Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԳԵՆԵՐԱԼ ՄԱԴԱԹՈՎԸ



Ռուս-պարսկական առաջին պատերազմից հետո 1813թ. կնքված Գյուլիստանի պայմանագրով Ռուսական կայսրության տիրապետության տակ անցավ նաև Արևելյան Հայաստանի գավառների մի մասը` Շիրակը, Արցախը, Լոռին, Ղազախը, Զանգեզուրը: Պարսից արքունիքը, ինչ խոսք, այդպես էլ չհաշտվեց տարածքային այս կորուստների հետ: Շուտով, Անգլիայի և Ֆրանսիայի հրահրմամբ նոր զինված առճակատում բռնկվեց Ռուսաստանի և Պարսկաստանի միջև:

1826թ. հուլիսի վերջին գահաժառանգ Աբաս Միրզան, որ նշանակվել էր պարսկական զորքերի գլխավոր հրամանատար, խախտելով Գյուլիստանի պայմանագիրը, 60000-անոց զորաբանակով անցավ սահմանը և ներխուժեց ռուսական տարածք: Սկսվեց ռուս-պարսկական նոր պատերազմը (1826-1828թթ.):

Աբաս Միրզան իր բանակը բաժանեց երկու մասի, որոնցից մեկը Հասան խանի առաջնորդությամբ, շարժվեց Շիրակի ուղղությամբ, իսկ մյուսը գահաժառանգի գլխավորությամբ ներխուժեց Ղարաբաղ և սկսեց արագորեն առաջանալ դեպի Շուշի բերդաքաղաք:

1826թ. հուլիսի 25-ին Աբաս Միրզան շրջափակեց ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Շուշի բերդը:

Գրեթե երկու ամիս Շուշիի ռուսական կայազորը՝ գնդապետ Ռեուտի գլխավորությամբ, հայ ազգաբնակչությունը արիաբար դիմացավ պաշարմանը` բազմիցս հետ մղելով թշնամու գրոհները: Հայ բնակիչներից շատերը` շրջակա 22 գյուղերի ավելի քան 1500 հայ գյուղացիներ, համալրել էին կայազորի շարքերը և անձնվիրաբար մարտնչում էին ամրոցի պարիսպների վրա: Ու թեև ռուսական կայազորի և հայ ազգաբնակչության հերոսական պաշտպանությունը պարսկական բանակի հիմնական մասին գամել էր Շուշիի պարիսպներին, այդուհանդերձ պարսկական 12000-անոց կորպուսը` Աբաս Միրզայի որդու` Մեհմեդ Միրզայի գլխավորությամբ, առանց խոչընդոտի շարժվեց առաջ և գրավեց Ելիզավետպոլը (Գանձակը): Դեպի Թիֆլիս ճանապարհը բաց էր:

Պարսից բանակի առաջխաղացման կասեցումը վիճակված էր 19-րդ դարի առաջին կեսի ռուսական բանակի հայազգի ականավոր զորավար Վալերիան (Ռոստոմ) Գրիգորի Մադաթովին (1782-1829): Գեներալ Մադաթովը, որն այդ ամռանը բուժվում էր Պյատիգորսկի առողջարանում, Կովկասի կառավարիչ Ալ.Երմոլովից հրահանգ ստացավ շտապ վերադառնալ Թիֆլիս և ստանձնել նոր կազմավորվող առաջապահ զորաջոկատի ղեկավարությունը:

Մադաթովը կովկասյան բանակի ամենահեղինակավոր զորավարներից էր: Նրա մարտավարության բնորոշ գիծը արագությունն էր. ոչ միայն արագորեն վճիռ կայացնել, այլև ոչ պակաս արագությամբ իրագործել, գործել սրընթաց ու վճռական։

Շամխորի

ճակատամարտը

Մադաթովի զորաջոկատի առջև գեներալ Մուրավյովը խնդիր էր դրել պաշտպանական դիրքեր գրավել Խրամ գետի երկայնքով և ամեն կերպ կասեցնել պարսկական զորքերի առաջխաղացումը դեպի Թիֆլիս: Մինչդեռ հարձակողական գործողություններ նախատեսվում էր իրականացնել միայն հիմնական ուժերի տեղ հասնելուց հետո: Այնինչ հայազգի գեներալը, որին ոմանք «ռուսական Մյուրատ» էին անվանում, մարտավարության հարցում միանգամայն այլ դավանանք ուներ, ինչի վկայությունն էր և նրա անցած մարտական փառահեղ ուղին:

Արագորեն առաջանալով Ղազախի ուղղությամբ` Մադաթովը տեղի հայերից տեղեկացավ, որ թշնամու մի խոշոր ջոկատ, որ դարանակալել էր Շամխորի լեռներում, պատրաստվում է անակնկալ հարձակում գործել իր զորաջոկատի վրա: Նա, իրեն բնորոշ գործելաոճով, նախաձեռնությունը իսկույն խլեց թշնամուց և առանց հապաղելու նախահարձակ լինելով` ցրիվ տվեց թշնամու ջոկատը՝ հող նախապատրաստելով դեպի Շամխոր առաջխաղացման համար:

Սեպտեմբերի սկզբին արդեն Շամխորի մերձակայքում` գետի աջ ափին, թշնամու հնգապատիկ գերազանցող զորքը` Աբաս Միրզայի որդու` Մեհմեդ Միրզայի և Ամիրխան Սարդարի գլխավորությամբ, ամուր պաշտպանություն էր ստեղծել և իրեն լիովին ապահով էր զգում` սպասելով Շուշիի անկմանը և Աբաս Միրզայի բանակի հիմնական ուժերի առաջխաղացմանը, որպեսզի միասնաբար արշավեին դեպի Թիֆլիս՝ անկասելի Մադաթովի դեմն առնելու։ Զորքի ընդհանուր քանակը ավելի քան 10000 էր` Մեհմեդ Միրզայի և Ամիրխան Սարդարի գլխավորությամբ:

Ո՛չ թշնամու թվական գերազանցությունը, ո՛չ անխոցելի թվացող պաշտպանական գիծը անկարող էին հայազգի գեներալին հետ պահելու իր նախասիրած մարտավարությունը կիրառելուց: Սեպտեմբերի 3-ի լուսաբացին, իր հետևազորը դասավորելով երեք ոչ մեծ զորասյուներով, Մադաթովը գրոհի հրաման արձակեց: Ի պատասխան ռուսական զորքի առաջխաղացման` թշնամին հուժկու կրակ բացեց, սակայն Մադաթովը, ինչպես միշտ, անդրդվելի էր և վճռական. հեծնելով իր ղարաբաղյան ոսկեգույն նժույգը` նա իր զորաջոկատը անձամբ տարավ սրընթաց գրոհի: Հայազգի գեներալի մարտական կենսագրության մեջ սա բնավ էլ բացառիկ դիպված չէր. տաղանդավոր զորավարը միաժամանակ իր ջոկատի առաջին զինվորն էր և գրոհի հրաման տալով` ինքն էր առաջինը նետվում թշնամու գնդակների տարափին ընդառաջ: Այս ճակատամարտում էլ նա, արհամարհելով թշնամու դիմահար կրակը, նետվեց առաջ: Իսկ երբ նրան փորձեցին ետ պահել` ասելով. «Ձեզ նկատել են, Ձերդ բարեծնություն, Ձեզ վրա են նշան բռնում», նա անվրդով պատասխանեց. «Ավելի լավ, որ ինձ տեսնում են. ավելի շուտ կփախչեն»:

Ճակատամարտի ելքը վերջնականապես վճռվեց Մադաթովի կիրառած ռազմական խորամանկության հնարքի շնորհիվ. հանկարծ հեռվում երևաց ռուսական զորքերի գումակը, որն սկսեց արագորեն առաջանալ դեպի թշնամու դիրքերը` թողնելով պահեստային ուժերի տպավորություն, որ շտապում են մարտնչող զորքերին օգնության:

Շարունակելի
ՎԱՀԱՆ ՄԿՐՏՉՅԱՆ

Խորագիր՝ #29 (945) 26.07.2012 – 1.08.2012, Ճակատագրեր


01/08/2012