Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԲԱՆԱԿԸ ՄԱՐՏՈՒՆԱԿ Է



Օգոստոսի 17-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը և ԶՈւ մարտական պատրաստության վարչության ծրագրականոնադրային բաժնի պետ, գնդապետ Արմենակ Վարդանյանը ներկայացրել են բանակում իրականացվող բարեփոխումները և հայկական բանակի մարտունակությունը:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

«2012թ. ուսումնական տարին հայտարարված է մարտական խնդիրների կատարման արդյունավետության և մարտական վարպետության ամրապնդման տարի»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է գնդապետ Ա.Վարդանյանը: Նրա խոսքով, տարեցտարի ավելի մեծ ուշադրություն է դարձվում զորամասերի և ստորաբաժանումների մարտական կիրառման շրջաններում` մարտավարական զորավարժությունների անցկացմանը: Իր հերթին, ՊՆ մամուլի քարտուղար Ա.Հովհաննիսյանը նկատեց, որ դրա վկայություններից մեկն էլ այն է, որ հակառակորդի վերջին դիվերսիոն գործողություններին տրված հակահարվածից հետո նա ավելի զուսպ է դարձել:

Նա նշեց, որ զինվորի մարտունակությունը բարձրացնելու համար կատարելագործվում են մարտական ծրագրերը, ըստ որոնց ուսուցանվում է 21-րդ դարի զինվորը: Կատարելագործվում է նաև ուսումնանյութական բազան: Պաշտպանության նախարարությունը ձեռք է բերել էլեկտրոնային վարժասարքեր, որոնց շնորհիվ ֆինանսական փոքր ծախսերով կարելի է ստանալ համարյա նույն արդյունքը, ինչը գրանցվում էր դաշտային պայմաններում պարապմունքներ անցկացնելու արդյունքում: Ի դեպ, ինչպես նշեց ՊՆ մամլո քարտուղարը, ՀՀ պաշտպանական գերատեսչությունն ակտիվորեն համագործակցում է կրթության և գիտության նախարարության հետ և ՆԶՊ առարկայի դասավանդման շրջանակներում դպրոցներին տրամադրում է ոչ միայն զենք, այլև էլեկտրոնային վարժասարքեր:

ՊԱՏԱՀԱՐՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ

Խոսելով ազգային բանակում դեռևս առկա բացասական երևույթների մասին` Ա.Հովհաննիսյանը նշել է, որ բանակում բարեփոխումները կատարվում են «ժամ առ ժամ», իսկ սպանությունների, ինքնասպանությունների դեպքերը բանակում նվազել են: «Զինվորների հետ կատարվում է հետևողական և նպատակասլաց աշխատանք, այլապես ինքնասպանությունները և սպանությունները ավելի շատ կլինեին»,- նշեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը: Նա վստահեցրեց, որ զինվորների հետ աշխատանք են տանում հոգեբանները, հրամանատարները, մշակութային գործիչները, մտավորականները: Բանակում դրական մթնոլորտ ապահովելու համար զորամասերում կազմակերպվում են ֆիլմերի դիտում, սպորտային միջոցառումեր, որոնք դաստիարակչական բնույթ են կրում:

ՏԱՐԲԵՐԱԿՎԱԾ ՄՈՏԵՑՈՒՄ

Առողջական սահմանափակումներ ունեցող զինծառայողների ֆիզիկական պատրաստվածության պարապմունքները ճիշտ կազմակերպելու նպատակով ԶՈՒ գլխավոր շտաբի պետի համապատասխան կարգադրության համաձայն` յուրաքանչյուր զինվորի համար թույլատրելի վարժություններն այսուհետ կլինեն տարբերակված: Այս մասին հայտնեց գնդապետ Ա.Վարդանյանը: Նա նշեց, որ բանակաշինության գործում մեծ դեր ունի նաև սպորտը և փաստեց, որ մեր զինվոր մարզիկները, մասնակցելով աշխարհի, Եվրոպայի մի շարք մրցաշարերի, նվաճել են 6 ոսկե, 4 արծաթե և 15 բրոնզե մեդալներ, իսկ ՀՀ առաջնությունում` 16 ոսկե, 12 արծաթե և 14 բրոնզե մեդալներ:

ՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՎԻՃԱԿԸ` ԿԱՅՈՒՆ

Համաճարակային վիճակը Հայաստանի Հանրապետության զինված ուժերում կայուն է. անդրադառնալով մի շարք զորամասերում, մասնավորապես, ջրծաղկի եւ դիզենտերիայի դեպքերին` նշեց ՀՀ պաշտպանության նախարարության մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «Բանակում 2012թ. ընթացքում լուրջ համաճարակային դեպքեր չեն արձանագրվել` շնորհիվ կատարված արդյունավետ աշխատանքի: Անգամ վերջին զորավարժությունների ժամանակ, որոնք անցկացվում էին շոգ եղանակներին` հողային հատվածներում, կարողացանք խուսափել համաճարակի բռնկումից, քանի որ վերջին 3-4 տարիներին կատարված աշխատանքները տվել են իրենց արդյունքը: Համաճարակների դեմ պայքարը, դրանց կանխարգելման աշխատանքները նախարար Սեյրան Օհանյանի ուշադրության կենտրոնում են»,- ընդգծեց Ա.Հովհաննիսյանը:

ՀԱՄԱԼՐՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԽՆԴԻՐ ՉԿԱ

Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ լայնածավալ բարեփոխումներ են իրականացվում զորակոչային համակարգում: «Այս տարվա զորակոչի հետ կապված որոշակի խնդիրներ եղան, պաշտոնից ազատվեց գլխավոր զինկոմը եւ պաշտոնատար այլ անձինք: Չի բացառվում, որ առաջիկայում զորակոչային մեխանիզմի եւ ընդհանուր համակարգի ուրիշ փոփոխություններ եւս տեղի ունենան: Այդ հարցերը քննարկման փուլում են», – նշեց նա: Ա.Հովհաննիսյանը նաեւ հայտարարեց, որ բանակի համալրման հետ կապված խնդիր չկա, քանի որ զորակոչն իրականացվում է համալրման համար մշակված երկարամյա ծրագրի շրջանակում, որը ենթադրում է պայմանագրային զինծառայողների քանակի ավելացում:

ԽԱՂԱՂ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՉԵՆՔ

Ի պատասխան լրագրողներից մեկի այն հարցին, թե պաշտպանության նախարար Ս.Օհանյանը վերջին անգամ ե՞րբ է հանդիպել խաղաղ պայմաններում զոհված հայ զինծառայողների ծնողների հետ, Ա.Հովհաննիսյանն ասաց. «Նախ կխնդրեի, որ ձեր ասածը վերաձևակերպեիք: Մենք խաղաղ պայմաններում չենք ընդհանրապես: Սա` առաջին: Երկրորդ՝ պաշտպանության նախարարը պարբերաբար` ամեն ամիս երկու կամ երեք անգամ հանդիպում է զոհված զինծառայողների ծնողների, ազատամարտիկների հետ` ըստ նրանց դիմումների»:

«ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ-2012»

Սեպտեմբերին նախատեսվող ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն-2012» զորավարժությունների նախապատրաստական աշխատանքներն ամենաակտիվ փուլում են: Ա.Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ Արմավիրում գտնվող` ՀՀ ՊՆ համազորային զորավարժարանում անցկացվելիք զորավարժությունների համար կառուցվել է իր հարմարություններով և հնարավորություններով նախադեպը չունեցող վրանային ավան: «Մի շարք տեխնիկական սարքավորումներ մեր երկրում առաջին անգամ են կիրառվելու»,- նշել է Ա.Հովհաննիսյանը և հավելել, որ առաջիկա օրերին պարզ կդառնա, թե որ երկիրը ինչ զորախմբով և ինչ զինատեսակով է մասնակցելու: Զորավարժություններն իրենց մարտական խնդիրներով, խաղարկվող մարտավարական իրադրությամբ մոտ են լինելու պատերազմական վիճակին:

«Փոխգործակցություն-2012» խոշորամասշտաբ զորավարժությունը աննախադեպ է իր ծավալներով: Ինչպես նկատել է ՊՆ մամուլի խոսնակը, նման զորավարժությունների անցկացումը Հայաստանում ապացույցն է այն բանի, որ ՀՀ զինված ուժերն ունեն մարտունակության բարձր աստիճան։ Ա.Հովհաննիսյանը նշեց, որ տարեցտարի զորավարժություններն իրենց բնույթով, ծավալներով և սցենարներով շատ ավելի են բարդացվում և ընդլայնվում։

Ա.Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ «հրավերներ են ուղարկվել ինչպես մասնակից, այնպես էլ արեւմտյան երկրների դեսպանատների ռազմական կցորդներին` զորավարժություններին դիտորդի կարգավիճակով մասնակցելու համար: Շատերն արդեն մասնակցության իրենց պատրաստակամությունը հաստատել են»: Նրա փոխանցմամբ` առաջիկա օրերին պարզ կդառնա, թե որ երկիրը ինչ զորախմբով եւ զինատեսակով է մասնակցելու:

Զորավարժությունների նախապատրաստման եւ անցկացման ընդհանուր ղեկավարումն իրականացնում է ՀՀ պաշտպանության նախարարը: Զորավարժությունների ղեկավարման շտաբի կազմը որոշում է հայկական կողմը` ՀԱՊԿ Միավորված շտաբի համակարգմամբ` ներառելով ՀԱՊԿ անդամ-պետությունների պաշտպանության նախարարությունների, շահագրգիռ նախարարությունների եւ գերատեսչությունների, զորակազմերի հրամանատարության, ՀԱՊԿ անդամ յուրաքանչյուր պետությունից ներգրավվող զորքերի (ուժերի) ներկայացուցիչներին:

Խորագիր՝ #33 (949) 23.08.2012 – 29.08.2012, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


29/08/2012