ԵՐԿՐԱՊԱՀԸ
-Վարսենիկ ջան, թռիր մի բաժակ սառը ջուր բեր…
Գյուղը սնվում է Լուսաղբյուրի և Յոթ վերք մատուռի աղբյուրներից։ Մերուժանի այգու ջուրը գալիս է Յոթ վերք մատուռի աղբյուրից… Գյուղը շատ հնում՝ պատմիչ Հովհաննես Դրասխանակերտցու վկայությամբ, կոչվել է Վարդենիս։
Մերուժանի տնից քիչ հեռու հայրական տունն է, որտեղ ծնվել, մեծացել են 5 երեխաները։ Առաջնեկը Գրետա քույրն էր, որը ծնվեց պատերազմից առաջ։ Մնացած չորս եղբայրները ծնվեցին, երբ ընտանիքի հայրը՝ Սենեքերիմը, վերադարձավ պատերազմից։ Հետո ավագ քույրը եղբայրների համար դարձավ և՛ քույր, և՛ փոխարինեց ծնողներին։
Գյուղում տուն չկա, որի քարաշեն պատերը չկանգնեն առանց վարպետ Սենիկի հզոր բազուկների և մուրճի հարվածների։ Քարագործ վարպետ, քարտաշ-որմնադիր էր հայրը։ Մեկ էլ վերցնում էր գործիքները, հացի պաշարը և տնից դուրս էր գալիս։ Ուրեմն հարևան գյուղերից մեկնումեկում սկսվում էր մի նոր տան կառուցում։ Արագածի լանջերից բերված որձաքարը կամաց-կամաց տեղի էր տալիս Վարպետի մուրճի հարվածներին, և Վարդենիսի կամ Ծաղկունյաց լեռների գոգին մի նոր օջախ էր սկսում ծխալ։ Ավարտին վարպետ Սենիկը տալիս էր իր օրհնությունը և վերադառնում հայրենի օջախ։ «Շեն մնա օջախը, մանկական ճիչն ու աղմուկը անպակաս»։ Ամենաերկար բացակայությունը եղավ, երբ կառուցում էին Երևանի կառավարական շենքը։ Նրա մուրճն ու հատիչը քանի-քանի նուռ ու խաղողի ողկույզներ, միջնադարյան մանրանկարչության որքա՜ն նման թռչուններ են քանդակել մեր մայրաքաղաքը զարդարող շինությունների պատերին (կառավարական տան, գինու-կոնյակի գործարանի)։
Ամեն անգամ տուն վերադարձին Վարսենիկ մայրիկը սիրով ու կարոտով էր ընդունում ամուսնուն։ Վերադարձի լուրը լսած էլ չլիներ, ներքին մի զգացողությամբ զգում էր, որ ամուսինը այդ օրը պետք է գա, ու օջախին կամ էլ թոնրի վրա դրված էր լինում Լուսաղբյուրից կամ Յոթ վերքից ղանթարով բերված ջրով լի չորս դույլանոց ամանը։
Վարպետ Սենիկը հանգիստն առնելուց հետո սիրում էր զավակների հետ սեղան նստել և իր բերած նվերների հետ կարոտի ջերմ խոսքերը փոխանցել նրանց.
-Աշխարհում տեսնես կա՞ էլի մեկ ուրիշ տեղ ծննդավայրից քաղցր..
-Եթե մարդ չսիրի իր օջախը, իր տունը, զավակներին՝ նա չի զգա ծննդավայրի, հայրենիքի քաղցրությունը։
-Էրեխե՛ք ջան, իմ խրատ-օրհնանքը Ձեզ՝ հարեհաս լինեք իրար և ապրեք խղճով և արժանապատիվ…
…Ներս է մտնում ջրով լի գավաթը ձեռքին Վարսենիկը.
-Հայրի՛կ, մեր այգու խոտերի մեջ սունկ է աճել,- աչքալուսանքի նման ասում է աղջիկը։
-Ուրեմն՝ Ծաղկունյաց լեռների արևահայաց լանջերին սունկը դուրս է եկել,- ասում է հայրը։
Հետո իր այգուց Մերուժանը ձեռքով ցույց է տալիս Ծաղկունյաց լեռնաշղթայի անտառները, ձորերն ու ձորակները, գագաթները, կոչում է նրանց իրենց անուններով ու բացատրում, թե սունկը, բոխին, ավելուկն ու խավրծիլը, ձնծաղիկն ու շուշանը, որ կողմերում են աճում, ու երբ է նրանց քաղելու ժամանակը։
-Երբ ծնկում ես նրանց առջև, նրանք քեզ ընդունում են, հրճվում, կարծես ուրախանում են ևս մեկ անգամ հանդիպման համար։
-Այդպես է՝ ամեն մի բաժանում մի նոր հանդիպման սկիզբ է,- փիլիսոփայում է Ռաֆիկ Մարգարյանը։ Ռաֆիկը Մերուժանի կնոջ եղբայրն է։ Եղել է Մոնթեի զինակիցը, կռվել հերոսի հրամանատարությամբ և նորօրյա ասքեր է պատմում լեգենդ դարձած հրամանատարի մասին։ Ուսուցչուհի Սուսաննա Մանուկյանը գիրք-ալբոմ է պատրաստել գյուղի ազատամարտիկների մասին։ «Նպատակս է, որ ճանաչեն Ձեզ, իմանան Արցախի պատմությունը»,- ասում է նա։
Ու Մերուժանը, Ռաֆիկը, Մանուկը խոսում են պատերազմական այն օրերից, երբ գյուղից 25-30 ջահելներ էին դուրս գալիս ու մեկնում տարբեր ճակատներ։ Գյուղը մի պահ պապանձվում-քարանում էր ու գիրկը բաց սպասում էր իր զավակների վերադարձին…
Մերուժան Արմենակյանը ծնվել է 1950թ.։ Գյուղի միջնակարգն ավարտելուց հետո ծառայել է խորհրդային բանակում։ Ծառայությունից հետո աշխատանքի է անցել ներքին գործերի պարեկապահակային ծառայությունում։ 1988-ից իր մասնակցությունն է բերել մեր ազատագրական շարժմանը։
Մասնակցել է Արցախի ազատագրական պայքարին՝ Լաչին, Կոռնիձոր, Ղոչազ, Մալխալաֆ։ Ցնցակաթված է տարել, վիրավորվել։
-Երբեք իմ հիշողությունից չի ջնջվի 1992-ի սեպտեմբերի 19-ը, երբ Լաչինում (Ղոչազ) զոհվեցին Գեդեոնը, Արամայիսը, Ապարանի ջոկատի քաջ հրամանատար Ֆեդյան, որը դեռ վիրավոր տղաներին փորձեց հասցնել Գորիս, սակայն ընկավ շրջափակման մեջ և մինչև վերջին գնդակը քաջաբար կռվեց։ Ֆեդյայի արարքը աննկարագրելի հերոսություն էր։ Այդ օրը ես էլ վիրավորվեցի։ Այդ օրը մեզ հետ էր նաև ավագ եղբայրս՝ Հովհաննեսը։ Եղբորս արած լուսանկարները պատմության անկրկնելի ակնթարթներ են,- վերհիշում է Մերուժանը։
ԼՂՀ նախագահի կողմից պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով։
Սակայն առանձնակի հուզմունքով ցույց է տալիս, կարդում Մայիսյան եռատոնի՝ Մայիսի 9-ի առթիվ ԼՂՀ ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մ. Հակոբյանից ստացած շնորհակալագիրը. «Մաղթում եմ խաղաղություն, ամուր առողջություն, անսպառ եռանդ և երջանկություն Ձեր անձնական կյանքում։ Վստահ եմ, որ վտանգի առաջացման դեպքում Դուք կրկին կհամալրեք փառավոր մարտական ուղի անցած ՊԲ-ի շարքերը և Ձեր հարուստ ռազմական գիտելիքներն ու փորձը կծառայեցնեք հայրենիքի պաշտպանության սուրբ գործին»։
-Երբ զգում ես, որ քեզ չեն մոռացել, հիշում են՝ է՛լ ավելի պարտավորված ես զգում քեզ։
Շնորհակալագրի խոսքերն ինձ ոգևորեցին, նոր լիցք ու եռանդ հաղորդեցին, և ես իրոք վստահեցնում եմ, որ հարկ եղած դեպքում ես նորից այնտեղ կլինեմ, սահմաններում, Արցախում…
Հիմա Արցախյան ազատամարտի հաղթանակից հետո գյուղում մի հետաքրքիր սովորույթ է ձևավորվել. բանակ մեկնող ամեն մի զինվորի հայր առավոտյան գյուղամիջի տաղավարին օղի ու խաշլամա է բերում, նրանց համար, ովքեր ինչ-ինչ պատճառներով չեն մասնակցել երեկոյան խնջույքին։ Հետո առաջին մոտեցողը ավելացնում է ևս մեկ շիշ ու բարեմաղթում զինվորին արժանավայել ծառայություն։ Գալիս է էլի մեկը, մյուսը, մեքենաները կանգնում են ողջ գյուղամիջում և աչքալուսանքի համար մոտենում են մարդիկ։ Տաղավարի հենց կողքին խանութ է։ Այդ օրը խանութում պետք է անպակաս լինի օղին։ Այսպես մինչ ճանապարհելը։ Եվ ամեն բաժակ բարձրացնող պատգամում է զինվորին. -Իմացիր՝ միայն պատվով կմտնես, կվերադառնաս գյուղ… Էլ ոնց տղամարդավարի չծառայի մեր գյուղից զորակոչված զինվորը։
Օրը մթնել էր, երբ դուրս եկանք Մերուժանենց օջախից։ Վարդենիս-Ապարան ճանապարհի աջ ու ձախ կողմերին գյուղապետ Կամո Պետրոսյանի անմիջական հսկողությամբ ծառեր են տնկվել, և այժմ այդ ծառերը կանաչին են տալիս։ Եվ ես լսում-պատկերացնում եմ տարիներ անց երկինք միտված այս ծառերի կապած կամարով գյուղ մտնող մարդկանց օրհնանքի խոսքերը։
Իմ այս ակնարկում ամպագոռգոռ բառեր չկան հայրենասիրության մասին, չկան այնպիսի գնահատականներ, որոնք պարտադրեն, ստիպեն՝ սիրիր քո հայրենիքը։ Պարզապես փորձեցի մեջբերել իմ հերոսների խոհերը, այնքան բնական նրանց խոսքերը ծննդավայրի, հայրենիքի, օջախի, ընտանիքի մասին, Ծաղկունյաց լեռներում աճող սունկի, Ծաղկունյաց լճում ապրող ձկների, գյուղի ճանապարհը հով անող ծառերի մասին։
Եվ Աստված մի արասցե, եթե թշնամին ձեռք բարձրացնի այդ սրբությունների վրա… նորից ոտքի կկանգնեն շինականը, բանվորն ու մտավորականը, ինչպես որ եղավ… կդառնան շանթ ու որոտ և կպաշտպանեն իրենց ավանդված սրբությունները…
ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Լուս.՝ ՀՈՎՀ. ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ