Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ՀԱՂԹՈՒՄ Է ՆԱ, ՈՎ ՈՒՆԱԿ Է ԱՐԱԳ ԼՈՒԾԵԼՈՒ ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ



Ինժեներական զորքերի կազմավորման 20-ամյակի կապակցությամբ մեր թղթակից Շուշան Ստեփանյանը զրուցեց ՀՀ ԶՈւ Ինժեներական զորքերի վարչության պետ գնդապետ ԿԱՐԵՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ հետ:

ՍՏԵՂԾԵԼ ԵՆՔ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԳՈՐԾՈՂ ՀԱՄԱԿԱՐԳ

2000 թվականից սեպտեմբերի 7-ը ՀՀ ԶՈՒ-ում նշվում է որպես Ինժեներական զորքերի օր: 1992 թ. մայիսին Ինժեներական զորքերի վարչությունը կենտրոնական ապարատում կազմավորվեց որպես ծառայության բաժին, իսկ նույն թվականի սեպտեմբերի 14-ին վերակազմավորվեց որպես վարչություն: Սակայն ԶՈՒ-ում ինժեներական զորքերի օր սահմանվեց սեպտեմբերի 7-ը, քանի որ այդ օրը Լաչինի միջանցքում ինժեներական ստորաբաժանումների կողմից ինժեներական զինամթերքի ճիշտ գործարկման եւ փայլուն աշխատանքի արդյունքում պատրաստվել էին համապատասխան պայթյունային հանգույցներ եւ ականապատման դաշտեր, ինչի շնորհիվ կանխվեց հակառակորդի առաջխաղացումը եւ նրան հասցվեց կենդանի ուժի եւ տեխնիկայի մեծ կորուստ:

Պետք է նշեմ, որ պատերազմական գործողություններին զուգահեռ, տեղի էր ունենում կանոնավոր բանակի կազմավորումը, նաեւ` ինժեներական ստորաբաժանումների ստեղծումը: Ստորաբաժանումները համալրվում էին ԽՍՀՄ ռազմաինժեներական ակադեմիան ավարտած սպաներով, շինարարական զինվորական ուսումնարանի, պոլիտեխնիկական ինստիտուտի շրջանավարտներով: Որոշ ջոկատներում ինժեներական գործից քիչ թե շատ հասկացող կամավորներ էլ կային: Եթե համազորային ստորաբաժանումները համալրվում էին սպառազինությամբ ու տեխնիկայով, ապա ինժեներական ապահովման խնդիրները սպառազինության առումով իրականացվում էին ձեռքի տակ եղած միջոցներով, ներգրավվում էր նաեւ համապատասխան տեխնիկա ժողովրդական տնտեսությունից:

Ինժեներական ստորաբաժանումները մեծ ներդրում են ունեցել մարտական գործողությունները հաղթանակով պսակելու գործում: Եթե որպես պաշտպանվող կողմ ժամանակին չիրականացնեինք ամրաշինական աշխատանքներ, ապա մեր զոհերի եւ վիրավորների քանակը շատ ավելին կլիներ: Արցախյան պատերազմի ժամանակ հակառակորդը չհասցրեց կահավորել իր դիրքերը: Մեր առաջխաղացումից հետո, նա հապճեպ անցավ պաշտպանության, չհասցրեց նախապատրաստվել եւ նաեւ թերի կահավորման պատճառով անհաջողություն ունեցավ:

Ռազմական ամրաշինության առումով տեղանքը ժամանակին կահավորելով` զորքը ապահովվում է հակառակորդի խոցման բոլոր միջոցներից` թե՛ հրետանու, թե՛ ավիացիայի: Կարեւոր է նաեւ ինժեներական զինամթերքով հակառակորդին կորուստներ հասցնելը եւ համապատասխան աշխատանքների շնորհիվ նրա առաջխաղացումը կասեցնելը կամ դանդաղեցնելը, ինչն անելու համար մենք այսօր հստակ գործող համակարգ ենք ստեղծել:

Պիտի փաստեմ, որ 1996-1998 թթ. մեծ ծավալի աշխատանք կատարվեց` կահավորվեց առաջնագիծը: Առաջնագծում սեղմ ժամկետներում փորվեցին հակատանկային փոսեր եւ փոս ճանապարհներ: Հակառակորդի համար էլ էր անսպասելի, որ այդպիսի կարճ ժամանակահատվածում մենք նման ծավալի աշխատանք կատարեցինք: Սա թույլ տվեց, որ զորքի ապահովման խնդիրները կատարենք անվտանգ` հնարավորություն չտալով հակառակորդին դիմելու նոր սադրանքների:

ՄԵՐ ԳԵՐԽՆԴԻՐՆԵՐԸ

Այժմ մեր գերխնդիրը զորքերի կենսունակության աստիճանի բարձրացումն է եւ համապատասխան ռազմական ամրաշինության աշխատանքների իրականացումը: Դժվարությունն այն է, որ առաջնագծում գյուղերն են` գյուղացիների սեփականաշնորհված հողատարածքներով: 18 տարի խրամատային պատերազմի վիճակում ենք, մեր զորքը իրականացնում է մարտական հերթապահություն, եւ մեզ համար կարեւոր է առաջնագծում տարեցտարի բարելավել զինվորի կենցաղը: Այսօր այնտեղ կառուցվել ու կահավորվել են քարե կացարաններ ու դաշտային փակ տիպի ճաշարաններ, եւ անձնակազմը կարող է լիարժեք իրականացնել իր ծառայությունը: Եթե նախկինում զինվորը կանգնում էր բաց խրամատում, ապա այսօր ունենք կահավորված դիտակետեր եւ կրակակետեր: Դիրքերում, հենակետերում սարքավորված են հրամանատարական դիտարկման եւ կրակի ղեկավարման կետեր դասակի, վաշտի եւ գումարտակի հրամանատարների համար:

Հենակետի` ինժեներական առումով կահավորված լինելը հակառակորդի դիվերսիոն խմբերի դեմ պայքարելու լավագույն միջոցն է: Վստահեցնում եմ, որ հակառակորդին ամեն դիրքում մի անակնկալ է սպասում: Մեր գործում կարեւոր է ստեղծագործելու ունակությունը: Շատ դեպքերում մենք կորուստներ չենք ունենում, որովհետեւ դիրքը ինժեներական առումով կահավորելիս ստեղծագործական մոտեցում է ցուցաբերվում:

Ուշադրության կենտրոնում են ռազմական ճանապարհներն ու ճանապարհային ցանցերը: Ինժեներական զորքերի վարչության գերխնդիրն է դրանք բանուկ պահելը: Մեր որոշ մարտական հենակետեր գտնվում են ծովի մակերևույթից 2000 մետրից ավելի բարձրության վրա, և հատկապես ձմեռային պայմաններում անհրաժեշտ է ապահովել դրանց շահագործումը: Զորքի անվտանգ տեղաշարժը ապահովելու նպատակով կառուցում ենք նոր ռազմական ճանապարհներ: Ինժեներական զորքերի վարչության առաջնային խնդիրն է բոլոր մարտական հենակետերը ապահովել ճանապարհներով, մինչեւ կացարաններ, հետագայում զարգացնելով ռոկադային եւ ճակատային ճանապարհային ցանցը, դրանով իսկ ապահովելով զորքերի շարժը եւ խուսավարումը, որն էլ իր հերթին կնպաստի պաշտպանության ակտիվության եւ կայունության բարձրացմանը: Մեծածավալ աշխատանքներ են տարվում ռազմական ճանապարհների եւ շարասյունային ուղիների կառուցման, վերանորոգման եւ սպասարկման ուղղությամբ: Բացի համապատասխան ճանապարհներ կառուցելուց, կարեւորում ենք ռոկադային եւ ճակատային ճանապարհային ցանցերի խճապատումը, ինչը թույլ է տալիս, որ զինտեխնիկան պահպանվի, չջարդվի: Ինժեներական ապահովման միջոցառումներից կարեւորում ենք քողարկման խնդիրների լուծումը, ինչը հաջողությամբ իրականացնում ենք:

ԿԱԴՐԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ` ՕՐԱԿԱՐԳԻ ՀԱՐՑ

Մեր ոլորտի մասնագետների պատրաստման համակարգը բարեփոխումների կարիք ունի:

Արդյունավետ աշխատելու համար մեր մասնագետները պետք է վերապատրաստվեն: Վերջերս Մոսկվայում հանդիպել ենք Ռուսաստանի ինժեներական զորքերի ղեկավար գեներալ-մայոր Յուրի Ստավիցկիի հետ եւ քննարկել Հայաստանի ինժեներական զորքերի համար կադրերի պատրաստման հարցը, որն իրականացվելու է ՌԴ ՊՆ կրթարաններում: Շուտով մեր զինծառայողները կգործուղվեն ՌԴ համապատասխան զորամասեր եւ լաբորատորիաներ: Դրանից հետո կփորձենք նմանատիպ լաբորատորիա ստեղծել մեզ մոտ:

Ինժեներական զորքերի մասնագետներ այսօր պատրաստում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը: Կուրսանտները մասնագիտական պատրաստություն էին անցնում 3-րդ կուրսից եւ ստանում ինժեների որակավորում, սակայն մեր առաջարկով եւ պաշտպանության նախարարի համապատասխան հրամանով այս տարվանից ընտրությունը կկատարվի 2-րդ կուրսից, ինչը կնպաստի մասնագիտական վարպետության աստիճանի բարձրացմանը: Տարեկան ունենում ենք տասնյակից ավելի շրջանավարտներ, որոնց մի մասը կրթվում են ՌԴ-ում:

Մեր ինժեներասակրավորային խաղաղապահ գումարտակը առաքելության շրջանակներում դասընթացներ է անցնում Իտալիայում, Գերմանիայում, Հունաստանում, ինչը բարձրացնում է մեր մասնագետների որակավորումը:

Ինժեներական պատրաստությունն անհրաժեշտ է բոլոր սպաներին: Դեռևս ռուս կայսր Պետրոս Առաջինն է ասել. «Ինժեներական գործը պետք է իմանան բոլոր սպաները: Ովքեր չեն տիրապետում ինժեներական գործին, չպետք է ստանան առավել բարձր կոչում, քան կրում են»: Այս խոսքի մեջ ճշմարտություն կա. այն հրամանատարը, որը տիրապետում է ինժեներական գործին, համարձակ գնում է առաջնագիծ: Հրամանատարից եւ զինվորից ավելի լավ ոչ ոք չգիտի տեղանքը և չի կարող որոշել, թե ինժեներական ինչ աշխատանքների կարիք կա:

Այս առումով մեզ մեծապես աջակցում են հյուսիսարեւելյան զորամասերը, ուզում եմ շեշտել հատկապես փոխգնդապետներ Երիցյանի, Հովակիմյանի, Կոծինյանի, Թեւանյանի արդյունավետ աշխատանքը, գոհ եմ նաև առանձին խաղաղապահ ինժեներասակրավորային գումարտակից, որը համայնքներում հումանիտար ականազերծման աշխատանքներ է իրականացնում: Ինժեներական առումով ծավալուն աշխատանքներ են իրականացվել ՀԱՊԿ շրջանակներում կայանալիք «Փոխգործակցություն-2012» զորավարժությանը նախապատրաստվելիս: Աչքի են ընկել շարքային Կարեն Բաբայանը, կապիտան Յուրա Համբարձումյանը, լեյտենանտ Դանիելյանը եւ այլք: Ամբողջ զինված ուժերի անխափան առօրյան ինժեներական առումով ապահովվում եւ ղեկավարվում է վարչությունից, որի աշխատակիցները բարեխղճորեն են վերաբերվում գործին եւ հասցնում են փոքրաթիվ անձնակազմով ծավալուն աշխատանք կազմակերպել: Վարչության կայացման գործում մեծ է Ալիկ Միրզաբեկյանի, Ոստանիկ Ադոյանի, Աշոտ Մարդանյանի ավանդը:

Քանի որ պաշտպանության նախարարի կողմից տարին հայտարարված է մարտական վարպետության ամրապնդման տարի, ապա մասնագիտական տոնի առթիվ շնորհավորելով իմ ենթականերին ու ծառայակիցներին՝ նրանց կոչ եմ անում չթերանալ, աշխատել սահմանված չափորոշիչներով և անընդհատ կատարելագործվել:

Խորագիր՝ #35 (951) 6.09.2012 – 12.09.2012, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


12/09/2012