Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«Т-50»-Ը ՀԱՋՈՂՈՒԹՅԱՄԲ Է ԻՐԱԿԱՆԱՑՐԵԼ ՕԴՈՒՄ ԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ ՓՈՐՁԱՐԿՈՒՄԸ



«Сухой» ավիաշինական ընկերության պաշտոնական ներկայացուցիչը լրագրողներին հայտնել է, որ ռուսաստանյան հինգերորդ սերնդի «ПАК ФА (Т-50)» կործանիչի երկրորդ թռիչքային փորձանմուշը փորձարկումների ընթացքում հաջողությամբ է իրականացրել «Ил-78» լիցքավորող ինքնաթիռին մոտենալու և օդում վերալիցքավորվելու գործողությունների ողջ շղթան: Փորձարկումներին մասնակցել է նաև «Су25УБ» ուղեկցող ինքնաթիռը:

Ընկերության պաշտոնական ներկայացուցիչը նաև տեղեկացրել է, որ «Т-50»-ի առաջին փորձանմուշն այժմ ավարտում է հարձակման ժամանակ մեծ մանևրունակության փորձարկումները, երկրորդ փորձանմուշի հիմքի վրա ներկայումս ուսումնասիրվում են հինգերորդ սերնդի նոր ինքնաթիռի դիմացկունությունը, ամրությունն ու ղեկավարման դյուրությունները սովորական և գերձայնային արագություններում թռչելիս, իսկ երրորդ փորձանմուշի հիմքի վրա օգոստոսին սկսվել են ակտիվ ֆազավորված ալեհավաքային ցանց ունեցող ռուսաստանյան նորագույն ռադիոլոկացին համակարգի փորձարկման աշխատանքները: Այս համակարգը թույլ է տալիս էապես մեծացնել թռիչքի ընթացքում նշանակետերի հայտնաբերման հեռավորությունը, զուգահեռ աշխատել «օդ-օդ» և «օդ-երկիր» հարթություններում, ճանաչել ու դասակարգել միայնակ ու խմբային նշանակետերը, կրակային խոցման գերճշգրիտ միջոցներով համաժամանակյա հարված հասցնել մի քանի նշանակետերի, ինչպես նաև, այս ամենին զուգընթաց, իրականացնել կապի ու ռադիոէլեկտրոնային հակազդման ապահովումը:
Առաջիկայում փորձարկումներում կընդգրկվի նաև նոր ինքնաթիռի չորրորդ փորձանմուշը:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական


23/08/2012