենակետերի վերածված Հաջալլար, Զողալլու, Խարխառ և Շեյիդլար բնակավայրերից ադրբեջանցիները գիշեր-ցերեկ գնդակոծում են Չարդախլուն և մոտակա Բարում, Բարսում, Աթաբեկ, Մարտունի, Բադա հայաբնակ գյուղերը՝ կրակի տակ պահելով այդ բնակավայրերն իրար հետ կապող ճանապարհները։
-Այդ օրերին Չարդախլուի յուրաքանչյուր բնակիչ դիրքապահ էր, նույնիսկ 15-16 տարեկան պատանիները։ Գյուղի ինքնապաշտպանությանը մասնակցում էին նաև կանայք. հաց էին թխում մարտիկների համար, խրամատներ փորում, անում էին այն, ինչ կարող էին,- վերհիշում է Ռոզա մայրիկը։
Չարդախլուի կանայք… Երբ ծառանում է կանանց, երեխաների ու ծերերի տարհանման հարցը, կանայք համառում են. «Մենք չենք թողնի գյուղը, ոչ մի տեղ էլ չենք գնա, կմնանք մեր տներում»։ Ու մնացին ու դիմացան որքան հնարավոր էր…
…Ավա՜ղ, Հայաստանի և Արցախի հետ ընդհանուր սահմանների բացակայության պայմաններում չորս կողմից պաշարման մեջ գտնվող Չարդախլուն փրկել չհաջողվեց։
Ռոզա Խաչատրյանը վերջին հայ կինն էր, որ թողեց գյուղն ու հեռացավ՝ զոհված կեսրայրի երկփողանի հրացանը ձեռքին։
Ռոզա մայրիկը երբեք չի մոռանա հայրենի գյուղը և գյուղի քաջարի պաշտպաններին։ Այդ քաջերից մեկը՝ Կամոն, հիմա կանգնած է նրա առջև, որ ճակատագրի բերումով ողջ է մնացել։ Եվ ահա 24 տարի անց հանդիպել ու միասին պայքարի ու հերոսության այդ օրերն էին վերհիշում։ Նա մայրական անհուն սիրով ու գորովանքով էր նայում Կամոյին։ Մոր և զավակի սրտառուչ հանդիպում էր դա։
♦♦♦
Սարգսյանների տանն ենք։ Բնիկ չարդախլվեցիներ են, Երևանում են ապրում։ Չորս զավակների հայր է 87-ամյա Նիկոլայ Սարգսյանը, 11 թոռան պապ։ Շուրջ 40 տարի Չարդախլուի կոլտնտեսության գլխավոր հաշվապահն է եղել։ Կուսակցության Շամխորի շրջկոմում ատելությամբ էին լցված նրա հանդեպ. իրենց մարդը չէր։ Սակայն Նիկոլայ Սարգսյանը չի կոտրվել, մնացել է աներեր, ժայռի նման ամուր կանգնած։
-Մեր տունը գյուղի ծայրին էր։ Եվ ահա պիտի թողնեինք, ոչինչ չէինք կարող անել, օղակը սեղմվում էր։ Շրջանի 12 հայաբնակ գյուղեր արդեն դատարկվել էին։ Գիշեր էր, տները թաղված էին խավարի մեջ, երբ ռուս զինվորների օգնությամբ դուրս եկանք գյուղից,- պատմում է Նիկոլայ Սարգսյանը։
Շրջափակման ծանր օրերին նա գիշերները չի քնել, իր երկհարկանի տան նկուղներից մեկը դարձրել է արհեստանոց, ինքնաշեն զենքեր պատրաստել՝ պայթուցիչներ, նռնակներ։ Եվ նրա՝ հին զինագործի պատրաստած ինքնաշեն զենքերով գյուղը պաշտպանվել է։
Նիկոլայ Սարգսյանի որդիներից Վալերին հրաշալի գիտե իրենց գյուղի պատմական անցյալը։
Նա պատմեց, որ գյուղի ամենաբարձր լեռան գագաթին խաչքար է եղել։ Սահակ Սևադայի ժամանակաշրջանից պահպանվող եզակի հուշարձաններից էր խաչքարը։ Լեռան անվանումը այդ խաչքարի հետ է կապված՝ Խաչ սար, որի փեշերին գյուղն է ծվարել։
Պատմական վավերագրերը վկայում են, որ 1917 թվին չարդախլվեցիները Խաչ սարի գագաթին զանգ էին տեղադրել։ 25 փթանոց վիթխարի զանգը ձիերով են բարձրացրել լեռան գագաթը և ամրացրել սյուների վրա։ Պահակներ են կարգել այնտեղ։ Վտանգի դեպքում զիլ ղողանջել է զանգը։ Նրա ղողանջները ծավալվել, հասել են մոտակա հայաբնակ գյուղերը և տեղեկացրել թուրքերի հարձակումների մասին։ Հայրենական մեծ պատերազմի նախօրեին կառավարության որոշմամբ զանգը հանել են, ձուլել և թնդանոթներ են պատրաստել։
Խաչ սարն ու նրա գագաթի խաչքարը Վալերի Սարգսյանի տանը պահպանվող լուսանկարներում եմ տեսել։
62 տարեկան է Վալերին։ Չարդախլուում է ծնվել։ Այնտեղ է ավարտել միջնակարգը, ապա՝ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 50 գիտական աշխատության հեղինակ է, տեխնիկական գիտությունների թեկնածու։ Երբ սկսվեց Արցախյան պատերազմը, Վալերին մայրաքաղաքի պոլիտեխնիկական ինստիտուտում էր աշխատում, գիտահետազոտական լաբորատորիայի վարիչն էր։ Ընդգրկվեց գյուղի կամավորական ջոկատում, որի շարքերում հայրն էր կռվում…
…Չարդախլուի զավակները… Մադաթովի զորքերում են կռվել նրանք 1826 թվականին Անդրկովկաս ներխուժած Աբբաս Միրզայի բազմահազարանոց զորքերի դեմ… Նրանք Գեորգիևյան «Ոսկե խաչի» ասպետներ են եղել…
Դարձյալ պատմական վավերագրերն են վկայում, որ Չարդախլուի այրերը կամավոր զինվորագրվելով հայրենիքին, գնացել, համալրել են Անդրանիկ զորավարի բանակի շարքերը. մասնակցել Սասունի ինքնապաշտպանական մարտերին։
Չարդախլվեցիների ռազմական տաղանդն իր ամբողջ զորությամբ փայլեց հատկապես Մեծ հայրենականի տարիներին. գյուղը 1254 զինվոր է տվել հայրենիքին, նրանցից 253-ը հրամանատարներ են եղել. Խորհրդային Միության կրկնակի հերոս Հովհաննես Բաղրամյան, Խորհրդային Միության հերոս, զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյան, գեներալ-մայոր Գուրգեն Մանասյան, դիվիզիայի հրամանատար, գնդապետ Սմբատ Դանիելյան…
Չարդախլուի դուստրերը… Երբեք չեն մոռացվի Հայրենական մեծ պատերազմի տարիների նրանց սխրանքը։ Կապավորներ ու դիպուկահարներ են եղել նրանք, հետախույզներ ու բժիշկներ։ Նվարդ Վարդանյան, Զինա Մարտիրոսյան, Թամարա Բաղրամյան, Մարուսյա Վիրաբյան… Նրանք իրենց հայրերի աննկուն ոգին են տարել Բեռլին, արժանի եղել նրանց մարտական փառքին։
Չարդախլուն քաջերի ու խիզախների հող է։ Այդ քաջերից շատերը մասնակցել են նաև Արցախյան պատերազմին. գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսով, գնդապետ Ռաֆայել Հովհաննիսյան, գնդապետ Վագիֆ Համբարձումյան… Նրանք խորհրդային զինված ուժերում էին ծառայում, բայց թողեցին, եկան հայրենիքը պաշտպանելու, իրենց կորովն ու նվիրումը դնելու ազգային բանակի ստեղծման սուրբ գործի մեջ։
♦♦♦
Հանդիպումների ժամանակ չարդախլվեցիներն ինձ ցույց էին տալիս պատերազմական օրերի լուսանկարներ. ադրբեջանցի հրոսակների արյունոտ ձեռքով կործանվելու սարսափից բեռնատարների թափքերում կծիկ դարձած ծերեր են, երեխաներ։ Այդ լուսանկարները Յուրա Ավագյանի տանն եմ տեսել։
Այդ օրը Յուրայենց տանը մի տեսահոլովակ դիտեցինք. վավերագրական ֆիլմ է Չարդախլուի դարավոր անցյալի, նրա պատմական հուշարձանների, 1988-ի բռնագաղթի մասին։ Ֆիլմում իր խոսքն է ասում նաև Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը։ Ես վաղուց գիտեի, որ Չարդախլուն է Սրբազանի ծննդավայրը։ Եվ ահա նա պատմում է Խաչի սարի խաչքար-հուշարձանի ճակատագրի մասին. պարզվում է, որ այդ խաչքարը Հայաստան բերելու նվիրական տենչը 1989-ին Կամո Ավագյանին տանում է իր հայրենի լեռները։ Նա իր մարտական ընկերների հետ բարձրացել, հասել է լեռան գագաթը ու տեսել վանդալների ձեռքով ջարդված խաչքարը։ Կտորները գյուղ են հասցրել, այնտեղից էլ՝ Հայաստան։
…Արդեն 23 տարի է՝ ուխտատեղի է դարձել Տավուշի մարզի Զորական գյուղի բարձունքներից մեկը. հայրենի լեռներից Կամոյի ու նրա զինակիցների բերած խաչքարի մասունքներն այնտեղ են իրենց հավիտենական հանգիստը գտել։
ՍԵՐԺ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Խորագիր՝ #28 (944) 19.07.2012 – 25.07.2012, Ճակատագրեր