Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ



Հարցազրույց Երեւանի պետական համալսարանի իրանագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր ԳԱՌՆԻԿ ԱՍԱՏՐՅԱՆԻ հետ

-Պարոն Ասատրյան, շնորհավորում եմ Ձեզ այս նոր՝ «Իրանի էթնիկական կազմը. արիական տարածքներից մինչեւ ադրբեջանական միֆը» գրքի կապակցությամբ եւ շնորհակալ եմ, որ, ինչպես ասում են, դեռ գրքի տպագրական թանաքը չչորացած, Դուք համաձայնեցիք հարցազրույց տալ «Հայ զինվոր» թերթին։

-Ինձ համար պատիվ եմ համարում հայ զինվորի հետ զրուցելու այս հիանալի հնարավորության համար։

-Ձեր նոր աշխատանքը դարձյալ շատ խոսուն վերնագիր ունի, ինչը հուշում է, որ Ձեր մտահոգությունների առարկան չի սահմանափակվում զուտ գիտական, ակադեմիական արծարծումներով… Չե՞մ սխալվում։

-Այդպես էլ կա։ Իրանի էթնոդեմոգրաֆիական պատկերը շատ ծավալուն եւ ընդարձակ մի թեմա է եւ բնականաբար նման փոքրածավալ աշխատության մեջ չի կարող տեղավորվել։ Հրատարակված գրքում, որ մեր ամբիոնում կարդացած դասախոսությունների ամփոփ տարբերակն է, ես հիմնականում անդրադառնում եմ Իրանի ժողովրդագրական ներկապնակի առավել վիճելի խնդիրներին, որոնք պարունակում են քաղաքական լիցք կամ գիտական, ակադեմիական լինելով հանդերձ, ունեն նաեւ քաղաքական ենթատեքստ։ Այս գրքի լույսընծայումն, այո՛, ամենից առաջ պայմանավորված է տարածաշրջանում առկա լարվածության մեծացմամբ։ Սիրիական դեպքերը, սպասվող զարգացումները ինձ՝ հայ գիտնականիս եւ մտավորականիս, ուղղակի ստիպեցին օր առաջ մեր հանրության՝ գիտական ու քաղաքական շերտերի դատին ներկայացնել իմ տեսակետները Իրանի էթնիկական կազմի մասին, տեսակետներ, որոնք իմ երկար տարիների գիտական մտորումների եւ պրպտումների արդյունքն են։

-Ուրեմն՝ «Իրանի էթնիկական կազմը. արիական տարածքներից մինչեւ ադրբեջանական միֆը» գիրքը պետք է դիտարկել տարածաշրջանային խմորումների համայնապատկերում։

-Միանգամայն իրավացի եք։ Տեսե՛ք, ես համոզված եմ, որ Արեւմուտքը սիրիական խնդիրը փակելուց հետո լրջորեն զբաղվելու է Իրանով, ասել է թե, այդ երկրի մասնատումը գտնվելու է հիշյալ ուժերի նկրտումների կիզակետում… Այդ ծրագրի իրականացման գործում Ադրբեջանի հանրապետությանը վերապահված է գլխավոր դերերից մեկը։ Եվ այսօր արդեն ոչ մեկի համար այլեւս գաղտնիք չէ, թե այդ երկիրը ինչու է այդպես տենդագին սպառազինվում եւ օր օրի ավելացնում ռազմական կարիքների համար նախատեսված բյուջեն, եւ ինչու է հսկայական միջոցներ եւ ուժեր վատնում արտաքին քարոզչության մեջ իր հարեւանների նկատմամբ՝ Հայաստանի եւ Իրանի, առավելությունների հասնելու համար։ Եվ բոլորովին էլ պատահական չէ, որ, հատկապես վերջին ժամանակներս, Ադրբեջանը համաշխարհային հանրության աչքին փորձում է երեւալ կիսված երկրի եւ կիսված ժողովրդի, մի խոսքով ասած՝ տուժածի կերպարանքով։ Ահա թե ինչու է նա համառորեն ակտիվ շրջանառության մեջ դնում իբր Իրանում 30-35 միլիոն ադրբեջանցիների գոյության մասին առասպելը, կամ թե ինչու է Իրանի հյուսիսարեւմտյան նահանգները համարում Հարավային Ադրբեջան, իսկ ներկայիս հանրապետության տարածքը, որը տեղակայված է պատմական Աղվանքի, այն է՝ Շիրվանի եւ Արանի տարածքում, անվանում Հյուսիսային Ադրբեջան։ Այս եւ նման կաղապարների արմատավորումը միջազգային հասարակության գիտակցության մեջ պատահական չէ. Ադրբեջանի նման նկրտումները Իրանի մասնատման համար նախատեսված ահեղ ռումբեր են…

-Իսկ ինչո՞վ է Ձեր գիրքը հակադրվում Ադրբեջանի կողմից շրջանառության մեջ դրված պրոպագանդիստական այդ կարծրատիպերին։

-Անցած տարի Իրանի ամենից հայտնի հանդեսներից մեկում ես ներկայացրի իմ տեսակետները այդ երկրի էթնիկական կազմի մասին, որն արմատապես տարբերվում է մինչ այդ գոյություն ունցող կարծրատիպերից, այն է՝ Իրանը բազմազգ պետություն է։ Այդ հոդվածում ես շեշտել եմ եւ հիմա էլ իմ այս նոր գրքում գիտականորեն ապացուցում ու պնդում եմ, որ չկա ավելի անմիտ բնորոշում, քան այն, որ Իրանը բազմազգ պետություն է։ Ո՛չ։ Իրանում չկա էթնիկական բազմազանություն, այլ գոյություն ունի միայն լեզվական, բարբառային բազմազանություն։ Այսինքն, ամբողջ Իրանի ժողովուրդը մի էթնոս է, որը սակայն խոսում է տարբեր լեզուներով եւ բարբառներով։ Ասեմ ավելին, եւ թող զարմանալի չթվա, անգամ գոյություն չունի պարսիկ ժողովուրդ կամ պարսկական էթնոս, ուր մնաց՝ ադրբեջանցի։ Այսօր Իրանում առանձին էթնոսներ կարող են համարվել միայն թուրքմենները (մոտ 1 մլն մարդ) եւ երկրի հարավ-արեւելքում ապրող փոքրաքանակ՝ մոտ 100 հազար հոգի, բրահուինները… Մի կողմ թողնելով կրոնական փոքրամասնություն համարվող հայերին, վրացիներին եւ հրեաներին, որոնք շատ չնչին տոկոս են կազմում։ Նույնիսկ հարավ-արեւմուտքում ապրող մոտ մեկ միլիոն արաբները, ըստ էության, չեն կարող համարվել արաբ բառիս իրական իմաստով: Իրանում ադրբեջանցի որպես այդպիսին գոյություն չունի։ Փաստորեն, նույն ժողովրդի մի հատվածը խոսում է թյուրքական բարբառներով (15-16-րդ դարերում այստեղ ներթափանցած), մյուս հատվածներն էլ այլ բարբառներով, իսկ բոլորը միասին, ընդգծում եմ՝ խոսում եւ մտածում են պարսկերեն… Ահա ինչն է ընկած Իրանի էթնիկ կազմի մասին իմ կոնցեպցիայի հիմքում, այնպես որ՝ ուրիշ անվանում, քան ցնդաբանություն չես կարող տալ Իրանում 30-35 մլն ադրբեջանցիների գոյության մասին, Հյուսիսային Ադրբեջան, Հարավային Ադրբեջան պրոպագանդիստական պնդումներին…

-Պարոն Ասատրյան, իսկ իրանցիներն իրե՛նք ի՞նչ կոնցեպցիայով են առաջնորդվում իրենց երկրի էթնիկ հարցերը քննելիս։

-Ցավոք, ներկայիս Իրանի քաղաքական միտքը ժողովրդագրական խնդիրների հարցում բոլորովին այլ մոտեցում ունի, եւ մեծ հաշվով նրանց մոտեցումներն ու ընկալումները տարբերվում են, ասենք, մեր եւ եվրոպացիների ընկալումներից։ Միաժամանակ չմոռանանք, որ կարեւոր դեր է կատարում նաեւ իսլամական գործոնը։ Այսուհանդերձ, Իրանի հայտնի հանդեսում հրապարակված իմ տեսակետները Իրանի ժողովրդագրական կազմի վերաբերյալ բավականին մեծ արձագանքի արժանացան այդ երկրի հասարակական-քաղաքական եւ պետական շրջանակներում, նույնիսկ ավելին՝ այն ընկալվեցին որպես անակնկալ, եւ լուրջ մտորումների տեղիք տվեցին…

-Ի՞նչ խոսք, անակնկալ է Իրանի էթնոժողովրդագրական կազմի մասին ներկայացված կոնցեպցիան, որը, համոզված եմ, Ձեր՝ որպես գիտնականի տարիների վաստակի եւ նաեւ քաղաքագետի փորձառության մասին է վկայում։ Այդուհանդերձ, մեր ընթերցողի համար խնդրում եմ մեկնաբանեք, թե նման տեսակետի առաջքաշումը ինչո՞վ է անդրադառնալու մեր ազգային շահերին։

-Կարծում եմ, պետք չէ հանճարեղ քաղաքագետ լինել հասկանալու համար, թե Իրանի տարածքային ամբողջականությունը որքան կարեւոր է մեր երկրի եւ պետության համար՝ ազգային շահերի եւ անվտանգության հեռանկարների առումով։ Իրանի մասնատումը բերելու է ոչ միայն տարածաշրջանային քաղաքական հավասարակշռության խախտմանը, այլեւ աղետի առաջ է կանգնեցնելու առաջին հերթին մեզ։ Տարածաշրջանային քաղաքական զարգացումները ենթադրելի՝ մռայլ սցենարով զարգանալու դեպքում (որը շատ հավանական է) Հայաստանը երեք կողմերից՝ հարավ, արեւմուտք եւ արեւելք, շրջափակվելու է թրքալեզու պետություններով։ Այսինքն՝ փակվելու է նաեւ մեր հարավային սահմանը, եւ ճանապարհը դեպի Պարսից ծոց, համաշխարհային օվկիանոս դառնալու է անիրականանալի մի երազանք… Իրանի տրոհումը եւ Հարավային Ադրբեջանի ստեղծումը, որը, ինչպես ասացի, Արեւմուտքի ծրագրերի մի մասն է կազմում, բերելու է քրդական գործոնի աշխուժացմանը տարածաշրջանում, ընդհուպ մինչեւ քրդական պետության ստեղծումը։

-Պարոն Ասատրյան, Ձեր նոր գիրքը, ինչպես նաեւ թալիշների մասին աշխատանքը, որ ամիսներ առաջ արժանացավ Իրանի պետական մրցանակի, գրված է ռուսերենով…

-Հասկացա Ձեր հարցը. բանն այն է, որ իմ համոզմամբ, հայ-ադրբեջանական հակամարտության լուծման բանալին այսպես թե այնպես Ռուսաստանի ազդեցության ոլորտում է։ Եթե ուշադրություն դարձնենք, կտեսնենք, որ Ադրբեջանի արտաքին քարոզչության հիմնական թիրախը Ռուսաստանն է եւ ռուսալեզու երկրները, նախկին Խորհրդային Միության պետությունները…Եվ պատահական չէ, որ այսպես ասած «Հարավային Ադրբեջան», «կիսված ժողովուրդ», «35 միլիոն ադրբեջանցի Իրանում» եւ նմանատիպ այլ միֆերը ադրբեջանական քարոզչամեքենան փորձում է առաջին հերթին արմատավորել հենց ռուսական պետականության վերնախավի մտածողության մեջ։ Եվ պատկերացրեք, որ որոշակի արդյունքի, այնուամենայնիվ, հասնում են։ Հիշու՞մ եք, ամիսներ առաջ, նախընտրական մի հանդիպման ժամանակ Ռուսաստանի ներկայիս նախագահ Վլադիմիր Պուտինը (ի դեպ, ես այս քաղաքական գործչի հանդեպ տածում եմ խորին հարգանք) ԶԼՄ-ների ներկայացուցիչների առաջ բարձրաձայնեց Իրանում ապրող 20 մլն ադրբեջանցիների մասին միտքը։ Ինչու՞ քսան եւ ոչ 35 միլիոն, ինչպես հայտարարում են ադրբեջանցիները։ Որովհետեւ ռուսները խիստ չափազանցված համարելով շրջանառվող թիվը, այն կիսելով փորձել են գոնե փոքր-ինչ մոտենալ ասվածին… Իսկ ճշմարիտ թիվը, ինչպես արդեն բազմիցս ասել ու ապացուցել ենք, հինգ, հինգ ու կես միլիոնն է։ Այնպես որ, իմ խորին համոզմամբ, մեր արտաքին քարոզչության մի զգալի հատվածն էլ պետք է ուղղված լինի հենց ռուսալեզու հանրույթին…

-Շնորհակալություն։

-Եվ մի բան էլ. սիրիական դեպքերը թեեւ ինձ մռայլ մտորումների առիթ են տալիս, այնուամենայնիվ ես լավատես եմ։ Մենք՝ հայերս, պարտավոր ենք համախմբել մեր քաղաքական, մտավոր, մարդկային ներուժը, դիմակայելու համար առաջիկա մարտահրավերներին։

Հարցազրույցը վարեց
Գ. ԱՍԱՏՐՅԱՆԸ

Խորագիր՝ #33 (949) 23.08.2012 – 29.08.2012, Ուշադրության կենտրոնում, Տարածաշրջան


29/08/2012