Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՄ ՎԱԽԵՐՆ ՈՒ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ



Սրանից տասնհինգ և ավելի տարիներ առաջ, երբ ժամանակները դեռ խառնակ էին ու անորոշ հավասարապես ինձ և բոլորիս համար, և նոր-նոր էր ոտքի կանգնում անկախության ճանապարհն ընտրած մեր պետությունը, ինքս ինձ շարունակ մտածում էի՝ «թող որ իմ այս օրերի չարչարանքն ու տառապանքը ապաշխարանք լինի մինուճար որդուս քիչ թե շատ բարեհույս և ապահով գալիք հասցնելու համար»։

Այն ժամանակ կարծում էի և նույնիսկ համոզված էի, որ պատերազմում հաղթած մեր երկիրը շատ շուտով ոտքի կկանգնի, կհզորանա և իսկապես էլ կդառնա եթե ոչ աշխարհի, ապա անպայման տարածաշրջանի ամենազարգացած, տնտեսապես կայուն երկիրը՝ որպես օրինակ ինքս ինձ (վաղուց է՝ ինքս ինձ հետ եմ միայն բանավիճում) մատնացույց անելով Երկրորդ համաշխարհայինում ամբողջովին ավերակված Գերմանիայի՝ թերևս համեմատության համար ամենաանհարմար տարբերակը։ Այն դեպքում, երբ մեզ վիճակված չէր հառնելու մոխիրներից (և փառք Աստծո)…

Ժամանակն արագ է հոսում, ինչքան էլ ծանր ու դժվարին օրեր լինեն։ Եվ այսօր, երբ անկախացումից 20 տարի անց անգամ իմ և իմ հայրենակիցների ոչ բոլոր սպասելիքներն ու ակնկալիքներն են իրականություն դարձել, նոր եմ միայն հասկանում, թե որքան ռոմանտիկ էի, որքան պարզամիտ էինք մեր հայրենասիրական ոգորումներում և միաժամանակ որքան անտեղյակ պետության կայացման դժվարին՝ խոչ ու խութերով լեցուն ճանապարհից։

Ինչևէ, տարիներն արագ են թռչում՝ բախտաբերի քամիների բերանն ընկած, և որդիս, որի ապագայի համար այնքան մտահոգ էի, այժմ արդեն հարյուրավոր իր հասակակիցների հետ ծառայում է Հայոց բանակում՝ հաղթանակած բանակում, որը դեռ շատ ու շատ պիտի հզորանա։ Ուրեմն և իմ երազանքը կրկին ու կրկին իրականություն դառնալու հույսեր է ինձ ներշնչում, մանավանդ որ օրերս զորամասի հրամանատարությունը մեր ընտանիքին հասցեագրված իր մի ծանուցմամբ շարժեց անվերջ տնտեսական հրաշքի սպասող հոգուս ընդարմացած թելերը. «…զորամասի հրամանատարությունը շնորհավորում և շնորհակալություն է հայտնում Ձեզ՝ հայրենիքի պաշտպանի ոգով որդի դաստիարակելու համար։ Դուք կարող եք իրավամբ հպարտանալ, որ մեծացրել եք մեր նախնիների սխրանքներով ու պատգամներով տոգորված զավակի, ով պատրաստ է ամեն վայրկյան անձնվիրաբար ծառայել իր ժողովրդին, պաշտպանել հայրենիքը՝ անտրտունջ կրելով զինվորական ծառայության բոլոր դժվարությունները…»,- գրված էր պաշտոնական նամակում։ Հայտնում էին նաև, որ ուրախ կլինեն ընդունելու մեզ զորամասի տարածքում՝ որդուս կայանալիք երդմնակալության արարողության օրը (ամիս-ամսաթիվ, հանդիսության ժամը)։

Շաբաթ՝ հուլիսի 14-ին, առավոտյան ժամը 10։30-ին օրինակելիի համարում ունեցող զորամասի ընդարձակ շարահրապարակի երկայնքով խռնված բազմության միջից փորձում եմ հրապարակի հանդիպակաց կողմում շարք կանգնած նորակոչիկների մեջ գտնել որդուս… Գտա կիսադեմը և իսկույն էլ կորցրի. քիչ անց ավելի նպաստավոր դիրքից նշմարեցի դեմքն ամբողջությամբ՝ լեռնային սուր օդից, արևից թխացած, որի վրա մի ինչ-որ անանուն հրճվանքի ժպիտ էր փայլում։ Եվ ինձ հանկարծ թվաց, թե օրվա ամբողջ խորհուրդը հենց որդուս մի հատիկ ժպիտի մեջ է պարփակվում, որ, չգիտեմ ինչու, ինձ համար հավասարազոր էր հրաշքի՝ արթնացման, զարթոնքի՝ նորոգ շունչ, թարմ արյուն ներարկելու պես… «Գուցե հենց այս օ՞րն եմ երազել տարիներ շարունակ, կամքիցս անկախ»,- անցավ մտքովս, որքան էլ որ ինքս իմ մեջ այլ հորիզոններ էի նախանշել որդուս համար։

Դարձյալ քառատրոփ փախչում է ժամանակը, և տեսակցության համար սահմանված մի քանի ժամը աննկատ փոշիանում է ավազե ժամացույցի խաբկանքի հանգույն։ Հազիվ հասցնում եմ մի քանի կադր նկարվել որդուս հետ, հարց ու փորձ անել…

-Հրաշքներ չեն լինում, պա՛պ,- հանկարծ վրա է բերում որդիս՝ վաղուց ծանոթ լինելով իմ երազանքի էությանը։

Լուռ ենք…

-Տղերքից շատերը ինձ նախանձում են, որովհետև չգիտեն, թե ինչով են զբաղվելու բանակից հետո,- փորձում է մխիթարել։

-Իսկ դո՞ւ…

-Ես ի՞նչ։

-Չէ՞ որ չես հավատում հրաշքի։

-Ես ինձ եմ հավատում, պա՛պ,- նրա ձայնը հնչում է հատու։

Մի բան, որ առաջներում երբևէ չէի նկատել։

-Սա Հայաստանն է, Հայաստանը, պա՛պ։

-Այո՛, Գերմանիան չի՛։ Դե ինչ, ուրեմն վե՞րջ…

-Վերջ առաջին սերիային,- հակադարձում է իմ սիրած կինոհերոսի խոսվածքով։ -Աշխարհը փոխել չեմ խոստանում, փոխարենը խոստանում եմ հուսախաբ չանել քեզ, հավատա, պա՛պ, ամեն ինչ լավ է և դեռ ավելի լավ է լինելու, խոստանում եմ…

Դեպի դարպասները տանող ճանապարհով լուռ քայլում ենք կողք կողքի, և ես ակամա կարդում եմ ծառուղու աջ ու ահյակ եզրերին կանգնեցված վահանակներից մեկի գլխատառ գեղագրությունը՝ «Հրամանատարը ծնող է, ծնողը՝ հրամանատար»։ Եվ մինչ կհասցնեի ինձնով անել ազնիվ մղումով հորինված կարգախոսի տողատակը, տղաս իրեն հատուկ ներկռահումով կանխեց ինձ. «Հրամայի՛, պա՛պ»։ «Չէ՜, էս լակոտը շատ է ժրել»,- տխրեցի մի պահ, բայց տխրությունս երկար չտևեց։

Ճանապարհի վրա՝ մեր կողքին արգելակեց զինվորական «Վիլիսը», որի առջևի նստատեղից ժրաջան դուրս ցատկեց տոնականորեն զգեստավորված. երիտասարդ գնդապետը։ Տղաս իսկույն պատվի առավ և զեկուցեց ինչպես հարկն է. «Պարոն գնդի հրամանատար…»։ Էլ ոչինչ չեմ հիշում. հազիվ թե նրա տարիքում ինքս կարողացած լինեի…

-Գնդապետ Մախսուդյան,- ծանոթության համար մեկնում է ձեռքը, բարևում բարեհամբույր։

-Ուրախ եմ ծանոթանալ,- ասում եմ շփոթված՝ ինչ-որ բանից սրտնեղելով։

-Հը՜, ո՞նց է, գո՞հ եք, հարգելի ծնող,- հարցնում է ընկերվարի։

-Ճիշտ այդպես, պարոն գնդապետ, գոհ և շնորհակալ,- ակամա ես էլ պատասխանում եմ նորաթուխ զինվորի նման։

-Հրաշալի զավակ եք մեծացրել,- շարունակում է շշմեցնել,- մենք ոչ բոլոր զինվորների ծնողներին ենք շնորհակալություն հայտնում իրենց որդու ծառայության համար, այնպես որ՝ կարող եք իսկապես էլ հպարտանալ։ -Անմիջապես էլ յուղոտ վերջակետ դրեց։ -Նրանից իսկական հետախույզ կստացվի։

Սեպեց, պատվի առավ ու հեռացավ։

-Ինչ ասա՞ց… հետախո՞ւյզ…

-Հոյակապ անձնավորություն է հրամանատարը, հոգատար, նա է ինձ սովորեցրել համազգեստի տարբերանշանները ճիշտ կարել,- խոսքս կտուրն է գցում։ -Ինձնից էլ փոքր՝ զենքը ձեռին մասնակցել է սահմանային կռիվներին, հարազատի կորուստ է տեսել… Նրան բոլորը հարգում են։

«Չէ՛, էս լակոտը շատ է փոխվել»,- սևեռուն միտքն ինձ սկսում է անհանգստացնել։

Զորամասի դարպասի մոտ հրաժեշտ ենք տալիս իրար, գրկախառնվում, մի բան, որը առաջներում էլ հազվադեպ էր պատահում։

-Պա՛պ ջան (նա առաջին անգամ ինձ «ջան» է ասում), անհո՛գ մնա։

-Մնամ հրաշքի սպասող,- կարճ եմ կապում և անցագրային կետով դուրս եմ գալիս զորամասի տարածքից։

Եվ երբ մի վերջին անգամ՝ արդեն դարպասի հակառակ կողմից, հայացքս դարձնում եմ ժողովրդի հոսքը կարգավորող ժամապահի ուղղությամբ, ի զարմանս ինձ նորից եմ տեսնում այս անգամ ճաղաշարի արանքից նայող որդուս հրճվալից դեմքը՝ խորհրդավոր, անիմանալի… Արագորեն թիկունք եմ դարձնում ու մեքենա նստում, որպեսզի նա չտեսնի իմ տղամարդկային, հայրական թուլությունը։

«Ո՞վ իմանա. գուցե հենց այս օ՞րն եմ երազել սկզբից ևեթ, ինքս էլ չիմանալով…»։

Չգիտեմ, թե դեռ էլի ի՞նչ վարձք ու հատուցում կպահանջեմ ինքս ինձնից մտքիս թռիչքի համեմատ, և թե դեպի ո՞ր երազային հարթությունները կհասցնեն ինձ իմ սեփական ցնորքները, բայց ես առայժմ միայն այսկերպ եմ կարողանում վեր կանգնել պարտադրված իրականությունից, որպեսզի կարողանամ հաղթահարել իմ վախերը… Գուցե՝ չարդարացված, գուցե՝ ապրիորի։ Տա Աստված։

-Սա Հայաստա՛նն է, Հայաստա՛նը…

ԳԱԳԻԿ
Ծնող
Երևան-Տավուշ
14.07.2012թ.

Խորագիր՝ #29 (945) 26.07.2012 – 1.08.2012, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


01/08/2012