Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆՐԱՆՑ ՇՆՈՐՀԻՎ ԵՐԿԻՐՆ ԱՊՐՈՒՄ Է ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ



Ամեն անգամ պատմական Ուտիք այցելելիս ինձ պարուրում է չտեսնված, աննկարագրելի ոգևորություն։ Այստեղ գտնվելու ամեն մի օրը հոգիս լցնում է լույսով ու ջերմությամբ։ Այս անկրկնելի գեղեցիկ բնության մեջ, այս դրախտային երկրում ապրում և արարում է պարզ ու շիտակ, աշխատասեր ու հերոսական մի ժողովուրդ։

Մինչև «հրադադարը», այս տարածքի տասնյոթ բնակավայրերից տասնվեցը մշտապես ապրել են հրետակոծության սարսափը։ Ինչու եմ հրադադար բառը չակերտների մեջ առել, որովհետև անգամ հաստատված հրադադարի տարիներին էլ ադրբեջանական կողմը ամենատարբեր զինատեսակներից արձակած կրակոցներով մշտապես խախտել է հրադադարի ռեժիմը՝ բնակչությանը մշտապես պահելով լարվածության և անհանգստության մեջ։ Ներքին Կարմիրաղբյուր, Պառավաքար, Այգեպար, Մովսես, Չինարի, Այգեձոր գյուղերում ինչպես այն տարիներին, այսօր էլ մարդիկ ոչ մի օր չեն լուսացնում առանց կրակոցների։ Բայց, ի հեճուկս հոգեմաշ ու դժնդակ վիճակի, այս գյուղերի բնակչությունը լուռ համբերատարությամբ իր բան ու գործին է… Տավուշցին այսօր ունի նաև ուրախանալու առիթ. շրջանում ամբողջ թափով կառուցվում և ասֆալտապատվում են գյուղամիջյան ճանապարհները, հաղորդակցությունը գյուղերի, կենտրոնի միջև չի դադարում ոչ մի օր։ Այդուհանդերձ, սահմանային գյուղերում նկատվում են նաև լքյալ տներ։ Եվ զրուցակիցներս ինձ վստահեցնում էին, որ մարդիկ իրենց ծննդավայրից հեռանում են ոչ այնքան կրակոցների, որքան իրենցից գանձվող հողահարկի ու ոռոգման ջրի վարձի պատճառով։

-Սահմանամերձ գյուղերին պետք է հատուկ կարգավիճակ տան, վերացնեն ոռոգման ջրի վարձն ու հողահարկը, նվազեցնեն էլեկտրաէներգիայի սակագների արժեքը։ Եթե մեր կառավարությունը լուծի այս խնդիրները, վստահեցնում ենք՝ գյուղերից հեռացողներ չեն լինի, և, որ ամենակարևորն է, երիտասարդները կմնան տեղում։-Շեշտում էին զրուցակիցներս:

Պայմանագրային գումարտակի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, մայոր Կարեն Խաչատրյանի ուղեկցությամբ շարժվում ենք առաջնագիծ։ Ճանապարհը վտանգավոր է, տեղ-տեղ հակառակորդի նշանառության տակ, իսկ առավել վտանգավոր հատվածները պաշտպանված են հողաթմբերով։ Հակառակորդի հենակետերի մոտիկությունը մշտապես լարվածության մեջ է պահում այս ճանապարհից օգտվող զինվորականներին ու բնակչությանը։ Եվ ապրիլի 26-ի լույս 27-ի առավոտյան հենց այս ճանապարհահատվածներից մեկում էր թշնամին դարանակալել մեր երեք երիտասարդներին… Ենթադրվում է, որ հակառակորդը մտադրություն է ունեցել հենակետ գրավելու, սակայն դա նրանց չի հաջողվել մեր դիրքապահների աչալրջության ու զգոնության շնորհիվ։ Եվ նրանք կարողացել են դարանակալել ու սպանել ճանապարհով տուն վերադարձող անզեն մարդկանց։

Սահմանը երբեք էլ անվտանգ չի եղել, այսօր առավել ևս։ Նույնիսկ ամենապաշտպանված սահմանը այսօր հարյուր տոկոսով անվտանգ չի կարող լինել, հենց միայն բարդ ռելիեֆային պայմաններից ելնելով։

Հուսալի ու ճիշտ կազմակերպված պաշտպանական համակարգը նվազեցնում է դիվերսիոն գործողությունների հնարավորությունը։

-Այս վերջին դեպքերից հետո կրկնապատկել ենք թե՛ հենակետերի քանակը և թե՛ մարտական հերթապահության մեջ ընդգրկված զինծառայողների թիվը,- ասաց մայոր Կ. Խաչատրյանը։

-Արել ենք այնպես, որ, ինչպես ժողովուրդն է ասում, «Օձն իր պորտով, ծիտն իր թևով» չանցնի,- վստահեցրեց հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալը։

♦♦♦

Հենակետը, որի ավագը նորաշենցի պայմանագրային կրտսեր սերժանտ Ատոմ Հայրապետյանն է, թշնամու հենակետից հեռու է մոտ 200 մ և հակառակորդին մշտապես զսպաշապիկ հագցնող հենակետի համարում ունի։ Հենակետի տարածքում, գետնատնակում, որի դիտորդը ավագ սերժանտ Անդրանիկ Խանաղյանն է, աչք շոյող կարգուկանոն ու մաքրություն է։ Անդրանիկը պարտադիր զինվորական ծառայությունը անցել է առաջնագծում տեղակայված զորամասերից մեկում և զորացրվելուց հետո որոշել է անցնել պայմանագրային ծառայության։

Ժամապահ, կրտսեր սերժանտ Գրիգոր Բաղմանյանի ծառայության 4-րդ տարին կլրանա շուտով։ Նրա հայրը՝ ավագ լեյտենանտ Բորիս Բաղմանյանն էլ է այստեղ ծառայել։

-Դժվա՞ր չէ ծառայությունը, երբ հրամանատարը հայրդ է,- հարցնում եմ։

-Դժվար էր միայն մորս համար։ Հայրս շրջանի կամավորական շարժման առաջամարտիկներից է եղել։ Թեպետ անցել է վաստակած հանգստի, բայց իր խորհուրդներով մշտապես օգնում, քաջալերում է ինձ,- ասաց կրտսեր սերժանտ Բաղմանյանը։

-Գրիգորը որոշել է կիսատ չթողնել հայրիկի գործը։ Զորացրվելուց հետո անցավ պայմանագրային ծառայության։ Կարգապահ զինվոր է, նվիրված ընկեր,- իր ենթակային բնութագրում է հենակետի ավագը։

Մեր զրույցն ընդհատվեց։ Հակառակորդը Ղարադաշ սարի հենակետից մեր դիրքապահների զգոնությունը փորձեց… Որոշ ժամանակ անց իմացանք, որ կրակել էին ճանապարհներ մաքրող «Ստալինեցի» վրա։

-Օր չկա, որ մի քանի ժամ չկրակեն, օր չկա, որ առանց կրակոցների անցնի,- իրավիճակն է ներկայացնում դիտորդ շարքային Այգեվարդ Թուխթարյանը։

-Պայմանագրային ծառայությանս այս վեց տարիների ընթացքում սահմանում երբեք վիճակն այնքան լարված չի եղել, ինչքան այս չորս ամիսներին։

-Նրանց կրակոցներին հակադարձո՞ւմ եք,- հետաքրքրվում եմ։

-Միայն անհրաժեշտության դեպքում և այնպես, որ վայնասունները երկինք է հասնում։ Ա՜խ, մի հատ հրաման տային, ասեին՝ Ղարադաշը վերցրեք, էն ժամանակ ադրբեջանցիք կհասկանային՝ որը որից հետո է,- նեղսրտում է զրուցակիցս՝ չորաթանցի Այգեվարդը։

-Ծանոթ եմ Չորաթանին, գիտեմ, որ հրետակոծության ժամանակ անգամ Չորաթանում հարսանիք են արել, նույնիսկ արկը պայթել է վրանից 20-25 մ հեռավորության վրա, ջարդուփշուր արել սեղանի շշերն ու ափսեները, միևնույն է, հարսանիքը չի դադարել Չորաթանում։ Էդ ամենը մովսեսցիքին ու նորաշենցիքին պատմեք, որ իմանան՝ չորաթանցիք էլ են քաջ,- կատակով ավելացնում է Այգեվարդ Թուխթարյանը։

Նույն հենակետում է ծառայում ծնունդով մովսեսցի շարքային Աշոտ Ավագյանը։

-Մովսեսցիք էլ քաջ կռվողներ են։ Նրանցից շատերն են մասնակցել մեր ազատագրական պայքարին,- փորձում եմ զրույցի մեջ ներքաշել Աշոտին։

-Էն էլ ի՜նչ կռվողներ. Պապյան Դերենիկը, Ղուկասը Խաչատրյան, Արթուրը (ափսոս, ազգանունը չեմ հիշում)։

-Աշոտ, հիշողությանդ ի՞նչ եղավ,- ընկերոջն է կատակով կշտամբում շարքային Վարշամ Անդրեասյանը։ Բա Պապյան Վոլոդյան, Այվազյան Արթուրը, Ադյան Ավոն…

Հենակետի երկարամյա պայմանագրայինը սերժանտ Երջանիկ Մեջլումյանն է։

-Տասներեք տարի պոստում եմ։ Ունեմ երեք երեխա՝ երկու աղջիկ ու մեկ տղա։ Խնդրանքս էն է, որ մեր պայմանագրայինների աշխատավարձը բարձրացնեն։ Հավատացեք՝ պայմանագրայիններից ում հետ էլ զրուցեք, նույնը կասի։ Այս խնդիրը շատ կարևոր է…

Հրաշալի, պարզ ու շիտակ մարդիկ են մովսեսցի ու նորաշենցի, չինարեցի ու չորաթանցի, այգեպարցի ու այգեձորցի այս տղաները, որոնց հետ շփվելով, հաղորդակցվելով չտեսնված ոգևորություն ու հոգևոր վերելք, հիացմունք ու հպարտություն ես ապրեցի։ Հենց այս տղաների մեջ է ամփոփված մեր ազգի աներևակայելի մեծ ներքին եռանդը, հայրենասիրությունն ու հայրենապաշտությունը։ Կարենը, Երջանիկը, Աշոտը, Գրիգորը, Անդրանիկը, Այգեվարդն ու նրանց զինակից ընկերներն են ճշմարիտ, իրական հայրենասերները, որոնց շնորհիվ մեր երկիրն այսօր ապրում է խաղաղության մեջ։

ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
մայոր
Լուս.՝ ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
կապիտան

Խորագիր՝ #28 (944) 19.07.2012 – 25.07.2012, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


25/07/2012