ՀԱՂԹԱՆԱԿԻ ՇԱՐԺԻՉ ՈՒԺԸ
Հայ լինելու չափանիշը հայ ազգին ծառայելն է
Զրույց պաշտպանության նախարարի ավագ խորհրդական ԲԱԲԿԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ հետ
-Պարո՛ն Վարդանյան, ազգային գաղափարախոսությունը, ըստ իս, մի շարք ազգային գաղափարների համակցումով ամբողջացած համակարգ-տեսություն է։ Կուզենայի հարցնել Ձեզ՝ ե՞րբ են գաղափարները դառնում ազգային, ինչո՞վ են բնորոշվում ազգային գաղափարները։ Հարցիս նպատակը հայի ազգային գաղափարները ճանաչելն ու զանազանելն է։
-Նախ ասեմ, որ Ձեր տված հարցն արծարծված է իմ մի քանի աշխատությունների մեջ: Այդ մասին իմ հնարավորինս հակիրճ, սակայն միաժամանակ համապարփակ պատասխանը ես կձեւակերպեմ հետեւյալ յոթ կետերով.
♦ Գաղափարախոսությունն ընդհանրապես` մարդկային, հետեւապես եւ հայ կյանքի, գոյության ու վարքի իմաստն արտահայտող տեսությունը եւ նրա սահմանումն է:
♦ Ինչ վերաբերում է Հա՛յ Ազգային Գաղափարախոսությանը, դա իրապե՛ս Աստվածատուր շնորհ է. այն բխում է Աստուծո հավատքից եւ հիմնված է այդ հավատքի վրա, որը հայությունը ճանաչում է Աստվածաշնորհ Ավետարանով եւ Խաչով:
♦ Հայ Ազգային Գաղափարախոսությունն այն կրող հայի (հայության) էությունը, հավատամքը, համոզմունքները, տեսակետները եւ ըստ այնմ` ձգտումները, նպատակները եւ դրանց կենսագործման միջոցներն ու կերպերը բնորոշող ու արժեւորող տեսությունը, փիլիսոփայությունը ու նաեւ դրոշմն է:
♦ Հայ Ազգային Գաղափարախոսությունը, լինելով այն կրող հայի (հայության) կյանքը, գոյությունը ու վարքն իմաստավորող տեսության սահմանումը, հանդիսանում է նաեւ դրա վերաբերյալ նրա ամենապաշտոնական եւ հանդիսավոր արտահայտության ամրագրումը` իր հավատամքի, ինչպես նաեւ պատվի բարձրագույն արժեքների երաշխավորմամբ։
♦ Հայ Ազգային Գաղափարախոսությունը նաեւ հայության քրիստոնեական հավատքի քաղաքացիականացումը եւ քաղաքականացումն է, որով եւ` հասարակական հարաբերությունների եւ ներքին ու արտաքին քաղաքականության մշակման եւ կիրառման հիմքը:
♦ Հայ Ազգային Գաղափարախոսությունը ծնունդ է առել, ձեւավորվել ու ապրում դարձել Հայկ Նահապետի Աստվածաշնորհ ազատասիրությամբ առաջացած հոգեկերտվածքի դրսեւորմամբ եւ սրբագործվել ու վերաարմատավորվել է 301 թվականին՝ հայ ազգի պետականորեն քրիստոնեացմամբ:
♦ Հայ ազգի` որպես մարդկության բաղկացուցիչ մասի գոյացումը, Աստուծո Հավիտենական կամքով ու Ծրագրով է կատարված: Հետեւապես, հայի հայ մնալը եւ հայ ազգի գոյատեւումն ու զարգացումը Աստվածային կամքի եւ Ծրագրի կատարումն է: Այդ առումով հայ ազգի պահպանման, զարգացման եւ բարգավաճման համար Աստուծո առաջ պատասխանատուն նախեւառաջ հայն է` իր անմահ հոգու հատուցման հավատով, հույսով եւ գիտակցությամբ:
Այս սահմանումը տալուց հետո կարծում եմ հարկ է նաեւ նշել, որ 1700 տարի առաջ սրբագործված Հայ Ազգային Գաղափարախոսությունը (ՀԱԳ) հայության հավատքի երկնակամարում ծագեց որպես լուսատու աստղ եւ կողմնորոշեց նրա պատմական ընթացքը: Աստվածաշնորհ այդ ճառագայթումով ՀԱԳ-ը պատմականորեն շաղախեց, թրծեց, լուսավորեց, կողմնորոշեց եւ հաստատեց հայ ազգը` իր երկրով, մշակույթով ու պետականությամբ։ Նրա երթը Աստվածաշնորհ էր, նրա գործը` Աստվածահաճո։
ՀԱԳ-ն այնպիսի նոր իմաստ եւ ուղղություն տվեց հայի անձնական ու ազգային կյանքին եւ բարձրացրեց ազգի կենսունակությունը, զորացրեց նրա ստեղծագործ ոգին ու օժտեց ազգն անընկրկուն դիմացկունությամբ, որ ի զորու դարձրեց նրան իր դարավոր երթում հաղթահարելու խոչընդոտները, փորձությունները եւ երրորդ հազարամյակի շեմին վերականգնելու իր ազգապետությունը:
-Ըստ Ձեզ, հայ ազգը Քրիստոսաշունչ կերպար է ունեցել ու, ըստ այնմ, ապրել է դեռ նախքան 301 թվականին պետականորեն Քրիստոնեանա՞լը, ինչպե՞ս հասկանալ դա:
-Այո՛, 301 թվականին Քրիստոնեությունը պետականորեն կրոն հռչակելուց առաջ էլ հայ ազգին շնորհված էր Քրիստոսաբուխ հոգեկերտվածք: Իսկ այդ փաստորեն նշանակում է, որ իր ձեւավորման սկզբից էլ հայ ազգի բնույթն ու վարքը համապատասխանում էր Քրիստոնեական հավատքի գաղափարական եւ բարոյական արժեհամակարգին: Եվ այս հավատամքը, որ ուներ Հայկ Նահապետը՝ ազատասիրությամբ արտահայտված, Աստվածապատգամ էր ու Աստվածաշնորհ։
Աստվածաշնչում ասված է. «Աբրամը հավատաց Աստծուն, եւ այդ հավատը նրա համար արդարություն համարվեց»։ Շատ ժողովուրդների հայր անվանված Աբրամն (հետո կոչվեց Աբրահամ) ուներ մեծ հարստություն, տուն, տեղ ու ամեն ինչ հանգիստ ու ապահով կյանքի համար, սակայն երբ Աստված նրան ասաց. «Հեռացիր քո երկրից, քո տեղից ու քո հոր տնից եւ գնա այն երկիրը, որ քեզ ցույց կտամ»: Աբրամն անսաց Աստծո Խոսքին` հեռացավ իր երկրից ու գնաց այնտեղ, ուր Աստված իրեն պատգամեց, նա հավատքով չերկմտեց եւ հավատքով չվախեցավ իր ազգատոհմով գնալ իրեն անծանոթ այն վայրը, ուր անգամ մի ոտնաչափ հող չուներ, բայց ուներ Աստծո խոստումը, որին հավատաց:
Մեր պատմահայր Մովսես Խորենացին տեղեկացնում է, որ Հայկը նույնպես հեռացավ իր բնակած վայրից։ Նա հեռացավ, որովհետեւ Աստծո Սուրբ Հոգով չցանկացավ ենթարկվել Բելին՝ չարի իշխանությանը։ Մեր նախահայր Հայկը հավատքո՛վ այդպես վարվեց: Նա հավատքո՛վ չվախեցավ բռնակալի զորքի մեծությունից, հավատքո՛վ արհամարհեց նրա սպառնալիքները եւ հավատքո՛վ արձակեց իր նետը ու խոցեց չարը՝ Բելին, ազատություն բերելով իրեն, իր տոհմին ու սերնդին։ Աստված արդարություն համարեց նաեւ Հայկի հավատքը եւ նրան կարգեց հայ ազգի հայր։ Աբրամը եւ Հայկը նման են իրար Աստծո Սուրբ հոգու ներգործությամբ՝ Արարչի հանդեպ իրենց հավատով եւ Նրա կամքը կատարելով։ Հայկը հավատաց Աստվածապարգեւ ազատության ճշմարտությանը եւ չընկրկեց իր ազգուտոհմին սպառնացող վտանգի առաջ: Հայկ Նահապետի Աստվածաշնորհ ազատասիրության համաձայն դրսեւորվեց նրա վարքը, բարքը եւ կենցաղը: Նա իր ազատասիրությամբ ճանաչելով ու հավատալով Ճշմարտությունը եւ Ճշմարտության բովանդակությանը` Աստվածորդուն, կյանք ունեցավ թե՛ ինքը, թե՛ իր Ժառանգները:
Այդ իմաստով հայ ազգն առաջատար է ոչ միայն պետականորեն քրիստոնեացմամբ, այլեւ առաջատարներից է հոգեւոր, գաղափարական եւ բարոյական ապրելակերպի ազատությամբ։ Եվ երբ հայությունը դարերի ընթացքում զրկվելով պետականությունից, զրկվել էր նաեւ իր հավատամքի պետական արտահայտությունից, մեր ազգի հոգեւոր, գաղափարական եւ բարոյական ազատությունը, թեեւ խիստ տկարացած, այնուամենայնիվ վերապրեց, գործեց մինչեւ մեր օրերը, շնորհիվ մեր թեկուզ եւ մեծ մասամբ միայն ենթագիտակցության մեջ պահպանված ՀԱԳ-ով: Եվ դա սրբազան երաշխիք է ազգի, երկրի, պետության գոյատեւման, զարգացման ու Աստվածահաճո լուսավոր վերելքի։ Շատ էական է, որ մենք պատշաճն անենք, շարունակելու եւ զորացնելու մեր տկարացած ու մեծ սպառնալիքի տակ գտնվող հոգեւոր, գաղափարական եւ բարոյական ազատությունն ու անկախությունը` ՀԱԳ-ի լիովին վերականգնմամբ, ճանաչմամբ, ընդունմամբ եւ կյանքի բոլոր բնագավառներում ու հանգրվաններում կիրառմամբ:
– Ինչո՞ւ հենց մեզ տրվեց առաջին քրիստոնյա պետությունը լինելու շնորհը։
– Նախ նշեմ, որ քրիստոնյա լինելը նշանակում է որդիական հաղորդակցություն Աստուծո հետ: Աստված մեզ շնորհ արեց՝ հաղորդակից դառնալու Իր խորհուրդներին՝ նպատակներին եւ ծրագրերին։ Սա ամենամեծ փառքն ու երջանկությունն է, որ մարդ էակը կամ ազգը կարող է ստանալ՝ հաղորդակից լինել Աստվածային իմաստությանը եւ գիտությանը, էությանն ու բնությանը։ Իսկ այն հարցին, թե ինչո՞ւ հենց մենք… թերեւս մենք ավելի մոտ էինք քրիստոնեական արժեքներին, դրա շնորհիվ էլ ավելի շուտ ընկալեցինք այն, սակայն մեր Աստվածամերձ լինելը նույնպես Աստծո կամոք էր ու ծրագրով։
Ավետարանի հաղորդությամբ քրիստոնեական հավատքը Աստված շնորհեց մարդկությանը եւ առաջին հերթին իր սիրեցյալներին (պաշտոնի կոչած ազգերին), որոնց շարքում հայ ազգն առաջնային է՝ որպես պետականորեն քրիստոնեացած ազգ։ Դառնալով Աստվածային բնությանն ու խորհուրդներին հաղորդակից՝ հայ ազգն ստեղծեց հոգեւոր եւ նյութական կոթողներ, դարձավ գիտության եւ մշակույթի, ինչպես նաեւ ազգերի արժանապատիվ գոյության համաշխարհային ջանքերի անմիջական գործակից։ Մեր նախահայրերը 1700 տարի առաջ հայ ազգի ճշմարիտ` Աստվածահաճո կեցության համար դրեցին այնպիսի անսասան հիմքեր, կառուցեցին ազգի դիմացկունության, հզորության, դիմադրողականության, զարգացման եւ բարգավաճման այնպիսի ամրոց՝ ամրակուռ պարիսպներով, որ աշխարհում ոչ մի ուժ չի կարող գրավել այդ ամրոցը, որովհետեւ բանալին Աստված հանձնել է հայ ազգին։ Միայն հայ ազգը կարող է գործածել այն՝ կա՛մ իր զարգացման ու բարգավաճման համար, կա՛մ էլ իր գոյության դեմ՝ բացելով իր ամրոցի դռները թշնամու առաջ։
Այդքանից հետո, այժմ, ըստ իս, շատ էական խնդիր է այն, թե արդյո՞ք ճիշտ ենք ընկալում Քրիստոնեության խորհուրդն ու իմաստը եւ, ըստ այնմ, մեր կյանքի ապրումը դարձնում։ Մենք քրիստոնյա ենք «որտեղ հաց՝ այնտեղ կաց» գաղափարը կյանքի փիլիսոփայություն ու նպատակ դարձրած ծառայի հոգեբանությա՞մբ, անհավատ, վախկոտ, անսկզբունք ու կեղծավոր կամակատարի նկարագրո՞վ, նյութական ձեռքբերումների համար միջոցների մեջ խտրություն չդնող ճարպիկ քաղքենու մտայնությա՞մբ, թե՞ մեր սուրբ նախնյաց Աստվածատուր առաքինությունները կրող, նրանց Աստվածապատվեր վարքը շարունակելու հանձնառությամբ ապրող եւ գործող ազգ։
-Իսկ ինչքանո՞վ են ազգի գոյապայմաններն ազդում ազգի գաղափարախոսության ձեւավորման վրա:
-Ազգային գաղափարախոսությունը դարերի ընթացքում բնականաբար ազդվում է ազգի պատմական ընթացքից, մշակութային կյանքից, քաղաքական ու տնտեսական աշխարհագրությունից, այլ պայմաններից… Օրինակ` մի քանի դար աշխարհակալ եղած ժողովուրդը այլ հոգեբանություն ունի, տարբեր է նրա քաղաքացիական գիտակցությունը, մտածելակերպը, քան՝ պետականազուրկ ու կախյալ ազգի մտածելակերպն ու գիտակցությունը։ Միաժամանակ, բնականոն, հարազատ գաղափարները ծնվելով ազգային, հայրենական ակունքներից, կարող են ազդվել նաեւ օտար, խորթ ներմուծված ու պարտադրված գաղափարներից: Անգամ ամենահարազատ գաղափարները պայմանների բերումով կարող են խեղաթյուրվել, այլասերվել ու այլեւս չծառայել ազգի կողմնորոշմանը, բարօրությանն ու վերելքին։ Այդպիսով՝ բռնի ազդեցությամբ օտարացած ու խորթացած գաղափարը կարող է դառնալ ազգի թշնամին։ Մինչդեռ ազգային գաղափարախոսությունը ենթադրում է ազգին հարազատ, տոհմիկ գաղափարների ամբողջություն: Միաժամանակ, առկա է նաեւ այն երեւույթը, որ օտար ու խորթ պայմաններում (հատկապես չարամիտ նպատակներով) ստեղծված գաղափարները ներմուծելիս, ներքին ազգային հակազդեցությունն անխուսափելի է լինում, քանի որ ազգային մարմինը չի ընդունում եւ դիմադրում է օտար ու խորթ պատվաստներին: Սակայն, երբ ներմուծումը երկարատեւ շարունակականությամբ է եւ դավադրաբար ու բիրտորեն է պարտադրվում, ապա մարմինը հիվանդանում է, տոհմիկ, հարազատ գաղափարախոսությունը տկարանում, անկիրառելի է դառնում: Մի երեւույթ, որ հայ ազգային կյանքում տեղի ունեցել է… Զանազան «իզմերի» (մարքսիզմ, աթեիզմ, կապիտալիզմ եւ այլն) բացասական ազդեցությունը մեր ազգապահպանման, զարգացման ու առաջընթացի վրա այնքան ակնհայտ է, որ հազիվ հարկ լինի այդ մասին այստեղ շարունակել (գուցե այլ առիթով)… Մի բան պատմականորեն հաստատ է, որ օտարածին, խորթ, խարդախ, նենգ ու դավադիր գաղափարները չեն կարող ճշմարտապես սնել մեր միտքն ու հոգին, դառնալ ավիշ մեր կեցության, գոյատեւման եւ վերելքի համար։
Ավետարանն ասում է. «Ում ավելի շատ է տրված, նրանից ավելի շատ է պահանջվում»։ Եթե դու ասպետ ես, իշխան ես, ապա չես կարող գինեմոլ կառապանի պես հարբել ու պառկել ցեխի մեջ։ Պետք է իշխանավորին վայել կյանքով գործես, պարտականությունդ կատարես ու հետո նաեւ փառքդ վայելես։ Եթե Աստվածային խորհուրդները ճանաչելուց ու քեզ տրված շնորհները վայլելուց հետո Ամենայն Հայոց կաթողիկոս ես սպանում, կամ ձեռք ես բարձրացնում ազգային սրբություններիդ վրա, ուրեմն ոչ ոքի մի մեղադրիր, որ կյանքիդ ճանապարհը շեղվել է դեպի ստրկական կախվածության կամ տարագրություն եւ քեզ Սրբության Տաճար չի տանում, որից անընդհատ հեռանում ես ու կորցնում հայրենի տարածքներ, կորցնում ես միասնության, կազմակերպվելու, կառավարվելու ընդունակությունդ եւ քո էական այլ կարիքներն ապահովելու կենսունակությունդ` կորցնելով քո հոգեւոր, գաղափարական ու բարոյական էությունը եւ ինքնությունը… Բավ է, երեւի պետք է կանգ առնել, վերակողմնորոշվել ու սկսել բարձրանալ…
-Մեզ շրջապատող աշխարհը մեղք չունի՞ մեր կորուստների ու դժբախտությունների համար։
-Կարեւոր է գիտենալ մեր սխալների եւ մեղքերի մասին։ Մենք շատ հաճախ ուրիշներին ենք մեղադրել։ Մենք ասել ենք՝ բոլորը մեղավոր են, բացի մեզնից։ Նույնիսկ Աստծու արդարությունն ենք վիճարկել։ Մինչդեռ պիտի սեփական սխալները ճանաչեինք, ապաշխարեինք ու չկրկնեինք։ Հարց եք տալիս մեզ շրջապատող աշխարհի՞ մասին։ Չարը միշտ էլ կա, փորձությունը միշտ էլ առկա է եղել, բայց մենք, որ մի ժամանակ զինված էինք հավատի զենքով ու վահանով, չէինք ընկճվում թշնամու հարվածներից։ Այդ զենքի ու վահանի զորությունը մենք ընկճեցինք, երբ սկսեցինք սոսկ քարոզել, բայց չապրել այդ նույն քարոզների պատգամներով։ Մեզ հայտնվել էր, մենք գիտեինք Ճշմարտությունը, բայց սուտն ընտրեցինք. մեզ տրվել էր, եւ մենք ճանաչել էինք Լույսը, բայց դեպի խավարը շեղվեցինք… Տեսեք, թե ինչ է կատարվում՝ հայ մարդը ինչպիսի ժրաջանությամբ ձգտում է ապահովել իր զավակի բարեկեցիկ կյանքը` ներկան ու ապագան։ Իր երեխայի համար փող է կուտակում, մեքենա, բնակարան է գնում, դիպլոմ եւ այլն։ Մինչդեռ շատ լավ գիտենք, որ կյանքի դժվար ու նենգ քառուղիներում, երբ դավադիր փորձություններ, կործանիչ փորձանքներ են առաջանում, ո՛չ փողը, ո՛չ մեքենան, ո՛չ դիպլոմը չեն կարող օգնել, փրկել երեխային։ Նրան կփրկի միայն հոգեւորը` հոգեւոր, գաղափարական եւ բարոյական արժեքների շնորհիվ կարող է դիմակայել փորձություններին, անվնաս մնալ ու հաղթել, որովհետեւ Աստուծո օգնությամբ` հոգեւոր վահանո՛վ կարող է պաշտպանվել չարի նետերից։ Մենք, այս եւ նման հարցերի, երեւույթների մասին դատում ենք մեր երկրային գիտելիքների ու իմացության տրամաբանությամբ: Դա լա՛վ է, բայց քիչ է ու անկարող, եթե չի ամբողջացվում հոգեւորով` Ավետարանի իմաստությամբ, գիտությամբ, խաչի խորհրդով ու մեր ազգի պատմությունը իմաստավորող, փառավորող մեր մեծերի, սրբերի օրինակներով։ Տնտեսությամբ, քաղաքականությամբ, մշակույթով մրցունակ լինելու համար պիտի առաջին հերթին հոգեւորով մրցունակ լինենք` գաղափարախոսությամբ, հոգեղեն արժեհամակարգով։
-Ո՞րն է հայի ավանդական կերպարը, ի՞նչ ասել է՝ տոհմիկ հայ, հայի նկարագիր։ Որտե՞ղ փնտրենք այդ նկարագիրը։
-Կարեւոր է, որ ճանաչենք ինքներս մեզ, հասկանանք, թե ովքեր ենք, որտեղի՞ց ենք եկել, ո՞ւր ենք գնում եւ ինչո՞ւ։ Մինչեւ մենք մեզ չճանաչենք, եւ ըստ այնմ, չհաստատվենք, չկայանանք ու չկազմակերպվենք եւ կառավարվենք, որպես ազգ, չենք կարող ունենալ կայացած եւ կազմակերպված երկիր ու պետություն՝ այնքան կենսունակ ու զորեղ, որ ունակ ու ի զորու լինի պաշտպանվելու արտաքին եւ ներքին վտանգներից ու փորձություններից եւ ընթանալու մարդկային առաջադիմության առաջին շարքերում։ Ազգը՝ մարդկային հասարակության այդ առանձնակի կերտվածքը, ունի իր ուրույն բնությունը, ոգին, ներշնչումն ու տեսլականը, ունի իր հոգեկան ու մտավոր ընկալման հատկությունն ու ընդունակությունը։ Համաձայն մեր ազգային բնության՝ դարերի ընթացքում առաջադիմելու մարդկային բնածին մղումը մենք տեսանք աշխատանքի մեջ եւ մեր ազգային ջանքերն ուղղեցինք աշխատելու, ստեղծելու եւ ստեղծագործելու միջոցով առաջադիմելու նպատակին։ Մենք ձգտում էինք աշխատել, ստեղծագործել, այլ ոչ թե զավթողական պատերազմներ մղելով՝ ճնշել, խլել, թալանել ու «հարստանալ»։ Ու երբ կռվեցինք, կռվեցինք հիմնականում մեր սահմանների մոտ, մեր բերդերի ու պարիսպների տակ, մեր հողը ներխուժողների, մեր երկիրը ասպատակողների դեմ։ Մեր ազգային բնությունը եղել է նման մեղվի բնությանը, մրջյունի բնությանը։ Մենք եթե անցել ենք վայրեր եւ մեղվի բնությամբ նեկտար ենք հավաքել ու բերել մեր երկիր, միաժամանակ նաեւ փոշոտել ենք նրանց բուսականությունը եւ ծաղկեցրել անդաստանները։ Մենք չենք ոչնչացրել, մենք սնե՛լ ենք համաշխարհային մշակույթն ու քաղաքակրթությունը։ Հայի տոհմիկ կերպարը մեր սուրբ հայրերի, մեր ազգի մեծերի կերպարն է, որը պետք է վերակերտենք մեր մեջ նրանց հավատքով եւ դարձնենք մեր հոգեւոր, գաղափարական ու, ըստ այնմ, բարոյական նորմերի առանցք, կենսաձեւ։ Սա պետք է դառնա մեր աշխարհիկ եւ հոգեւոր ղեկավարության, մեր ազգային դպրոցի, մշակույթի, արվեստի, գիտության ու ամբողջ հասարակության նպատակը եւ գործը։ Մեր մեծերն ու սրբերն իրենց հավատքով, ոգով, վարքով ու գործունեությամբ հայ ազգի գալիք սերունդների համար ստեղծեցին գոյատեւման հիմք, վաստակ, եւ հենց այդ հիմքին հենվելով ու նրանց վաստակով է հայ ազգը հասել այսօրվա հանգրվանին։ Գերխնդիրն այն է, թե շարունակելո՞ւ ենք սպառել ու մսխե՞լ նախնյաց մեզ ժառանգություն թողած վաստակն ու փառքը, առանց դրանց վրա մեր ավանդն ավելացնելու, թե՞ այնուամենայնիվ, ինչ-որ բան մեր կողմից, որպես հոգեւոր, գաղափարական, բարոյական եւ նյութական արժեքներ, կտակելու ենք գալիք սերնդին։
Իսկ հայ լինելու հիմնական չափանիշը, ըստ Հայ Ազգային Գաղափարախոսության՝ Աստծուն ծառայելն է՝ ծառայելով հայությանը եւ հայրենիք Հայաստանին` միշտ, ամենուր, բոլոր պայմաններում: Պետության քաղաքացին ունի քաղաքացիական պարտք, պարտականություն՝ ամրագրված օրենքով։ Եթե ազգիդ մասնիկն ես, ապա անպայմանորեն ունես ազգային տուրքի պարտավորություն։ Եվ ծառայել ազգին նշանակում է ծառայել պարտաճանաչությամբ, պարտավորությամբ եւ խղճի մտոք։ Հայի մասնակցությունը Արցախյան ազատագրական պատերազմին նաեւ քաղաքացիական, ազգային ինքնագիտակցության արդյունք էր։ Սակայն, Արցախը ազատագրեցին իրավ կամավորականները, որոնք դեռ ազգային քաղաքացիություն չունեին, բայց նրանք անսացին իրենց հոգու կանչին, արյան կանչին։ Նրանք ինքնակամ հրաժարվեցին աշխարհիկ հաճույքներից, փափուկ կյանքի հարմարավետությունից ու ընտրեցին վտանգի, դժվարության ճանապարհը, որովհետեւ հավատքով էին գիտակցում իրենց պարտքը հայրենիքի առաջ եւ այդ պարտքը կատարելը համարում էին փառք ու պատիվ։ Պարտաճանաչությունը, գիտակցումը, հատկապես հոգու պարտքի հզոր ուժ է, եւ վայ նրան, ով այդ գիտակցումը ունի եւ չի վճարի պարտքը։ Այսպիսի պարտավճար հնարավորությունը, որ տրվում է մեզ, Աստվածային մեծ սիրո արգասիք է։ Եվ դրանով մենք ունենք մեր նախնիների Աստվածահաճո կերպարին վերադառնալու նախադրյալներ…
Շատ հզոր ազգեր այսօր վերացել են պատմության թատերաբեմից։ Իսկ մենք կանք, ունենք անկախ պետականություն։ Նկատի ունենանք, որ մեր դարավոր երթը կասեցնելու հզոր միջոցներից է մեզ օտարելը մեր պատմությունից, կտրելը մեր մեծերի կերպարներից, խորթացնելը նրանց գաղափարներից, բարոյական արժեքներից, զրկելը նրանց հոգեւոր ժառանգությունից։ Այսօր մեր հավատքն ավելի շատ ձեւ է, քան բովանդակություն, քանի որ մենք չենք ապրում ըստ մեր նախնյաց կերպարի։ Ավետարանը հավատքի սահմանադրությունն է, հավատքը ապրում դարձնելու առհավատչյան։ Հավատքը առանց գործերի ոչինչ է՝ բացատրում է Ավետարանը։ Հայությունը մարդկության մի մասնիկն է։ Յուրաքանչյուր հայ հայության մի հատիկն է։ Այդ հատիկը պետք է ընկնի հայկական հողի մեջ ու ծիլ տա։ Ես, որպես ազգիս մեկ հատիկը, պետք է ծիլ տամ հայկական հողում, որ, ինչպես Ավետարանում է նշվում` բազում արդյունք տամ։ Հայերի 2/3-ը հայրենիքում չի ապրում։ Եվ սա մեր ներուժի ամենամեծ վատնումն է։ Ի տարբերություն մեզ, հրեաններն օտար հողի վրա ապրելով, ստեղծում են ազգային եկամուտ, այսինքն՝ իրենց արդյունքով իրենց երկրում են, իրենց երկրի հետ։ Մենք մեր մտավոր, ֆիզիկական եւ նյութական (չխոսելով հոգեւոր, քաղաքական, դիրքային ու այլ ոլորտների մասին) ներուժի չնչին մասով ենք դիմակայում ժամանակի մարտահրավերներին, ապահովում դիմադրողականություն, մրցունակություն, ստեղծում զարգանալու ու առաջադիմելու նախադրյալներ եւ պատրաստ էլ չենք դրանք ծառայեցնել մեր անվտանգությանն ու վերելքին եւ մեր ազգային դարավոր իղձերի կենսագործմանը:
-Պարոն Վարդանյան, զրույցի սկզբում Դուք խոսեցիք մեր նախահոր՝ Հայկի ազատասիրության մասին, այն ներկայացրիք որպես Աստվածատուր շնորհ, որպես քրիստոնեական արժեք։ Մինչդեռ հենց ազատության գաղափարի շահարկումն է դառնում քրիստոնեական արժեքները ոտնահարելու պատճառ։
-Ազատությունը մարդ էակի գոյության, զարգացման ու երջանկության թթվածինն է։ Այն Աստծու պարգեւն է մարդուն եւ ունի Աստվածային բովանդակություն։ Ինչպե՞ս կարելի է ազատ լինել, ազատություն ունենալ… Ազատ կարելի է լինել՝ ճանաչելով ճշմարտությունը։ Ազատությունն ու ճշմարտությունն էապես շաղկապված են։ Առանց ճշմարտության չկա ազատություն. առանց ճշմարտությունը ճանաչելու հնարավոր չէ ճանաչել իրական, ճշմարիտ ազատությունը, հետեւապես՝ հնարավոր չէ հասնել դրան, ունենալ այն։ Ճշմարտությունը Հիսուս Քրիստոսի Աստվածությունն է, որը կարելի է ճանաչել՝ հավատալով Հիսուս Քրիստոսի հարությանը՝ Աստծո շնորհով։ Առանց այդ հավատքի չկա ճշմարտություն, հետեւապես եւ ազատություն։ Կարող է հարց ծագել՝ պատմության ընթացքում ու նաեւ ներկայում առանց Քրիստոսի հավատքի չի՞ եղել, չկա՞ ազատություն… Չի՛ եղել ու չի՛ լինելու, ինչպես չի եղել եւ չի լինելու խավարի փարատում առանց լույսի։ Կարող է լինել միայն ազատության պատրանք, խաբուսիկ, կեղծ ազատություն, որը դավադիր է, խարդախ, գերող, այլասերող, այլակերպող ու ի վերջո ստրկացնող, խորտակող: Այսինքն՝ սուտ էին եւ սուտ են բոլոր կարգախոսները, քարոզները, տեսությունները ազատության մասին առանց Քրիստոսի հավատքի: Դրանք խաբուսիկ են եւ կործանարար։ Եթե մարդ ուզում է ազատ լինել, պիտի ճանաչի ճշմարտությունը՝ Աստվածորդուն՝ Նրա Ավետարանով ու խաչով։ Երբ հայ մարդն ազգովի ու պետականորեն Աստծո հավերժական շնորհով ստացավ Հիսուս Քրիստոսի հավատքը` ազատվեց հավիտենապես։ Դրա համար է, որ հայկականությանը հավատարիմ հայի հոգին երբեք չստրկացավ, նույնիսկ՝ երբ հայը ֆիզիկապես ու անգամ մտքով ստրկություն ապրեց։ Որովհետեւ ստրկական վիճակը՝ իբրեւ ազգային, քաղաքական, ընկերային եւ տնտեսական կարգավիճակ, դեռ ի զորու չէ բացարձակապես ստրկացնելու անձին եւ հասարակությանը, իրական ստրկությունը սկսվում է ստրկամտությունից եւ ավարտվում է ստրկահոգությամբ։ Անձն ազատ է, եթե ստրուկ չէ հոգին։ Ազատ հոգին իր հերթին հզոր գործոն է ստրկացած մտքի ազատագրման համար։ Իսկ երբ ազատ է նաեւ միտքը, անձի կամ ազգի ստրկական կարգավիճակը դառնում է ժամանակավոր… Ուրեմն՝ ազատության հիմքն ու նախապայմանը ազատ հոգին է, որն ազատ է մնում բացարձակ Ճշմարտության` Հիսուս Քրիստոսի Աստվածության հավատքով… Եվ միայն Ճշմարիտ ազատության առկայությամբ կարելի է ունենալ ազգային կենսունակ պետականություն ստեղծելու իրավունքն ու կարողությունը։
Ահա թե ինչու մեր նախահայրերը զոհվել-նահատակվել են ապրելու համար։ Վարդանանք անմահ են, ապրում են իրական կյանքով՝ Տիեզերական եւ Հավիտենական կատարելության կյանքով։ Նրանք անմահ էին այն պահից, երբ մերժեցին ուրացումը` հոգեւոր ստրկությունը, հետեւելով Հայկ Նահապետի հոգեղեն կերպարին ու վարքին:
Այն ազատությունը, որն ազատում է չարի ձեռքերն ու լեզուն, չարիք է ծնում։ Ինչը եւ կատարվում է հաճախ մարդկային կյանքում եւ հատկապես մեր ժամանակաշրջանում, երբ մեծ մասամբ չարն ազատություն է ստանում, իսկ բարու ստեղծած բարոյական նորմերը սահմանափակվում, վարկաբեկվում եւ դուրս են մղվում կիրառությունից։ Այսօր աշխարհի խնդիրների, ավելի ճիշտ՝ հասարակական հարաբերությունների, անձի ազատության եւ նրա իրավունքների, ազգի կրթության, մշակույթի, ընտանեկան հարաբերությունների եւ նման ոլորտների վերաբերյալ օրենքների, կանոնների ընդունման ու կիրառման գործընթացներում քրիստոնյա հորջորջված շատ երկրներում, իշխանական զորությամբ ամեն ինչ արվում է, որպեսզի ոչ միայն քրիստոնեական նորմերն ու սկզբունքները չկիրառվեն, այլեւ քրիստոնեություն անունն իսկ չհիշատակվի։ Արդյո՞ւնքը… արդյունքն այն է, ինչն ակներեւ է այսօր ու ակներեւ է լինելու վաղը, երբ պատուհասելու է ե՛ւ մեղավորներին, ե՛ւ «անմեղ» անտարբերներին։ Այդպիսի՛ն է մեղքը։ Ինչպես բնական միջավայրի, այնպես էլ մարդկության մի մասի հոգեկան, գաղափարական եւ բարոյական ախտահարումը վաղ թե ուշ ազդում է ամբողջ մարդկության վրա։
(շարունակելի)
ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
մայոր