ՕԼԻԳԱՐԽՆԵՐՆ ՍՊԱՌՆՈՒՄ ԵՆ ԱԼԻԵՎԻ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ
* Ադրբեջանը բողոքի նոտա է հղել ԱՄՆ-ին:
* Պաշտոնանկ է արվել ռազմական ոստիկանության պետը:
* Սպաները շահագործում են զինվորներին:
ԱՄՆ-Ը ԱԼԻԵՎԻՆ ՓՈԽԱՐԻՆՈ՞Ղ Է ՓՆՏՐՈՒՄ
Ադրբեջանում ներքաղաքական խմորումներ են: Իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության ազդեցիկ անդամներից շատերը դուրս են մնացել պատգամավորության թեկնածուների ցուցակից, որը ներկայացրել է կուսակցության ղեկավարությունը, եւ սեփական նախաձեռնությամբ, հակադրվելով կուսակցության ղեկավարության կամքին, առաջադրել իրենց թեկնածությունը նոյեմբերի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
Քաղաքագետ Ջումշուդ Նուրիեւը, ով Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարար եւ օլիգարխ Քեմալեդդին Հեյդարովի մերձավոր շրջապատից է, հայտարարել է, որ «Ենի Ազերբայջանի» ցուցակից ընտրվելու հնարավորություն ունի միայն 40 հոգի: «Մնացածները ոչ մի ուժ չունեն: Չգիտեմ, թե ով է կազմել այդ ցուցակը, բայց այն իշխող կուսակցությանը վայել չէ»,- ասել է նա: Սեպտեմբերի 28-ի դրությամբ արդեն 47 հոգի առաջադրել էր իր թեկնածությունը` առանց կուսակցության ղեկավարության համաձայնության («Ազադլըգ», 28.09.2010):
Բնականաբար, իշխող կուսակցության ընտրացուցակը պետք է համաձայնեցված լինի Իլհամ Ալիեւի հետ: Նշանակում է` նրա համաձայնությամբ է, որ ցուցակից դուրս են թողնվել ազդեցիկ կուսակցականներից շատերը: Սա վկայում է, թերեւս, որ Իլհամ Ալիեւն ուզում է թարմացնել իշխանական վերնախավի կազմը, իսկ «հները» դիմադրում են: Ինչով կավարտվի պայքարը` հայտնի չէ:
Հարց է ծագում` ի՞նչն է ստիպել Ալիեւին փոխել խորհրդարանի կազմը: Չի բացառվում, որ կառավարման կլանային համակարգում ձեւավորվել են այնպիսի հզորության խմբեր, որոնք արդեն վտանգավոր են իշխանության համար: Այդ է վկայում հենց այն փաստը, որ ընտրացուցակից դժգոհներն «ապստամբում» են եւ, ի հեճուկս ղեկավարության, առաջադրում իրենց թեկնածությունը: Նշանակում է` ունեն այնքան ուժ եւ ազդեցություն, որ հանդգնում են այդ քայլին:
Բացի դրանից, կա նաեւ արտաքին միջամտություն: Գաղտնիք չէ, որ ԱՄՆ-ը դժգոհ է Իլհամ Ալիեւից, ինչի արտահայտությունն են թե՛ Ադրբեջանում դեսպան չունենալը, թե՛ այդ երկրում մարդու իրավունքների եւ ժողովրդավարության նորմերի ոտնահարման խիստ քննադատությունը ամերիկյան կազմակերպությունների ու պետական հաստատությունների կողմից եւ թե՛ ամերիկացի դիվանագետների ու կոնգրեսականների հայտարարությունները:
Օրերս անգլիական «The Daily Telegraph» թերթը գրել է, որ Ադրբեջանի բռնապետական ու կոռուպցիայի մեջ թաղված քաղաքական համակարգից դժգոհ լինելով` ԱՄՆ-ը Ադրբեջանում փնտրում է բարեփոխումների հակված պաշտոնյաներ` նրանց հետ համագործակցելու նպատակով: «ԱՄՆ ղեկավարության ուշադրության կենտրոնում է հայտնվել Ադրբեջանի ֆինանսների նախարար Սամիր Շերիֆովը, ով միաժամանակ ամերիկա-ադրբեջանական տնտեսական հանձնաժողովի համանախագահն է: Վաշինգտոնում Շերիֆովը բնութագրվում է որպես Ադրբեջանի կոռումպացված իշխանության «մաքուր ձեռք» եւ ԱՄՆ պաշտոնական շրջանակներում համարվում է ժողովրդավարական ու տնտեսական բարեփոխումները կյանքի կոչելու գործում կարեւոր նշանակություն ունեցող անձնավորություն»,- ասվում է հոդվածում («aysor.am», 30.09.2010):
Ադրբեջանում որպես ԱՄՆ-ի ճնշման արտահայտություն կարող են ընկալել նաեւ ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի` անցյալ շաբաթ ԱՄՆ կատարած այցը, որի ընթացքում նա հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ներկայացուցիչների հետ: Այդ առթիվ Ադրբեջանը պաշտոնապես բողոքել է ԱՄՆ-ին` հոկտեմբերի 1-ին բողոքի նոտա հանձնելով Ադրբեջանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ա.Ստերլինգին: Նոտայում նշվում է, որ ադրբեջանական կողմը «անթույլատրելի է համարում այդօրինակ այցելությունները, մանավանդ որ ԱՄՆ-ը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր է» («aysor.am», 01.10.2010):
ԶԻՆԴԱՏԱԽԱԶԸ ՉԻ ՄԵԿՆԱԲԱՆԵԼ
Խմորումներ են նաեւ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում: Անցյալ շաբաթ լուր տարածվեց, որ իրենց պաշտոններից ազատվել են Ադրբեջանի ՊՆ ռազմական ոստիկանության վարչության պետ գնդապետ Ռովշան Մագերամովը եւ Բաքվի կայազորի հրամանատար գեներալ-լեյտենանտ Ռովշան Աքպերովը:
Մագերամովի դեպքում ամեն ինչ պարզ է. սեպտեմբերի 15-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւի հրամանով լայնամասշտաբ ստուգումներ են կատարվել Բաքվի ռազմական ոստիկանությունում եւ հայտնաբերվել են աղաղակող խախտումներ: Զորամասի զինծառայողների մեծ մասը զորամասում չի եղել: Ըստ ադրբեջանական մամուլի` այդ զորամասում են ծառայում մեծ թվով պաշտոնյաների որդիներ: Դրանից հետո զորամասի հրամանատար գնդապետ-լեյտենանտ (փոխգնդապետ) Կլոս Աբբասովը տույժի է ենթարկվել, իսկ Ռ.Մագերամովը, որն արտասահմանում գործուղման էր, նույն օրը հետ է կանչվել Բաքու («panorama.am», 18.09.2010): Փաստորեն, նրան չներեցին եւ ազատեցին աշխատանքից:
Իսկ ահա գեներալ-լեյտենանտ Ռովշան Աքպերովի պաշտոնանկության պատմությունն անհասկանալի է: Բանն այն է, որ նա Ադրբեջանի ազգային հերոս է, Ղարաբաղյան պատերազմի մասնակից, պրոֆեսիոնալ զինվորական` ավարտել է Ուկրաինայի գլխավոր շտաբի ակադեմիան, զբաղեցրել է ՊՆ կադրերի բաժնի վարչության պետի տեղակալի պաշտոնը, Բաքվում ու Գյանջայում ճնշել ադրբեջանցի զինվորականների խռովությունը, այսինքն` մեծ ծառայություններ մատուցել իշխանությանն ու Ադրբեջանին: Ասում են, որ նա առնչություն է ունեցել Կիեւում գործարար Էլչին Ալիեւի սպանության գործին: Ադրբեջանական մամուլում Աքպերովին համարում էին պաշտպանության նախարարի իրական թեկնածու («azcontact.az», 01.10.2010):
Ադրբեջանցի «ռազմական փորձագետ» Ուզեիր Ջաֆարովը հոկտեմբերի 1-ին այսպես մեկնաբանեց Աքպերովի պաշտոնանկությունը. «Դրա մեջ արտասովոր ոչինչ չեմ տեսնում: Մենք, չգիտես ինչու, սովորել ենք, որ բարձր պաշտոնում մարդ պետք է մեռնի: Բայց միանգամայն բնական է, որ իր վերջին պաշտոնը 12 տարի զբաղեցրած Աքպերովին պաշտոնանկ են արել: Ինքը` գեներալ Աքպերովը, նախարարի հրամանը լսել է ծառայության պահին եւ միանգամայն հանգիստ է ընդունել» («novosti.az», 01.10.2010):
Հետաքրքիր մանրամասն, որ ոչ մի կերպ չի համատեղվում հաջորդ օրը տարածված հերքման հետ. Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության պետի տեղակալ Թեյմուր Աբդուլաեւի խոսքով, Ռովշան Աքպերովի պաշտոնանկության մասին տարածված լուրերը «իրականությանը չեն համապատասխանում»: Պարզապես ռազմական ոստիկանության պետ Մագերամովի անունն էլ է Ռովշան, Աքպերովինն էլ, եւ «լրագրողները շփոթել են. Ռովշան Աքպերովը մնում է իր պաշտոնին» («day.az», 02.10.2010): Կարելի է պատկերացնել, թե ինչ հիմար դրության մեջ է հայտնվել ամեն ինչ մեկնաբանող Ու.Ջաֆարովը:
Հիմարության նմուշ է նաեւ Ադրբեջանի զինվորական դատախազ Խանլար Վելիեւի անցած շաբաթվա հայտարարությունը. «2009 թվականի 9 ամիսների համեմատ այս տարի զինվորական հանցագործությունների թիվն Ադրբեջանում նվազել է մինչեւ նվազագույնը» («apa.az», 01.10.2010): Ի՞նչ «նվազագույն» է` ոչ ոք չգիտե: Վելիեւը փորձել է նաեւ ճանապարհի անորակությամբ բացատրել սեպտեմբերի 23-ին Սումգայիթ-Խիզի ճանապարհին տեղի ունեցած վթարը, որի հետեւանքով զինվորական բեռնատարը կամրջից ընկել էր, եւ երեք զինվոր զոհվել էր: Նա չի բացառել, որ պատճառը կարող էր լինել նաեւ վարորդի անփորձությունը:
Ադրբեջանի զինդատախազը չի մեկնաբանել սեպտեմբերի 16-ին սահմանամերձ զորամասերից մեկում զինվոր Ռուֆատ Սամեդովի մահվան դեպքը. նախնական տեղեկությունների համաձայն, դա «անզգույշ սպանություն է», որ կատարել է շարքային Ամիլ Քերիմովը` հրազենը լիցքաթափելիս («novosti.az», 17.09.2010):
Վելիեւը չի անդրադարձել նաեւ սեպտեմբերի 10-ին Դաշքեսանի զորամասում շարքային Ռաուֆ Իսմայիլովի` ծանր վնասվածք ստանալուն: Տասը զինվորի համար նախատեսված զորանոցում պահելիս են եղել 18 զինվորի, մահճակալները ծանրաբեռնված են եղել, եւ դրանցից մեկը փլվել է Իսմայիլովի վրա: Ի դեպ, վերջինիս հայրը` Սամեդ Իսմայիլովը, զորամաս այցելելուց հետո «Բիզիմ յոլ» թերթի թղթակցին պատմել է, որ ադրբեջանցի սպաները զինվորներին աշխատեցնում են իրենց սեփական տնտեսություններում («armenpress.am», 16.09.2010):
ԱՐՍԵՆ ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆ
փոխգնդապետ