ՆՎԱԳԱԽՄԲԻ ՏՂԱՆԵՐԸ…
Զորամասի շարահրապարակում զինվորական նվագախումբն իր ամենօրյա պարապմունքն էր անցկացնում։ Բարձրագնա լեռներում նվագախմբի խրոխտ երաժշտությունն ուրիշ խորհուրդ ու իմաստ ունի։ Երաժշտությունն ասես լրացնում-ամբողջացնում է ներքևում հոսող Որոտանի խշշոցը։ Եվ բնության ձայներով հարստացած՝ նվագախմբի տղաների երգերն ու մարշերը ոգևորություն, հպարտության զգացում են արթնացնում ինչպես զինծառայողների, այնպես էլ ամենօրյա իր աշխատանքին քայլող հայ շինարարի ու զինվորականի, մտավորականի հոգում։
-Երաժշտությունը մարդուն դեպի հերոսության, անմահության տանող ամենակարճ ճանապարհն է,- հիշեցի ազատամարտիկ, հրամանատար Արայիկ Վարդանյանի խոսքերը,- պատերազմական օրերին երաժշտությունը, հայրենասիրական երգերը աննկարագրելի ուժ, ոգևորություն էին տալիս։ Անմեկնելի զգացողություն էր՝ երբ տղաներից մեկնումեկը զոհվում էր և հուղարկավորությունից հետո կռանում-համբուրում էի շիրմաթումբը՝ ասես լսում էի ընկերոջս սիրած մեղեդին…
Նվագախմբի դիրիժոր մայոր Կամո Սիմոնյանը զորամասի «հնաբնակներից» է։ Ավարտել է Կապանի երաժշտական ուսումնարանը։ Իր մասնակցությունն է բերել (ինչպես զենքով, այնպես էլ երաժշտությամբ) հայոց նորօրյա անկախությանը։
-Նվագախումբն ստեղծվել է 1994-ի մարտի 3-ին, գնդի կազմավորման հետ միասին։ Մասնակցել ենք բազմաթիվ մրցույթների ու հաղթանակած վերադարձել զորամաս։ Մասնակցում ենք շրջակա բնակավայրերի, քաղաքում տեղի ունեցող բոլոր միջոցառումներին։ Ունենք պատվոգրեր ու խրախուսանքներ։ Ամեն անգամ, երբ նվագախումբը համալրվում է նոր անդամներով, ես նրանց պատմում եմ մեր ազատամարտի հաղթանակներից և այդ ճանապարհին երաժշտության ներգործության մասին, որը ոգի, հաղթական շունչ է տալիս հայ զինվորներին։ Պատմում եմ մեր նորաստեղծ նվագախմբի տղաներից՝ Համլետից, Արմենից, Ռուբիկից, Ազատից, Սամվելից (ափսոս, մոռացել եմ ազգանունները), որոնք 1994թ. Ֆիզուլիի Սեյիդախմեդլու գյուղում դիրք էին պահում։ Փառք Աստծո, տղաները ողջ-առողջ տուն դարձան։ Ազատ ժամերին նվագում էին, երգում։ Լսում էին Արթուր Գալստյանի հրաշալի երգերը։
Հիմա նրանց փոխարինում են այս տղաները, ու մաեստրոն սիրով ներկայացնում է տղաներին. «Ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ Լևոն ու շարքային Ռուբեն Վարդանյանները եղբայրներ են։ Լևոնը բարիտոնահար է, Ռուբենը՝ տենորահար։ Ավարտել են Երևանի ճարտարագիտական համալսարանը։ Շարքային Հարություն Կարապետյանը փոքր թմբուկ է նվագում, սովորել է երաժշտական ուսումնարանում։
Սուրեն Հովհաննիսյանը կլարնետ է նվագում։ Մասիսից է, սովորում է մանկավարժական համալսարանում։ Արտյոմ Լազարյանը սովորում է Կոմիտասի անվան կոնսերվատորիայի փողային բաժնում։ Գարեգին Վարդանյանը մեծ թմբուկահարն է, Աբովյանից։ Ավարտել է Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի գեղարվեստի ֆակուլտետը։ Մեկ տարի դասավանդել է համալսարանում։ Բոլորն էլ կիրթ, հրաշալի տղաներ են»։
-Համոզված եմ, որ ծառայության այս երկու տարիներն անպայման իրենց ազդեցությունը կունենան բոլորիս հետագա երաժշտական կյանքում,- ասում է Գարեգին Վարդանյանը։
ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
մայոր
Լուս.՝ ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
կապիտան