ԲԱՆԱԿՆ ԱԶԱՏԱԳՐԵԼ Է ՀԱԼԵՊԻ ԹԱՂԱՄԱՍԵՐԻՑ ՄԵԿԸ
Կառավարական զորքերն ապստամբ գրոհայիններին դուրս են մղել քաղաքի Սալահեդդին թաղամասից: Իշխանությունները հավաստիացնում են, որ մի քանի օր անց Հալեպում վերստին հանգիստ ու անվտանգ կլինի: Ականատեսների միահամուռ պնդմամբ, մարտերի ընթացքում բանակը մարտական ուղղաթիռներ, տանկեր ու հրետանի է կիրառում:
Կիրակի օրվա մարտերի ընթացքում բանակը ճշգրիտ հարվածներ է հասցրել գրոհայինների դիրքերին և կարողացել է գրավել մի քանի առանցքային կետ, ինչպես նաև գերել Սիրիական ազատ բանակի չորս դաշտային հրամանատարի:
Քաղաքի առավել խիտ բնակեցված հարավային ու հարավարևելյան արվարձաններից կռիվների պատճառով վերջին օրերին հեռացել է ավելի քան 200.000 մարդ, իսկ թե որքանն են գտնվում շրջապատման մեջ, առայժմ անհայտ է:
Քաղաքում կա պարենի և խմելու ջրի խիստ պակաս: ՄԱԿ-ի մարդասիրական օգնությունների գերատեսչության ղեկավար Վալերի Ամոսն ավելի վաղ Սիրիայի իշխանություններին կոչ էր արել միջանցքներ թողնել Հալեպ մարդասիրական օգնություն հասցնելու համար: