ԱՐԾՐՈՒՆԻՆԵՐ
Արծրունիների հին նախարարական տոհմի շառավիղներից էր հայ հասարակական գործիչ, ազնվական Գեւորգ Արծրունին։ Ծնվել էր Վանում, 1771-ին, 1813-ին մշտական բնակություն հաստատել Թիֆլիսում, որտեղ եւ 1830-ին կնքեց իր մահկանացուն։ Մեծ հարստության տեր էր, առեւտրական, շինարարական, հասարակական լայն գործունեություն ծավալելով՝ միջոցներ տրամադրեց Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի կառուցմանը, 1819-ին Ամստերդամում գնեց հայկական տպարան եւ նվիրեց Ներսիսյան դպրոցին։
Գեւորգի որդին էր Երեմիա Արծրունին, որը Պետերբուրգի ռազմական ուսումնարանի շրջանավարտ էր, որպես սպա մասնակցել է 1826-1828-ի ռուս-պարսկական, ապա` 1828-1829-ի ռուս-թուրքական պատերազմներին։ Ստանալով գնդապետի կոչում՝ նշանակվել է Կովկասյան բանակի գլխավոր ինտենդենտ (մատակարար) գեներալ-մայորի կոչում է ստացել 1861-ին։ 1864-ին թողնելով զինվորական ծառայությունը՝ ամբողջովին նվիրվել է պետական-հասարակական գործունեությանը, եղել է Թիֆլիսի առաջին քաղաքագլուխը (1867)։ Մահացել է 1877-ին, Թիֆլիսում։
Գեներալի որդին էր նշանավոր հրապարակախոս, քննադատ, գրական-հասարակական գործիչ Գրիգոր Արծրունին, որը համարվում է հայ լիբերալիզմի գաղափարախոսը, առաջին դեմքը։ Եվրոպական փայլուն կրթություն էր ստացել Գերմանիայում (մինչ այդ ուսանել էր Մոսկվայի եւ Պետերբուրգի համալսարաններում), ստացել քաղաքատնտեսության եւ փիլիսոփայության դոկտորի աստիճան։ 1869-70թթ. հայերենի դասեր է առել Վիեննայի, ապա Վենետիկի Մխիթարյանների մոտ, վերադառնալով Թիֆլիս՝ ակտիվորեն զբաղվել կրթական, գրական-մշակութային եւ հրապարակախոսական գործունեությամբ, 1872-ին հիմնել «Մշակ» թերթը, որի խմբագիրը եւ տնօրենը եղավ մինչեւ իր մահը (1892)։ Նա վիթխարի ազդեցություն ուներ հայ ազգային կյանքում։ Թիֆլիսում կառուցել է թատերական շենք, որը հենց այդպես էլ կոչվել է՝ «Արծրունու թատրոն»։
Գեներալի մյուս որդին՝ Անդրեաս Արծրունին, դարձավ նշանավոր երկրաբան։ Նա նույնպես ստացել էր փայլուն կրթություն, սովորել Պետերբուրգի, Դորպատի, Հայդելբերգի (Գերմանիա) համալսարաններում, ստացել քիմիական գիտությունների դոկտորի աստիճան, ընտրվել Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ։ Եղել է Բեռլինի համալսարանի դոցենտ, միաժամանակ՝ հանքաբանական թանգարանի տնօրեն, Վրոցլավի (Լեհաստան) համալսարանի եւ Ախենի (Գերմանիա) պոլիտեխնիկումի պրոֆեսոր (ամբիոնի վարիչ, դեկան), Թուրինի թագավորական եւ Բավարիայի գիտությունների ակադեմիաների թղթակից անդամ, զեկուցումներ կարդացել Երկրաբանական միջազգային կոնգրեսի 1-7-րդ նստաշրջաններում, գրել բազմաթիվ աշխատություններ։ Երկրաբանական հետազոտություններ է կատարել Կովկասում, Ուրալում, եվրոպական տարբեր երկրներում, Չիլիում, Գվիանայում, Եգիպտոսում եւ այլուր։ 1894-ին բարձրացել է Փոքր Մասիսի գագաթը եւ առաջին անգամ իջել հանգած հրաբխի խառնարանը։
Անդրեաս Արծրունին համաշխարհային մակարդակի գիտնական էր։ Նրա ազգանունով է կոչվում «արծրունիտ» միներալը։ Ախենի պոլիտեխնիկումի շենքի առջեւ կանգնեցված է նրա կիսանդրին։
Ն. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Խորագիր՝ #31 (947) 9.08.2012 – 15.08.2012, Պատմության էջերից