Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶՐՈՒՅՑՆԵՐ ՀԱՅԿԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ. Է. ՀԱՅՈՑ ԽԱՉՔԱՐԸ



Առաջին հայացքից զարմանալի կարող է թվալ՝ «խաչքար» բառը որևէ այլ լեզվով չի թարգմանվում, այն օտար լեզուներ է անցել նույնությամբ և, որքան էլ դժվարահունչ, քաղաքակիրթ աշխարհում արտասանվում է ճիշտ այնպես, ինչպես հայերենում։ Այդպիսի բառեր ունեն նաև այլ ազգեր, և զարմանալի ոչինչ չկա. թարգմանվելիս դրանք կորցնում են իրենց նախնական իմաստները, մի տեսակ կտրվում բնարմատից, աղքատանում, և օտար լեզվի ոչ մի համարժեք բառ այդպես էլ չի փոխարինում այն բառին, որ կա «բնագրում», այսինքն՝ տվյալ ազգի լեզվում։ Ուրեմն՝ ինչո՞ւ թարգմանել։

Հայերենի «խաչքարը», ահա, այդպիսի բառ է, որը որպես եզրույթ, հասկացություն՝ վաղուց մտել է համաշխարհային մշակույթի պատմության մեջ։ Այնուամենայնիվ, ի՞նչ է հենց ինքը՝ խաչքարը, որը նույն այդ մշակույթի անբաժանելի մասն է։

Մասնագիտական գրականության մեջ այս հարցին տրվում է գիտականորեն ճշգրիտ պատասխան՝ խաչքարը հայկական միջնադարյան մշակույթին պատկանող կոթող-հուշարձան է, լայն առումով՝ քարի գեղարվեստական մշակման ստեղծագործություն, քարարվեստ, որը որպես այդպիսին լայնորեն տարածված է եղել բացառապես պատմական Հայաստանի տարածքում և այնտեղ, ուր ոտք է դրել հայը, այսինքն՝ իր հայրենիքից դուրս։ Բայց մի՞թե միայն այդքանը։

Խաչքարը հայ ոգու մեծագույն արտահայտություններից մեկն է, նյութական և հոգևոր անգերազանցելի արժեք, որը մարմնավորում է հայ մարդու ստեղծագործական հանճարը, աստվածային արարման բարձրագույն շնորհը։

Խաչքարը մտածողություն է՝ դաջված քարին, և այնքան է հայեցի ու հայկական, որ իրավունք է ստանում մի ամբողջ ժողովուրդ ներկայացնելու աշխարհին իր անշփոթելի ազգային դիմագծով՝ դառնալով նրա ոգեղեն թարգմանը։

Հին է խաչքարի պատմությունը՝ նրա նախատիպերը երևան են եկել դեռևս Վանի կամ Արարատյան թագավորության ժամանակներում՝ մ.թ.ա. 9-7-րդ դդ.։ Քարե սալիկների վրա, որ թևեր էին հիշեցնում, ուրարտական արքաները փորագրել էին տալիս հիշատակարաններ իրենց ռազմական հաղթանակների, շինարարական գործերի մասին, և վիմական այդ արձանագրությունները հաճախ զարդարվում էին նախշերով (հատվող գծեր, աստղիկներ, բույսեր, կենդանիներ և այլն), որոնք հետզհետե դառնում էին նրբահյուս, ընդունում քանդակային պատկերների զարմանահրաշ ձևեր։ Աստիճանաբար սկզբնավորում, զարգանում էր հայ մշակույթի ինքնատիպ ճյուղերից մեկը՝ զարդարվեստը։

Այս զարգացումներում էր, ահա, որ ժամանակի ընթացքում խաչը նվաճեց քարե կոթողների կենտրոնական մասը, դարձավ նրա գլխավոր հորինվածքը։ Ակնհայտ է, որ խաչն իր չորս թևերով ընկալվում էր որպես աշխարհի նյութականությունը կազմող չորս տարրերի՝ օդի, հողի, ջրի և հրի խորհրդանիշ։ Այն կարծիքն է հայտնված, որ շատ դեպքերում խաչը երիզող շրջանակն էլ խորհրդանշել է երկրագունդը։

Խաչի նոր խորհրդանիշը ձևավորվեց վաղ քրիստոնեության շրջանում՝ կապված Քրիստոսի խաչելության հետ։ Դա սուրբ հավատի, քրիստոնեության գաղափարների խորհրդանիշն է, և խաչը դարձավ սրբազան նշան, պաշտամունքի առարկա։ Հայ պատմիչները (Ագաթանգեղոս, Մովսես Խորենացի, Հովհան Մամիկոնյան և ուրիշներ) իրենց մատյաններում հավաստի տեղեկություններ են հաղորդում այն մասին, թե ինչպես էին նոր հավատի քարոզիչները խաչեր կանգնեցնում կործանված հեթանոսական տաճարների տեղում, բաց տարածքներում, ճանապարհներին՝ ավետելով քրիստոնեության հաղթանակը։ Խաչը նոր հավատի հաստատման սուրբ նշանն էր։

Խաչի ևս մեկ խորհրդանիշ՝ այն եղել է հավատո հանգանակ, և նրան վերագրվել է հոգու փրկության, հիվանդությունների բուժման աստվածային ուժ։ Մարմնավորելով այս ամենը՝ խաչքարը լայն տարածում գտավ հատկապես միջին դարերում, ստացավ նոր իմաստներ։ Վաղ շրջանում խաչքարերը ծառայում էին որպես սահմանաքարեր, բայց ահա ավելի ուշ ժամանակներում դրանք նոր նշանակություն ստացան՝ սկսվեց խաչքար-հուշարձանների կառուցումն ի պատիվ պատերազմում զոհված հերոսների։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է 4-7-րդ դարերին, երբ հայերը, հաջողությամբ պայքարելով արաբական նվաճողների դեմ, վերականգնեցին երկրի քաղաքական անկախությունը։ Ժամանակն էր եկել հավերժացնելու նրանց հիշատակը, ովքեր իրենց կյանքն էին նվիրաբերել հայրենիքի անկախությանը, ըստ ամենայնի, փառաբանելու ռազմական հաղթանակները, և ահա երկրի ամբողջ տարածքում սկսեցին այդ նպատակով կառուցել խաչքար-հուշարձաններ։ Այս միտումն ավելի խորացավ հետագա դարերում՝ դառնալով ազգասիրական-հայրենասիրական գործ։ Հայտնի են, օրինակ, 1175-ին և 1262-ին թվագրված խաչքար-հուշարձանները, որոնք կառուցվել են ի նշանավորումն սելջուկների դեմ Զաքարե սպասալարի տարած հաղթանակների։

Խաչքարերի վիմագիր հիշատակություններն անգնահատելի սկզբնաղբյուրներ են՝ ոչ միայն իմանալու դրանց կանգնեցման շարժառիթները, այլև ճանաչելու տվյալ ժամանակաշրջանի հայ կյանքն իր առանձին դրսևորումներով։ Այս առումով հատկանշական է 995թ. Սևանի մոտ, Վարսեր գյուղում կանգնեցված խաչքարի օրինակը։ Հայոց թագուհի, Սյունյաց Վասակ թագավորի դուստր և Գագիկ Բագրատունու կին Կատրանիդեի հրամանով գյուղում անցկացվել է առու, և քարագործ վարպետ Խաչիկը, կատարելով այդ գործը, ի նշանավորումն հիշյալ իրադարձության, կանգնեցրել է խաչքար։

Խաչքարեր են կանգնեցվել նույնիսկ այնպիսի առիթներով, ինչպիսիք են ազատումները զանազան հարկերից ու տուրքերից։ Կարբի գյուղի հանդամասում 1235-ին կանգնեցված մի խաչքարի արձանագրությունից երևում է, որ այն կառուցվել է շարեկ կոչվող հարկի վերացման, Հաղպատի մոտ կանգնեցված խաչի արձանագրությունից՝ ձեռնավորահարկի, մեկ այլ խաչի արձանագրությունից՝ ջրի հարկի գանձումը դադարեցնելու առիթներով։ Հենց միայն այն, որ դրանցից իմանում ենք, թե ինչ հարկատեսակներ են եղել միջնադարյան Հայաստանում՝ արդեն իսկ գործ ունենք պատմագիտական արժեքի հետ։

Մեծ թիվ են կազմում խաչքարերը՝ կանգնեցված կամուրջների, աղբյուրների, եկեղեցական շենքերի կառուցման առիթներով։

Ուշագրավ է Հաղպատի Հովհաննես հոգևոր առաջնորդ եպիսկոպոսի մի գրառումը. նա խնդրում է, որ կատարվի «սուրբ նշանացս» («սուրբ նշանների»), այսինքն՝ խաչքարի տոն։ Ահա մի վկայություն, թե հայ մարդն ինչ նվիրական զգացումներ է տածել խաչքարի նկատմամբ, ինչ գեղեցիկ խորհուրդներ, հուզական իմաստներ է տեսել նրա մեջ։ Այս ընկալումներն ավելի խորացան, երբ խաչքարը, ժամանակին սահմանաքար լինելով, հետագայում դարձավ նաև տապանաքար՝ հավերժացնելով զոհված հերոսների, մահացած հարազատների հիշատակը։ Այս ձևով հայկական շատ գերեզմանոցներ (Նորադուզում, Ջուղայում և այլուր), սրբավայրեր լինելով, միաժամանակ դարձան քարարվեստի յուրօրինակ թանգարան՝ բաց երկնքի տակ։

Խաչքարի արվեստն էլ ունեցավ իր գլուխգործոցները, և, շնորհիվ հիշատակարանների, հայ մշակույթի պատմության մեջ մտան դրանք ստեղծած բարձրաշնորհ քարագործ վարպետների անունները։ Այդ խաչքարերը հիրավի կատարելություններ են՝ Պողոսի խաչքարերը Գոշավանքում ու Դադիվանքում, Խաչատուր Մաստարեցունը՝ Մաստարայում, Տիմոթինը և Մխիթարինը՝ Գեղարդավանքում, Մոմիկինը՝ Նորավանքում… Ո՞րը թվել։

Վայրագության ի՜նչ աստիճան՝ սառնասիրտ չարամտությամբ փշրել այդ կատարելությունները։ Ցավոք, այդպես եղել է, և այն էլ՝ բազմիցս։ Ղևոնդ պատմիչը, որը եղել է Հայաստանում Եզիդ խալիֆի արշավանքների (720-725) ականատեսը, իր մատյանում նկարագրել է, թե բռնակալի հրամանով ինչպես էին ջարդուփշուր արվում հայոց խաչքարերը՝ իրենց անկրկնելի պատկերաքանդակներով, ասես քար չէր իրենց առջև, այլ թշնամի։ Համանման նկարագրություններ ունեն Մովսես Դրասխանակերտցին (9-րդ դար), այլ պատմիչներ։

Կատարվեց, սակայն, ամենաահավորը՝ պարզվեց, որ մեր օրերում էլ կան միջնադարի վայրենի հրոսակների բարբարոսությունները շարունակողներ։ Ամբողջ աշխարհը տեսավ, թե թուրք-ազերիները բոլորովին վերջերս ինչ մոլուցքով են գետնին հավասարեցնում Ջուղայի (Նախիջևան) գերեզմանոցի հրաշակերտ խաչքար-տապանաքարերը, որոնք վաղուց մտել էին համաշխարհային մշակույթի գանձարան։ Ուրեմն՝ թուրք-ազերիների նողկալի գործը հանցագործություն էր ոչ միայն դարավոր մշակույթի, այլև քաղաքակրթության դեմ ընդհանրապես, և աշխարհը հենց այդպես պետք է տեսնի, գնահատի ու դատապարտի կատարված մշակութային սպանդը։

Խաչքարի մեջ հայի ոգին է։ Քարը կարող է փշրվել, բայց հայ ոգին՝ երբեք։

Հայի այդ ոգին է, որ իր նյութական և հոգևոր արտահայտությունը գտավ հայոց նորօրյա խաչքարերում՝ կանգնեցված Արցախյան ազատամարտում զոհված ազատամարտիկների պատվին՝ ի նշանավորումն այս կամ այն հիշարժան իրադարձության։

Ն. ԵՆԳԻԲԱՐՅԱՆ

Խորագիր՝ #29 (945) 26.07.2012 – 1.08.2012, Հոգևոր-մշակութային


01/08/2012