ՄԱՐԴԸ ԵՎ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ
Երաժշտությունը մարդու հոգեկանի վրա ազդող հզոր միջոց է: Հոգեբանության մեջ գոյություն ունի թերապիայի հատուկ տեսակ` երաժշտաթերապիա, որը որպես բուժամիջոց կիրառում է երաժշտությունը:
Համարվում է, որ երաժշտությունը հանգեցնում է մարդու հուզական ակտիվացմանը, միջանձնային շփման հմտությունների զարգացմանը և գեղագիտական պահանջմունքների ձևավորմանը: Այն նաև ազդում է օրգանիզմի կենսաբանական գործընթացների վրա, կարգավորում է հոգեկան հավասարակշռությունը: Հնում այս ազդեցության մասին մարդիկ, միգուցե, չեն իմացել, բայց կարողացել են երաժշտությունը կիրառել անհրաժեշտ հոգեվիճակներ կամ ուղղակի լավ տրամադրություն ապահովելու համար: Հայտնի է, որ հին հույն փիլիսոփա Պյութագորասը երաժշտությունը համարում էր ճշգրիտ գիտություն, իսկ նրա աշակերտները կարողանում էին երաժշտությունն օգտագործել զայրույթի և չարության կրքերի դեմ պայքարում: Նրանք մաթեմատիկայի իրենց դասերն անցկացնում էին երաժշտության ուղեկցությամբ, քանի որ վստահ էին, որ այն դրական ներգործություն է ունենում ինտելեկտի վրա: Հին Հունաստանում երաժշտությունը համարվում էր ոչ դեղորայքային բուժման ձև` ծիծաղի, հոտաբուժության և դիետայի հետ միասին:
Ավելի քան 100 տարի է, ինչ գիտնականները փորձում են հայտնաբերել, թե ինչպես են օրգանիզմի ներքին համակարգերը, օրինակ` արյան շրջանառությունը կամ շնչառությունը արձագանքում երաժշտությանը: Հետազոտողները գտել են, որ երաժշտության տարբեր տեսակներ տարբեր կերպ են ազդում մարդու օրգանիզմի վրա: Ըստ բազմաթիվ գիտնականների` ձայնը նպաստում է շարժողական նեյրոնների գրգռմանը` ակտիվացնելով մարդու օրգանիզմն ու նրան մղելով գործունեության:
Երաժշտության մյուս գործառույթը հաղորդակցման գործառույթն է: Երաժշտության միջոցով արտահայտվող սիմվոլները չափազանց վերացական են և բավականին դժվար վերծանելի, այնուամենայնիվ, մարդիկ կարողանում են դրանց միջոցով ինքնարտահայտվել: Երաժշտության միջոցով կարելի է հաղորդակցվել կոմպոզիտորի կամ, եթե մեղեդին ազգային է, տվյալ ժողովրդի ներաշխարհի հետ: Երաժշտությունը երկար ժամանակ զուգորդվում էր հույզերի աշխարհի հետ և նույնիսկ կոչվում էր «հույզերի լեզու»: Այն շատ կարևոր դեր է կատարում հասարակության մեջ` ծառայելով որպես խոսքի միջոցով դժվարությամբ արտահայտվող մտքերի և ապրումների արտահայտչամիջոց: Երաժշտական թերապիային վերապահվում է հենց այս գործառույթը, չէ որ հոգեբանական խնդիրների մեծ մասն առաջանում է հույզերը չարտահայտելու, «ներսում պահելու», հուզական անբավարարվածության, զգացմունքները սխալ մեկնաբանելու կամ չգիտակցելու պատճառով: Փաստորեն, երաժշտությունն օգնում է մարդուն արտահայտել այն, ինչն այլ կերպ նա դժվարանում է արտահայտել:
Երաժշտության գեղագիտական գործառույթը մարդու հոգևոր պահանջմունքները բավարարելն է, մարդու ստեղծագործական ուժերը զարգացնելն ու խթանելը: Դեռևս այն ժամանակ, երբ հայտնի հոգեբան Ա. Մասլոուն, բնութագրելով մարդու պահանջմունքների աստիճանակարգությունը, այն ներկայացնում էր բուրգի տեսքով, նշում էր նաև, որ գեղեցիկի պահանջմունքը նույնպես կարող է հոգեկան բավարարվածություն առաջացնել:
Երաժշտությունն էական դեր ունի իրերի, գաղափարների կամ վարքի սիմվոլիկ պատկերման մեջ: Օրինակ` պետական հիմները խորհրդանշում են ազգային արժեքներ և ավանդույթներ, բողոք արտահայտող երգերը ներկայացնում են սոցիալական և քաղաքական շարժումներ: Երաժշտությունը կարող է արտահայտել միասնության, հայրենասիրության, պայքարի գաղափարներ և դրանով իսկ կատարել սոցիալական գործառույթներ: Սա մեծացնում է երաժշտության կարևորությունը հատկապես այն պատճառով, որ երաժշտության ազդեցությանն ավելի մեծ չափով են ենթակա դեռահասներն ու պատանիները` կյանքի անցումային շրջանում գտնվող մարդիկ:
Երաժշտության ամենավաղ գործառույթներից է սոցիալական ինստիտուտների և կրոնական ծեսերի անփոփոխելիության ապահովումը: Ծեսերն ունեն շատ երկար պատմություն, դրանք անհրաժեշտաբար ներկայացված են բոլոր ազգերի մշակույթներում: Դրանք կարելի է համարել բեմականացված աղոթք-խնդրանքներ` ուղղված Աստծուն: Եվ խնդրանքի հասանելի լինելու հաջողությունը կախված էր ծեսի որակից, որն էլ ապահովվում էր երաժշտության միջոցով, քանի որ, ըստ հնում եղած պատկերացումների, երգն էր կապում մարդկանց աստվածների հետ: Եվ վերջապես, իրականացնելով վերոհիշյալ գործառույթները` երաժշտությունը նպաստում է մշակույթի պահպանմանն ու փոխանցմանը հաջորդ սերունդներին: Ժողովրդական երգերը մարդկանց կապում են անցյալի հետ և, անցնելով սերնդեսերունդ, պահպանում են տվյալ մշակույթին բնորոշ ավանդույթները:
Գիտնականները պարզել են, որ մարդու հոգեկանի վրա դրական է ազդում դասական երաժշտությունը, իհարկե ոչ բոլորը դասական ստեղծագործությունները. oրինակ` Վագների մեղեդիները ագրեսիվություն են առաջացնում. այդ մասին Ֆրիդրիխ Նիցշեն մի անգամ ասել է. «Վագների երաժշտության դեմ իմ առարկությունները զուտ ֆիզիոլոգիական են: Ես դժվարությամբ եմ շնչում, երբ լսում եմ նրա երաժշտությունը»: Դրական ազդեցություն են թողնում Մոցարտի և Բախի բոլոր գործերը, ինչպես նաև ջազը, որը սիրում են հատկապես այն մարդիկ, որոնք պատրաստ են նորն ընկալելու: Ռոքը ակտիվացնող երաժշտություն է, սակայն ոչ ծանր ռոքը: Իսկ եթե մարդ ունի հոգեկան հանգստի կարիք, կարող է անընդմեջ լսել բնության ձայներով ուղեկցվող երաժշտություն:
Վերոշարադրյալից ակնհայտ է, որ չափազանց կարևոր է նաև զինվորական և ռազմահայրենասիրական մեղեդիների ազդեցությունը մարդու վրա. դրանք ունակ են ոգևորելու մարդուն և նրան մղելու սխրանքի և նույնիսկ անձնազոհության: Պատահական չէ, որ աշխարհի շատ բանակներում գործում են զինվորական նվագախմբեր, իսկ սեփական ստորաբաժանման երգի իմացությունը պարտադիր է յուրաքանչյուր զինվորի համար:
ԱՆԻ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Խորագիր՝ #29 (945) 26.07.2012 – 1.08.2012, Հոգևոր-մշակութային