ԱԶԳԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ
ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն-2012» Հայաստանում անցկացվելիք համատեղ զորավարժությանը մասնակից երկրների ներկայացուցիչներն արդեն ժամանել են նշանակման վայր։ Վրանային ավանի 7 տասնյակից ավելի նոր վրան-կացարաններում հարմարավետ տեղավորվել են զորավարժության մասնակից երկրների զինծառայողները։
Սեպտեմբերի 9-ին, ժամը 10.00-ին վրանային ավանի շարահրապարակում տեղի ունեցավ հանդիսավոր միտինգ, որի ժամանակ զորավարժության մասնակից երկրների պետական օրհներգերի հնչյունների ներքո բարձրացվեցին այդ երկրների պետական դրոշները։
Այնուհետև զորավարժության մասնակից զորքերի հրամանատար գեներալ-մայոր Կամո Քոչունցը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանին զեկուցեց հանդիսավոր միտինգին զորքերի պատրաստ լինելու մասին։ Վերջինս ընդունելով զեկույցը՝ դիմեց զորավարժության մասնակիցներին.
-Հարգելի գեներալներ, սպաներ, սերժանտներ, զինվորներ, թանկագին հյուրեր։ Ողջունում եմ Ձեր սուրբ Արարատ լեռան ստորոտում գտնվող հինավուրց ու հյուրընկալ հայոց հողի վրա և շնորհավորում Հայաստանի Հանրապետության տարածքում անցկացվող ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն-2012» համատեղ զորավարժությանը մասնակցելու կապակցությամբ։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ կբարձրացնենք մեր վարպետությունը, հաջողությամբ կկատարենք մեր առջև դրված մարտական առաջադրանքները։ ՀԱՊԿ «Փոխգործակցություն-2012» համատեղ զորավարժության նպատակն է անձնակազմի ռազմաարհեստավարժական մակարդակի պահպանումն ու կատարելագործումը։
Մենք հաստատում ու պաշտպանում ենք մեր նվիրվածությունը հավաքական անվտանգության պայմանագրի նպատակներին ու սկզբունքներին։
Մաղթում եմ ձեզ քաջառողջություն, զինվորական կոփվածություն և անկեղծ բարեկամություն։
Այնուհետև զորավարժության մասնակիցներին դիմեց զորավարժությանը մասնակից զորքերի հրամանատար գեներալ-մայոր Կամո Քոչունցը.
-Ես շնորհավորում եմ ձեզ կոլեկտիվ անվտանգության արագ արձագանքման «Փոխգործակցություն-2012» զորավարժությունների մեկնարկի կապակցությամբ, որը նվիրված է կոլեկտիվ անվտանգության պայմանագրի 20-ամյակին։ Աճող նորանոր մարտահրավերների ֆոնի վրա ՀԱՊԿ-ն հատուկ ուշադրություն է դարձնում ուժային անհրաժեշտ պոտենցիալի, համակարգող մեխանիզմների և հավաքական անվտանգության գործնականում բոլոր խնդիրներին արագ արձագանքման հնարավորությունների ստեղծման վրա։
Մեր ռազմական համագործակցությունը հարուստ պատմություն ունի, կան հին, լավ, փառավոր ավանդույթներ։ Վերջին տասնամյակում այն հաջողությամբ զարգանում է սկզբունքորեն նոր իրավահավասարության հիմքով։
Զորավարժության մասնակից անձնակազմի անունից վստահեցնում եմ, որ զորավարժության առաջադրած խնդիրները, հատկապես փոխգործակցությունը, զորավարժության մասնակից ոստիկանության, անվտանգության ծառայության, արտակարգ իրավիճակների զորքերի ու զորամիավորումների միջև, այն է՝ հակաահաբեկչական միջոցառումների անցկացման, սահմանախախտ անօրինական զինված խմբավորումների տեղայնացման ու ոչնչացման և սահմանադրական կարգերի վերականգնման ուղղությամբ կկատարվեն բարձր մակարդակով։ Վստահեցնում եմ՝ «Փոխգործակցություն-2012» զորավարժության մասնակից ողջ անձնակազմը կցուցադրի բարձր մասնագիտական վարպետություն, կիրականացնի զորավարժության մտահղացումը։
Այնուհետև հրամանատարական կազմի առջև հանդիսավոր երթով անցան «Փոխգործակցություն- 2012» զորավարժությանը մասնակցող ազգային ստորաբաժանումները, ինչից հետո ուղևորվեցին ՀՀ ՊՆ վարչական համալիր: Նույն օրը ՀՀ ՊՆ վարչական համալիրում մեկնարկեցին «Փոխգործակցություն-2012» զորավարժություններին մասնակցող ՀԱՊԿ անդամ պետությունների ազգային ստորաբաժանումների միջև անցկացվող մարզական միջոցառումները: Ազգային ստորաբաժանումների ֆուտբոլի, վոլեյբոլի և պարանի ձգում մարզաձևի հավաքականների միջև ընթացող մրցաշարերի հաղթողները եզրափակիչ խաղերի արդյունքներով կորոշվեն սեպտեմբերի 18-ին:
Հավելենք նաև, որ Հայաստան ժամանած զորախմբերն այս օրերին մասնակցում են էքսկուրսիաների: ՀԱՊԿ անդամ պետությունների զինծառայողները ծանոթանում են Հայաստանի գեղատեսիլ վայրերին, պատմամշակութային հուշարձաններին:
ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
մայոր
Լուս.՝ ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
կապիտան