ՕՐԱԳՐԱՅԻՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ
Այս համարից տպագրում ենք «Տիգրան Մեծ» աշխարհազորային ջոկատի հրամանատար, ազատամարտի վետերանների միության փոխնախագահ, «Տիգրան Մեծ» ռազմակրթական վարժարանի պետ, պահեստազորի գնդապետ Կորյուն Ղումաշյանի օրագրային գրառումներից փոքրիկ պատառիկներ, որոնք, հեղինակի բնորոշմամբ, իր կյանքի ամենից կարեւոր հատվածի վավերագրությունն են։
Մարդու երկու տեսակ կա, մեկը, որ համեմատաբար անհոգ կյանքը դնում է մի կողմ եւ իրեն նետում դժվարությունների հորձանուտը, մյուսն էլ՝ խուսափելով դժվարություններից, ձգտում է ամեն գնով հեշտ կյանքի, հեշտ ապրուստի։ Մեր սերունդը առաջինին է պատկանում։ Մանուկ հասակից սիրել եմ աշխատանքը։ Կյանքում ինչի հասել եմ, հասել եմ հալալ քրտինքով։ Չեմ ամաչում կատարած ոչ մի քայլիս համար, թերեւս, ափսոսանք զգամ միայն չիրականացրած ծրագրերիս համար։
1989թ., հունիսի 19
Արցախյան շարժման մեջ հայտնվել եմ լրիվ պատահական։ Ամառային այդ օրը շրջադարձորեն փոխեց կյանքիս ընթացքը։ Ուսանողական ընկերներով քննությունները հանձնել եւ ուրախ-զվարթ, ասել-խոսելով իջնում էինք քաղաքի կենտրոն։ Տերյան-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկից արդեն նկատելի էր Oպերայի բազմամարդ հրապարակը, եւ լսելի բարձրախոսով ելույթ ունեցող հռետորի (հիշողությունս եթե ինձ չի դավաճանում Բաբկեն Արարքցյանն էր) ձայնը։ Հետաքրքրությունից դրդված՝ քայլերս ուղղեցի այդ կողմ եւ ականջալուր հռետորի խոսքին, թե՝ բոլորդ նստեք ավտոբուսները եւ շտապեք օդանավակայան մեր եղբայրներին օգնության, նստեցի առաջին իսկ պատահած ավտոբուսը։ «Զվարթնոց» օդանավակայանում հանդիպեցի ուսանողական ընկերոջս՝ քաջարանցի Քաջիկին, որն ինձ ծանոթացրեց արտաշատցի Սոսի (Սոս Էլոյան), ավանցի Արջ Աշոտի եւ կապանցի Կարինեի ( Հովսեփյան) հետ։
Մի քանի խոսք ուզում եմ ասել մեր զինակցուհու՝ Կարինեի մասին։ Նա մեր ջոկատի տղաների համար իսկական գթության քույր էր, մայր էր։ Տղաները նրան Սոսե մայրիկի պատվին նաեւ Սոսե էին ասում։ Կռվի առաջին օրվանից մինչեւ հրադադարի օրը մեզ հետ էր՝ զենքը ձեռքին, առաջին գծում։ Նա թշնամու վրա կրակող հայուհի էր։ Հիշողությունիցս չի ջնջվում նրա հետեւյալ խոսքը, որ մեզ համար թեւավոր խոսք էր դարձել «Ես հայրենիքին տվեցի կնոջ համար ամենաթանկը՝ մայր կոչվելու իրավունքը»։ Նրա մահվան օրը երկու հազարից ավելի տղամարդ արտասվում էր. Կարինե Հովսեփյանը դեռեւս կենդանության օրոք պարգեւատրվել է «Արիության» եւ «Մարտական ծառայության համար» մեդալներով… Ի դեպ, «Տիգրան Մեծ» վարժարանի ռազմական ամբիոնի հայոց պատմության լսարանը անվանակոչել ենք այդ հերոս հայուհու անունով։
Օդանավակայանում տեղի ունեցավ մեր առաջին «հանդիպումը» Հայաստան բերված զորքի հետ։ Հրաշք էր, որ այդ օրը մենք մեկ զոհ տվեցինք (լուսանկարիչ Խաչիկը)։
Հուլիսի 20
Հուլիսի 20-ի լուսաբացին զորքը մտավ Օպերայի հրապարակ եւ այնտեղ գտնվողներիս վերջնագիր ներկայացվեց՝ ազատել հրապարակը։ Ոստիկանության մի գնդապետ, իսկապես հայրենասեր մի մարդ, մեզ հորդորեց հեռանալ, ասելով. «Բալե՛ք ջան, երեխե՛ք ջան, խնդրում եմ, գնացե՛ք, հեռացե՛ք, սրանք Աստված չունեն, կկրակեն»։ Ճարահատյալ, կլինեինք մի հիսուն հոգի, հեռացանք, հետներս էլ վերցրինք խորհրդային զինվորների պոկած մեծ ցուցապաստառը, որի վրա գրված էր՝ «Արցախը Հայաստանի անբաժանելի մասն է»։
Զեյթունի ուսանողական հանրակացարանի իմ սենյակը (314) դարձավ մեր հավաքատեղին։
Նոյեմբերի 24
Նոյեմբերի 24-ին, ժամը 24.00-ին հայտարարվեց պարետային ժամ։ Մեր գործը շատ դժվարացավ։ Ամեն օր ստուգումներ էին կատարվում։ Զինվորներն էլ իրենց սանձարձակ էին պահում, ինչի պատճառով մի քանի անգամ ընդհարվեցինք, որից մեկը բավականին լուրջ։
Ինձ հետախուզում հայտարարվեց։ Մի որոշ ժամանակ Մովսես Գորգիսյանը ինձ թաքցրեց Բութանիայում բնակվող իր ընկերոջ տանը։
Դեկտեմբերի 5
Գիշերը ես, Սոսը, Աշոտը, Շռամ Արմենը, Կարինեն, Գուսանը՝ Վարդենիկցի Հայկոն, Կոռնիձորի Արայիկը, բյուրականցի Արտակը, Գդլյան Հարութը, երեւանցի Մարտիկի ավտոբուսով մեկնեցինք Կոռնիձոր, որտեղ մեզ դիմավորեց Գեղազնիկ Միքայելյանը՝ Չաուշը։
Դեկտեմբերի 6
Լուրեր հասան մեզ, որ ադրբեջանցիները երկրաշարժի օրը, մեր ազգային սգի օրը, որոշել են ուրախանալ։
Այնպիսի հարսանիք սարքենք ձեր գլխին, որ մինչեւ կյանքներիդ վերջը չմոռանաք, տղաներով՝ Չաուշը, Արամոն, ես, կոռնիձորցի Չոփոն (Կամո) որոշեցինք հանկարծակի հարձակվել Ջիջիմլի գյուղի վրա։ Անձնագրային ռեժիմի պայմաններում նման քայլի գնալը հավասարազոր էր ինքնասպանության։ Ամեն մեկս գյուղացիներից մեկի տանն էինք «հյուրի» կարգավիճակով։ Նախ դեկտեմբերի 6-ի լույս 7-ի գիշերը հարձակվեցինք Լաչինը շրջանցող դեպի Ստեփանակերտ տանող ճանապարհի վրայի «Ստրոյկի» վրա։
Ադրբեջանի ղեկավարությունը քաղբյուրոյի հովանավորությամբ ու բացահայտ աջակցությամբ այդ ճանապարհի վրա բանավանի շինարարություն էր սկսել, որպեսզի այդ այլընտրանքային ճանապարհն էլ փակեին՝ նպատակ ունենալով Ստեփանակերտը ամբողջովին կտրել արտաքին աշխարհից։ Հարձակումը հաջող անցավ, եւ բանավանի շինարարությունը մեկընդմիշտ դադարեցվեց։
Դեկտեմբերի 8
Հարձակվեցինք Ջիջիմլի գյուղի վրա։ Այդ օրը վիրավորվեց Խուջանցի Նորիկը եւ Գորիսի հիվանդանոցում մահացավ։ Նա առաջին զոհն էր մեր ազատամարտի։ Նրա մահը ցնցել էր բոլորիս։ Որոշ չափով մեր ընկերոջ վրեժը լուծեցինք, մտանք գյուղ, մի քանի տուն վառեցինք։ Չեմ մոռանա այդ օրը՝ երկու ադրբեջանցի խփեցի։
Դեկտեմբերի 31 – հունվարի 1 1990թ.
Նոր տարին անցկացրինք Կոռնիձորում։ Այս գյուղում երեխաները քնում էին միայն այն ժամանակ, երբ սարերում կրակոցներ էին լինում։ Եթե սարերում կրակում են, ուրեմն մեր ֆիդայիների ահից թուրքը չի համարձակվի մոտենալ մեր շեներին,- ասում էին նրանք։
Դեկտեմբերի 31-ի գիշերը տարեմուտի գեղեցիկ, անմոռանալի հանդես կազմակերպեցինք գյուղի մանկապարտեզում։ Չաուշը, որն ուներ ալեխառն մորուս, իմ խնդրանքով դարձավ Ձմեռ պապ, իսկ Գուսանը, որի անունով անվանակոչվել է Վարդենիկի միջնակարգ դպրոցը, համաձայնեց լինել Ձյունանուշիկը։ Այդ երեխաները, որ այսօր արդեն 24, 25, 26 տարեկան տղաներ ու աղջիկներ են, իրենց ողջ կյանքում չեն մոռանա այդ օրը։
4.01.1990թ. վերադարձանք Երեւան եւ ձեռնամուխ եղանք շտաբի ստեղծման աշխատանքներին։
Շարունակելի
Պատրաստեց
ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ