ՄԻՆՈՒՃԱՐ ԵՂԲԱՅՐԸ
Հրադադարը նոր-նոր էր հաստատվել, սակայն սահմանային հատվածներում դեռ լինում էին կրակոցներ, պայթում ականներ։ Հրամանատարները առավել ջանք ու եռանդ, խստապահանջություն պետք է դրսևորեն, որովհետև առավել դժվար է, երբ խաղաղ պայմաններում զինվոր է զոհվում։
Մեր գումարտակը Հորադիզի սահմանային հատվածում էր։ Հերթական զորակոչի ու զորացրման օրերն էին։ Ծառայության եկավ Լոռու մարզի Ճոճկան գյուղից մի զինվոր։ Մի օր էր անցել, ու դեռ կարգին չէի հասցրել զրուցել, ծանոթանալ նորակոչիկ զինվորների հետ, երբ ինձ ասացին, որ զինվորների մայրեր են եկել և ուզում են ինձ հետ հանդիպել։ Յոթն էին, թվաց՝ իրար նման ու բարևելուց կատակով հարցրի. -Հո քույրե՞ր չեք…
Զարմանքից ծիծաղեցի, երբ ասացին, որ իրոք քույրեր են ու եկել են իրենց եղբորը՝ Կարենին տեսակցելու՝ յոթ քրոջ միակ եղբորը… Ու հիմա 7 քույրերը մեկը մյուսից խոսքը խլելով, խոսում են, ավելի շուտ, խնդրում, աղաչում.
-Մեր միակ եղբայրն է, լավ կնայեք, խնդրում ենք…
-Աղաչում ենք՝ մեր հայրական տան ճրագն է…
-Ամեն ինչով կփորձենք օգնել, միայն մեր եղբայրը անվտանգ ծառայի…
Արդեն ամեն ինչ պարզ էր, ու ես ասացի.
-Մենք էլ 10 քույր ենք, ունենք մեկ եղբայր, ես ձեզ լավ եմ հասկանում,- ու կարճ պատմեցի Մոկսեցի Մարգար հորս ոդիսականը, որը միակն է եղել, որ փրկվել է իրենց մեծ գերդաստանից և հասել Արևելյան Հայաստան։ 10 աղջիկներից հետո ծնվել է միակ տղան՝ մեր եղբայրը… Սակայն մինչև ծնվելը հայրս ինձ միշտ ասում էր. -Դու իմ տղան ես, իմ քաջ, անվախ տղան։
Ու հարցրի 7 քույրերին. -Մինչ ձեր եղբոր ծնվելը, ձեզանից ո՞ւմ է ձեր հայրը գովել, քաջալերել՝ որպես իր տղայի…
Աղջիկներից մեկն առաջ եկավ (անունը կարծեմ Նարգիզ էր). -Ի՛նձ էր այդպես ասում հայրս…
-Դե հիմա լսիր, ինչ եմ ասում,- ու ավտոմատի փամփշտակալից մի գնդակ հանելով՝ տվեցի նրան,- եթե քո եղբորը մի բան պատահի, թող էս գյուլլեն մտնի սիրտս…
Հետո ներս հրավիրեցի քույրերին ու պատմեցի հորիցս լսած մի պատմություն, որը պատահել է գաղթի ճամփին.
-Փախեփախի օրերին հայ մայրը եղբոր ու որդու հետ ընկնում է թուրքերի ձեռքը, և թուրքերը պայման են դնում հայուհու առջև՝ տղաներից մեկնումեկին պիտի սրախողխող անեն, ու հայուհին պիտի որոշի, թե ում պիտի փրկի։ Եվ հայ կինը արցունքն աչքերին փրկում է եղբորը։
-Իմ արգանդը դեռ չի չորացել, ես երեխաներ դեռ կծնեմ, իսկ իմ հոր ողջ գերդաստանից միայն եղբայրս է մնացել,- ասում է հայուհին։
…7 քույրերի եղբայրը ծառայեց պատվով և վերադարձավ հայրենի օջախ։ Մինչ օրս կապը կա՝ քույրերը, ինքը զանգում են, երկար զրուցում։ Հրաշալի մարդիկ են։ Բարեկամացել ենք,- ավարտեց իր պատմությունը Արցախյան պատերազմի վետերան Ջեմմա Հովհաննիսյանը։
Գ. Շ.
Խորագիր՝ #36 (952) 13.09.2012 – 19.09.2012, Հոգևոր-մշակութային