Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ս.ՕՀԱՆՅԱՆ. «ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԻՄՔՈՒՄ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՇԱՀԵՐԻ ԸՆԴՀԱՆՐՈՒԹՅՈՒՆՆ Է»



– Պարոն նախարար, Հայաստանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունն ի՞նչ գնահատական է տալիս այսօրվա հայկական բանակի մարտունակությանը:

– ՀՀ ԶՈՒ ներկայիս մարտունակության գնահատականը բավականին բարձր է: Մեր բանակը ժամանակակից է, ուսուցանված, լավ հագեցված ու ապահովված, մարտական գործողություններ վարելու հարուստ փորձ ունեցող, ունակ` լիովին ապահովելու Հայաստանի Հանրապետության սահմանների անվտանգությունն ու անձեռնմխելիությունը:

Ամբողջ աշխարհում ընդունված է համարել, որ զինված ուժերի մարտունակության վիճակի «հայելին» զորավարժություններն են, որոնք պարզորոշ ցույց են տալիս բոլոր առավելություններն ու թերությունները: Որպես ակնառու օրինակ` լինելով ականատես, կարող եմ վկայակոչել վերջին տարիներին անցկացված մի շարք զորավարժություններ:

Անկախ պետությունների համագործակցության շրջանակներում դրանք, նախևառաջ, ԱՊՀ հակաօդային պաշտպանության միացյալ համակարգի «Մարտական համագործակցություն» զորավարժություններն են, որոնք անցկացվում են երկու տարին մեկ: Մասնավորապես, 2011թ. սեպտեմբերի 6-12-ը Ռուսաստանի Դաշնության Աշուլուկ զորավարժարանում անցկացված «Մարտական համագործակցություն-2011» զորավարժությանը Հայաստանի զինված ուժերից մասնակցում էին մեկ հրամանատարական կետ և «հ-300կհ» երկու դիվիզիոն: Վարժանքային և ցուցադրական կրակոցների ընթացքում հայ զինծառայողները առաջադրանքը կատարեցին «գերազանցի»` ոչնչացնելով ուսումնական բոլոր թիրախները և ապահովելով 100 տոկոսանոց արդյունք: Անպայման մասնակցելու ենք նաև 2013թ. համանման զորավարժությանը:

Եւս մի օրինակ է մեր զորախմբի մասնակցությունը ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի (ԱԱՀՈՒ) համատեղ համալիր զորավարժություններին, որոնց ընդհանուր անվանումն է «Փոխգործակցություն»: ԱԱՀՈՒ առաջին զորավարժությունն անցկացվեց 2009թ. Ղազախստանի Հանրապետության Մատիբուլակ զորավարժարանում, հաջորդը` 2010թ. Ռուսաստանի Դաշնության Պրիվոլժիե-Ուրալի ռազմական օկրուգի (ք. Չեբարկուլ) 255-րդ համազորային զորավարժարանում: Երկու դեպքում էլ հայկական մոտոհրաձգային վաշտը, ընդհանուր առմամբ ավելի քան 100 մարդ, արժանապատվորեն կատարեց իր առջև դրված խնդիրները և զորավարժության արդյունքներով ճանաչվեց լավագույններից մեկը:

Նշեմ, որ և՛ առաջին, և՛ երկրորդ դեպքում Հայաստանի պաշտպանության նախարարությունն իր զորախմբի տեղափոխումը զորավարժության վայր ապահովեց իր ռազմատրանսպորտային «Իլ-76» ինքնաթիռներով: Դա նշանակալիորեն ընդլայնեց մեր ձեռք բերած փորձի շրջանակները հատկապես այն հարցերում, որոնք կապված են փոխադրման, սահմանային և մաքսային գործընթացների, պետական սահմանով սպառազինություն, ռազմական ու հատուկ տեխնիկա անցկացնելու հետ:

Այս տարի, ինչպես գիտեք, ՀԱՊԿ ԱԱՀՈՒ «Փոխգործակցություն-2012» համատեղ զորավարժությունը կանցկացվի սեպտեմբեր ամսին` արդեն Հայաստանի Հանրապետության տարածքում: Ես` որպես զորավարժության ղեկավար, ամենևին չեմ կասկածում, որ միջոցառումը կկազմակերպվի ամենաբարձր մակարդակով, իսկ դրան մասնակցող բոլոր ստորաբաժանումները կդրսևորեն մասնագիտական գերազանց հմտություն, մարտական կոփվածք և պատրաստություն:

Ընդ որում, պետք է նկատեմ, որ բերված օրինակներն ամենևին չեն նշանակում, թե մենք կատարելագործելու ոչինչ չունենք: Առկա թերությունները նույնպես մեզ քաջհայտնի են, և դրանց վերացմանն են միտված ՀՀ պաշտպանության նախարարության ղեկավարության կոլեգիալ որոշումները:

Իրականացվող բարեփոխումների շրջանակներում մենք մշակել ենք ծրագրեր, որոնցում հստակորեն շեշտադրումներ են արված և մատնանշված են ՀՀ ԶՈՒ հետագա զարգացման գերակայությունները` դրանք պրագմատիկ և հետևողականորեն կատարելագործելու նպատակով:

– Սեյրան Մուշեղի, ինչպե՞ս է լուծվում բանակը տեղական և արտասահմանյան արտադրության սպառազինությամբ ու ռազմական տեխնիկայով համալրելու հարցը:

– Բանակը ժամանակակից տեխնիկայով ու սպառազինությամբ ապահովելու հարցերը Հայաստանը լուծում է ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում` ինչպես երկկողմ հիմունքներով` ԱՊՀ պետությունների, և նախևառաջ Ռուսաստանի Դաշնության ու Բելառուսի Հանրապետության հետ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերի` ԱՊՀ և ՀԱՊԿ շրջանակներում, ինչը մեր պետության արտաքին քաղաքական ու արտաքին տնտեսական գործունեության անքակտելի մասն է:

Մատնանշված գերակայությունները պատահական չեն, քանի որ ՀՀ ԶՈՒ սպառազինության ու ռազմական տեխնիկայի ճնշող մեծամասնությունը խորհրդային կամ ռուսական արտադրության է:

– Հայաստանի պաշտպանության նախարարությունն ինչպե՞ս է կառուցում իր բազմակողմ և երկկողմ հիմունքներով համագործակցությունը Անկախ պետությունների համագործակցության անդամ պետությունների պաշտպանական գերատեսչությունների հետ:

– ԱՊՀ անդամ պետությունների ռազմական համագործակցությունը ԱՊՀ երկրների բազմակողմ փոխգործակցության կարևորագույն բաղադրիչներից է: Դրա հիմքում ընկած են կենսականորեն կարևոր ռազմավարական շահերի ընդհանրությունը կամ մոտիկությունը, օբյեկտիվորեն գոյություն ունեցող միասնական աշխարհագրական եւ ռազմավարական տարածությունը, ընդհանուր պատմական անցյալն ու ավանդական բազմաթիվ այլ կապերը:

Ռազմական համագործակցության ամենագերակա ուղղություններից մեկը, իմ կարծիքով, ԱՊՀ անդամ պետությունների հակաօդային պաշտպանության միացյալ համակարգն է: ԱՊՀ-ում պաշտպանական բազմակողմ համակարգը հնարավորություն է ընձեռում արդյունավետորեն լուծել ԱՊՀ պետությունների արտաքին օդային սահմանների պահպանության խնդիրները, համատեղ հետևել օդային տարածության օգտագործման կարգին, ապահովել օդային իրավիճակի մասին փոխադարձ ազդարարումը, ինչպես նաև հնարավորություն է ստեղծում օդային հարձակումը հետ մղելու համատեղ գործողություններ վարել:

ԱՊՀ ՀՕՊ Միացյալ համակարգի ղեկավարման և հերթապահ ուժերի հետ ամեն տարի անցկացվող` օդային փաստացի իրավիճակի վրա հիմնված հրամանատարաշտաբային վարժանքների արդյունքները հաստատում են համակարգի արդյունավետությունը ԱՊՀ անդամ պետությունների օդային բնագծերը պաշտպանելիս:

Բացի ԱՊՀ ՀՕՊ միացյալ համակարգից, ԱՊՀ անդամ պետություններն այսօր հաջողությամբ համագործակցում են նաև ռազմական նշանակության այլ ոլորտներում:

Պաշտպանության ոլորտում ԱՊՀ երկրների համագործակցության զարգացման հեռանկարներն իրենց արտացոլումն են գտել ԱՊՀ անդամ պետությունների` մինչև 2015թ. ռազմական համագործակցության հայեցակարգում, որը ծրագրային փաստաթուղթ է` միտված բազմակողմ համագործակցության ընդլայնմանն ու կատարելագործմանը:

Խոսելով երկկողմ ձևաչափի մասին` նախևառաջ պետք է նշել Հայաստանի Հանրապետության ակտիվ համագործակցությունն այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունը և Ուկրաինան:

Պաշտպանության և ռազմատեխնիկական համագործակցության ոլորտների միջոցառումներն այդ երկրների հետ իրականացվում են կա՛մ երկկողմ միջկառավարական հանձնաժողովների շրջանակներում, կա՛մ էլ ռազմական գերատեսչությունների գծով համագործակցության` ամեն տարի ստորագրվող պլաններին համապատասխան:

– Սեյրան Մուշեղի, ինչպե՞ս եք գնահատում ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի և նրա աշխատանքային մարմինների` ԱՊՀ ձևաչափով ռազմական համագործակցության զարգացմանն ուղղված 20-ամյա գործունեությունը:

– 1992թ. փետրվարի 14-ին ստեղծված պաշտպանության նախարարների խորհուրդը ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի բարձրագույն կոլեգիալ մարմինն է` ռազմական քաղաքականության և ռազմական շինարարության հարցերով: Նրա 20-ամյա գործունեությունը նպաստել է ազգային զինված ուժերի բարեհաջող շինարարությանը, 21-րդ դարի բանակի կերպար ստանալուն:

Պատմական անցած ժամանակահատվածում գործընկերային ամուր հարաբերությունների հիման վրա ԱՊՀ անդամ պետությունների զինված ուժերի միջև ձևավորվել են կայուն կապեր ռազմական համագործակցության արդիական ուղղություններով` ի շահ ազգային և համատեղ անվտանգության ապահովման: ԱՊՀ պաշտպանության նախարարությունների խորհրդի նպատակասլաց ակտիվ գործունեությունը հնարավորություն է տվել էապես ընդլայնելու բազմակողմ հիմունքներով ռազմական համագործակցությունը, ինչը նպաստում է ԱՊՀ-ում ինտեգրացիոն գործընթացներին:

Միխայիլ ՍԵՎԱՍՏՅԱՆՈՎ
ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղարության
մամլո քարտուղար

Խորագիր՝ #36 (952) 13.09.2012 – 19.09.2012, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


19/09/2012