Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՍ ԷԼ ՆՐԱՆՑԻՑ ՄԵԿՆ ԵՄ



Հարցազրույց զորամիավորման հրամանատար գնդապետ ՕՆԻԿ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ հետ

-Պարոն գնդապետ, հայտնի է, որ ՀԱՊԿ ԱԱՀՈՒ հայկական նախկին ստորաբաժանումը՝ գումարտակը. գտնվում էր Ձեր հրամանատարությամբ գործող զորամասերից մեկի կազմում, և անցկացվող զորավարժություններին մասնակցում էր նրա վաշտերից մեկը։ Խնդրում եմ ասեք, թե այժմ ինչ կազմով է զորամիավորումը (զորամասը) մասնակցում «Փոխգործակցություն-2012» զորավարժությանը։

-Հասկանալի է, որ մասնակցության ձևաչափը որոշում են զորավարժության կազմակերպիչները։ Ես կարող եմ ասել, որ գումարտակի փոխարեն հետայսու ներկայանալու ենք բրիգադի կազմով։ Զորավարժությանը մասնակցելու է նույն՝ գնդապետ Ա. Սմբատյանի հրամանատարությամբ գործող զորամասը՝ բացառությամբ որոշ գումարտակների։

Ընդգրկված են փոխգնդապետներ Բ. Պողոսյանի հրամանատարությամբ գործող ԲՄ-21, Մ. Մարտիրոսյանի Դ-20 դիվիզիոնները և Ա. Գյուզալյանի հրամանատարությամբ գործող տանկային գումարտակը։ Հայտնի է, որ նախկինում մեր վաշտի մասնակցությունը ԱԱՀՈՒ զորավարժություններին եղել է շատ հաջող, զինծառայողներն աչքի են ընկել բարձր մարտական պատրաստակամությամբ ու բարոյահոգեբանական հատկանիշներով։ Վստահ եմ, որ այս անգամ էլ մեր զինծառայողներն ու ստորաբաժանումները բարձր կպահեն ազգային բանակի հեղինակությունը գործընկերների շրջանում։ Որպես զորամիավորման հրամանատար կարևորում եմ այն հանգամանքը, որ ինչպես մոտոհրաձգային գումարտակները, այնպես էլ տանկային ու հրետանային ստորաբաժանումները ևս մեկ հնարավորություն են ստացել կատարելագործելու հմտությունները դաշտային պայմաններում, ստուգելու, ճշտելու գործընկերների հետ ներդաշնակման, մարտի վարման, ինչպես նաև կրակային պատրաստության աստիճանը։ Ասեմ, որ հրամանատարական կազմի սպաները, ստորաբաժանումների անձնակազմերը գիտակցում են, թե ինչ պատասխանատու առաջադրանք են կատարելու և քրտնաջան նախապատրաստվում են։

-Պարոն Գասպարյան, զորամիավորումը շատ կարևոր խնդիր է կատարում. իրականացնելով հանրապետության պետական սահմանի մի մեծ հատվածի պահպանությունը։ Գաղտնիք չէ, որ սահմանը ձգվում է բարդ տեղանքով, ուր հակառակորդն ամենօրյա կրակոցներով խաթարում է մեր գյուղերի անդորրը, գյուղացու աշխատանքը, իսկ այս տարվա հունիս ամսին պարզապես չափն անցավ, հարձակվելով մեր դիրքերի վրա։ Այժմ ինչպիսին է իրավիճակը, և ինչ է արվում (արվել) հակառակորդին զսպելու համար։

-Մեր գլխավոր խնդիրը պետական սահմանի անվտանգության պահպանումն է, և մենք ջանում ենք, որպեսզի առաջադրանքը կատարենք մաքուր, առանց կորուստների ու միաժամանակ, հակառակորդին թույլ չտանք, որ հրաձգության թիրախ դարձնի մեր գյուղերն ու դաշտում աշխատող գյուղացիներին։ Ի տարբերություն մեր հակառակորդի, մենք խստորեն պահպանում ենք վերադաս հրամանատարության հրամանները և առաջնագծում չենք պահում նշանառուներ, նշանառության սարքեր ունեցող զենքեր։ Ընդհանրապես, չենք ուզում, որ սահմանին լարվածություն ստեղծվի։ Ինչ վերաբերում է հունիս ամսին տեղի ունեցած դեպքերին, երբ նրանք դարանակալեցին մեր խաղաղ բնակիչներին և գրոհեցին հենակետերից մեկը, մենք դրան տվեցինք կտրուկ, վճռական պատասխան։ Հակառակորդն ունեցավ մի քանի անգամ ավելի շատ կորուստներ։ Հակահարվածն այնքան ուժգին էր, որ ադրբեջանցիները սահմանի ողջ երկայնքով կազմակերպեցին պահպանության ուժեղացում, ներգրավելով իրենց հատուկ նշանակության զորքերի ստորաբաժանումները։ Նրանք զգացին, որ կա համբերության մի սահման, որից այն կողմ անցնելը շատ վտանգավոր է։ Ասեմ նաև, որ մինչ այդ էլ սկսվել էր և դրանից հետո էլ շարունակվեցին առաջնագծի ինժեներական ապահովման աշխատանքները։ Ծավալուն աշխատանքներ տարվեցին մարտական հենակետերը հակադիվերսիոն առումով լրակահավորելու ուղղությամբ։ Հակառակորդի նմանատիպ գործողությունները բացառելու համար պատրաստվեցին բազմաթիվ, բազմապիսի արգելափակոցներ, ծուղակներ, տեղադրվեցին ազդանշանային համակարգեր։ Այնուամենայնիվ, հակառակորդի կողմից կրակոցները շարունակվում են, թեև իմ դիտարկումներով նրանք հասկացել են, որ մենք չենք հանդուրժում հենակետերի և գյուղերի ուղղությամբ կրակոցները։

-Իսկ Ձեր կարծիքով, այդ կրակոցները հրամանների կատարումնե՞ր են, թե ինքնագործունեության արդյունք։

-Վերլուծությունները ցույց են տալիս, որ գործողությունները սահմանում հրահանգավորման արդյունք են, կապված իրենց ներքին և արտաքին քաղաքականության հետ, ճիշտ այնպես, ինչպես քնած ժամանակ մարդուն կացնահարող Սաֆարովի դեպքը։

-Դուք նշեցիք, որ չեք հանդուրժում գյուղերի ուղղությամբ կատարված կրակոցները։ Վերջերս մենք եղել ենք առաջնագծի այդ հատվածներում և գիտենք, որ սահմանի պահպանությունը հիմնականում իրականացվում է սահմանամերձ գյուղերի բնակիչների՝ պայմանագրային զինծառայողների ուժերով։ Մարդիկ իրենք են պաշտպանում իրենց գյուղը, տունը, ընտանիքը։ Կարո՞ղ ենք ասել, որ մենք սահմանային գյուղերը բերդ-ամրոցների վերածելու ճանապարհին ենք։

-Կարծում եմ՝ շատ լավ գիտեք, որ ես ինքս էլ զինծառայության ուղին սկսել եմ սահմանների պաշտպանությունից։ Այսինքն՝ մեծ հաշվով, ես էլ նրանցից մեկն եմ, ովքեր կանգնած են մարտական հենակետում։ Ասեմ, որ առաջնագծում գրեթե հավասարապես հերթապահություն են կատարում ինչպես ժամկետայինները, այնպես էլ պայմանագրայինները։ Նկատելի է պայմանագրային գումարտակների երիտասարդացում, ինչը դրական գործընթաց է։ Բանակից զորացրված երիտասարդ տղաները, որոնք շատ լավ մարտական պատրաստություն ունեն, գալիս են պահպանելու իրենց ծանոթ ու հարազատ տարածքները, և սա դրական միտում է։ Բարեբախտաբար, նկատելի են սոցիալ-տնտեսական, կենցաղային հարցերը կարգավորելու պետության ջանքերը, սկսվել է այդ գյուղերի համատարած ասֆալտապատումը։ Սահմանի պահպանություն կատարող զորամասերը և սահմանամերձ գյուղերը միմյանց շատ են կապված։ Այստեղ են ապրում հեռու բնակավայրերից եկած սպաներն իրենց ընտանիքներով, և նրանց երեխաները հաճախում են տեղի մանկապարտեզները, դպրոցները…

-Հնարավո՞ր է ընդհանուր կերպով գնահատել զորամիավորման մարտունակության աստիճանը։

-Ես գոհ եմ և ամենայն պատասխանատվությամբ ամենաբարձր գնահատականը կտամ զորամասերից յուրաքանչյուրին։ 2011թ. արդյունքներով, զորամասերից երկուսը ազգային բանակում ճանաչվեցին լավագույնը։ Այս ուսումնական տարում նրանց վիճակն է՛լ ավելի է լավացել։ Առաջին ուսումնական փուլի ընթացքում գնդապետներ Հ. Ավագյանի և Մ. Մախսուդյանի հրամանատարությամբ գործող զորամասերը հանկարծակի ստուգման ենթարկվեցին ռազմական գլխավոր տեսչության կողմից և բավական բարձր արդյունքներ ցույց տվեցին։ Միաժամանակ, ամբողջությամբ իրականացվել են մարտական պատրաստության ծրագրով նախատեսված միջոցառումները։ Զորամասերն անցկացրել են դաշտային մարզումներ, մարտական հրաձգությամբ զորավարժություններ։ Այդ զորավարժություններից ինձ համար կարևոր էր գնդապետ Ա. Սմբատյանի զորամասի գումարտակի զորավարժությունը, որի ընթացքում փորձարկեցինք հակառակորդին ջախջախելու նոր, պատերազմական իրավիճակին շատ ավելի մոտեցված եղանակներ։ Թերություններով հանդերձ, արդյունքը շատ բարձր էր։ Զորամասերի հետ անցկացրել ենք նաև հրամանատարաշտաբային զորավարժություններ, իսկ հոկտեմբերի սկզբին նախատեսված է ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություն՝ զորքերի ընդգրկումով։

– Խնդրում եմ ներկայացնեք նաև կադրերի հետ տարվող աշխատանքը։ Ի՞նչ օգնություն է ցուցաբերվում երիտասարդ սպաներին։

-Նախ ասեմ, որ ինձ գոհացնում է զորամասերի հրամանատարների մասնագիտական պատրաստվածության աստիճանը։ Նրանք բոլորն էլ մասնագիտական բարձրագույն կրթություն ստացած, արտասահմանյան երկրների ակադեմիաներում սովորած երիտասարդ, եռանդով լի սպաներ են։ Գումարտակների հրամանատարների պաշտոններում նույնպես կրթված, բանիմաց և հեռանկարային սպաներ են։ Նրանք գիտեն, որ այստեղ պետք է իրենց լավ դրսևորեն, որպեսզի առաջխաղացում ունենան։ Ամեն տարի մենք երիտասարդ սպաների հետ անցկացնում ենք տասնօրյա հրամանատարական հավաքներ, որոնց ընթացքում նրանք ծանոթանում են զորամիավորման, զորամասի անցած ուղուն, ձևավորված ավանդույթներին, կատարվում է փորձառու սպաների փորձի փոխանակում։ Դասախոսություններով հանդես են գալիս զորամիավորման հրամանատարը, տեղակալները, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարները, մարզպետը, դատախազը…

-Այս ուսումնական փուլում առաջին անգամ ներդրվեց մասնագետների, կրտսեր հրամանատարների պատրաստման նոր մեթոդ։ Ուսումնական զորամասերը համալրվեցին ոչ թե հավաքակայանից, զորակոչի ընթացքում, այլ զորամասերը համալրած նորակոչիկներով։ Զորամասերը կարողացա՞ն արդյոք ճիշտ ընտրություններ կատարել։

-Սխալված կլինեմ, եթե ասեմ, որ հեշտ ընտրություն կատարվեց, և ուսումնական զորամասեր գործուղվեցին ամենալավերը և արժանիները։ Դժվարությունները շատ էին։ Հաճախ պարզվում էր, որ գիտելիքներով հարուստ, աշխույժ, գործից ավելի լավ հասկացող երիտասարդն ինչ-որ առողջական խնդիր ունի և նշանակվել է սահմանափակումներով ծառայության, իսկ առողջ, ֆիզիկական լավ տվյալներով երիտասարդն էլ չունի բավարար գիտելիքներ։ Մի խոսքով՝ դժվարություններ ունեցանք, հուսանք, որ ապագայում անհրաժեշտ փորձ կունենանք, և ընտրությունն ավելի հեշտ կլինի։

-Զորամասերը համալրվում են նաև արհեստավարժ՝ նախապատրաստական փուլ անցած սերժանտներով։ Ինչպե՞ս եք գնահատում նրանց ծառայությունը։

-Ես երկար ժամանակ զորամասի հրամանատար եմ եղել և շատ կարևորել եմ սերժանտի, ջոկի հրամանատարի աշխատանքը։ Արհեստավարժ սերժանտների համակարգը նույնպես նոր է, և ժամանակ է պետք, որպեսզի այն լիովին կայանա։ Ամեն ինչ անձից է կախված։ Կան տղաներ, որոնք անելիքները լավ են պատկերացնում և նվիրված են իրենց գործին, իսկ եթե կրտսեր հրամանատարը չունի անհրաժեշտ համարձակություն, ուրեմն նրա հետ աշխատանքը պետք է շարունակվի։ Մարդիկ տարբեր են լինում, մեկն ամեն ինչ շուտ է ընկալում, մյուսը՝ ոչ, իսկ բանակում ուսումնական գործընթացը մշտական է. սովորում ենք և սովորեցնում։

ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ

Խորագիր՝ #36 (952) 13.09.2012 – 19.09.2012, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


19/09/2012