ԲԵԼԱՌՈՒՍՆԵՐԸ ՉԵՆ ՕԳՆԵԼ ՇՎԵԴ ՕԴԱՉՈՒՆԵՐԻՆ
Շվեդ կին օդաչու, 22-ամյա Հաննա Լինա Ֆրեյը, որ Թոմաս Մազետիի հետ անցած ամսվա սկզբին ինքնաթիռով մտնելով Բելառուսի օդային տարածք` անարգել հասել էր մինչև մայրաքաղաք Մինսկ, նետել մարդու իրավունքների պաշտպանության կոչով թավշե արջուկներ և հանգիստ հետ դարձել, հայտարարել է, որ չձերբակալվելու երաշխիքներ ստանալու դեպքում իրենք պատրաստ են գալ Մինսկ և օգնել ընթացող հետաքննությանը, մինչդեռ իրենց ոչ մի բելառուս չի օգնել իրականացնելու թռիչքը: Հաննան պնդել է, որ իրենք ցանկանում են գալ Մինսկ, որպեսզի օգնեն Բելառուսի քաղաքացիներ Անտոն Սուրյապինին և Սերգեյ Բաշարիմովին, որոնց անվտանգության մարմինները ձերբակալել են սահմանախախտ օդաչուների հետ համագործակցելու մեղադրանքով:
Ֆրեյն ասել է, որ իրենք գիտակցում էին, թե ինչպիսի վտանգների հետ է կապված այդ թռիչքը, սակայն մտահոգ լինելով Բելառուսում խոսքի ազատության սահմանափակումներով և մարդու իրավունքների ոտնահարումներով, մեկ տարի առաջ սկսել են հաճախել օդաչուական դասընթացների, իսկ ինքնաթիռը իրենց վաստակած գումարով գնել են բացառապես այդ թռիչքն իրականացնելու նպատակով:
Անդրադառնալով միջադեպի պատճառով Մինսկից Շվեդիայի դեսպանի արտաքսմանը և Շվեդիայի իշխանությունների տված համարժեք պատասխանին, Հաննան ցավ է հայտնել կատարվածի համար և ասել, որ ինքն ու Թոմասը չէին պատկերացնում, թե դեպքերը նման զարգացում կունենան:
Խորագիր՝ Նորություններ