Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԵՆՏԱԳՈՆԻ ՆՈՐ ՊԼԱՆԸ



Համաձայն «The Los Angeles Times» պարբերականի, ԱՄՆ պաշտպանական գերատեսչությունում մշակվել է սիրիական բանակի քիմիական զինանոցն անհրաժեշտության դեպքում շտապ կարգով ապստամբ գրոհայիններից պաշտպանելու մանրամասն ծրագրի երկու տարբերակ: Առաջինով նախատեսվում է քիմիական զինապահեստների վրա ահաբեկիչների հարձակման դեպքում նրանց ոչնչացնել ԱՄՆ հատուկ նշանակության ստորաբաժանումների ուժերով, իսկ երկրորդ տարբերակը ենթադրում է օդից հասցված ճշգրիտ հարվածներով ոչնչացնել ստորգետնյա զինապահեստները, միաժամանակ, հատուկ նշանակության ստորաբաժանումների ուժերով թույլ չտալով քիմիական նյութերի արտահոսք: Սիրիայի հիմնական քիմիական զինապահեստները գտնվում են Հալեպ, Համա, Հումաս ու Լաթաքիա քաղաքների մերձակայքում:

Վաշինգտոնը նախկինում հայտարարում էր, որ չի քննարկում Ասադի վարչակարգի դեմ ցամաքային գործուղությանը մասնակցության հարցը, սակայն Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման վերջերս հայտարարեց, որ խաղաղ բնակչության դեմ զանգվածային ոչնչացման զենքի կիրառման կամ այդ զենքի տեղաշարժի դեպքում Սիրիայի նկատմամբ ԱՄՆ որդեգրած քաղաքականությունը կփոխվի. «Քիմիական զենքի կիրառումը կամ տեղաշարժն այն «կարմիր գիծն է», որն անցնելն ինձ կպարտադրի արդեն այլ կերպ գործել»:

Համաձայն պարբերականի տեղեկությունների, ԱՄՆ հատուկ նշանակության ստորաբաժանումները Սիրիայի տարածքում մարտական գործողություններ վարելու համար արդեն բերվել են լիակատար մարտական պատրաստության, տեղակայվել Հորդանանի ու Իսրայելի տարածքում և ստացել քիմիական ու կենսաբանական զենքից պաշտպանվելու հատուկ հանդերձանք:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական


24/08/2012