ԵՊՀ-Ն ՀԻՇՈՒՄ Է ԻՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ
Հոկտեմբերի 1-ին ԵՊՀ պատմության ֆակուլտետի թիվ 219 լսարանն անվանակոչվեց Լեռնային Ղարաբաղի Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի անվամբ, 218-ը` Զաքար Ավանեսյանի, 313-ը` Ռոմա Մկրտչյանի: ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը նախաձեռնության համար իր երախտագիտությունը հայտնելով «Վարդանանք» ռազմահայրենասիրական ակումբին եւ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանին, կոչ արեց ուսանողներին ուսումնասիրել մեր ազգանվեր հերոսների կյանքը` նրանցից օրինակ վերցնելու համար. «Դուք ամեն օր գալիս եք լսարան ու պարտավոր եք իմանալ` ինչ երախտավորներ են սովորել այստեղ, ում անունն են կրում ձեր լսարանները, եւ ովքեր են զոհել իրենց կյանքը հանուն մեզ»:
Պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը պատմեց հերոսներից Ռոմա Մկրտչյանի՝ իր ընկերոջ մասին, որի հետ ուսանողական տարիներին ապրել են հանրակացարանում. «Ռոման հայրենասեր եւ սկզբունքային էր, վճռական: Նա թե՛ հոգեպես, թե՛ ֆիզիկապես շատ ուժեղ տղա էր: Ցանկացած անարդարության շատ բուռն էր արձագանքում, ի տարբերություն մեզ, որ կարող էինք լռել, պարզ էր, որ պատմական անարդարության դեմ էլ պետք է ըմբոստանար»,-մեզ հետ զրույցում նշեց Է. Մինասյանը եւ հավելեց, որ հպարտ է Ռոմայի ընկերը լինելու համար:
Միջոցառմանը ներկա էր նաեւ Արթուր Մկրտչյանի ուսանողական ընկերը` Ֆիրդուս Զաքարյանը: Նա պատմեց, որ Արթուր Մկրտչյանը միշտ երազել է մեծ Հայաստանի մասին եւ հատկանշական համարեց, որ նրա անունը կրող լսարանում պատմական Հայաստանի քարտեզն է. «Մենք հանրակացարանում միասին ենք ապրել: Միասին ենք պատրաստվել բոլոր քննություններին: Արթուրը Հադրութից մի նվագարկիչ էր բերել, որի մեղեդիների ներքո մենք պարում էինք, սիրահարվում, լռում, այդ մեղեդիները մինչ օրս էլ ուղեղիս մեջ են՝ որպես մեր երիտասարդության անջնջելի հետք: Արթուրի կերպարը ուսանելի է բոլորիս համար, նրա պատգամն է` պատասխանատվության զգացում ունենալ հայրենիքի հանդեպ»:
Հուզված էր նաեւ Զաքար Ավանեսյանի մայրը` տիկին Կարինեն. «Իմ որդին ամուսնացած չէր, ժառանգ չունի, բայց ես համոզված եմ, որ ֆակուլտետի ուսանողները նրան կճանաչեն, կգնահատեն նրա գործը, կոգեւորվեն նրա հայրենասիրությամբ ու նրա անունը միշտ կհիշեն»:
Միջոցառման մասնակիցները եղան անվանակոչված լսարաններում, որտեղ ուսանողները դասախոսություն էին լսում: ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Ֆելիքս Պողոսյանը ուսանողներին կոչ արեց. «Կրթվե՛ք հերոս համալսարանականների անունը կրող լսարանում` նրանց իսկ ոգով»:
ԵՊՀ լսարաններից ազատամարտիկ-համալսարանականների անուններով արդեն անվանակոչվել է շուրջ 2 տասնյակը: ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հավաստիացրեց, որ հաջորդ ուսումնական տարում կավարտեն այդ պատասխանատու գործը, եւ համալսարանական յուրաքանչյուր հերոս կունենա իր անվան լսարան, իսկ ԵՊՀ պատմության թանգարանում կբացվի զոհվածներին նվիրված անկյուն:
ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Խորագիր՝ #39 (854) 6.10.2010 – 13.10. 2010, Բանակ և հասարակություն